Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Լևոն ՍԱՀԱԿՅԱՆ

 

Գրականասեր հասարակության հետ հերթական հանդիպման ժամանակ կարդացի իմ բանաստեղծություններից մեկը: Ավարտից հետո մոտեցավ գեղեցկատես մի աղջիկ, խնդրեց միասին լուսանկարվել ու հարցրեց, թե քանի գիրք ունեմ տպագրված և երբվանից եմ ՀԳՄ անդամ: Պատասխանեցի, որ ինը գրքի հեղինակ եմ, բայց ՀԳՄ անդամ չեմ:
– Ինչպե՞ս,- զարմացավ նա:
– Մի՞թե դրա անհրաժեշտությունը կա լավ գրող դառնալու համար,- հարցին հարցով պատասխանեցի ես:
– Այո՜,- ձգեց նա,- հասկանալի է…
Չգիտեմ` ինչը դարձավ նրա համար ՀԱՍԿԱՆԱԼԻ, սակայն այդ պահից մեջս սողոսկեց մի կասկած… Ուրեմն` ինձ արժևորել կամեցող ընթերցողի համար ՀԳՄ անդամ լինելը կարևորագույն պայման է, ու առանց դրա ԻՍԿԱԿԱՆ չեմ: Երկու շաբաթ անց դիմեցի և 2013 թվականին դարձա ՀԳՄ անդամ:
Մինչև հիմա ականջներիս մեջ է երջանկահիշատակ Լևոն Անանյանի խոսքը՝ ԳՄ սրահում վկայականի հանձնման ժամանակ.
– Շնորհավորում եմ սյունյաց երկրի շնորհալի գրողներից մեկին ՀԳՄ անդամ դառնալու կապակցությամբ և մաղթում եմ նրան նորանոր ստեղծագործական ու անձնական հաջողություններ:
Ու նրա խոսքին հաջորդեց իմ «զինվորական» պատասխանը.
– ԾԱՌԱՅՈՒՄ ԵՄ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ:
Շնորհակա՛լ եմ, անծանոթ աղջի՛կ, ինձ գրողների ընտանիքի անդամ դարձնելու համար, որ պատվաբեր է ու պարտավորեցնող:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։