Բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, լեզվաբան, արձակագիր, հրապարակախոս Ռոբերտ Անդրանիկի Բաղդասարյանը ուրույն տեղ է գրավում հայ գիտության մեջ:
Հոբելյարը ծնվել է Երևանում՝ 1947 թ. սեպտեմբերի 20-ին, մի ընտանիքում, որի ակունքներն ու արմատները Արևմտյան Հայաստանում են, իսկ ծնողները՝ Վանից և Նոր Նախիջևանից (Դոնի Ռոստով): Եվ բնական ու ներդաշնակ էր նրա հետաքրքրությունը ոչ միայն մայրենի հայոց լեզվի և գրականության, մշակույթի և պատմության նկատմամբ, այլ նաև նվիրվածությունը ռուսաց լեզվին և գրականությանը, ռուսական մշակույթին, որոնք դարձան իր մասնագիտական գործունեության և հոգևոր զարգացման անկյունաքարերից մեկը:
Ռոբերտ Բաղդասարյանը անցել է քաղաքացու և անձի ձևավորման բոլոր փուլերը. բուհն ավարտելուց հետո նշանակվել է աշխատանքի Լոռվա հեռավոր գյուղերից մեկում՝ Ղաչաղանում (այժմ՝ Արևածագ) որպես ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչ, ապա զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայելով Ռուսաստանում, Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի զորամասերից մեկում: Վերադառնալով հարազատ Երևան՝ եռանդով սկսել է կես դարից ավելի աշխատանքային գործունեությունը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում ուսման և հետագա տարիները ցույց տվեցին, որ նա մեծ հետաքրքրություն է տածում հիմնականում Հայաստանի ու Ռուսաստանի գրական-մշակութային և պատմահասարակական հարաբերությունների խնդիրներին:
20-րդ դարի, մասնավորապես խորհրդային ժամանակաշրջանի, հայ-ռուսական գրական կապերը լրջորեն հետազոտող գիտնականը հարստացրել է գրականագիտությունը և գրաքննադատությունը «Նիկոլայ Տիխոնովը և Հայաստանը» (1995), «Անտոկոլսկին և Հայաստանը» (2004), «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը և ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» (2010) մենագրություններով և ավելի քան երկու հարյուր հոդված՝ հայկական և ռուսական պարբերականներում:
Ռ. Բաղդասարյանի ամենամեծ գրականագիտական վաստակը կարելի է համարել «Կարեն Միքայելյան. ստեղծագործությունը և ավանդը ռուս-հայկական գրական-մշակութային փոխադարձ կապերում» գիրքը. այն առաջինն ու միակն է հայ և ռուս գրականագիտության մեջ, որտեղ լուրջ գիտական մակարդակով բազմակողմանի ներկայացված է 1937-ին բռնադատված անվանի հայ արձակագիր, թարգմանիչ, գրական-մշակութային գործիչ, մոսկվաբնակ, ծագումով ագուլիսցի, Կարեն Սարգսի (ռուսական միջավայրում՝ Գերասիմ Սերգեյի) Միքայելյանի հարուստ կյանքը, գրական-հասարակական և հայրենասիրական բեղմնավոր գործունեությունը: Միքայելյանի բարեկամների և գործընկերների թվում էին Տերյանը, Չարենցը, Բրյուսովը, Տիխոնովը, Անտոկոլսկին և այլք: Կ. Միքայելյանի լուսահոգի կրտսեր զավակը՝ կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը անմիջապես արձագանքեց ջերմ շնորհակալական նամակով հեղինակին. «Հարգելի՛ Ռոբերտ Անդրանիկի, շատ շնորհակալ եմ Ձեզ: Մեծ հետաքրքրությամբ և ալեկոծված սրտով կարդացի Ձեր գիրքը. հրաշալի, մանրակրկիտ, իմաստուն և մեծ աշխատանք: Կարդալուց հետո իմ մանկության հիշողությունները, ցրված տեղեկությունները, հորս կյանքի ինձ քիչ հայտնի տարիները միացվեցին և Ձեր շնորհիվ ձեռք բերեցին հզոր, համարձակ, տաղանդավոր գրող-հայրենասերի կերպարը»:
Ռոբերտ Բաղդասարյանի գիտական հետաքրքրությունները դուրս են գալիս բուն բանասիրական բնագավառից: Նա լրջորեն զբաղվել է նաև հայ ժողովրդի պատմության, մասնավորապես Մեծ եղեռնի ուսումնասիրությամբ: Գիտնականի գրչին է պատկանում 2003 թ. լույս տեսած «Ցեղասպանությունը և Ռուսաստանի հայ մտավորականությունը» ծավալուն մենագրությունը: Այս աշխատանքով գիտնական-բանասերը իրեն դրսևորեց նաև որպես բանիմաց պատմաբան, ծանոթացնելով ընթերցողին ռուսահայ մտավորականության ականավոր ներկայացուցիչներ Գ. Ջանշիևի, Ա. Ջիվելեգովի, Գ. Չալղուշյանի, Կ. Միքայելյանի և այլոց մշակութային-հասարակական և ազգային-հայրենասիրական գործունեությանը՝ հայերի ցեղասպանության տարիներին, ներկայացնելով նաև սեփական տեսակետները և մոտեցումները նշված գործիչների և դաժան դարաշրջանի վերաբերյալ:
Գիտնականը այսօրվա Հայաստանում ոչ միայն ճանաչված գրականագետ է, այլև ռուսաց լեզվի և ռուս գրականության լավագույն մասնագետներից մեկը, դասավանդել է լեզու, գրականություն, գրականագիտության տեսություն, հայ-ռուսական գրական կապերի հատուկ դասընթացներ մի շարք բուհերում, այդ թվում իր alma mater-ում, եղել ռուս գրականության գծով ՀՀ Ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի մասնագիտացված գիտխորհրդի անդամ, ընդդիմախոսել բազմաթիվ թեկնածուական և դոկտորական թեզեր:
Ռոբերտ Բաղդասարյանը 1981-ից՝ ԽՍՀՄ, Հայաստանի ժուռնալիստների միության, 2013-ից Հայաստանի գրողների միության անդամ է:
Բաղդասարյանը խորապես տեղյակ է ժամանակակից հայկական, ռուսական և համաշխարհային քաղաքական ու գրական-հասարակական զարգացումներին, հայ իրականության ընթացիկ խնդիրներին: Ասվածի վկայությունն են նրա խորիմաստ, երբեմն սուր հարցադրումներով հոդվածները տեղական և ռուսաստանյան մամուլում, վկայելով նրա հրապարակախոսական տաղանդի մասին («Լիտերատուրնայա գազետա», «Լիտերատուրնայա Արմենիա», «Գոլոս Արմենիի», «Գրական թերթ», «Նորք», «Գարուն» և այլն): Նրա վառ, արտահայտիչ, գեղարվեստական և լրագրողական՝ միայն իրեն բնորոշ ոճով գրված հոդվածներն ու ակնարկները՝ Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Թումանյանի, Տերյանի, Չարենցի, Պուշկինի, Նեկրասովի, Գորկու, Բրյուսովի, Գորոդեցկու, Տիխոնովի, Անտոկոլսկու, Էրենբուրգի, Բուլգակովի և գրականության այլ երևելիների մասին, գրավել են գրքասեր շրջանակները, արժանացել գրականագետների ուշադրությանը:
Ռոբերտ Բաղդասարյանը նաև հետաքրքիր գրող է՝ «փոքր արձակ» ժանրում, որի ռուսալեզու ուրույն, լակոնիկ և պարզ պատմվածքներն ու նովելները տպագրվել են Երևանում ժողովածուների տեսքով («Ժամանակի ծամածռություններ», 2012; «Մայրամուտին», 2013; «Ունայնություն ունայնությանց», 2014; «Ղաչաղան. Լոռվա նոթեր», 2016, և այլն)՝ ծանոթացնելով 20-րդ դարի երկրորդ կեսի հայ իրականության, երևանցիների կյանքի հետ, նրբորեն նկարագրելով մարդկային ճակատագրերը, հարաբերությունները, հույզերը, մտորումները: Այդ գործերը նույնպես գտել են իր շնորհակալ ռուսալեզու ընթերցողին…
Գիտնականի ուղին արժանապատիվ, արդյունավետ և արգասավոր է, լի հաջողված ուսումնասիրություններով: Նրա կյանքն այնքան բովանդակալից է, որ կարելի է ասել՝ դեռ շատ բան առջևում է…
Երկու տասնամյակից ավելի Ռոբերտ Բաղդասարյանը իր գիտահետազոտական գործունեությունը հաջողությամբ համատեղում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պատասխանատու, բարձր գնահատված աշխատանքով, պարգևատրվել է ԱԺ նախագահի շնորհակալագրով (2005, 2012 թթ.):
Ռոբերտ Բաղդասարյանը ընտանիքին նվիրված անձնավորություն է. հոգատար ամուսին, երեք զավակի հայր, երեք թոռան պապ: Նրա հետաքրքրասիրությունների շարքում են լուսանկարչությունը, գեղանկարչությունը:
Ցանկանք վաստակաշատ հոբելյարին նորանոր ստեղծագործական հաջողություններ, քաջ առողջություն և արևշատություն:
Միխայիլ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր