ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

henrikՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ
ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

ՙԳրա­կան թեր­թը՚ միա­նում է շնորհավորանքին

 

Օգոստոս
ԱՐԵՎԸ սրբում է
ուսերս հոգնությունից –
ես այստեղ մնալ չեմ կարող,
որովհետև
ամառն ասում է.
«Հավաքիր իրերդ,
գնանք այստեղից,
արդեն ուշանում ենք»:

Սա իմ ժամանակն է,
իսկական ժամանակը –
կատարելու այն,
ինչ պետք է կատարվեր,
և ասելու այն,
ինչ պետք է ասվեր:

Խոսքի ժամանակը,
փրկության ժամանակը,
բարձրացումը սիրո հզոր թևերի –
ապրելու ժամանակը,

և վերջապես կատարյալ
իմ կյանքի ժամանակը,
պսակի մեջ Կույսի
համաստեղության:

Ես կյանքին ձեռք տվեցի
1.
Ինչ ունեմ`
ոչինչ է այն ամենի առաջ,
ինչը դու ունես:
Իմ օրը ես վառում եմ,
որպեսզի տեսնեմ
քո ունեցվածքը: Ես իմ բառերը
կորցնում եմ մեկ-մեկ
այն մեն-մի բառի համար,
որ դու պիտի
ասես: Սուրճի բաժակով
ես իմ կյանքն եմ խմում և այրում
շուրթերս: Փակ աչքերով
կարդում եմ
իմ անունը` գրված
քո ջրերի վրա: Ես իմ կասկածների
շրջանն եմ անցնում,
որ մոտենամ քեզ:
Ես ժամանակից դուրս եմ ընկնում,
ինչպես
Քո ձեռքից մարդու հոգին
(ինչպես Դանթեի
Պոեմից մի տող),
ինչպես մի ճառագայթ,
Արևից փախչող,
որ վազում օդի միջով
Եվ ընկնում, չքանում է
թիթեղյա տանիքներին:

2.
Իրադարձություն,
շփոթված դեմքի վրա
մնում է քո սպին: Ես ետ եմ
քաշվում, որպեսզի նորից
քայլել սկսեմ: Ես այն
պատկերը չեմ,
որ առել եմ վրաս, այլ նրանից
այն կողմ,
ուր չկա ոչ մի պատկեր:
Ես իմ քայլը չեմ:
Ես այն խոսքն եմ, որ դեռ
չի ասվել մինչև վերջ:
Դեպքերն ու շարժումները
ինձ իրենց հետ են տանում,
բայց ես անշարժ եմ:
Ես նույն տեղում եմ:
Իրերը փոխում են իրենց
տեղն ու դիրքը,
այլ կերպ դասավորվում,
բայց կյանքը նույնն է միշտ,
մի բաժակ` ջրով լի,
որ անցնում ձեռքից ձեռք,
բայց չի դատարկվում:

3.
Ես գնում եմ անվերջ,
բայց միշտ նույն անվան
շուրջն եմ թափառում:
Ես ամբողջովին
բռնված եմ ցանցի մեջ
իմ տեսիլքների: Ես չունեմ
մի խարիսխ,
որ նետեմ ժամանակի
հոսող ջրերի մեջ: «Լսիր,- ասաց
ինձ մի հարյուրամյակ,-
մենք կորցրել ենք իրար,
բայց մենք նույն
սիրտն ունենք,
մենք իրար կգտնենք»:
Ես կյանքին ձեռք տվեցի,
և նա ինձ խփեց:
Ես նրա վրայից
վերմակը բարձրացրի
և տեսա մի կույտ
մսի, ոսկորների ու երազների:
Ես անուն տվեցի անանուն իրերին,
և նրանք իմ անունը
ինձնից խլեցին:
Քայլելով տարիներից`
մոտեցա ակնթարթին, փնտրելով
ինքս ինձ` գտա ուրիշին:
Մի ձեռք ինձ հետ պահեց
անկման հմայքից,
բայց ինչ փնտրում էի`
իր ափով ծածկեց:
Թողե՛ք ինձ, իրականության
անթա՛րթ պահակներ,
դուք ինձ չեք ճանաչում,
ձեր պահած դռան
վրա չկան նշաններ:

Հայր մեր
Այս ապառաժների միջև
որոնք թեքված են չորս
կողմից մեզ վրա
ցույց տուր քո դեմքը
այս ջրերի քարերի այս
ոլորապտույտ օրերի վրա
կիսախավարում երկու դռների
տարածության մեջ որոնք
անընդհատ բացվում են ու
փակվում և նորից
կրկնվում նույն
ձևով նույն ռիթմով

