ԼՈՒՅՍԸ ՉԵՆ ՍՊԱՆՈՒՄ / Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

 

Գրականությունը հոգևոր շտեմարան է, եթե ամբարված բերքն ընտրյալ է…

«Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանն ասաց. «Այս անգամ գրականության մասին գրիր…»: Զարմանալի բան, նրան չէի ասել, որ աշխատում եմ արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծի գրքի մասին երկու խոսք ասել, սակայն փաստ է` հոգու աչքերով իրար նայող մարդիկ առանց բացատրության կարդում են դիմացինի մտքերը:
Վերջին օրերին, հանդիպումներից մեկի ընթացքում, ինձ մի գիրք նվիրեցին՝ ասելով, որ Հայրենիքի նվիրյալ է եղել հեղինակը, որ իր 25-ամյա գործունեությամբ սերում էր արժանապատիվ ԱՍԱԼԱ-ից: Խոսքը Հոլանդիայում տպագրվող «Պայքար» ամսագրի հիմնադիր, բանաստեղծ Նուպար Եալըմեանի մասին էր, որի հեղինակությամբ տպագրված ամսագիրը 90-ականներին, երբ խմբագիրն էի Հայաստանում առաջին սկաուտական, ռազմահայրենասիրական «Հայկազունք» շաբաթաթերթի, ամեն ամիս կարգապահորեն ստանում էի՝ չիմանալով, որ զորավոր մտքեր ամփոփող Հայ Ազատագրության, Հայ Գաղտնի Բանակի ամսագրի հեղինակը ընդամենը 25 տարեկան Նուպարն է, ու նաև որպես բանաստեղծ՝ մեր երամից մեկն էր… «Հոլանտահայ Երիտասարդաց Միութեան» նախագահ, բանաստեղծ Նուպարը, որի տողերն ընթերցելուց սրտիս զարկերն արագանում էին Հայրենիքից հեռու, հայրենակարոտ նրա մտքերի լուսավոր ճառագումից:
Մինչ Նուպարի ու նրա գրականությանը անդրադառնալը, որի տողերն ընթերցելուց աչքերիս առաջ դարձյալ թուրքերի կողմից դաժանորեն սպանված վաղամեռիկ Դանիել Վարուժանի ու Ռուբեն Սևակի սքանչելի տողերն էին… ես հազարերորդ անգամ հպարտություն ապրեցի հայոց ազգի այն տաղանդավոր փաղանգի գոյության համար, որոնք այդպես էլ իրենց աննահանջ գաղափարաբանությամբ հաղթահարեցին Հայոց գենոցիդի միջազգային «ձայն բարբառոյ յանապատի»-ն՝ թարմացնելով մոխիրների միջից ելնող միլիոնավոր անմեղ զոհերի արդարության վերադարձի ճիչերը: Հայոց էպոսի Սասնա անպարտելի ծռերի քաջությունը որդեգրած, անձնուրաց վրիժառուները թեև զոհվեցին իրենց կամային գործողությունների ընթացքում, սակայն ողջ մնացին մեր սրտերում` հայրենիքի շնչառությունը պահելու, հայի ինքնությունը փրկելու, հայկական ինքնապաշտպանության քուրան մշտավառ պահելու հազարամյա ակնկալիքով… արդարության ակնկալիքով:
Մի փոքր ակնարկ ԱՍԱԼԱ-ի առեղծվածի մասին… քանզի նրանց ողջ գոյությունը խնկարկման արժանի անավարտ պոեզիա է… և «Արմատը իրենց սրտերուն մեջ է», ինչպես գրել է 25-ամյա բանաստեղծը` Նուպարը ԱՍԱԼԱՅԻ մասին. հայերի ժառանգները բերնեբերան անցնող լեգենդներ են պատմում իրենց անհաս հաղթանակները նրանց միջոցով միշտ վառ պահելու համար, որովհետև գենը հիշողություն ունի, և որքան էլ թշնամու թրի տակով անցած հին ու նոր թրքարյուն անհատներ փորձեն մաքրել իրենց անմեղ նախնիներին սպանողների արյունոտ ձեռքերը՝ թշնամու համար ճանապարհ հարթելով նոր ոճրագործությունների, միևնույն է` գենը հիշողություն ունի, և, վաղ թե ուշ, նա կվերադառնա ճշմարտության ակունքներին:
Նրանց` այդ ինքնամոռաց ազգային նվիրյալների միակ նպատակը Արևմտյան Հայաստանն անապատի վերածելուց և բնիկներին իրենց կենսատարածքից զրկելուց հետո, ինչպես դա կատարվեց նաև 21-րդ դարում, 20-րդ դարի 90-ականներին թուրքերից ազատագրված Արցախի հետ, ցավոք սրտի, նույն գերտերությունների լռության ներքո և ինչպես 1915 թ. օրերին ու նրանից հետո, յուրաքանչյուրն իր առյուծի բաժինն ստանալով՝ պատմության արխիվներից սկսեցին անհետացնել 1,5-2 միլիոն հայերի գենոցիդի փաստերը` լռության մատնելով մի ողջ ազգի կոտորածն ու հայրենազրկումը: (Անդրադարձս գիրք ու պատմություն չկարդացող այն սերնդի համար է, որ կրում է ազգանվան «յան» վերջավորություն՝ գաղափար չունենալով նրա արժանապատվության պատասխանատվությունից)… Համաշխարհային այդ լռությունը խախտվեց օրհնյալ հայորդի Սողոմոն Թեհլերյանով և շարունակվեց տասնյակ Սողոմոններով՝ Հակոբ Հակոբյան, Գուրգեն Յանիկյան, Շահան Նաթալի, Համբիկ Սասունյան, Մոնթե, Ալեք Ենիգոմշյան, Սիմոն Նաիրյան ու Վարուժան Կարապետյան, Վազգեն Սիսլյան ու Նուպար Եալըմեան, որի տողերի երակներով անցնելիս պետք է հազար անգամ ցավեմ ու ափսոսամ նաև գաղտնանուններ ունեցող այն տղաներին, որոնք այդպես էլ անհայտության մեջ մնալով՝ ի վերջո Հայոց Եղեռնի 105 ամյակին ԱՄՆ նախագահ Բայդենի շուրթերից դուրս կորզեցին ԳԵՆՈՑԻԴ բառը: Ընդամենը այդքանը, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ պետություն է:
ԱՍԱԼԱՅԻ նվիրյալներից շատերի աճյունը վերադարձվեց Եռաբլուր` միանալու այն հայրենակարոտ երիտասարդության բանակին, որոնք 21-րդ դարի առաջին կեսերին դարձյալ զոհ գնացին հայության դահճի արյունոտ յաթաղանին…
Եռաբլուրում է Նուպար Եալըմեանը՝ նաև գրող, բանաստեղծ ու խմբագիր, գործողությունների համակարգող: 1979 թ. Նուպարը մեկնում է Բեյրութ` հանդիպելու կազմակերպության ղեկավարի` Հակոբի հետ: Ազդեցության ոլորտն ընդարձակելու նպատակով Նուպարն առաջարկում է գործողությունները սկսել Եվրոպայից: Առաջարկը միաձայն է ընդունվում: Քանի-քանի թուրք հյուպատոսներ ու հյուպատոսարաններ պատասխան տվեցին Էնվերի, Թալեաթի, Ջեմալի ու մյուսների մարդակերության պատճառով:
Բանաստեղծները ծնվում են անհրաժեշտաբար և հեռանում անկանխատեսելիորեն, նրանք ազգային տառապանքների երկնային լուսատուներ են` հայտնված ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում և դառնալով ժողովրդի հոգևոր սեփականություն՝ գնում են դարերի միջով… Բանաստեղծը լույս է, նրան սպանելը ոճրագործություն է, սակայն թուրքը հագենում է հայի արյունով ու մինչև օրս էլ չկարողացավ բախել քաղաքակրթության դուռը` հայի դեմ ունեցած ատելությունը դարձնելով ազգային կերակուր, ցավոք… Գրողը ազգի գաղափարախոսն է, ձայնն է, նրա ուղղորդող ուժը, կենդանի ոգին ու ժամանակը: Եթե ազգը դժբախտության մեջ է, առաջին ողբը գրողի շուրթերից է հնչում: Ահա ինչու 1915 թ. ապրիլի 24-ին թուրքերը առաջինը հավաքեցին ու սրի մատնեցին հայ մտավորականությանը:
Նուպարը 1970-ականներին սկիզբ առած ազգային ազատագրական նոր շարժման մասնակիցներից էր: Ծնվել է 1957 թվականին Արևմտյան Հայաստանի Մարդինի շրջանի Վարդո գյուղում: 1969 թ. ընտանիքը տեղափոխվում է Ստամբուլ, ուր հայկական կրթություն է ստանում, ապա ուսումը խորացնում է Ս. Խաչ դպրեվանքում, հետո՝ Գումգաբուի Պեզճեան մայր վարժարանում, որն ավարտելուց հետո ընդունվում է Սամաթիայի Սահակյան վարժարանի գիմնազիան: Տեղական հայկական օրաթերթում պարբերաբար տպագրվում էին Նուպարի առաջին նյութերն ու բանաստեղծությունները: 1977 թ., տակավին երիտասարդ, մասնակցում է Թագսիմի հրապարակի մեջ իրականացվող ցույցերին, որտեղ նահատակվում է 35 երիտասարդ: Նուպարը ծանր վիրավորում է ստանում, սակայն հրաշքով փրկվում է: Պայքարի այդ օրվանից նա զինվորագրվում է Հայ ազատագրության գաղտնի բանակին և 1978-ին գաղթելով Նիդերլանդիա՝ 1979-ին հիմնադրում է «Պայքար» ամսաթերթը:
Նա բանաստեղծ էր՝ նախախնամության բարեմաղթանքով ծնված.
