ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ
ՎԱԼԵՐԻ ՓԻԼՈՅԱՆԻՆ
ծննդյան 60-ամյակի առթիվ
ՙԳրական թերթը՚ միանում է շնորհավորանքին
Հրանտ Մաթևոսյանի կենդանության օրոք տպագրված վերջին գործերը նրա ստեղծագործության տրամաբանական շղթայի օղակներն են և միաժամանակ բանալիներ, որ խոսուն մեկնում են նրա վերջին՝ 20-ամյա լռության խորհուրդը: Այս ընթացքում արձանագրված գործերը՝ «Չեզոք գոտի» պիեսը, «Տերը» և «Անձրևած ամպեր» («Տաշքենդ») վիպակները, ըստ էության մի յուրահատուկ եռանկար են ձևավորում, չնայած երբեմն «Չեզոք գոտին» «Մեծամորի» հետ մեկուսացնում են ծմակուտյան տարեգրությունից: Պիեսը ընթերցողին հասու դարձավ «Տերը» ժողովածուի հրատարակությունից հետո, կարող է գիտակցվել որպես Մաթևոսյանի ծրագրային գործերից մեկը, որով փորձում է պատասխանել «Ո՞վ ենք մենք այս ժամանակի մեջ, և ո՞րն է մեր գոյության խորհուրդը» հարցին: «Տերն» այս խնդրի դրական բևեռն է՝ «ինչպե՞ս հաղթել», և այս իմաստով Աղունի, Ռոստոմի, Ճարտարապետի կողքին «Անձրևած ամպերի» «ինչպե՞ս ենք պարտվում» լուծումը կա. Սիրուն և Ջանդառ Թևիկների պես, Ռոստոմի ու Ճարտարապետի նման, Աղուն-Սիմոնի հանգույն, զի սրանց` երկրի տեր լինելը ընդամենը դառնում է ֆիկցիա. հաղթողներն ուրիշ են, սրանցը բարոյական հաղթանակն է կամ Պյուռոսյան հաղթանակ: Ասել է՝ «Տերն» ու «Անձրևած ամպերը» հակադրամիասնություն են ցուցանում, ուր և՛ ժամանակն է նույնը, և՛ կերպարային, և՛ կենսատարածքի ընդհանրություններ կան:
Բայց նախ՝ վերնագրերը: «Տերը» հողին, երկրին տեր կանգնելու բարոյական սկզբունքն է հաստատագրում: Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանը փորձում է տեր լինել այս աշխարհին, ամեն ծմակուտցու տեր դարձնել դրան, սակայն անհատի մեջ ծվարած «մենք»-ի տիրոջական ճիչին հակադրվելու է գալիս «ես»-ի փախցնելու, գողանալու, տիրելու, հեշտ ապրելու, շնանալու սեփականատիրական հորձանքը, որ փոխաձևվում է «պիտի ապրվի» բանաձևումի, ու անբարոյական բարոյականությամբ ամենքի երկիրը դառնում է ոչ մեկինը: Սրա տեր լինելը շրջապատի համար ընդամենը դերասանություն է արդեն, սպառնալիքն ու հոխորտանքը, կռիվն ու հակադրությունը՝ ծիծաղելի մի ֆարս, ինքը՝ հնոց ժամանակից հայտնված, ուրեմն իր ժամանակը կորցրած մեկը, որ ծիծաղելի է թվում ու ծաղրածու. «Օտարը թերևս մենք էինք, որ մեր հին ժամանակներից ընկել էինք նոր ժամանակներ»: Թերևս ոմանց ծայրահեղ թվա համեմատությունը, բայց սա էլ մի Լիր արքա է, որ ունեցած երկրում չունի երկիր, ունի բարոյական սկզբունքներ, որի ունեցած երկիրն այլ ժամանակի մեջ է: Իսկ երկրորդ վիպակի «Տաշքենդ» վերնագիրը թերևս գալիս է Ա. Բակունցի «Կածանով» ակնարկից, ինչն ակնարկվում է ամսագրային տարբերակի բնաբանով, բայց «Անձրևած ամպեր» վերնագիրն ավելի մաթևոսյանական է և ցայտուն է ներկայացնում իրողությունը: Նրանք՝ այս գործի գլխավոր կերպարներ Թևիկներն ու Շուշանը, անձրևաբեր կամ կարկտաբեր ամպեր չեն, սրանք իրենց անելիքն արած, հատած-պրծած, ուժահատ-պարտված ամպեր են, պառաված ամպեր, ու չկա շարունակականը, ժառանգորդությունը. ո՞վ է փոխարինելու սրանց… Ու հիշում ենք մաթևոսյանական` անձրև-ամպի ցանկալի պատկերը` «<…> ո՞րն է արտերի ուզած անձրևը: Երբ կայծակները շատ են ճայթում` գյուղացի մարդիկ հաճախ ասում են. «գոռում է, գուցե անձրև չգա». և ժպտում են` երբ ամպը անձայն ամպին է գալիս, ամպերը ծանրանում են, իջնում, և փափուկ խշշոցով մաղում է արտերի ուզած անձրևը, հեռվի սարերից դենը երբեմն սուսուփուս հանգչում է փայլակը, որին լոռեցիները ծովիան են ասում, ապա փայլակը մի անգամ էլ է մարմրում, անձրևը դանդաղ քաշվում է վեր, դեպի ամպերը, և բացվում է մի կանաչ, լվացված, մաքուր արև-աշխարհ. դա խաղաղ, բարի, տենչված անձրև է»: Ներդաշնության այս զգացողությունը չկա վիպակում, այլ կան անձրևած ամպեր, որ, սակայն, խռովք են պահում իրենց մեջ ու էլ չեն որոտալու, ու էլ չեն անձրևելու…
Հր. Մաթևոսյանը հաճախ է խոսել այն մասին, որ սյուժեն ստեղծագործական պրոցեսի ժամանակ չի ենթարկվում իրեն, նախապես ուրվագծված սցենար-ֆաբուլայով գրված գործեր չունի, որովհետև ծրագրվածն ու ստեղծագործական պրոցեսը տարբեր ռիթմերի, շեշտի ու տրամաբանության արդյունք են: «Գործի տարերքը ինչպես տանում է, ես այնպես էլ գնում եմ և ինչքան հիշում եմ, երբ փորձել եմ գրել նախապես մշակված ֆաբուլայով և սյուժեով, այդ սյուժեն ու ֆաբուլան ավելորդ կամ կարկատանի նման են ստացվել»: Սակայն թվում է, թե այս առումով Մաթևոսյանն ասես խորամանկում է, որովհետև «Տերն» ու «Անձրևած ամպերը» պատկերանում են որպես իրենց Այբ-ն ու Ֆե-ն ունեցող գործեր, ուր սլացիկ սյուժե կա ու ստեղծագործական տրամաբանություն՝ քողարկված բառով ու ճյուղավորմամբ: «Տերը» վիպակը, դրսևորման ընթացքում ենթարկվելով նաև կինոդրամատուրգիայի օրենքներին, այս տեսակետից ասես բարդություններ չունի. դրանք կան, բայց ստորջրյա խութերի տեսքով… Իսկ «Անձրևած ամպերը» զանգվածեղ, շնչակտրուկ արձակ է, հայ գրականության XX դարավերջի մնայուն արժեքներից մեկը, որ ստեղծվել է ժողովրդական լեզվամտածողության փայլուն իմացությամբ, գրողական խղճին անմնացորդ նվիրվածությամբ, ուր ավելորդ տառ չկա, և հնչերանգն ու շեշտն անգամ պատկեր են ստեղծում, ուր նախադասությունը վերջակետելու և նոր նախադասություն ձևավորելու հնարավորություն չկա, որովհետև ենթադրվող ասելիքը պատկերացվում է հե՛նց տվյալ նախադասության մեջ, իսկ վերջակետն արդեն շեղում է միտք ու տրամաբանությունից, ու ծնվում են հայ գրականության ամենաերկար՝ երեք-չորս-յոթ-ութ հարյուր բառանոց նախադասությունները: «Էնտեղ շատ ճշմարտություններ և շատ ողբերգություններ կան, նույն ողբերգության տարբերակներ, իրար ոչնչացնող ողբերգություններ» (Հր. Մաթևոսյան): Երանի նրան, ով նոր է ապրելու այս գործը ճանաչելու լուսավոր վայելքը:
«Անձրևած ամպերը» բարդագույն սյուժե ունի, որ կապվում է նաև սյուժեի նորարարական ընկալման հետ: Ոչխարներին որոնելու մեկնած, աշխարհի ու աշխարհիկի համը թեթևակի տեսած Թևանի ընկերակից Սիրուն Թևիկը, որն ընկերոջ հայտնվելուց հետո հիշել է աշխարհի ու անդ թողածի մասին, որոշում է իրականացնել իր թաքուն մտմտուքը՝ միջինասիաներում կորած իր կրտսեր եղբորը գյուղ բերել: Ճշմարտության հաստատմանը հետամուտ այս Սիրուն Թևիկը, Ասորոնց ցեղի այս նվազ մնացածը, տեղական նշանակության այս Տոլստոյը իջնում է գյուղ, ճամփա ընկնում և դուրս չի գալիս անգամ գյուղամերձ տարածքից: Սա է գործի ֆաբուլան, որ հագեցած է, սակայն, ներքին խոսքով, հիշողության ու վերլուծության տարրերով, ինչո՞ւ չէ, սենսորային տպավորությամբ, այսինքն` «գիտակցության հոսքին» բնորոշ միջոցների գործադրմամբ: Եվ պատումային այս բարալիկ լարն այնքան ճապուկ է, որ կարողանում է դառնալ կոնկրետ ժամանակի, տեղի, մարդկանց բախտ ու ճակատագրի միավորիչը: Այստեղ եթե ներկա կա, դեռ չի նշանակում, թե վիպական ժամանակ ու ժամանակի շարժում ըստ էության չկա, և կերպարներն ավելի շատ անցյալում են ու անցյալի հետ, քան ապագայի: Մոլորված, անցյալի չմարած մուրհակները շալակած ու ներկան կորցրած մարդու բարդույթը թերևս նախ «Մեսրոպ»-ում («տղայի իմ իսկապես հանդգնությունը»` Հր. Մաթևոսյան) դրսևորվեց: Ահա նաև Թևիկներն ու Շուշանն են անցյալում և մոլորվել են այնտեղ: Նրանք չեն գտել դեպի ապագա տանող ճանապարհը, ու Տաշքենդ գնալն էլ ճանապարհ է դեպի անցյալ-կորուսյալ և կորուսյալ ժամանակի մեջ սխալն ուղղելու խորհուրդ ունի: Ու այդ ճանապարհը գյուղամերձ վերջ ունի, ճանապարհ, որն անցնում է ներկայով, և սակայն (ծնվում է հիմնական կոնֆլիկտը մարդու և ժամանակի միջև) նրանք՝ ստեղծագործության գլխավոր կերպարներն են մարդկայնորեն ընդունելի ու մարդու բարոյականության կրողը, բայց մնացել են մոլորված: Այսինքն` սյուժեն ոչ թե ընդամենն արտաքին, այլև ներքին դրսևորում ունի. եթե ֆաբուլան հոսանքի մակերեսն է, ապա սյուժեն դառնում է ստորջրյա ծավալումը, հոսանքի