այս կիսաքաղաքներում
կիսափողոցներում այս
կիսաշենքերում այս կիսադեմքերի
անվերջ գոռգոռացող սաստկացող
ձայների մեջ այս
պարիսպների պատուհանների
այս անցորդների քողարկված և
անդուռ երազ-
տանջանքներում
ցույց տուր քո դեմքը

Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես

սպասման տարիների և
Ահեղ Դատաստանի
սահմանի առաջ
ցույց տուր քո դեմքը

մեզ որ դեմք չունենք
ավաղ չունենք անուն ու
ճակատագիր երբ
սկիզբն անորոշ է վերջը որոշակի
Հայր մեր որ յերկինս ես Հայր
մեր որ յերկիրս ես

Սիրո երգ
Նա իմ կողքին էր, հենված էր
իմ ուսին, թեև ես
ինքս հենարան չունեի:
Քիչ էր մնում ընկնեի:
Բայց գնում էինք,
միասին, օրվա միջով:

***
Քո մարմինը ծածկում է
լույսը որը
ես չեմ տեսնում

որպեսզի այն տեսնեմ ես
պետք է գրկեմ քեզ

երբ քո մարմինը դանդաղ
չքանում է-
նրանից այն կողմ
ճառագում է լույսը

քեզ գրկած իմ ձեռքերը
լուսավորվում են

***
Շուրջս ոչինչ է, որը դու կարող ես
ձեռքով շոշափել,

ես նրա
ստվերն եմ, իսկ նա-

իմ ստվերը: Մի ձեռք վերևից յուղ է
ավելացնում
իմ հանգչող պատրույգներին:
Երկու սուրբ էակներ
մի կառք են առաջնորդում
Մայր Երկրի
ուղիներով,
ուր իշխում են մենության
ոգիներն ամենատես:
Ես ջուրն եմ ցույց տալիս,
ես հողն եմ ցույց տալիս:
Ի՞նչ է պետք աստվածներին`
բացի իմ բառերից,
ի՞նչ է պետք հողին`
բացի իմ մարմնից: Ես
նրանց մեջ եմ,
ինչպես խեցու մեջ՝ ջրերի
արձագանք,
որ ապրում է միայն քո
ականջի մեջ:

Կոնտրապունկտ
Անցյալը մարդունն է,
ապագան՝ Աստծունը,
ներկան այն վայրն է,
ուր երկու աշխարհները
շփվում են իրար,
կայծեր արձակում:
Պատկերը չքանում է
նրա լույսի մեջ,
որն ընկնում է շփոթված
մի դեմքի վրա:
Աստված՝ անցյալի մեջ,
մարդը՝ ապագայի:
Բարձրացրո՛ւ գլուխդ –
աստղեր և տանիքներ,
նոր ծնվող մի արև,
ինչպես մի երիտասարդ,
որ գնում է առաջին
ժամադրության: Ինչպես կեսօրին
մոտեցող առավոտ:
Առաջին բառի պես,
երբ վերջին բառերը
դեռևս չգիտես:

Մի կողմ դիր զրահներդ
Ինչը դու կորցրել ես՝
քոնը չէ ամենևին,
քոնն է այն,
ինչը նորից վերագտնում ես:

Կորուստը
քեզ չի թողնում,
դու նրա ցանցում ես:
Մեղքն, ինչպես մեդուզա,
փաթաթվել է քեզ:
Խայթոցը համբույր չէ, ոչ էլ
գազազած լուսինն է
քո սերը: Ազատվիր նշաններից:
Նման եղիր նրան,
ով զրահներ չունի:
Քոնն է այն, ինչ գտնում ես
քո նոր երազի մեջ,
և նա քեզ կգտնի
վերջնականապես:
Մի կողմ դիր զրահներդ:

 

