ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Գրելն ավելի անկեղծ է, քան նկարվելը: Ինչպես էլ լինի, օբյեկտիվի առաջ շփոթվում ես, դերասանական որևէ կերպ ես ընդունում, և այդ ամենը խանգարում է: Թղթի առաջ դու ես, դու և՛ սպիտակ թուղթը, և՛ քո աստվածը, և՛ քո խիղճը: Այդ ժամանակ սկսում ես աշխատել, գրել…
Դեպի սպիտակ թուղթ գնում ես զինվորի պես. մեռնել-հառնելու պահ է: Դե՛, այդ տարիքում` երրորդ- չորրորդ դասարանից, երբ սկսում ես գրել, այդ ժամանակ խելքդ դեռ չի էլ հասնում` դու գրո՞ղ ես, գրականությունն ի՞նչ է: Պարզապես մի բնազդ, որին չես էլ ճանաչում, կամ մի ուժ, մի երևույթ քեզ մղում է գրելու, իսկ հետո, հետո գալիս է արդեն քո մեծերի, մեծ հայրերի ժամանակը. դա Չարենցն է, դա Տերյան, Թումանյանն է, Մահարին է, իսկ հետո` ավելի ուշ, գալիս են արդեն Խորենացին, Բուզանդը, Ագաթանգեղոսը, որոնցից սովորում ես ու սովորում: Յոթերո՞րդ, թե՞ ութերորդ էի. երևի ութերորդ դասարան էի. այն ժամանակ չգիտեի` Չարենցն ով է: Գրականության մի ուսուցիչ ունեինք` Վարդանը. շատ լավ ուսուցիչ էր, կանչել էր իրենց արտը կարտոֆիլ հավաքելու: Մի քանի հոգով էինք, և այնտեղ առաջին անգամ լսեցի Չարենցի անունը: Դպրոցում, դասարանում չէր ասի` Չարենցն ով է: Այդ ժամանակ իմացա, որ հետապնդվել է, որ գնդակահարվել է, և շշմել էի, թե ինչ է գրողը. չնայած արդեն մի քանի բաներ ունեի գրած, բայց գրողի կերպարն այդ ժամանակ հասկացա, և որ ասեմ` մի քանի օր անընդհատ երազում տեսնում էի` մազերը խռիվ, շուրթերը ճաքած, ինչպես է գնդակահարության պատի տակ կանգնած՝ նայում գնդակահարողների աչքերին: Ու մեջս կասկած էր առաջանում. ուզո՞ւմ եմ այդպիսի գրող լինել, թե՞ ոչ: Հետո ժամանակներ փոխվեցին, երբ ծանոթացա Տերյանի հետ, Հրանտ Մաթևոսյանի, Մահարու հետ, Թումանյանի հետ, հասկացա` գրականությունը ինչ է: Հասկացա` գրականությունն ինչ է, թերևս էլ կասկածներ չկային: Այդ ժամանակ այնքան ուժեղ էի. ես երիտասարդ էի և հոգով էի ուժեղ, հենց այստեղ, Ծաղկաձորում նստած, գիրք էի գրում. «Արշակ արքա…» վեպի վրա էի աշխատում, փորձում էի այդ գիրքը գրել, և դեմս լեռներ կային, ա՛յ, այս դեմի այդ լեռները: Ինչքան լեռ կար, երբ ասում էի` եկեք ինձ մոտ, բոլորը վազելով գալիս էին: Ես այդ ժամանակ այնքան ուժեղ էի. թերևս էլ կասկած չկար: Բայց հետո, արդեն որ գալիս է մի ժամանակ (դա խելացի տառապանքի ժամանակն է), երբ դու արդեն կանգնած ես այս և այն սահմանի վրա, դու արդեն կանգնած ես շինարարության և գնալու սահմանի վրա, հենց դա ես համարում եմ խելացի տառապանքի ժամանակը: Այդ ժամանակ ես շատ բան հասկանում. դա տուն շինելու ժամանակն է. նկատի ունեմ հոգևորը, երբ գրողը գիրք է գրում, նկարիչը կտավ է նկարում, երաժիշտը մի սիմֆոնիա է գրում, ա՛յ հենց դա բաժանման պահն է, տուն շինելու ժամանակն է, երբ դու պետք է թողնես ու գնաս: Ա՛յ այդ ժամանակ ես հասկանում` ինչ է գրողը, արդյոք դու գրո՞ղ ես, հենց այդ ժամանակ արդեն ամեն առավոտ սպիտակ թղթի դեմ նստում ես մեռնել-հառնելու պես:

ՄԱՐԴՈՒ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՆ Է ԼԱՎ ԳՈՐԾԸ
Պատմվածք գրելու ընթացքում այնքան էներգիա, այնքան ուժ ես կորցնում… Այնպիսի օրեր են լինում, որ կարող է վեց-յոթ ժամ նստես սպիտակ թղթի առջև և մի տող էլ չկարողանաս գրել: Միայն այն, որ մարդը յոթ ժամ ոչինչ չանի, նստի աշխատելու, արդեն շատ դժվար գործ է, բայց որ սպիտակ թղթի առջև նստես, այդ նման է խարտոցի. մաշում է քեզ, իսկ լինում է` մի պատմվածքը տևում է մեկ ամիս, երկու ամիս, երեք ամիս: Դրանից հետ, երբ ավարտում ես, այլևս ուրախանալու ուժ չես ունենում. արդեն սպառվել ես թղթի վրա, լրիվ տվել ես թղթին, և էլ այդ ուժը չկա: Մի տխո՜ւր թախիծ է… Եվ միշտ՝ դեռևս վաղ տարիքից, մտածել եմ, որ արվեստագետը առաքյալի նման է երկիր գալիս: Ինչպես առաքյալն ուղարկվեց երկիր, որպեսզի մահկանացու մարդու, նրա փրկության համար աղոթք անի, այդպես էլ արվեստագետը` նկարիչը, երաժիշտը, գրողը երկիր են գալիս, մի գիրք են գրում, մի սիմֆոնիա են ստեղծում աղոթքի պես: Մարդը երկրագնդի վրա` տիեզերքում, մենակ է, որպեսզի կարողանա մարդուն փրկել մենակությունից, այդ ամենը դրա համար է, երբ ճշմարիտ արվեստ է: Մարդու փրկության աղոթքն է լավ գործը, որի ստեղծումը կարող է վեց տարի տևել:

ՀԵՌՈՒ ՄԻ ՏԵՂ Է ՀՈՒՆՑՎՈՒՄ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրականությունը շատ ինտիմ է: Հետաքրքիր է, ինչպես մարդն է, չէ՞, իր սիրած աղջկա հետ ցանկանում առանձին մնալ, առանձին սենյակում, առանձին տեղ, այդպես էլ գրականությունն է, լավ գրականությունը: Օրինակ՝ կենդանիների աշխարհը: Երբ գալիս է ուղտի զուգավորվելու ժամանակը, նա թողնում-հեռանում է անապատի խորքերը, որովհետև մարդկանց ներկայությամբ չի կարող այդ ակտը կատարել, նա ամաչում է, գնում է անապատի խորքերն ու այնտեղ նոր սերունդ է ունենում, կամ տերը նրան անպայման պետք է ծածկի ծածկոցով կամ սավանով, որ նոր այդ կատարվի: Կամ նույն օրինակն ունենք, չէ՞, մեղուների մասին. մեղուն մութ, հեռու մի տեղ է հունցում մեղրը. այդպես էլ գրականությունն է: Հեռու մի տեղ առանձին հունցվում է գրականությունը տարբեր զգացողություններից, տարբեր մտքերից, այդպես է: Նույնը մարդն է, որն իր սիրած աղջկա հետ ուզում է մենակ մնալ, շատ ինտիմ է, անապատից, ամեն ինչից հեռու, հիմա այս, որ դրված է մեր միջև, ռեժիսորից հեռու, օպերատորից հեռու: Այդպես էլ գրականությունը. այնտեղ պիտի հունցվի լավագույն միտքը, լավագույն գրականությունը. այդպես եմ զգում, ես ի՞նչ գիտեմ: Որ ասեմ՝ միշտ գրելուց հետո այն այլևս չի հետաքրքրել, բացարձակ չի հետաքրքրել… Հիմա մեկ-մեկ զարմանում են, երբ ասում եմ, որ իմ գրքերը չունեմ, հոդվածներ են գրվում, դրանք