ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ՎԱՐԴԳԵՍ ԽԱՆՈՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Ինչպե՞ս և ինչո՞ւ է, որ բնության հուժկու գեղեցկությունը և՛ վեհացնում, վսեմացնում է բանաստեղծի հոգին, բայց նաև մի անհուն թախիծով է օրորում նրա խոհերը…
Վարդգես Խանոյան պոետին` իր ծննդյան օրից տարվա եղանակների հետ բազմազան գույներ հագնող լեռների ու անտառների ոգինե՞րն են հմայել, թե՞ նախնիներն են Խոյից` Րաֆֆու ծննդավայրից, իրենց հետ բերել աշխարհը, նրա աստղաշատ երկինքը, իր, միայն և միայն իր դիտանկյունով դրվագելու շնորհը:
Բայց միայն այստեղ` Ջերմուկում, անցկացրած կյանքն էլ կարող էր լինել նրա չորս գրքերից «Թախծի ծառի» ներշնչանքը: Պոետն իր ծառը խորը արմատավորել է այս վայրի ժայռերի մեջ (Ժայռերի վրա ժանիքավոր/Օրը դնում է մամռոտ խալեր) և երբեք չի մտածել, թե այստեղից ավելի չքնաղ մի տեղ էլ կա աշխարհում: (…ու չիմանալ, որ աշխարհում/կա մի ուրիշ/արևաշահ,/ձյունաշաղախ/արևաշխարհ…/ Վա՜յ, չիմանալ…):
Իսկ Ջերմո՜ւկը… Սարում, ձորում աղբրականչ/հեքիաթային մի անդաստան, /սար ու ձոր արևատուն/ ու ջրերի զբոսարան:
Այսպիսի, ահա, սահյանական պարզությամբ է կարողանում Խանոյանը հաղորդվել ու հաղորդակից դարձնել բնությանը… Այսպիսի պարզ հյուսվածքներ ունեն նաև նրա սիրո սրտառուչ թրթիռները բանաստեղծական տողերի մեջ…
Ես հոգնեցի լռությունից քարերի,/Ես հոգնեցի ինքս ինձնից մինչև իսկ,/Ես փնտրեցի ինչ-որ մի ձայն/Ժայռերի մեջ ամայի…/Ու ոչ մի ձայն, /Միայն կանչիս արձագանքը լսեցի/Ու լացեցի…/Քեզ համար :
Այսօր Ջերմուկի, Ամուլսարի պահապանների կողքին է Վարդգես Խանոյանը… հեքիաթային Ջերմուկի ու իր տարիքի աշնան գույների մեջ…
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ, ՈՐ ԳԱԼԻՍ Է ԼԵՌՆԵՐԻՑ…
Ես լեռներից եմ գալիս,
մանկությանս ձայնն եմ`
լեռան աղբյուրի պես ղողանջող…
Ես լեռներից եմ գալիս`
նախահայրերիս ձայներն
իմ երակներում,
առասպելվող դարերը
կոպերիս վրա…
Այսպես նա ազդարարեց իր մուտքը գրական աշխարհ` թեև բարձրահունչ, բայց ազնիվ ու անկեղծ ելևէջներով: Իր ներշնչանքի ակունքը հայրենի բնաշխարհն էր` գեղահրաշ Վայոց ձորով, լեռնահովտում ծաղկած Շատին ծննդավայրով, որտեղ հյուսած մանկության ու պատանեկության երազներով թևավորված` վերջնականապես հանգրվանեց Ջերմուկ ոստանում: Եվ շարունակվեց կյանքի ճանապարհը, որ գրական-ստեղծագործական հետագիծ ունի, նույնքան և ավելի` շուրջ կեսդարյա աշխատանքային գործունեություն հայրենի քաղաքի առողջարարական համակարգում`վաստակելով համընդհանուր հարգանք ու ճանաչում: «Մեր բանաստեղծն է»,- հետաքրքրվելիս նրա մասին սիրով կարձագանքեն վայոցձորցիները: Եվ Վարդգես Խանոյանը` մեր նորօրյա գրականության այդ համեստ աշխատավորը (եթե կարելի է այդպես ասել), արդեն քանի՛ տասնամյակ, առանց թմբուկ-շեփորային ծնծղաների, բացել է ստեղծագործական մի փոքրիկ կածան, որ, այո՛, սկիզբ է առել հայրենի բնաշխարհից, շարունակվել-զորացել Վայոց ձորի լեռ-քարափների