«­ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՏՈՄՍՈՎ»
ԴԵՊԻ ԱՊԱԳԱ…

­Հեն­րիկ Է­դո­յա­նի մա­սին գրե­լը և՛ դյու­րին է, և՛ դժվար։ Դ­յու­րին է, ե­թե ու­զում ես ըն­դա­մե­նը բնո­րո­շել նրա մարդ­կա­յին, ըն­կե­րա­կան հատ­կա­նիշ­նե­րը, ման­կա­վար­ժա­կան ձիրքն ու հմտութ­յու­նը, բա­նաս­տեղ­ծի, մտա­ծո­ղի, գիտ­նա­կա­նի ա­նու­րա­նա­լի ու­նա­կութ­յուն­նե­րը, եր­կու տասն­յա­կից ա­վե­լի բա­նաս­տեղ­ծա­կան ու տե­սա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րով, մե­նագ­րութ­յուն­նե­րով, տար­բեր ժո­ղո­վուրդ­նե­րի գրա­կա­նութ­յուն­նե­րից կա­տա­րած թարգ­մա­նութ­յուն­նե­րով բեղմ­նա­վոր­ված ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­վե­լի քան կես­դար­յա ճա­նա­պար­հը։ Եվ դժվար է, ե­թե փոր­ձում ես թա­փան­ցել այդ ա­մե­նի խոր­քե­րը, այն աշ­խար­հի էութ­յան մեջ, որ­տեղ ապ­րում է նա, ո­րի հա­վեր­ժա­կան ջրե­րում «լող է տա­լիս» իր հո­գին։ Այս­տեղ ար­դեն պար­տա­դիր է, որ ինքդ էլ քիչ թե շատ, ե­թե ոչ բնա­կիչ կամ մաս­նա­կից, գո­նե ծա­նոթ լի­նես այդ աշ­խար­հի ու­րույն, մինչև ան­գամ ա­ռա­ջին հա­յաց­քից տա­րօ­րի­նակ կամ ան­սո­վոր թվա­ցող օ­րենք­նե­րին։ Ո­րով­հետև դա մի աշ­խարհ է, ուր ­Ժա­մա­նակն ու ­Տա­րա­ծութ­յու­նը, մար­դու Կ­յան­քը, կեն­սա­կան ար­ժեք­նե­րը այլ չա­փում­ներ ու չա­փա­նիշ­ներ, այլ հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նեն։ Ուր «Ոչ թե սիրտն է բա­բա­խում ժա­մա­նա­կի մեջ,//այլ ժա­մա­նակն է սրտի մեջ բա­բա­խում», քան­զի ­Ժա­մա­նա­կը հենց «սրտի ձևն­ ու­նի»։ Ուր «­Քո կյան­քը մի օր է…», ո­րով­հետև «­Դու անց­նում ես վայրկ­յա­նի մի­ջանց­քով», և «­Մեկ օ­րը բա­վա­կան է, որ­պես­զի ապ­րես//քո կյան­քը ծայ­րից ծայր…»։ Այդ աշ­խար­հում ան­սահ­ման է ­Տա­րա­ծութ­յու­նը, ուր չկան վերև ու ներքև, նույնն են ան­դունդն ու եր­կին­քը, և ­մեր մո­լո­րակն ըն­դա­մե­նը «հին խրճիթ» է թվում, չա­փա­զանց նեղ՝ ա­զատ ու թռչնաթև ճախ­րան­քի հա­մար, ու այդ «սեղ­մութ­յու­նը կոչ­վում է եր­կիր»։ Ա­հա թե ին­չու այդ աշ­խար­հի բնա­կի­չը տեն­չում է պար­զա­պես «­Թող­նե՛լ ա­մեն ինչ, հետ­ևե՛լ թռչուն­նե­րին…»։ Ու­րեմն և­ այլևս զար­մա­նա­լի չէ, որ այդ աշ­խար­հում բա­նաս­տեղ­ծի ­Հո­գին միան­գա­մայն ան­կախ է իր ­Մարմ­նից՝ քայ­լում է նրա հետ, եր­բեմն ետ մնում կամ ա­ռաջ անց­նում, «խո­սում կամ լռում…» և ­պատ­րաստ է խա­ղա­ղութ­յուն տալ յու­րա­քանչ­յու­րին, ով, սա­կայն, օ­տար չէ իր «երկ­նա­յին խոս­քին»։ Իսկ այդ «խոս­քին» ա­կան­ջա­լուր բա­նաս­տեղ­ծին շնորհ­վում է ապ­րել «ներշն­չան­քի հմայ­քով», «կա­տար­յալ գե­ղեց­կութ­յան» թանկ պա­հե­րով, օ­դում ճախ­րող թռչուն­նե­րի ե­րա­զա­յին կանչ-հրա­վեր­նե­րով…
­Կա­րող է տպա­վո­րութ­յուն ստեղծ­վել, թե նման ան­հա­տը կտրված է ո­րո­շա­կի ժա­մա­նա­կից, մի­ջա­վայ­րից, ժո­ղովր­դից ու հա­սա­րա­կութ­յու­նից. բայց դա շատ խա­բու­սիկ կլի­նի, քան­զի Հ. Է­դո­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան էութ­յան մեջ առ­կա է նաև ձգտու­մը դե­պի դուրս՝ դե­պի փո­ղո­ցը և ­մար­դիկ, միայն թե տար­բեր է նաև այդ շարժ­ման նրա ըն­կա­լու­մը, ո­րը նման է «կոտր­վող զիգ­զա­գի», որ կրկնվում է հա­վետ։ Ու թեև խոս­տո­վա­նում է, որ օ­րե­րի մեջ պար­զա­պես սպա­նել է իր «օ­րե­րի կե­սը»՝ «Գր­քե­րը քեզ կե­րան,//թեր­թե­րը խժռե­ցին,//քայ­լե­ցիր հետ ու առաջ//մի­ջանցք­նե­րում դե­ղին», բայց նաև մշտա­պես ու­նե­ցել է գի­տակ­ցութ­յու­նը, թե «դու դա­տա­պարտ­ված ես, ապ­րիր, ելք չու­նես»։ Ա­հա թե ին­չու՝ «Ինչ­պես գետ հո­սում եմ ես//և ­նո­րից ետ եմ դառ­նում,//որ­պես­զի նո­րից հո­սեմ//գո­յութ­յան ան­դաս­տա­նում»՝ ­Սե­րը ու­նե­նա­լով որ­պես «միակ հսկիչ» իր ­Ճա­նա­պար­հի։
­Հեն­րիկ Է­դո­յա­նի բա­նաս­տեղ­ծա­կան աշ­խար­հը, սա­կայն, չի ձևա­վոր­վել դա­տարկ տե­ղում։ Իր ար­մատ­նե­րով այն խո­րա­նում է մինչև ­Հին աշ­խար­հի բա­նա­վոր ու գրա­վոր ա­վան­դույթ­նե­րը, ո­րոնք միջ­նա­դա­րի գրա­կան հայտ­նի հո­սանք­նե­րի և­ ուղ­ղութ­յուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ կլա­սի­ցիզ­մի, հայ ի­րա­կա­նութ­յան մեջ Ե­ղիա ­Տե­միր­ճի­պաշ­յա­նի ու ­Տի­րան Չ­րաք­յա­նի (Ինտ­րա) ստեղ­ծա­գոր­ծութ­յան մի­ջոցով փո­խանց­վել են ժա­մա­նա­կա­կից պոե­տին՝ նաև ի­րե­նով պայ­մա­նա­վո­րե­լով ան­վախ­ճան ժա­մա­նակ­նե­րի կա­պը։
­Քերթ­ված­նե­րից մե­կում «Ի՞նչ է պոե­զիան» հար­ցին ­Հեն­րիկ Է­դո­յա­նը պա­տաս­խա­նել է կարճ ու սպա­ռիչ ձևա­կերպ­մամբ՝ «­Պոե­զիան ու­ղին է փնտրում դա­րու­փոս» (հի­շենք նաև, որ բա­նաս­տեղ­ծը ա­նընդ­հատ «հեն­ման կետ» է փնտրում ու չի գտնում), բայց նաև… «նա մեզ տա­լիս է հա­վեր­ժութ­յան տոմս»։
Շ­նոր­հա­վո­րե­լով իմ ա­վագ ըն­կե­րո­ջը՝ ինք­նա­տիպ մար­դուն, գրո­ղին ու մտա­ծո­ղին, ծննդյան հոբել­յա­նի առ­թիվ, մաղ­թում եմ նրան քա­ջա­ռող­ջութ­յուն, իր «կյանք-նա­վա­կին» եր­կար նա­վար­կութ­յուն՝ «հա­վեր­ժութ­յան տոմ­սով» դե­պի Ա­պա­գա…

Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

ԲԱՌԻ ՈՐՈՆՄԱՆ ՎԱՅԵԼՔԸ

Հոբելյանական խոսք գրելու վտանգը կենացախոսության մեջ ընկնելն է, չափազանց գնահատականների մատնվելը, մանավանդ օդը, ցամաքը և սոցցանցերը անխղճորեն քրքրում են ածականների հոգին։
Արդ, սիրելի՛ հին ընկեր Հենրիկ Էդոյան, ինչպե՞ս ժամանակին շարժվել և կանգ առնել ժամանակին, որ քո մասին խոսքը լինի բարելիեֆի պես (պոեզիայից մի մասի նման) լուռ և խոսուն, և պոետական վերջին երկու գրքերիդ պես շարժուն և ստատիկ, հատկապես, երբ «Լույսը ձախ կողմից» է։
Քո էության մեջ գենետիկ և անձնական փորձի հիշողության մշտազրույցն է։ Դու, ինչպես հարազատ եղբայր, խոսում ես պատմության սկզբից մինչև հիմա գումարված Մեծ մշակույթի հետ, և ուրախալի է, որ նա էլ քեզ հետ է խոսում արվեստի ու մարդկայինի բոլոր լեզուներով։
Մի օր ասացիր, որ քո նախկին եսը դարերի մեջ մնացած Եգիպտոսի քուրմ գրադարանավար է։
Դու թարգմանեցիր Մեռյալների գիրքը։
Դու կամաչես, եթե երեսիդ ասեն դասվելու ես մեր դասական բանաստեղծների շարքը, քանզի շարժվելու, շարունակելու ձգողական ուժն ավելին է, քան արձանի վերածվելը օրը ցերեկով։ Փախս ես տալիս կուռքի վերածվելուց, ոմանց բան ու գործը հին սովորույթի ուժով մեզանում համազգային պաշտամունքի առարկա շինելն է, թե նրանք համաշխարհայինի կվերածվեն, դա նրանց չի հուզում։
Սիրելի՛ Հենրիկ, դու և՛ մերը գիտես, և՛ նրանցը, և՛ քոնը, և այդքանը բավական է բավարարվելու գրի մոգությանը ձուլվելու համար։ Դա ամենամեծ վայելքն է, որին հասել ես որպես բանաստեղծ և գրականագետ (վկա՝ «Պոեզիայի երկակի տեսողությունը»)։
Էլի որոնիր տքնանքով, դա երբեմն առավել է, քան գտնելու գոհությունը։
Թեպետ քո խաղաղ քայլվածքը տանջալի փնտրտուքի մասին չի խոսում, հավաստում է երկար և ներդաշնակ ընթացքի կերպը։
Ո՛ղջ լեր, եղբա՛յր, քեզ սազական են տարիքը, գալիքը, տալիքը։
ԷԴՈՅԱՆ

