ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Նամակ Գևորգ Հայրյանին
Սիրելի Գևորգ
Այս երիտասարդը՝ Կորյուն Առաքելյանը,
Գերազանց հանձնել է քննությունները
Պետական համալսարան ընդունվելու համար,
Բայց դուրս է մնացել կոնկուրսից։
Խնդրում եմ օգնիր այս խոստումնալից երիտասարդին
Ընդունվելու համալսարան։
Ընկերական բարևներով՝

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ
29.08.1963, Երևան

Կա այդ աշխարհը սրտի չափով…
Կորյուն Առաքելյանը վերուստ տրված տոհմիկ նշանով, մտքի և հոգու որոնումներով լեցուն բանաստեղծ է։ Իր պոետական հորիզոնը մի աշխարհ է՝ սրտի չափով։
Այդ աշխարհը տիեզերական գոյաբանության իր մոլորակն է` բնաշխարհի գունագեղ արթնացումներով, ռոմանտիկական հասակի սիրո երազանքով և պապի` արդեն լռած ջրաղացի նոստալգիկ վերհուշով։ Այդ վերհուշերում կարոտի երանության խորը թախիծ կա և արդեն անցածի փիլիսոփայական անդարձությունը։ Նրա հուշերի երկրի մոլորակում արժեքները մնայուն են, որի մաքուր և անաղարտ անդրադարձումներում լսելի է բարքերի նորօրյա անկումների սարսափը։

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ

***
Բանաստեղծը արարում է այն պահին, երբ իր ժողովրդի սիրտը բաբախում է իր սրտի հետ ներդաշնակված։
Կորյուն Առաքելյանը այդ կերպի մտածողության բանաստեղծն է, ուր մարդը, մայրն ու Հայրենիքը հավասարաչափ սիրով գրկում են իր պոետին ու բնակեցնում իրենց սրտի մեջ։

Ռոլանդ ՇԱՌՈՅԱՆ

Ադամալույսին ընդառաջ
գնացող բանաստեղծը
Ադամալույսին ընդառաջ գնացող բանաստեղծը՝ սնված դասական բանաստեղծության լավագույն ավանդներով, գրական ազգակցությամբ հայ դասականներին՝ առավելապես Հովհ. Թումանյանին, Վ. Տերյանին, Հովհ. Շիրազին ու Հ. Սահյանին (այսպես մտածելու հիմք տալիս են նրանց նվիրված ձոներգերը կամ նրանց բնորոշ պատկերների վկայակոչումները) հարազատորեն կապված Կորյուն Առաքելյանը նորի որոնման ու ինքնահաստատման ճանապարհին իր որոշ սերնդակիցների պես չէր կարող բովանդակությունը զոհաբերել զուտ ձևական մտամարզանքներին։ Չարենցյան «սրտի ուզած խաղի» պահանջին հետամուտ՝ նա հիշյալ դասականների պես միշտ էլ ձգտել է ասելիքն արտահայտել խոսքի բնականությամբ, սրտամոտ ու մատչելի։
Նրա պոեզիան իր մարդերգությամբ, մայրերգությամբ և հայրեներգությամբ լայն ընդունելության կարժանանա ընթերցողների շրջանում։

Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

***
Ես հոգու մարդ եմ…
Որքան էլ խելքս առաջ է ընկել,
Հասկացել եմ, որ ես հոգու մարդ եմ,
Ու այս աշխարհի չարը և բարին,
Տված-առածս հոգով եմ չափել:
Որքան առատ է եղել բերքը իմ,
Ավելորդ ոչինչ ինձ չի մնացել,
Նշխարի պես եմ Աստծո տվածին
Ես ընդմիշտ նայել.
Որքան որ խոսքս առաջ է ընկել
Ու որքան օրս դարձել խոսքառատ,
Լռության մեջ է եղել կարևոր
Իմ ասելիքը…
Անցյալով որքան հպարտացել եմ,
Աչքիս առաջ է եղել մշտապես
Եվ իմ գալիքը…
Ես ինձ մի ծառ եմ կարծել անտառում,
Ու ինչ եկել է անտառի գլխին,
Ոչինչ չի անցել թեթև իմ կողքով,
Կրել եմ անխոս հասանելիքս։
Երբ ուժն արմատիս օգնել է ապրել,
Արածիս համար ես չեմ ամաչել.
Հասունության հետ
Նորեկին ոտից գլուխ չեմ չափել,
Մարդահոտով եմ նրան ճանաչել…
Իսկ երբ ես շատ ու ուժգին եմ սիրել,
Ու նաև սիրված եղել ավելի,
Ատելուն երբեք տեղ չի մնացել,
Ու սիրելով է ողջ կյանքս անցել…
Ու որ իմ սիրուն բան չպատահի,
Շատ-շատ բաներում նաև ներել եմ։
Իմաստուն եմ ինձ շատ հաճախ կարծել,
Նաև խորհուրդներ տվել ուրիշի,
Բայց թե ո՞նց անցավ կյանքս, չիմացա,
Այսքան փորձության ես ո՞նց դիմացա…

