ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ – 85 / ԱՐՇԱԿ ԵՐԿՐՈՐԴ

(հատված)

…Ճիշտ է, պատերազմը արնաքամ էր անում Հայաստանը, անդամահատում նրա մարմինը, ջլատում երկրի ամբողջականությունը, սակայն էժան չէր նստում նաև Պարսկաստանի վրա։ Թույլ կողմը մեռնում էր, բայց ուժեղ կողմն էլ վերքեր էր ստանում։ Երբեմն՝ նույնիսկ լուրջ և խոր վերքեր։

Շապուհը վախենում էր վճռական ճակատամարտից, որ ստիպված էր տալ Արշակավանի նորավարտ պարիսպների տակ: Արքայի համար ապրելու և մեռնելու հարցը մի անլուծելի հանելուկ էր, մի մութ առեղծված, որոնց պատասխանը նա կստանար միայն այդ ճակատամարտից հետո։

Սրտից արյուն կաթելով՝ նա մի խոնարհ հրովարտակ ուղարկեց պարսից Շապուհ թագավորին, ինչպես նաև հաշտության ընծաներ։ Բայց Տիզբոն գնալու հրավերը կտրականապես մերժեց և Արտաշատ մայրաքաղաքից տեղափոխվեց Արշակավան՝ հանելուկն ու առեղծվածը լուծելու։

Վերջին օրերն էին, վերջին ժամերը։ Կա՛մ հրաշքով կփրկվի երկիրը, կա՛մ ոտքի տակ կընկնի։ Երկուսից մեկը, երրորդ ճանապարհ չկար։ Երրորդ ճանապարհը ուրիշների համար էր, հայինը երկուսն էին միայն։ Միա՛յն երկուսը։ Եվ եթե ուրիշները գլուխ էին պահում երրորդ ճանապարհի միջոցով, ապա հայը գոյատևում էր հենց այդ դաժան ընտրության շնորհիվ, որ նույնն էր թե՝ ընտրություն չկար։

Այս օրերին նա մի տեսակ ավելի սիրեց իր երկիրը, ավելի կապվեց իր հպատակների հետ և էլ ավելի աստվածավախ դարձավ։ Այդ ե՞րբ էր պատահել, որ ամեն գիշեր նա աղոթեր աստծուն, Արշակավանին հավասար ապավիներ նրա զորությանը։ Ուրեմն, գործերը լավ չէին։ Լավ չէին գործերը, եթե նա, անհավատ մարդու պես, օրհասի ժամին աստծո անունն է տալիս։ Առավել ևս լավ չէին, եթե հանկարծ, չգիտես ի՞նչ հրաշքով, զտարյուն քրիստոնյա էր դարձել ու մոռացել հին աստվածներին։ Այդ ե՞րբ էր պատահել, որ նա մեկ առ մեկ հիշեր այն շեն գավառները, գյուղերն ու ավանները, մթին անտառներն ու անդնդախոր ձորերը, որտեղ ոտք էր դրել երբևիցե, իսկ երկրում չկար մի անկյուն, որտեղ նա եղած չլիներ։ Հիշում էր քնքշությամբ ու խանդաղատանքով, կարծես վերջին հրաժեշտն էր տալիս, ներքուստ հաշտված այն մտքին, որ այլևս երբեք բախտ չի ունենա տեսնելու այդ վայրերը: Այդ ե՞րբ էր պատահել, որ նա, ուղեղը լարած, փորձեր վերհիշել այս կամ այն առիթով հանդիպած շինականների դեմքերը, իր ծառաների անունները։ Այդ ե՞րբ էր վերջին անգամ արտասվել, այնքա՞ն վաղուց, որ երևի այդպիսի բան չէր եղել։ Իսկ հիմա, գիշերվա ուշ ժամերին, ազատություն էր տալիս թուլացած ջղերին ու մի անկյուն քաշված՝ կարծես ինքն իրենից թաքնվելով, ինքն իրենից ամաչելով, անձայն լաց լինում։ Տղամարդու արցունքներ էին դրանք, հազվագյուտ ու դժվարահոս։

Օրեր շարունակ նա չերևաց իր նոր պալատում, մարդու երես չտեսավ, ոչ մի բան չձեռնարկեց՝ ամեն ինչ թողնելով բախտի քմահաճույքին։ Իսկ մի առավոտ, անսպասելիորեն հրամայեց ճաշկերույթ տալ տաճարում, առաջին ճաշկերույթը Արշակավանում։ Լուրը տարածվեց քաղաքով մեկ, և բոլորն ուրախացան, որ վերջապես պալատը կենդանության նշաններ էր ցույց տալիս։ Կիսաքաղց շինականները, որոնք Արտաշատից մթերք չէին ստանում այլևս, ոչ միայն չվրդովվեցին առաջիկա խնջույքից, այլ ընդհակառակը, վեհանձնորեն հավանություն տվեցին։ Թող անուշ լինի, միայն թե երկրի տերերը քթները չկախեն, չխռովեն