Հենրիկը մե՛րթ այնպես
Թեք է նայում,
Ասես ապրում է տրամվայում։
Եվ մե՛րթ այնքան
Դժգոհ է նայում,
Կարծես անցել էր կանգառից։

Մի օր նա ասաց.
– Ի՞նչ անեմ, որ մռայլ չլինեմ
լուսանկարներում։
– Ժպտա,- ասացի ես
լուսանկարչի պես։
Նա լուրջ նայեց.
– Չի ստացվում։
– Դարդ մի՛ արա,- գոտեպնդեցի։
Ու չնստեցինք տրամվայ,
Որովհետև մեր քաղաքից
Վաղուց հանել են ռելսերը։

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

ԱՆՀՆԱՐԻՆԻ ՀԵՏԵՎԻՑ

­Հեն­րիկ Է­դո­յա­նի՝ վե­րածննդ­յան շրջա­նի մար­դու բազ­մա­կող­մա­նի ու բազ­մա­դեմ կեր­պա­րին (չխառ­նել «բազ­մա­դի­մի»-ի հետ,- նա ոչ միայն մտա­ծո­ղութ­յան իր ո­լոր­տով և­ աս­տի­ճա­նա­կար­գով, այլև նկա­րագ­րով ու ան­գամ ապ­րե­լա­կեր­պով՝ «բազ­մա­դի­մի­նե­րի» մեր ժա­մա­նակ­նե­րում լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նում է այն բնո­րոշ­մա­նը, ո­րը միջ­նա­դար­յան աստ­վա­ծա­բա­նութ­յան մեջ տա­լիս էին ա­մե­նա-ոչ-բազ­մա­դի­մի իր նման­նե­րին՝ dottore seraficօ) հո­բել­յա­նա­կան խոսք աս­վա­ծը հա­զիվ թե կա­րո­ղա­նա ան­գամ մո­տե­նալ։ ­Միայն նրա տե­սա­կան գրքե­րը մեր առջև մտքի և ­հա­յեց­ման հսկա­յա­կան մի ասպա­րեզ են բա­ցում, որ­տեղ, ան­կեղծ եմ ա­սում, այ­սօր­վա մեր ըն­կա­լում­նե­րով ու պատ­կե­րա­ցում­նե­րով մենք դեռևս չենք կա­րող նրա ժա­մա­նա­կա­կից­նե­րը լի­նել,- նա շատ ա­ռաջ է,- և դ­րա հա­մար մեծ պատ­րաստ­վա­ծութ­յուն է պա­հանջ­վում (իբրև օ­րի­նակ բե­րեմ նրա «­Չա­րեն­ցի պոե­տի­կան» գիր­քը, ո­րը մեծ բա­նաս­տեղ­ծին իր «ժա­մա­նա­կաշր­ջա­նի զո­հի» և ն­րա դեմ «խու­ժա­նա­կան բո­հե­միկ պահ­ված­քով» պայ­քա­րե­լու կարծ­րա­տի­պա­յին կեր­պա­րից հա­նե­լով՝ հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծութ­յան լիի­րավ մի դեմ­քի և ­հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան բա­նաս­տեղ­ծի մեկ­նա­բա­նութ­յուն է ա­ռա­ջար­կում՝ պատ­մութ­յան, հա­սա­րա­կա­գի­տութ­յան, ինտ­րի­գա­յի ու քա­ղա­քա­կան-կեն­ցա­ղա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շուր­ջը հո­լի պես պտտվող փաս­տագ­րա­կան նյու­թի փո­խա­րեն մեզ ա­ռա­ջար­կե­լով բուն տեքս­տե­րի ու հղացք­նե­րի վեր­լու­ծութ­յուն, ո­րոն­ցով էլ միայն այդ պոե­զիան անկրկ­նե­լի է, հազ­վագ­յուտ է և, ինչ­պես կա­սեր մի մեծ գրող, պատ­մութ­յան ար­տադ­րանք լի­նե­լով՝ ինչ-որ տեղ ան­հան­գե­լի է պատ­մութ­յա­նը)։
Եվ, այ­սու­հան­դերձ, փի­լի­սո­փա­յի, բա­նա­սե­րի, գրա­կա­նա­գե­տի, քննա­դա­տի, գիտ­նա­կա­նի նրա վիթ­խա­րի է­րու­դի­ցիան ինձ հա­մար ըն­դա­մե­նը մի պտղունց աղ է բա­նաս­տեղ­ծա­կան այն աշ­խար­հի մեջ, ո­րը նա տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում ստեղ­ծել և կնքել է հետ­չա­րենց­յան հայ բա­նաս­տեղ­ծի իր ա­նու­նով։ ­Նա շատ է սի­րում կրկնել, որ փի­լի­սո­փա­յութ­յու­նը բա­նաս­տեղ­ծութ­յան մեկ­նա­բա­նութ­յուն է։ Ես տվյալ դեպ­քում հենց այդ­պես էլ ըն­կա­լում եմ տե­սա­կան այդ ժա­ռան­գութ­յու­նը. նրա բա­նաս­տեղ­ծութ­յունն ա­վե­լի լավ ըն­կա­լե­լու էկ­զե­գե­տի­կա:
Այդ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը իր պե­ղում­ներն է ա­նում ի­րե­րի Տ­րո­յա­յում: Այն­տեղ գո­յութ­յան հնա­գի­տութ­յան ու նո­րա­գի­տութ­յան նրա նպա­տակ­նե­րի ու սպա­սում­նե­րի հա­նա­ծո­նե­րը մեր սրտե­րը հենց ան­հուն մի Ն­պա­տա­կով ու Ս­պաս­մամբ են լցնում։
…Ո՞վ է սրբում փո­շին
սպա­սում­նե­րի մամ­ռա­քա­րե­րից,
ուր նպա­տա­կը
դառ­նում է փո­շի, իսկ սպա­սու­մը
մնում է հա­վեր­ժո­րեն
մի քա­րի փո­րագր­ված։
Այն հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ իր մեծ նա­խորդ­նե­րի պես (թեև միան­գա­մայն այլ տո­նայ­նութ­յամբ ու աշ­խար­հա­յաց­քով) պոե­տի­կա­յի ու գո­յութ­յան իր ըն­կա­լում­նե­րով հա­մա­հունչ է հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծութ­յա­նը՝ ­Հո­մե­րո­սից ու ­Նա­րե­կա­ցուց մինչև մեր ժա­մա­նակ­նե­րը և ­մինչև ար­դիա­կա­նութ­յան ա­մե­նա­վեր­ջին երևույթ­նե­րը, ա­սենք, ­Ռե­նե ­Շար կամ վեր­ջի­նիս հա­կա­պատ­կեր Ա­լեն ­Գինզ­բերգ։ (Ես ­Նա­րե­կա­ցու ա­նու­նը պա­տա­հա­կան չեմ տա­լիս։ ­Նա­րե­կա­ցուն նա­րե­կա­ցիա­կան բա­ռա­պա­շա­րով նմա­նար­կող­նե­րին խառ­նող­նե­րին ես ու­զում եմ ա­սած լի­նել, որ մեր բա­նաստեղ­ծութ­յան մեջ հոգ­ևոր, կրո­նա­կան, միստի­կա­կան, աստ­վա­ծա­բա­նա­կան մտա­սու­զում­նե­րի մեջ միջ­նա­դա­րի մեր այս ­Տիե­զե­րա­կա­նին ոչ ոք այն­քան մոտ չի կանգ­նած, որ­քան ­Հեն­րիկ Է­դո­յա­նը)։ Եվ ընդ­հան­րա­պես մեր նո­րա­գույն բա­նաս­տեղծութ­յան մեջ ­Հեն­րիկ Է­դո­յա­նը ա­մե­նա­գիլ­գամե­շա­կան, ա­մե­նա­դան­տեա­կան, ա­մե­նա­շեքս­պի­րա­կան, ա­մե­նա… բա­նաս­տեղծն է, նրա­նով այս բո­լո­րը դարձ­յալ հրա­վիր­ված են մեր բա­նաս­տեղ­ծութ­յան հյու­րըն­կալ օ­ջախ, իսկ հայ բա­նաս­տեղ­ծութ­յու­նը կրկին մտած է այս բո­լո­րի ընդ­հա­նուր տուն։ Այս ի­մաս­տով, վե­րա­փո­խե­լով ­Պուշ­կի­նի մա­սին ռուս մի գրա­կա­նա­գե­տի միտ­քը, կա­րե­լի ա­սել. ի դեմս ­Հեն­րիկ Է­դո­յա­նի՝ հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծութ­յու­նը ժա­մա­նա­կա­կից մեր խոս­քար­վես­տում կոնս­պեկ­տա­վոր­ված է. ­Չա­րեն­ցից հե­տո մեր բա­նաս­տեղծ­նե­րից ոչ ոք այն­քան զգա­յուն ու բաց չէ հա­մաշ­խար­հա­յին բա­նաս­տեղ­ծութ­յան առջև, որ­քան ­Հեն­րիկ Է­դո­յա­նը՝ «­Գիլ­գա­մե­շից» ու ե­գիպ­տա­կան տեքս­տե­րից մինչև այ­սօր ձգվող իր մա­կա­բե­րութ­յուն­նե­րով։
