Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ

(Եվ ինչպես գերհզոր պետությունը հայրենիք չդարձավ)

Աշխատում էի «Գարուն» ամսագրի հիմնադիր կազմում (դարձյալ հուշեր)՝ լղարիկ մի գրքույկ էի հրատարակել, երկրորդ գիրքս՝ իբր ֆրանսիական գերարդիական գրականության վնասակար ազդեցության արգասիք, քննադատության էր արժանացել: Հոգս չէր, այն ժամանակ մեր Արցախը Արփա-Սևանն էր, կառույցի շինարարությունից պարբերաբար հրապարակումներ էի տպագրում «Գարուն»-ում, որոնք թարգմանվում էին, արտերկրում վերահրատարակվում, (ներողություն եմ խնդրում) մրցանակների արժանանում:
Բայց մի օր Վարդգես Պետրոսյանն իր առաձնասենյակ կանչեց ու խիստ հանդիմանեց.
– Քո պատճառով ինձ գրողների միությունում դիտողություն են անում:
Անակնկալի եկա.
– Ո՜նց թե…
– Ինչո՞ւ դիմում չես գրում, գրողների միության շարքերն անցնում:
Սահմռկեցի: Ինձ համար հայ գրողները դեռևս ողջ Կոստան Զարյանը, Նաիրի Զարյանը, Գուրգեն Մահարին էին, ես ո՞վ էի, որ նրանց շարքերն անցնեի:
Խոսակցությունն ավարտվեց ու կարծես թե մոռացվեց: Բայց մի օր գլխավոր խմբագիրս նորից կանչեց ու հաձնարարեց.
– Հենց հիմա կգնաս Կոմիտասի շուկայի կողքի գրողների միության շենքը, գրքերդ կտանես, հարցարանները կլրացնես, գրողների միության շարքերը կանցնես: Տաքսիի փող ունե՞ս:
Ունեի: Բայց նույնիսկ չգիտեի, որ գրողների միությունը ժամանակավորապես տեղափոխվել է: Գնացի, հարցարանները լրացրի, վստահ, որ, Կոստան Զարյանը, Նաիրի Զարյանը, Գուրգեն Մահարին թերթելու են իմ գրածներն ու գրողների միություն չեն ընդունելու: Շատ չանցած` սակայն, ստացա ԽՍՀՄ գրողների միության գորշ անդամատոմսը, որն իմ առջև շենշող հորիզոններ պարզեց: Դարձյալ ներողություն, բայց ես իմ մեղրամիսն անց եմ կացրել Դուբուլտիի, շարունակությունը՝ Պերեդելկինոյի ստեղծագործական տներում, ամեն տարի երեխաներիս հետ հանգստացել ենք Բելառուսի, Աբխազիայի գրողների տներում, աշնանը գոնե մեկ ամիս աշխատել եմ Յալթայի ստեղծագործական տանը: Ի՞նչ եք կարծում՝ երջանի՞կ եմ եղել: Ամեն երեկո տարբեր ազգերի՝ հատկապես մերձբալթյան, միջինասիական, վրացի, ուկրաինացի երիտասարդ գրողներս հավաքվում ու համոզված պնդում էինք, որ ԽՍՀՄ-ի պես ապազգային գերտերությունը չի տոկա, կփլուզվի, ինչպես Հռովմեական, Բյուզանդական ապազգային կայսրություններն էին փլուզվել: Այդպես էլ եղավ:
Ահա թե ինչու ես մեր պետականությունը հարգում, բայց ազգայինին, հայրենիքին ավելի եմ հավատում, իսկ իմ հայրենիքը, ամեն հայի ու հատկապես հայ գրողի հայրենիքը Երևանն է ու Վանը, Արագածն է ու Արարատը, Սևանն է ու…
Համայն Հայաստանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։