Առանց պոետի…
Աշխարհը որքան անթև կլիներ
Առանց պոետի հոգու թռիչքի,
Նրան մի Պեգաս ձի է պակասում,
Որ դարպասներին հասնի Պառնասի։
Աշխարհը այնքան աղքատ կլիներ,
Առանց հեքիաթի իր ճոխ դղյակում
Աղքատիկ, սակայն հոգով փառավոր
Ապրող պոետի։
Աշխարհը այնքան անսեր կլիներ
Առանց մեծ սիրո սերմնացան դարձած,
Բազում սերերից գլուխը կորցրած
Խելառ պոետի, ով որ խեղդվում է
Ծովում կարոտի։
Ամեն ձնհալի մի ձնծաղիկ է
Գլուխը ճերմակ բարձրացնում հողից,
Գիտցիր, որ գարնան ավետաբերն այդ,
Գարնան համբույրն է բերում, պոետին՝
Հեռու աշխարհից։
Աշխարհը այնքան անհուշ կլիներ,
Կլիներ դատարկ ու անհիշատակ,
Առանց այն քարի, որին խաչվել է,
Որտեղ հանգչում է մի հրաշք պոետ։
Իսկ երբ սև ամպ է իր երկրի գլխին,
Մեռած էլ լինի, ազգի ի՜նչ պոետ,
Թե գրիչն իր սեր ու ծաղիկ երգող
Չի դարձնում իսկույն թշնամու դիմաց
Պայթող հզոր արկ կամ սուրծայր մի նետ…

Աշնանային էտյուդ
Այգեպանը ծեր, բերքից մի քիչ գոհ,
Մի ճոխ սեղան էր իր այգում բացել,
Հին տարվա գինուց մեծ կարասների
Տակը մի չնչին բան էր մնացել։
Կայտառ առվակը գարնան շատ սիրված
Երգերից մեկը խնամքով տարել,
Մի տեղ թաքցրել էր.
Հրաշք հավքերի քաղցրանուշ երգը
Այդ տարվա վերջում դեռ չէր հնացել։
Ծառերից պոկված դեղձի թշերին
Աշնան արևի քաղցր համբույրի
Հետքը մնում էր.
Նռան պես բացված կանանց կրծքերին
Նայող խեղճ մարդկանց խելքը գնում էր։
Իսկ այդ տարվա նոր եռացող գինուց
Կավե կարասը խելքը թռցրել էր։
Գինովցած մեկը լի սինին բերող
Կնոջ տարիքը թաքուն հարցրել էր…
Այդ ամենի հետ, ծեր այգեպանը
Թափթփված այգին կարգի բերելը
Մի կերպ հասցրել էր։

Դու աշխարհ եկար…
Դու աշխարհ եկար, որ թևավորվեմ,
Ի՜նչ բերեն գլխիս՝ տոկամ, դիմանամ։
Դու աշխար եկար, որ  հոգով զգամ
Կրակում այրվող կոճղի մորմոքը,
Որ և հասկանամ ցավերին սովոր
Մթին ձորերի արդար բողոքը։
Դու աշխար եկար, որ գարնան գալուն
Բացվող բողբոջի պայթյունը լսեմ,
Չզարմանամ, երբ ամառվա տապին
Ես մենակ կուչ գամ, հուզմունքից մրսեմ։
Կարոտով խմեմ գինին մեծ գավով,
Որ խորը ապրեմ ուրիշի ցավով։
Լուսինը դարձնեմ ինձ համար նավակ,
Լճակներն աչքիս որ թվան ծովակ,
Աշխարհը հեքիաթ որ աչքին դառնար
Հեքիաթն աստղերի անվերջ պատմեի
Աշխարհին արար…
Դու աշխարհ եկար, որ կյանքի գնով,
Ես քո ամրոցին մի օր տիրանամ,
Թեկուզ ինձ այրես ու մոխիր դարձնես,
Սիրո աշխարհից ես չվերանամ…

Սիրելու մյուս երեսը…
…սիրո հակառակն ամենևին էլ
Չսիրելը չէ, մահն է պարզապես…
Ա. Կիրակոսյան
Սիրելու մյուս երեսը երբեք
Ոչ չսիրելն է, ոչ էլ՝ ատելը.
Այլ՝ իրականում
Խելքը թռցնելն է, խելագարվելը։
Դա այն է, երբ որ պայծառ արևին
Ամպերը մեկ էլ արագ հավաքվում,
Ուժգին որոտից շանթահարվում ես,
Մի հսկա ծառ է հանկարծ տապալվում,
Անզուսպ հեղեղը լեռան չափ մի քար
Քշում-բերում է, փակում քո ճամփան։
Մեկ էլ կտեսնես՝
Օրը ցերեկով գլխիդ մթնում է,
Կարոտից մեկ էլ պռոշը հողի
Իսկույն ճաքում է,
Ու մոլորվում ես դու քո տան ճամփին։
Սիրելու մյուս երեսը երբեք
Ոչ չսիրելն է, ոչ էլ՝ ատելը,
Այլ նոր մի կեղծիք քո հորինելն է,
Թե մարդուն անհայտ մի մոլորակում
Դեռ ապրում ես, կաս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։