­Պարզ է, որ 80-ամ­յա հո­բել­յա­նի առ­թիվ գրված խոս­քը պետք է հենց հա­վուր պատ­շա­ճի հո­բել­յա­նա­կան տրա­մադ­րութ­յուն ու­նե­նա և ­խո­սի ձեռք­բե­րում­նե­րի ու նվա­ճում­նե­րի մա­սին՝ բա­վա­րա­րե­լով հո­բել­յա­րի երկր­պագու­նե­րին։ ­Բայց նրա մարդ­կա­յին ու բա­նաս­տեղ­ծա­կան բար­յա­ցա­կամ ու ան­չար կեր­պա­րի ըն­դօ­րի­նակ­մամբ՝ ես ու­զում եմ միա­նալ նաև նրա հա­կա­ռա­կորդ­նե­րին, ովքեր ել­նե­լով բա­նաս­տեղ­ծութ­յան ի­րենց «պոե­զիան պի­տի բխա» պատ­կե­րա­ցու­մից՝ կու­զե­նա­յին պնդած լի­նել, որ ­Հեն­րիկ Է­դո­յա­նը բա­նաս­տեղ­ծութ­յան մեջ ոչն­չի չի հա­սել… Ես ու­զում եմ նրանց քա­ջա­լե­րել և ­միա­նալ նրանց. նախ, ո­րով­հետև ­Հեն­րիկ Էդո­յա­նը հո­բել­յա­նա­կան ոչ մի հա­վուր պատ­շա­ճի բա­ժա­կա­ճա­ռի չի են­թարկ­վում և­ ա­պա՝ ո­րով­հետև իմ մտքում ոչ միայն նրա հո­բել­յա­նա­կան այս 80-ամ­յակն է, այլև նրա բա­նաս­տեղ­ծութ­յան գա­լիք բա­զում ութ­սունամ­յակ­նե­րը, ո­րոնց դեպ­քում խոս­քի ա­ռար­կա կա­րող են լի­նել, ա­յո՛, ոչ միայն հաղ­թա­նակ­նե­րը, այլև պար­տութ­յուն­նե­րը։ ­Բայց ո՞ր։ Ա­սե՛մ։ Ն­րանք, ո­րոնք ծի­տիկ-միտիկ որ­սա­ցող­նե­րից խու­սա­փում են և մշտա­պես ել­նում են առ­յու­ծորս­նե­րի դեմ. ­Հեն­րիկ Է­դո­յա­նը պոե­զիա­յի՝ մի հար­վա­ծով ա­մեն ին­չի հաս­նող և ­չա­փա­զանց շատ հան­գա­թու­խութ­յու­նից, լուս­նից ու գոր­ծած­վա­ծությու­նից մաշ­ված բա­նաս­տեղ­ծութ­յան մա­կա­բույծ­նե­րի մեր այս ժա­մա­նակ­նե­րում գու­ցե ոչն­չի էլ չի հա­սել, բայց ա­մեն ին­չի այդ հա­սած­նե­րը թող ի­մա­նան, որ այդ դեպ­քում նա ոչն­չի չի հա­սել ճիշտ այն­պես, ինչ­պես որ ոչն­չի չհա­սավ (իսկ ա­վե­լի ճիշտ՝ ոչն­չի հա­սավ…) իր Ի­թա­քեի կա­րո­տը սրտում՝ ապ­րող­նե­րի ու մեռ­յալ­նե­րի ծո­վե­րով դե­գե­րող և­ ի­րե­նից հե­տո բո­լոր բա­նաս­տեղծ­նե­րին այն­տեղ իր նա­վի վրա ա­ռած մի «լաեր­տիդ» բա­նաս­տեղծ-նա­վորդ, որն իր ա­նու­նը հենց Ո­չինչ էլ դրեց,- և­ ինչ­պես որ ոչն­չի չհա­սան այդ նա­վի վրա ոչ թե մանր-մունր ծո­վա­յին կեն­դա­նի­նե­րի, այլ Անհ­նա­րի­նի հետ­ևից մեկ­նած և ն­րա մա­տույց­նե­րում նա­վա­բե­կութ­յան են­թարկ­ված նրա բո­լոր մեծ բա­նաս­տեղծ­նե­րը՝ ­Տեր­յանն ու ­Ռիլ­կեն, ­Ման­դելշ­տամն ու ­Չա­րեն­ցը, Ի­սա­հակ­յանն ու Բ­լո­կը, Է­լիոթն ու ­Ցե­լա­նը։
­