Պալատն իրար անցավ։ Լավ ու անհոգ օրերի հուշերը վերակենդանացան։ Երանելի ժամանակները, թեկուզ և մի օրով, կարծես ետ եկան։ Թվաց, թե էլի ամեն ինչ առաջվա պես կարգին էր, երկիրն՝ ընդարձակ ու անառիկ, նախարարները՝ սիրով ու միաբան, մառանները՝ շեն ու լի, արքան, կաթողիկոսն ու սպարապետը՝ ժողովրդի գլխին տեր ու տիրական։

Հակառակի պես, հենց այդ նույն օրը, երբ նա մեծագույն ճիգով մի կերպ դուրս էր գալիս արջային քնից և ճաշկերույթը նախաբան դարձրած՝ փորձ էր անում մխրճվելու երկրի կյանքի մեջ, նա ստացավ մի ահավոր լուր, որ մինչև հոգու խորքը ցնցեց նրան։ Սամվելը, այդ չար և անդուր լակոտը, սպանել էր իր հորը՝ Վահան Մամիկոնյանին։ Նախ ստիպել էր նրան հրաժարվել հավատուրացությունից, վերադառնալ քրիստոնեությանը, քանդել ատրուշանները ու վռնդել մոգերին, աղաչել էր ու ահաբեկել, ծնկաչոք պաղատել ու բռնացել, իսկ հետո, երբ ոչինչ չէր օգնել, կատաղության մոլուցքի մեջ դաշունահար էր արել նրան։

Ասում են, թե խելքը գլուխը գալուց հետո, սարսափած իր գործած ոճիրից, կիսախելագարված, ընկել էր դռնեդուռ, բռնել սրա-նրա օձիքից և հարկադրել, որ գովեն իր արարքը, գնահատեն իր մեծ հայրենասիրությունը, հիանան ու հպարտանան իրենով, նույնիսկ սպառնացել է շանսատակ անել, եթե չկատարեն իր պահանջը։ Իսկ երբ բոլորը նողկանքով երես են թեքել, նա, ով իրեն երկրի առաջին հերոսն էր պատկերացնում, սկսել է փոքրոգի կերպով շորերը պատառոտել, ձայնն աշխարհով մեկ գցած լաց լինել, թավալվել գետնին և գութ աղերսել: Եվ ամենքը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, է՛լ ավելի են զզվել նրանից, փողոցներն ու հրապարակները դատարկվել են, լրիվ ամայացել, մարդիկ մտել են իրենց տները, դուռ-լուսամուտ պինդ-պինդ փակել, որպեսզի չտեսնեն նրան։ Նա քարշ էր գալիս Տայքի շեներում ու ավաններում, կարեկցություն մուրում և ամենուրեք հանդիպում ամայության, կարծես մարդիկ վերացել էին աշխարհի երեսից ու նրան մեն-մենակ թողել իր խղճի հետ: Իսկ խիղճը, խրախուսանք ու սատար չստանալով, վառվում, եփվում ու բզիկ-բզիկ էր լինում։

Վա՜յ այդ լակոտին, եթե արքայի ձեռքն ընկներ: Ինքն անձամբ կպատժեր նրան, այնքան կծեծեր, մինչև որ վերջին շունչը փչեր։ Որովհետև աշխարհում ոչինչ չկա, բացարձակապես ոչինչ, անգամ աստված ու հայրենիք, որոնց անունից մարդ իրավունք ունենա ծնողասպան լինելու։ Ո՛չ մի փաստարկ, ո՛չ մի տրամաբանություն, ո՛չ մի ապացույց, որքան էլ անհերքելի ու համոզիչ թվային, չէին դիմանա այդ սուրբ ճշմարտության առաջ։

Բայց դու շարունակությունը տես, շարունակությունը։ Ինչպես խեղդվողն էր փրփուրից կառչում, ոճրագործը, խղճի ձայնը խլացնելու, իր մաշկը փրկելու համար, խորամանկ միջոցի էր դիմել։ Եթե ելք չգտներ, արդարացում չհնարեր, գիտեր, որ ոտքով-գլխով կկորչեր, այլևս չէր կարողանա ապրել: Եվ ոչ թե ուրիշների, այլ հենց սեփական դատավճռով։ Իսկ նա, պարզվում է, շատ էր ուզում ապրել, ձեռքը հոր վրա բարձրանում էր, իսկ ինքն իր վրա՝ չէ՜ր կարողանում…