զգացողական տարերքով, Արփա գետի քնարական շշունջներով, Ջերմուկի հեքիաթային ջրվեժի արևաձայն ցոլքերով: Հենց այս գույներից էլ ծնվել է առաջին` «Արևի ձայն» բանաստեղծական ժողովածուն, ինչ-որ տեղ սահյանական բնակերտ աշխարհի ազդեցության նշաններով, բայց և ինքնուրույն ճանապարհով քայլելու հայտարարագրումով: Էականն այն բնաբուխ միջուկ-տարերքն էր, որ վայոցձորյան տաք արևի շողերով էր պարուրում ընթերցողի հոգին:
Հետո ծնվեց «Հրաշալի քաղաքացին» պոեմը` իր հայրենի ոստանը շենացնող, արարող մարդու մասին, ով ոչ միայն պահպանում, այլև ամենօրյա հոգածությամբ հարստացնում-բազմապատկում է բնաշխարհի գեղեցկությունը: Գիրքը ժամանակին լայն արձագանք գտավ հատկապես Վայոց ձորի դպրոցների սաների շրջանում, հաստատելով այն ճշմարտությունը, որ իսկական գրականությունը ճանաչողական-դաստիարակչական մնայուն հետագիծ պետք է թողնի սերունդների ճանապարհին: Եվ ինքն էլ խոստովանում է. «Երեխաների հետ հանդիպումների ժամանակ զգացի, որ նրանք մանկական լավ գրքերի կարիք ունեն: Այդպես սկսեցի բանաստեղծություններ գրել նաև նրանց մասին, նրանց համար»: Փոքրիկների հոգեբանության մտածողությանը համահունչ զգացումների ծնունդ է Խանոյանի «Արևի ճանապարհով» գիրքը, որում ամփոփված գողտրիկ երգերը երեխաներին տոգորում են հայրենի բնաշխարհի հանդեպ ջերմ սիրով, ապրելիք կյանքի ճանապարհին բարի ու լուսավոր հետագիծ թողնելու, մարդկային մնայուն արժեքներով առաջնորդվելու զգացումներով: Եվ այդ ամենը` պարզ, դյուրամատչելի ոճական հյուսվածքով, պատկերավոր, զվարթ տարերքով:
Մանկապատանեկան աշխարհին էր, ըստ էության, նաև հասցեագրված Խանոյանի հերթական գիրքը` «Քաջերը մահ չունեն» գեղարվեստավավերապատումների ժողովածուն Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված ջերմուկցիների սխրանքների մասին: Հիմա այդ գիրքը նույնպես ուսուցչի հետ դպրոց է «մտնում»` երեխաներին ավանդելու հայրենասիրության ու հերոսության դասեր:
Եվ վերջապես` կրկին «վերադարձ» բանաստեղծական արարումների աշխարհ` «Թախծի ծառ» խորհրդավոր խորագիրը կրող ժողովածուով: Նրանում ներառված բանաստեղծությունների գլխավոր «հերոսը» նույն անկեղծ ու անանց սերն է` հայրենի բնաշխարհը, իր անկրկնելի գույներով ու ձայներով, նաև` հոգին պարուրած ալեբախությունների, ժամանակի տագնապների, նորօրյա մարդու ցավերի ու նաև անլքելի հույսի ու հավատի պատկերախոս անդրադարձներով: Եվ այս ամենի հետ ու այս ամենի մեջ «Թախծի ծառ» գրքի համանուն «հերոսը», այն իրական, լեգենդար ծառը, որ վշտահար խոնարհվել է Ջերմուկի անդնդախոր ձորի ժայռապռնկին: Լեգենդ չէ, ի՞նչ է. դարերի պատմություն է` իբրև թե ծառին փարված մեկ ուրիշն է եղել, կայծակը դաժանորեն հարվածել, ճյուղակոտոր է արել: Եվ ահա Աստծու ամեն օր վշտահար ու մենակյաց «Թախծի ծառը» սգում է իր «ընկերուհու» կորուստը` տերևներում պահած վաղորդյան արցունքը ցողելով Արփայի ջրերում: Եվ բանաստեղծն այսպես է վերաիմաստավորել հավերժական սիրո առեղծվածը.