ամբողջությունն ու շարժումը: Մաթևոսյանը մի բանաձևում ունի, որ նրա գեղագիտության հիմնասյուներից է. «Ըստ ժողովրդի, ժողովրդով ստեղծված մեր իսկ կերպարներով է կարելի վերականգնել կորսված բարոյականությունը»: Այս իմաստով, բարոյականությունը վերականգնելու ձգտմամբ երկու գործերը նվազագույնը չորս գլխավոր կերպար՝ Ռոստոմ, Թևիկներ, Սև Ղարաչի Շուշան են հավելում մաթևոսյանական կերպարաշարին:
…Գրականության ծննդի ու հարատև գոյության հիմքում թերևս պիտի տեսնել ժամանակի ու տարածության դեմ մարդու հավերժական կռվի հանգամանքը: Կռվում են նաև Մաթևոսյանի կերպարները՝ իրենց քրոնոտոպը կորցրած և այլ քրոնոտոպում հայտնված մարդիկ, որոնց բարոյականությունն այլևս անհարիր է Ծմակուտն ու ծմակուտյան ժամանակը հաղթած օտարածին ժամանակին ու «բարոյական» ըմբռնումներին: Ժամանակն է փոխվում, որովհետև ժամանակի դեմ մաքառող մարդը դառնում է ժամանակի դեմ կռվում կոտրված մարդ, որն էլ վերածվում է պարպված, անձրևած ամպ դարձած մարդու: Այս խնդիրն ու դրսևորումը կար դեռ «Մեսրոպում»: Անձրևած ամպերը Ծմակուտի հովիվների մետամորֆոզն են. մի թեթև քամի, ու կքշվեն, չեն լինի այլևս սրանք: Ուրեմն և ավարտվել է ծմակուտյան ասքը. «Բոլորը՝ ծուխ, բոլորն՝ ավազ, Բոլորն՝ ավար ջուր ու քամուն…»: Եվ տարածքն է փոխվում. Ծմակուտն այլևս Ծմակուտինը չէ. Հովիտինն էր, հիմա էլ դառնում է Թզուկ տիրոջինը: Արդյունքում կորչում է ամբողջական մարդու այն տեսակը, որ ներդաշն է բնության ու ժամանակի հետ: Մաթևոսյանական կերպարաշարում բոլորն են կորուստների տեր, հաղթողն այլուր է` մարդկանցից դուրս: Սա Մաթևոսյանի կերպարների ողբերգականության ամենաբնորոշ հատկանիշն է: Սա դարձել է նրա գրականության նյարդը, ջիղը, տառապանքի սրտամկանը: Ու մինչ ժամանակի դեմ կռվում իր պարտությունն ընդունելը Մաթևոսյանն ստեղծեց ժամանակի դեմ կռվում իր հաղթանակի առհավատչյաները, որ սկզբնավորվում են «Մենք ենք, մեր սարեր»-ի հովիվներով և կոմպոզիցիոն շրջանակ են կազմում «Անձրևած ամպերի» Ջանդառ ու Սիրուն Թևիկներով:
…Երկու ստեղծագործությունների մեջ էլ դրսևորվում է մենակության բարդույթը («մարդու օտարումն իր արմատներից»` Հր. Մաթևոսյան), սակայն` յուրահատկորեն: Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանը, որ ի սկզբանե օտարվել է իր Վաթինյան արմատներից և ավելի շատ ու ավելի ճիշտ Տիգրան Սարգսյանի զարմից է («Հատ, նանը…»), իր զորեղ գոյությամբ ըստ էության մենակ է ընդդիմանում թզուկ տերերի, որսագող ու անտառագող Ալբերտների գոյությանը: Ու թե աշխարհի դեմ կռվում նրա կողքին մի թույլ, դեռ ջահել գոյություն կա՝ Ֆելոն, բայց սա