Որքան տրորուինք` այնքան կը շատանանք,//Կենսատու ուժը մեզմով կը զարգանայ,//Իրական ժայթքումը մեզ մօտ փնտռեցէք,//Յոյսը փճացնել կուզէք.//Ծօ`յոյսը կը փճացուի՞-//Արմատը մեր սրտերուն մէջն է:
Գրում է բանաստեղծ ազատամարտիկը «Հույսը չի փճանար» բանաստեղծության մեջ (1977):
Ամսագիրը գաղտնի էին տարածում, սակայն թուրքական հետախուզության աշխատակիցները վաղուց էին հետևում ու հետապնդում Նուպարի ղեկավարած երիտասարդական կազմակերպությանն ու տպագիր մամուլին` հաճախ ամբողջ տպաքանակը «անհետացնելով»: Սակայն անխախտ էր արդարության մարտիկների ուխտը: 1965 թվականին Հայոց Մեծ Եղեռնի 50-ամյակը Երևանում և Սփյուռքում ցնցեց միջազգային հարթակները, և 1975 թ. ՄԱԿ-ը վերջապես առաջին անգամ ընդգծեց` «Ցեղասպանությունը՝ որպես մարդկության կողմից ազգերի դեմ իրականացվող ոճիր»` նշելով Աֆրիկայի և Հայաստանի անունը: Առաջին անգամ էր պաշտոնապես հիշատակվում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը: Ավաղ, Թուրքիայի բարձրացրած աղմուկն ու հետևողականությունը հետագայում ՄԱԿ-ի գզրոցներից սրբեցին Հայաստան բառը… «ՕՐ ՄԸ ԱՆՊԱՅՄԱՆ» բանաստեղծության մեջ Եամըլեանը գրում է.
Օր մը անպայման//Կնքուած բերանները պիտի բացվին,//Երկաթե կղպուած դռներուն հետ.// Օր մը անպայման տիեզերական պատնէշը//Պիտի փլչի://Շղթայակապ հոգիներ պիտի ձերբազատին,//Լացող աչքերը պիտի յորդին ծիծաղով.//Ալեւորութեան սեմին վրայ//Մեր ցաւակոծ երիտասարդութեան վէրքը//
Պիտի սրբենք: 10.08.1977
Ահա այս առողջ մտածողության պակասն ունենք այսօր` բջջային հեռախոսների, թմրադեղերի, աղանդների, կազինոների խորքերում հայրենիք ուրացած ու նրանց այդ քայլին մղողների ներկայության մեջ… Սնանկության անոթ` հաճախ լսվող հայրենազրկված, գենոցիդի ենթարկված` հայաթափված Արցախի ողբով….
«ՍԵՎ ԱՄՊ» բանաստեղծության կարճ տողերում Նուպարը կարծես հենց այդ մարդկանց է դիմում.
Դուն սեւ ամպ,// Այնպես որոտա, որ//Գոռումդ հողը իմանայ,//Դուն սեւ ամպ,//Շուտով արթնցիր….
Ընդամենը 25 գարուն ապրած Նուպարը «Պայքար» ամսագիրը դարձրել էր երիտասարդության երդմնակալության ուխտավայր, և զարմանում ես, թե ինչպես «Վարդանանց ուխտ», «Տարոնական երդում», «Դավիթբեկյան ուխտավայր», «Նժդեհյան երդում», «Արցախյան երդում»… հաճախ ներսիդ արդարության հետ բանավիճելիս խոստովանում  ես, որ երդվելը հեշտ է, երդում պահելը՝ դժվար:
«ՁԱՅՆԸ ՍՐՏԻՍ» բանաստեղծության հուզառատ տողատակերն ուղղված են բանաստեղծին, և թող կարդան ներկայիս պոետները՝ գոնե իրենց համար ճշտելու, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ու նրանից հետո իրենց հոգիներում դեռ նստա՞ծ է Հայրեիքը, թե՞ վաղուց արտագաղթել է գնացողների հետ.