Թախծի իմ ծառ,
քեզ քանի՞ միլիոն տարի է պետք,
որ քո սվսվոցը դառնա բառ,
կեղևդ դառնա մաշկագույն,
տերևներդ դառնան հարդարված մազեր,
ոստրերդ դառնան ոսկրե մատներ,
արմատներդ ոտնաթաթեր դառնան.
հայացքդ լցվի թախծի լույսով,
և դու ելնես, գնաս քո սիրո ետևից.
քեզ քանի՞ միլիոն տարի է պետք,
Թախծի իմ ծառ…
Խնկարկում հայրենի բնաշխարհին, բայց ամենից ավելի` ցավազգացություն ու սեր այդ բնաշխարհում ապրող, արարող, նաև կյանքի բավիղներում այդպես էլ իր տեղը չգտած, շրջապատից մեկուսացած-արհամարհված մարդու հանդեպ: Մարդկային խոր ողբերգության, հոգեխռով զգացումների ինչպիսի՜ վառ դրսևորում է: Պոեմի արժեք ունեցող «Մուրոյի մասին ցավալի մի հուշ» քնարապատումը` աշխարհում միայնակ ու խենթ մի մարդու մասին, որ կյանքում ոչինչ չունի, մոռացված է բոլորի կողմից, ու երբ հեռանում է կյանքից, մարդիկ նոր են հիշում նրան ու գերեզմանի շիրմատախտակին գրում` «Էսքանն իմն է»: Չէ՛, Մուրոն գիժ չէր ու լավ գիտեր, որ «աշխարհում ինչ էլ լինի, էդքան հող, մեկ է, կհասնի իրեն»: Ասք չէ, ի՞նչ է…
Եվ, այնուամենայնիվ, «Թախծի ծառի» ճյուղերից «կախված» ամեն մի կանաչ տերև-երգից նաև լույս է ճառագում, կարոտ ու հավատ, ապրելու, արարելու, այս արևի տակ իր տեղը գտնելու, հաստատելու հույս: Լույս` ի հակադիր կյանքում ու մարդկանց հոգիներում անթեղված ցավի, սեր` աշխարհում միակ երազային էակի հանդեպ, անսահման սեր` հայրենի բնաշխարհի ու նրան իր սրտում փայփայող վայոցձորցի շինականի հանդեպ, կարոտ` լավի ու բարու…
Ու եթե առանձին բանաստեղծություններում հենց թախծի մրմունջներ էլ են հնչում, ապա միայն մեր կյանքում, մարդո՛ւ կյանքում լավի ու բարու, սիրո ու հավատի պակասից: Ժողովածուի խոհափիլիսոփայական տարերքի զարկերակները հենց այս խորհրդանիշներով են բաբախում:
Վկա` նաև գրքի բաժինների խորագրերը. «Սիրո ճյուղեր», «Հայրենի արմատներ», «Ծաղիկ ու պտուղ», «Թախծի ծառին իջած թռչուններ»…
Վարդգես Խանոյանի ստեղծագործական դիմանկարի միայն մի քանի նրբագիծ ներկայացնող սույն հոդվածով փորձենք նաև ինչ-որ չափով քավել իմ և գրականագետ գործընկերներիս «մեղքը», որ ոչ միշտ ենք մեր հայացքը սևեռում մայրաքաղաքից դուրս` մարզերում ապրող գրողների աշխարհին: Իմ նպատակը համեստ էր` պարզապես հոբելյանական առիթն օգտագործելով` ընթերցողներին հրավիրել հեռավոր Ջերմուկում ապրող-ստեղծագործող բանաստեղծի աշխարհ, համոզված, որ նրա «Թախծի ծառը» լուսավոր, բարի հետագիծ կթողնի նրանց հոգում: Այս զգացումներով շնորհավորում եմ «լեռներից եկող» բանաստեղծի ծննդյան հոբելյանը և արդեն հրատարակության պատրաստ նոր գրքերի սպասումով ստորագրում`
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
Հրաշք անձնավորություն🖒🖒👏👏։