էլ վաղվա հույսի լույսն է, իսկ «Տերը» վիպակի ապոթեոզը քույր Շուշանի խոսքն է, որ ուղղակի արձագանք է էպոսից՝ հակադարձման սկզբունքով: Եթե ճակատամարտից առաջ անհայր-անմայր-անեղբայր ու անքույր Դավիթն է դիմում ամենեցուն մարդկային հուզիչ երգով՝ «Օ, քուրեր, դուք կացեք բարով, /Դուք ինձի քուրություն եք արե. /Օ, մերեր, դուք կացեք բարով, /Դուք ինձի մերություն եք արե», ապա իր հերթական ճակատամարտից հետո պարտվելով հաղթած Ռոստոմին տեր է կանգնում քույր Շուշանը՝ հյուսելով նրա կյանքի լեգենդը. «-Անհեր-անմեր իմ ախպերը… /Անտառից գտած, աստծո ծնունդ իմ ախպերը… /Իմ աղքատ-հպարտ թագավոր ախպերը… /Իմ ազատ ախպերը… /Անհեր իմ ախպոր վրա ես մեր եմ եղել, /Իմ ախպոր վրա ես քուր եմ եղել: …/Ժողովրդի թիկունք իմ ախպերը…»:
Եթե քույր Շուշանի խոսքում ազգային միֆի հիշողությունը կա` հաստատումն անցյալի ապրածի` յուրահատուկ գեղջկածին արքետիպ, ապա հաջորդող «մանկան արվեստախաղի մեջ» (Վ. Սաֆարյան) հաստատվում է ներկայի` ապագայի մեջ գոյատևելու իրավունքը: Եվ եթե Զահրատն ասում է` «Վաղը դագաղն է ամեն այսօրվա», ապա թերևս այսօրն էլ վաղվա օրվա հիշողությունն է: Ու սա դեռ վերջը չէ, զի ենթադրվում են անցնելիք ճանապարհ ու կերպարների հոգևոր ժառանգորդություն: Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Մաթևոսյանը նշել է. «…Եկա, կանգնեցի, թե «Փոքր Մհեր» եմ գրելու. այդ տարիքում դեպի վաղը չես նայում, մտածում ես ծիածանագույն հեռուների, անցյալի նոստալգիական կանչերի մասին՝ քրոնիկոնների գեղեցկությունը հմայում է. մի խոսքով, հեշտ հաղթահարելիին ես գնում, այդ կանչերի մեջ «Փոքր Մհեր» մտածվեց, զուգահեռ մտածվեց՝ «Թումանյան» եմ գրելու, փոքր սխեմաներ կազմեցի, մեկ էլ տեսնեմ Թումանյանն ու Մհերը նույնն են բացարձակապես. և պարտությունը, և քարայրը, և մահը…. Հրաժարվելուց հետո տեսա, որ… նրանցից մի նշխարք եմ նետելու իմ շարադրանքի մեջ»: Այլ հարց է, թե ինչո՛ւ են նման, ի՛նչ քարայր է, քանզի Մհերի դուռ-Ագռավաքարը հայոց վաղվա օրվա այն ելուստն է, որին կառչելու հույսով պահում ենք և՛ մեր գենը, և՛, ուրեմն, մեր հիշողությունը: Այս նշխարքի, գենետիկ հիշողության շնորհիվ բանահյուսության և հեղինակային մտահղացման արդյունքում «Տերը» վիպակում հայտնվում է հոր ու որդու կռվի թափառիկ սյուժեի մաթևոսյանական տարբերակը. «…մեզանից սերվածը հայտնվեց մեր դեմ, ոչ մենք ու ոչ էլ ինքը չգիտեինք որ հերուտղա ենք, բայց բոլորն էլ ահա գիտեին – իրենց խաղը թողած` մեր մենամարտին էին հետևում»: Իսկ «Անձրևած ամպերում» վեր է հառնում Փոքր Մհերի՝ Արտավազդի առասպելը՝ Արտավազդն արդեն քարայրում, երբ որսաշներն են լոկ նրա կողքին: Մենակ, չհասկացված, աշխարհի համար իր մեջ կռվող ու աշխարհից մեկուսացած Արտավազդի օրին է Սիրուն Թևիկը. «Ինքը երկու շան արանքում մեկնված քնած է, այսինքն ամեն շունը մի կողքին մեկնվել, նայում ու պոչը գետնին թփթփացնում է, չեն հաչում՝ քանի որ օտարությունից քաշվում են, չեն էլ հեռանում՝ քանի որ իրենց տերը որբ երեխայի պես անտեր կմնար… Ասել էին. «Նստիր գյուղ տանենք»: «Էդ գյուղում ո՞վ ունեմ», ասել էր: «Ծմակուտեցի չե՞ս, ասել էին, թե էնքան ես խմել՝ որ գյուղդ ու տեղդ մոռացել ես»: Ասել էր. «Մի՛ գնացեք, էնտեղ մարդ չկա, բոլորը մեռել ու կորել են, բոլորը»:
Ու թե բոլորը կորել ու մեռել են, ու շնչավոր-ապրող չկա, ուրեմն էլ ո՞ւմ մասին էր գրելու Հր. Մաթևոսյանը, չնայած ասում էր, որ թախիծով ու կարոտով է հիշում իր գրասեղանն ու իր կերպարներին: Եկել էր «հովիվների հանրապետության», սրա ժամանակի ու բարոյական սկզբունքների վերջը: Հենց ինքն է արձանագրել. «…աշխարհը մտավ կեցության նոր ոլորտ, և այդ գյուղը` այդ տապանը` մարդկության ու մարդկայնության դարավոր կացարանը մեր զարմացած աչքերի առջև քայքայվեց ու խորտակվեց և կամ կերպափոխվեց»: «Տերը» վիպակում դրա ակնարկները կան. գյուղում ընդամենը երեք ձի է մնացել և մի ծերակույտ. «Մեր ձիու ոտնաձայնը դնգում էր ամայի դասասենյակներում ու դռներին, լքված դարբնոցում ու հին կալերում… Երբեմն պառավներ ու հալևորներ էին ելնում հին տներից, խնդրում էին ասեղը թելել, երբեմն գանգատվում էին, թե հավը ձուն կորցնում է, և մենք պարտավոր էինք կռանալ, նրանց հավաբները մտնել, և դա այնքան էր տխուր, որ մենք ուզում էինք մեռնել»: Ցավ ի սիրտ է արձանագրվում, որ Մաթևոսյանի կերպարների գոյությունը շրջանակվել, իր լրումին էր հասել: Մաթևոսյանն էլ, Փոքր Մհեր-Արտավազդ դարձած, իր քարայրն էր մտնում: Եվ այդ է վկայում Փոքր Մհերի մեկ այլ տարբերակ` Ռոստոմ Սարգսյան-Մամիկոնյանը, որ ասես ճակատագրով է դատապարտված անզավակ լինելու, բայց և իր տիրոջական զգացմամբ անմահ է: Մաթևոսյանը էափոխության ու կերպափոխության է ենթարկում իր իրական աշխարհը, բայց և ազգային միֆը մնում է նույնը. «Ազգ երթա, և ազգ գա, և երկիրս միշտ կա», չնայած մի անգամ ինքն է հակադրվել այս տեսակետին. «Նրանք տեսություն են հորինել ու ամեն օր թույն են կաթեցնում ականջիս, թե ազգերը հնանում են ու եկողների ասպարեզից հեռանում են, թե ցեղեր են գալիս, ցեղեր են գնում: Զինվորի իմ վսահ ներկայությունը ո՛չ է ասելու նրանց. ասելու է` հավերժորեն նորոգվում են ազգերը, և որդիները իրենք նորոգ հայրերն են, և նախնիներիս պատկերների աստվածները զորանում են իմ եռանդով և ճիշտ իմ պատկերին են գալիս»: Մաթևոսյանն անցավորի մեջ անանցն էր ուզում տեսնել. անցյալը հավերժական ներկա է, բայց և անցավոր լինելու դաժան իրողության առաջ մեզ համար սահմանված ժամանակի մեջ մնալու պարադոքսը կա: Մեր օրերի արվեստաբանն է նշել. «Արվեստը, անցողականի վերարտադրություն լինելով, ամենից առաջ մարդկային հույզերի ու հոգեկան աշխարհի ամենաընդհանրական (ունիվերսալ) ձևն է» (Հ. Հովհաննիսյան): Ի տարբերություն շատ-շատերի` Մաթևոսյանի արվեստի հիմքում այս ունիվերսալիզմի գիտակցումը կա, բայց և Մաթևոսյանն իր ժամանակի հետ էր և իր ժամանակի մեջ: Պատահական չէ, որ իր հարցազրուցներից մեկում ասում է. «Ես էն հին քոռն եմ, արդեն տասը-տասնհինգ տարի է իրականությունն ինձ այլ դեմք է ցույց տալիս – ես դարձյալ իմ հին պատկերներին եմ»: Կամ` «ես ծնվեցի մի ժամանակ, տեղափոխվել եմ մի այլ ժամանակ… Բացարձակապես այլ ժամանակ եմ տեղափոխվել»: Չմոռանանք նաև, որ ստեղծագործողը, արարողը, ինչ երկնում է, նմանեցնել է փորձում իրեն` ով էլ լինի. Արարիչն Իր պատկերի նմանությամբ ստեղծեց մարդուն և Իր արարչագործ էության նմանությամբ` մարդկային էությունը, գեղագետն իմաստավորում է գեղեցիկի ի՛ր պատկերացումը, արվեստագետի ստեղծագործական պրոցեսի ընթացքում ստեղծվածը ոչ միայն ունի այդ անհատականության կնիքը, այլև արվեստագետի գենը: Եվ այդպես` ամենուր և ամեն ինչում: Մտածող բեռնակիրը` Մաթևոսյան տոհմից, ձիուն էլ պիտի նմանեցներ իրեն` դարձնելով Բեռնաձի: Եվ սրանից հետո նրանք այլևս տեր ու հպատակ չեն, այլ բեռնաձի և բեռնաձի` մեկն աշխարհի բեռան տակ կքած, մյուսը մարդու բեռան տակ կքած` իրար նման ու, թվում է, արյունակից: Մե՞ծ է արդյոք տարբերությունը Ալխոյի ու իր տերերի միջև, Ալխոյի ու Գիքորի միջև, և ինչքա՜ն են նման իրար Ալխոն ու Ռոստոմը` համարյա կռտած բեռնաձին ու տախը: Թե մեկն իր կենդանական նախասկիզբներից բերել է սիրելու անկատար ձգտումը, մյուսն իր մարդկային նախասկիզբներից` տեր լինելու անկատար դարձած պատասխանատվությունը: Եվ սրանք ու նաև «Պատիժը» վիպակի հայրը («…նա, թվում է, մարդ չէր, այլ ձի` որ բեռը տեղ է հասցրել ու հնազանդ սպասում է իջեցնեն»), Մեսրոպ ձիապան Մոլորվածը, Սիմոններն ու ճարտարապետ Աբել Արծաթբանյանը, աշնան արևին հասած Աղունս, Սիրուն ճանապարհորդ Թևիկս, Իշխան Դևոյան ավազակս, մոլորել են ու մոլորված մնացել, բոլորն են այսուհետ մայրուղի չտանող փակուղի մտել` նմանվելով իրենց արարող տիրոջը, ով ևս փակ էր տեսել իր առաջ դարպասը վաղվա օրվա կամ խռովել էր իր գրասեղանից: Պատահական չէ Մաթևոսյանի բարձրաձայնած միտքը. «<…> իմ արածը թվում է մի