Հա­կոբ ՄՈՎՍԵՍ

ՆԵՐԴԱՇՆԱԿԸ

Հենրիկ Էդոյան անունն ինձ մոտ համաբանվում է նախ նրա քայլվածքով ու կեցվածքով՝ համալսարանական միջանցքներում, Երևանի փողոցներով, Գրողների միության աստիճաններով բարձրանալիս, քայլվածք ու կեցվածք, որ միանգամից հետո հաճելիորեն ներդաշնակվում է նրա խոսքին՝ թե՛ որպես դասախոս ու բանախոս, թե՛ որպես պարզ զրուցակից:
Նրա պոեզիայի, թարգմանությունների, գրականագիտական աշխատությունների ու ուսումնասիրությունների հետ հարաբերումը հետո եղավ՝ իր քայլվածքի ու կեցվածքի առինքնող ազդեցությամբ նաև, ու հաճելի էր տեսնել ստեղծումի ու կեցության այդ ներդաշնակությունը, իր քայլվածքի ռիթմը իր բանաստեղծության մեջ տրոփող՝ կամ հակառակը, իր կեցվածքի պատկառելիությունը իր թարգմանություններից առթող՝ կամ հակառակը, իր լրջությունն ու խորունկությունը իր ուսումնասիրությունների հանգույն՝ կամ հակառակը… Եվ, ընդհանրապես, ես իմ կյանքում հազվադեպ եմ հանդիպել կեցության ու ստեղծումի նման ներդաշնակություն, ինչպիսին Հենրիկ Էդոյանն է:
Նրա պոեզիան նորարարական էր ու է, ու բնական է, որ հեշտ չընդունվեց ու ամեն մի քիմքի հարիր չեղավ, բայց ի տարբերություն շատերի՝ Հենրիկ Էդոյանի բանաստեղծությունն անգամ քննադատությունների ու մերժումների բովում շարունակեց իր խաղաղ ու զարգացող ընթացքը, և, ի վերջո, չասեմ՝ պարտադրեց, հանգրվանեց այն տեղում, ուր պետք է լիներ. զարմանալին այս դեպքում այն էր, որ բանավիճային մթնոլորտում անգամ Էդոյանի կեցվածքը բանավիճային չեղավ, նա ամբողջովին ապավինեց իր բանաստեղծության բացած ճանապարհին:
Նրա թարգմանությունները, հատկապես հին եգիպտական պոեզիայի աննման նմուշների թարգմանությունները միայն տեքստեր չեղան՝ սոսկ հայերենացված, այլ մշակութային ու մշակութաբանական հենք, խոսույթի որակ, որ հետագայում այնքան կիրառվեց (ու միշտ շահեկանորեն) հայ արդի բանաստեղծության մեջ:
Նրա գրականագիտական աշխատություններն ու ուսումնասիրությունները իրենց խորությամբ, մեթոդաբանության թարմությամբ, մանրամասների հանդեպ ուշա­դրությամբ գրեթե աննախադեպ էին մեր գրականագիտության մեջ, ու հատկապես «Եղիշե Չարենցի պոետիկան» մենագրությունը, Պետրոս Դուրյանի, Դանիել Վարուժանի, Սլավիկ Չիլոյանի առանձին բանաստեղծություններին նվիրված փայլուն ուսումնասիրությունները նախանշում են որակական մեկ այլ մակարդակ, եթե կուզեք՝ չափ ու չափանիշ, որ ոգևորիչ ու մեկնակետային լինելով հանդերձ՝ նաև զսպող են լուրջ ու հիմնավոր խոսք ասելու հավակնություն ունեցողների համար:
Հենրիկ Էդոյանն ահա այսպիսի ներկայություն է մեր գրական ու մշակութային կյանքում:
Ներդաշնակ ու օրինակելի, բայց թերևս նախևառաջ՝ ներդաշնակ…

Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

One thought on “ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

  1. Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ իմ ավագ գործընկերոջը, լավ բանաստեղծի, թարգմանչի, փայլուն անձնավորությանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։