Եվ նա, այդ թշվառականը, օգնության էր կանչում արքային։ Այդ ինչպե՞ս է, որ արքան հազար ու մի ոճիր է գործում, այդ ինչպե՞ս է, որ նրա ձեռքերը արյունոտ են, այդ ինչպե՞ս է, որ նրա խիղճն անմաքուր է, իսկ ժողովուրդը, այնուամենայնիվ, ներում է նրան: Ներելը կարծես թե քիչ է, նաև սիրում է, մեծարում, պատվանդանի վրա դնում։

Արքան այս մի անպատկառությունը ոչ մի կերպ չէր կարողանում մարսել։ Այդ վիրավորանքը, չգիտես ինչու, չափազանց կպավ սրտին։ Խե՜ղճ արքաներ: Ձեր անուններն ամեն մի անարժան կարող է բերանն առնել: Առանց տարբերություն դնելու ձեր անանձնական ճակատագրի ու իրենց խիստ անձնական ճակատագրի միջև։

Քո մեծագույն բախտավորությունն այն է, որ դու միայն քեզ ես պատկանում, թշվա՛ռ լակոտ։ Իսկ ես՝ գուցե բոլորին, բացի ինձանից։ Ինձ կարելի է դատել միայն մի դեպքում. եթե ես առաջնորդվել եմ զուտ սեփական շահերով, եթե ոճիրը գործված է իմ բնավորության արատների պատճառով։ Իսկ եթե դա անխուսափելի անհրաժեշտություն է երկրի համար, եթե այլևս ոչ մի ճար չկա երկրի գլխին կախված վտանգը կանխելու, ապա ամեն մի թափված արյան համար, դատապարտելով հանդերձ, պետք է նաև խղճալ ինձ։ Եվ ես խղճում եմ քեզ, Արշակունի Արշակ, խղճում եմ ամբողջ հոգով ու չեմ ամաչում իմ խղճահարությունից։

Եվ եթե երկրում կա մեկը, որն իրավունք ունի, այն էլ միանձնյա իրավունք, իր վրա երբեմն կրելու նաև դահճի պարտականություն, կրելու՝ սիրուց, հայրենիքի շահերից, հարյուրհազարավորների կյանքի ու երջանկության համար ստանձնած պարտավորությունից, երկրի ապագայի հանդեպ ունեցած ծանր պատասխանատվությունից, ապա դա միայն ես եմ։ Ե՛ս և ուրիշ ոչ ոք։ Եվ դա իմ մեծագույն դժբախտությունն է, որի վրա քանի-քանիսն են աչք տնկել, և որի համար որքան շատ մարդիկ են ինձ նախանձում։ Թեև, եթե այդ նախանձն էլ չլիներ, կարելի էր գժվել։ Գոնե դա ինչ-որ չափով մխիթարում է ինձ և ինքնախաբեության հնարավորություն տալիս։ Որ իմանամ, որ եթե վաղը ծնվի մի մարդ, ով ինձանից ավելի ճշգրիտ ծրագիր ունի երկիրը կործանումից փրկելու, ես իմ գահը կամովին կտամ նրան, առանց մի պահ իսկ տատանվելու, առանց ափսոսալու փոքր ազգի թագավորին վիճակված փուչ իշխանության ու խաղալիք գահի կորուստը։ Եվ կհավատա՞ն արդյոք, հիմարի տեղ չե՞ն դնի ինձ, այդ ո՞վ է մինչև հիմա իր միջակությունը խոստովանել և ընդունել ուրիշի տաղանդը։ Բայց եթե սիրում ես երկիրդ, եթե շա՜տ ես սիրում, չափազա՛նց շատ, այդ էլ կարող ես անել։ Մանավանդ օրհասի պահին, երբ ժամանակ չկա փառքի ու իշխանության ետևից վազելու։ Բայց, աստված մի արասցե, եթե մեկնումեկն իմանա իմ մտքերը, ամբողջ երկիրը միանգամից կլցվի անհայտ տաղանդներով։ Եվ առավել ևս աստված մի արասցե, եթե բացի ինձանից մեկ ուրիշն էլ հասկանա իմ ուժի և իշխանության բուն գինն ու արժեքը։

Ահա այդ գինն ու արժեքը՝ քո ճաշկերույթի սեղանը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։