պանորամա, որտեղից որ մարդիկ են ելնում, և ես էդ կիսատ եմ թողել, չեմ օգնել, որ իրենք դուրս գան: Ուղղակի սրտի անհուն կսկիծով եմ ասում, որ էս վերջին տարիները, էս վերջին տարիները չեն եղել: Զարհուրանք է, որ էսպես կիսատ է մնացել…»: Թերևս սրանով պիտի բացատրել նրա` շուրջ քսանամյա թվացյալ լռությունը: Մաթևոսյանն էլ ըմբոստության պահեր ուներ ու հավատավոր հայացք: Ու կարող էր ասել. «Ես ես եմ, ես տեր եմ իմ ժամանակին, ես իմ ժամանակի տերն եմ, այս իմ չարչրկված երկիրն է, որ ես հայրենիք եմ դարձնում, իմ հայրենիքը»: Մաթևոսյանը այս հայրենիքի ոգու և բարոյականության պահապանն էր, հայոց ժամանակի ամեն ակնթարթը զգացողը, էպոսի ասացող, որ նաև արարող է: Թերևս այս խոսքն ավարտենք «Չեզոք գոտու» Վանահոր խոսքով, որն էլ իր հերթին պիեսի պայմանականություն է մուտք գործել՝ սկզբնավորվելով էպոսի Ծուռ Տերտերից. «Փղշտացիներ, չնչահավատներ, թերահավատներ, փարիսեցիներ, ինչո՞ւ եք էդքան լավը… Ձեզ համար մի հատուկ, հայացի ավետարան եմ գրելու, քանի որ Քրիստոսի ավետարանը ձեզ վրա չի ազդում: Գրելու եմ, որ դուք ամենալավն եք, գրելու եմ, որ ձեզ թույլ եմ տալիս շնանալ, գողանալ, ուրանալ, քանի որ էդ ձեզ չի ասած՝ մի շնացեք, մի ուրացեք, մի գողացեք, քանի որ դուք չեք շնանում, չեք գողանում, չեք ուրանում, քանի որ ում հետ շնանաք, ինչ գողանաք, ինչն ուրանաք, և էդպես՝ ձեզ պես, էս շան ու գողի աշխարհում ապրել չի լինի: Գրելու եմ, որ ամբողջ աշխարհի, ամբողջ-ամբողջ աշխարհի, աստծու տակի էս մեծ երկրում խղճի անդրին դրվելու է էս հողին, և խղճի անդրին ունենալու է ձեր կերպարանքը»: Տառապող ու գրանյութ խղճի անդրին ունի այսօր Հրանտ Մաթևոսյանի կերպարանքը, նրա, ով ժամանակի դառը հոլովույթներից ու մարդկային ճակատագրերից լո՛ւյսը երկնեց և հավակնում է, իր խոսքով, «կանգնել աշխարհաստեղծման` բանավոր լույսի ակունքներում»: Ուրեմն և պատահական չէ գերմանուհի Էվա Շտիտմատերի միտքը. «Նա <…> պատմում է աստծո, իր լեռների աստծո պես»: Այնպես որ համարձակվենք ասել, որ Հրանտ Ահնիձորցին իր խոսքով ու գրով ստեղծեց «Ծմակուտի ավետարանը», «Ավետարան` ըստ Մաթևոսյանի»՝ անտառապահից, հյուսնից, հովվից, դպրոցականից ու Ալխո ձիուց, Սաթիկ գոմեշից ու Նահատակ Կանաչդաշտեցի Կարմիր ձիուց, Մեսրոպ Մոլորվածից ու Իշխան Դևոյանից ստեղծելով իր առաքյալներին, Անհավատ Աղունից Աղունիկ տիրամայր և Սև Ղարաչի Շուշանից Մարիամ Մագթաղենացի երկնելով, մեզ փոխանցելով սիրո, խղճի, բարության, ճշմարտության հունդերը, որոնց արդար ալյուրով թխված նշխարքով դեռ քանի չնչահավատ ու փարիսեցի է կերակրվելու ու գալու ճշմարիտ գրականության հավատին…