չունեմ, որովհետև այդ ամենն արդեն այնքան հեռու է, ինձ միայն գրելու ընթացքն է հետաքրքրում, դրանից հետոն ես արդեն չգիտեմ: Հա՛, հեռու մի տեղ է, այդպես հեռանում ես, ինչպես քո երեխայից: Հիմա, ասենք, իմ որդիները. իմն են, չէ՞, իմ հարազատներն են, բայց հեռու մի տեղ են, իրենց մասին, երբ լավը լսում եմ, շատ լավ է, բայց այդպես անորոշ պորտալարով ես կապված դու, բայց, դե՛, հեռու է, այլևս դու ուրիշ բանի շուրջ ես մտածում, խորհրդածում:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԶԳ ԼԻՆԵԼՈՒ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Նկարչության, երաժշտության դեպքում եվրոպական տարածքներ դուրս գալը շատ հեշտ է, որովհետև այնտեղ միջնորդ լեզվի պահանջ չկա, իսկ գրականության դեպքում միջնորդ լեզու է պետք, որ այն թարգմանվի, ներկայացվի: Ցավոք, մեր պետությունն այդքան ջանքեր չի դնում, որ իր մշակույթը, ասենք, ներկայացնի միջազգային ասպարեզներում, և սա է դժվարը… Մյուս կողմից էլ որ նայում ես, ասում ենք` հին մշակութային ազգ ենք: Հիմա՝ այս պայմաններում, մենք եվրոպացիներին չենք կարող զարմացնել մեր արտադրանքով, մեր գործարաններով, մեր, չգիտեմ` ի՞նչն է մեր ամենան… մեր պղնձով: Մենք այսօր Եվրոպայի հետ կարող ենք մրցակցություն բռնել միայն մեր մշակույթով: Իսկ ի՞նչ է պետք: Հարկավոր է մեր մշակույթը լավագույն ձևով հանել Եվրոպա: Ես, որ դեռևս 2000 թվականին եվրոպացի գրողների հետ ճանապարհորդություն չէի կատարել, որոշակի վախեր ունեի. իբրև մշակութային տարբերություններ կան, իբրև իրենց գրողներն ավելի լավ են գրում: Սակայն հետագայում, երբ մասնակցեցի այդ ճամփորդությանը, այդ ընթացքում հասկացա, որ մենք շատ լավ պոեզիա ունենք, և չեմ ուզում այդպես բարձրագոչ հնչի խոսքս, թե մենք նրանցից առավել ենք, բայց մենք նրանց հավասար ենք և կարող ենք նրանց հետ քննություն բռնել: Իսկ ի՞նչ է պետք: Հարկավոր է լավ թարգմանությամբ, մեծ ծախսերով մեր մշակույթը ներկայացնել եվրոպացիներին: Այո՛, լավ թարգմանություն ունենալու համար լավ թարգմանիչներ են պետք, լավ նյութական ծախսեր են պետք: Անհրաժեշտ է այդ անել և ներկայանալ միջազգային մշակույթին՝ ասելու` սա մեր մշակույթն է: Եվ սա է ճանապարհը, մշակութային ազգ լինելու միակ ճանապարհը սա է, և քայլերը սրանք են, բայց մենք ավելի շատ այլ բաների վրա ենք գումար ծախսում, միջոցներ ծախսում:

2007 թ. դեկտեմբերին ՀՀ հեռուստատեսության առաջին ալիքով ցուցադրվեց ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանի գրական հաղորդումը՝ նվիրված Լևոն Խեչոյանին: Հաղորդումից դուրս մնացած մենախոսության հատվածները ռեժիսորը տրամադրեց գրողին:
Հաղորդման տեքստային տարբերակը կատարվել է 2013 թ. հունվարին՝ Լևոն Խեչոյանի խմբագրմամբ: Տեքստի պատրաստումը ՝ Կարինե ՄԵՍՐՈՊՅԱՆԻ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։