Ձայն մը կուգայ սրտես`//Երկաթի պես ձայն մըն է,//Արյունոտ երկաթի նման,//Կըսե` եթե բանաստեղծ ես, պոռալով,//Լուսաւորման հուրը լեցնելով գրիչիդ`//Գրե, որ սթափին,//Այն ատեն ամենուն աչքերը`//Լոյսի հեղեղի մը նման պիտի յորդին…
Խոնարհում Եռաբլուրի անմահներին ու քո հիշատակին, սիրելի Նուպար, ես՝ քեզնից ավելի շուտ ծնվածս ու քեզնից հետո ապրողս, կիսում եմ քո խոհերը, որովհետև ինչպես ինքդ ես բնորոշել` «Արմատը մեր սրտերի մեջ է…»:
Ներկայիս գրականությանը խորքային անդրադարձ չարեցի, քանզի ներկան անցյալ ունի, ու ես չեմ մոռացել երեք օր տևող ՀԳՄ աղմկալից համագումարները, ուր ներկան ուզում էր ոչնչացնել անցյալը, ուր հանրապետական մամուլը սիրով տպագրում էր ժողովրդի կողմից անիրական ընկալվող գրողների նկատմամբ գրված մատնագրերը, գրողների միությունն ու շենքը երկու մասի բաժանվելու հանգամանքները, թանկ ու հարազատ դեմքերի կորուստները, գրողական խանդը, նախանձը և այլ բաներ… Դրա հետ ծնվող հատուկենտ տաղանդավոր և հպարտության արժանի գրքեր, որոնց մի օր բախտ կվիճակվի ավելի մանրամասնորեն անդրադառնալ և անպայման արժանին ասել, քանզի հայ մտավորականությունն է հանրության մեջ ստեղծում գոյաբանական, ազգային ինքնության պաշտպանության, հայ հերոսականության դասերը: Եկեք չմոռանանք, բազում խութերով հանդերձ, Երրորդ հանրապետության սյուները արձակագիրներ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը մնացին… մեկն իր ստեղծած խորհրդարանում դաժանորեն սպանվեց, մյուսը մահացավ օտարության մեջ՝ որպես վտարանդի…
Քաղցր չէ գրողի ճակատագիրը, այդպես դառն ու ցավալի եղավ հայ ժողովրդի նվիրյալ զավակ ու նաև բանաստեղծ Նուբար Եամըլեյանի 25 գարունների արյունոտ պատմությունը, որն իրականացվեց 1981 թվականի նոյեմբերի 5-ին, երեք թուրք գործակալների ձեռքով…
Մեր կարևոր սահմանային բարձունքներն այսօր թշնամու հրանոթների հսկողության տակ են: Հակառակորդն իր հաղթանակը մեր պարտության մեջ է տեսնում, սա նշանակում է՝ պատերազմը դեռ շարունակվում է, և մեր կռիվը դեռ չի ավարտվել, մենք ամեն օր գիտակցաբար ու անտրտունջ պետք է շարունակենք պայքարել մեր ինքնապաշտպանության համար: Իմ և ձեր Հայրենիքը դանդաղ փոքրանում ու հալվում է «շագրենու կաշվի» նման, իսկ համահարթեցման պղտոր ջրերը օրեցօր մեր օջախներին են հասնում…
Տեր պետք է լինենք մենք մեր ձայնին, որ կարողանանք տեր լինել բյուրավոր կորուստների ձայնին: Եվ այն ամենը, որ պետք է պատմեի ստվերի նման աննյութեղեն թվացող հերոսների մասին, գաղտնիք է մնալու նրանց աննկուն ոգու շողարձակումների լույսերի տակ: Որպես նկարագրիս վկայություն` տեղադրում եմ Նուպարի վերջին բանաստեղծությունն ամբողջությամբ..
ԵՐԲ ԿԸ ՆԵՂՈՒԻՍ, ԵՂԲԱՅՐ
Երբ կընեղուիս, եղբայր,
Ա՜ռ, կարդա
Ստրկությունը քանդող շինարար գիրքեր.
Յետամնացութիւնը, պատրոնությունը-
Սորվէ ի՜նչ ըլլալը ասոնց.
Տաժանք, անօթութիւն, խոշտանգում-
Գիտցիր ի՜նչ ըլլալը ասոնց:
Երբ կնեղուիս, եղբայր,
Մի նետվիր առանձնության գիրկը.
Գրուած ազատութեան վրայ,
Գրէ, եթե կրնաս գրէլ.
Ոչ բնության հրապոյրները,
Այլ տառապող ազգերու ցաւերը գրե:
Երբ կը նեղուիս, եղբայր,
Մտածե սպանութիւնները, բռնատիրութիւնը
Եւ առանց տեղի, առանց հացի, առանց յոյսի
Աղջամուղջի մէջ ձգուած միլիոնաւոր մարդիկ:
Եւ այս բոլորէն վերջ
Եթե կը նեղուիս տակաւին.
Ուրեմն ապրելու իրաւունք չունիս
Այս աշխարհիս մէջ:
Ալմելօ. 20.07.1978 թ.

Ահա հայի իրական գենը` այն եղել է, կա և լինելու է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։