ԲԱՐԵՎ, ՊԵՐՃ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Nshvec Hovhannes yesayantsi 11 amsakan@75 տարի Պերճ Զեյթունցյանը վազում է իմ հետևից և չի հասնում. ես մշտապես երկու տարի նրանից առաջ եմ մեր դրամատիկ կյանքի անցյալ-ներկա ժամանակներում: Երկու քայլ: Հաճախ մտածում եմ, որ քայլն ավելին է, քան տարին: Քայլը ներքին մարդն է, ինչ գործողություն է անում, ինչպես և ինչու, ստե՞ց, թե՞ բարեկամացավ ճշմարտությանը: Իսկ տարին` հեղհեղուկ ու պղտոր պայմանականություն` կար ու չկա: Եվ մենք իզուր ենք ամեն դեկտեմբերի 31-ի գիշերը նրան հանդիսավորությամբ ճանապարհում` դուռ բացելով գուցե առավել հեղհեղուկ, տխուր եկող տարվա առջև: Երանի իմ այս զգացողությունն անընդունելի լինի շատերին: Սխալականս մի սխալ էլ է արել` 1963-ին հրատարակած իմ պատմվածքների ժողովածուն անվանելով «Հետ մի՛ նայիր»: Վաղուց եմ հասկացել` ով հետ չի նայում, առջևը չի կարող տեսնել և օրինակելի փոփոխություն անել, ոտքը քարին կգա և բերանքսիվայր ցած կընկնի՝ թերևս երբեք վեր չելնելով: Արդեն ավելի քան կես դար ես աչքերով տեսնում և բոլոր նյարդերով զգում եմ հետևիցս վազող Պերճի մարդկային ու ստեղծագործական գոյությունը: Նա իմ ամուր թիկունքն է, ինչպես սերնդակիցներիցս ոմանք և հայ ու համաշխարհային դասական արժեքները: Դա հոգևոր ապահովություն է մինչև իսկ ներկա հոգեզուրկ օրերում, երբ փողի քսակը, ըստ Շեքսպիրի, հակադարձ համեմատական է մարդու հասակին:
Ամեն անգամ մեր պատանեկությանն ու երիտասարդությանն անդրադառնալիս Պերճ Զեյթունցյանին նկատում եմ նրբակազմ, կապուտաչյա, Եգիպտոսից ներգաղթյալի կիրթ շարժմունքներով ինքնատիպ մարդու, այն ժամանակ արդեն մտավորականի տիպար, որ ոչ բոլորին էր հաճո, հատկապես տեղացիներիս: Նա մի քիչ ուրիշ էր, մենք` մի քիչ այլ ու տարբեր: Այս «օտարության» երկու կողմերն էլ ճիշտ էին ու սխալ: Շուտով փոխադարձ «հաշտությամբ» շահեց արդի հայ գրականությունը, որի բեմահարթակին Պերճի ստեղծագործությունը կատարում էր գլխավոր դերերից մեկը և, կարևոր է նշել, նայում գրական արվեստի զարգացման ուղղությամբ: Նա լիարժեքորեն նվաճեց հայրենիքի նվիրյալ տիրոջ թե՛ կենսագրային և թե՛ գրողական իրավունքը, որը, ցավոք սրտի, սակավաթիվ «եկվորների» հասու եղավ, ըստ երևույթին նրանց մարդկային ու ստեղծագործական շնորհների աղքատության պատճառով:
Պերճ Զեյթունցյանի արձակը արդի հայ գրականության վավերական արժեքներից է, դրամատուրգիան տասնամյակներ շարունակ հայ թատրոն է ապրեցնում, նրա հրապարակագրությունը գալիս է կյանքի և հայոց եղերական պատմության էջերից:
Ուրախ եմ, Պերճ, որ դու կաս քո մտածական, գեղեցիկ ու զգացմունքային գրականությամբ: Տխուր եմ, որ երեկ դարձար 75: Այնուամենայնիվ, շնորհավորում եմ: Աստված բոլորիս տեր ու պահապան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.