ԴԱ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ… / ՆԱՆԵ

 

Թերևս չկա մեկ հայ՝ այստեղ թե դրսում, աշխարհի հեռու թե մոտ անկյուններում, որ հուզումների, հուսահատության, վճռականության տարուբերումներում չփորձի նաև քննել, հասկանալ մեր այս համառ անկումի պատճառը, պատճառները:
Բայց վստահ եմ, շատ քչերն են քիչ թե շատ իրականին մոտ տարբերակներ գտնում: Ինչպես միշտ, հիմնականում այդ պատճառները փնտրվում և «հանճարեղորեն» գտնվում են մեզնից հեռու, մեզնից դուրս միայն: Այդ էլ շատ հաճախ՝ անհասկանալիորեն ոտք ու գլուխ, կարևոր-անկարևոր իրար խառնած, ինչպես հիմա, երբ հանկարծ «հայտնաբերել» ենք Ռուսիայի կայսերապաշտական նկարագիրը և, մեղմ ասած, ոչ հայանպաստ պահվածքը գրեթե միշտ, ու, ծայրահեղության մեջ ընկած, մեզ դժոխքի անպատմելի սարսափներով անցկացրած, մեր հողերի հիմնական մասին տիրացած թուրքի (Եվրոպան մինչև գա՜, եթե իհարկե՝ գա… Այսօր վրացիները փորձում ու չեն կարողանում ազատվել այդ «գալուց») գիրկն ենք որոշել գերադասել մեր այս՝ դեռ նաև արցախյան կոտորածից ու հայրենազրկումից աչքներս ու հոգիներս չչորացած վիճակում: Երբ ռուսների հետ արժանապատիվ, նորմալ դիվանագիտության դեպքում (և ոչ ստրուկի քծնանքով) երբեմն հնարավոր կլիներ ազգանպաստ լուծումների հասնել կամ, գոնե, ֆիզիկապես կենդանի մնալ՝ մինչև ավելի նորմալ ժամանակների գալը: Մինչդեռ անվերջ անհագ աչքը անթաքույց մեր ողջ երկրի հեռու-մոտիկ անկյուններին ախորժակով հառած թուրք-ազերու հետ դա առայժմ բացառվում է, եթե ոչ՝ ընդմիշտ:
Եվ դրսին սևեռված՝ քիչ կամ ընդհանրապես չենք անդրադառնում մեր մեջ ռումբի պես պայթող սխալներին և դրանց հեղինակ կամ դրանց արդյունքում անսահման իրավունքներ ստացած ազգային… ո՛չ՝ միա՛յն ու միա՛յն ապազգա՜յին գործիչներին:
Իսկ. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած». Հովհ Թումանյան:
Ներսի՛ց… և մեր մեկ սխալն արդեն հանցագործությունների հորձանքի ճանապարհ է բացում: Մեկ անհատը, որի ձեռքում հանկարծ ամբողջ երկրի բախտը որոշելու իրավունքն է հայտնվում, կարող է պահերի մեջ այն դեպի կործանում տանել: Մենք դա ապրել ենք, ապրո՛ւմ ենք… գիտե՛նք…
Ճիշտ է, ամենապարզը միշտ բոլորն էլ հասկանում են, եթե ինչ-որ բան այն չէ, հայացքներն ուղղում են վեր. դե, ո՛չ, իհարկե՝ ո՛չ Բարձրյալին, ո՛չ այդքան բարձր, երանի չէ՞ր, այլ՝ ընդամենը այն իշխանական աթոռներին, որտեղ բազմածները հենց իրենց ոգևորության, սպասումների, ջանքերի, «քայլերի» արդյունքում են հայտնվել այդտեղ:
Սակայն դա տարերային, բնազդային մղում է, որին չի հետևում գիտակցված եզրահանգումների անհրաժեշտ ընթացքը: Եթե այնտեղինն արդեն վստահելի չի թվում, ուրեմն՝ պետք է ազատվել նրանից, նրանցի՜ց, փախչել հնարավորինս հեռո՜ւ… Սակայն ո՞ւր: Այ, այդտեղ արդեն հանրային մտքի թելը կտրվում է, և գլխապատառ փախչում են՝ ուր աչքները կտրի…
Իսկ խարդախ-ճարպիկների պակաս չկա, հատկապես այսօրվա համաշխարհայնականների սարդոստայն-ծրագրերի (լիդերների դպրոց և այլն) մեջ խճճված ժամանակներում: Եվ հիմնականում նրանցից առաջին պատահածը «մեծահոգաբար տեր է կանգնում» շփոթված ամբոխի վերածված ժողովրդին: Ու ամեն բան կրկնվում է նույն կամ ավելի վատ սցենարով…
Ժողովրդին մեղադրելու մտքից շատ եմ հեռու: Ժողովուրդն ընդունակ չէ ճիշտ, բախտորոշ եզրահանգումներ անել: Էհ, երանի՜ արքայական ժամանակներին: Բայց չէ, հիմա գեթ հնարավոր է ճիշտ ընտրության դեպքում խուսափել նաև այն ժամանակվա՝ ծնունդով հարկադրված հատուկենտ անարժաններից. միայն թե դարձյալ անպատասխան է մնում այդ ճիշտ ընտրության հնարը: Ո՞վ է այդ ՆԱ՜-ն:
Մտավորականի, մտքի մարդու տեղ են դրվում արվեստագետները, որոնք հիմնականում ի վերուստ ստացած տաղանդը կամ շնորհն ունեն (դերասանական, նկարչական, երաժշտական…), ինչը կարող է մտքի հետ որևէ աղերս չունենալ, և, լավագույն նպատակներով հանդերձ, նրանք հենց առաջինը կարող են սխալվել:
Իսկ բուն «մտավորական» բառը վաղուց արդեն վարկաբեկվել է, ու մտքի մարդուն՝ իրական գրողին, գիտնականին խաղից դուրս են դրել բոլոր հնարավոր միջոցներով: Կարևորվում են քաղաքական գործիչները, ո՜վ ասես, որոնց մեջ սեփական բարօրության նվիրյալներն ու ջուր պղտորողներն արդեն վաղուց են մեր բախտի անիվը ձախի շրջել: Սակայն, ասես, մեզ համար ավելի լավ է, երբ ծանոթ «ժուլիկն» է՝ «իմ ետևի՛ց, մեկ-երկու» հրահանգում: Ախր, «հարազատ» է, այնքա՜ն մեզ նման… Եվ նորից մեր որոմն է իրավիճակի տեր դառնում:
Իսկ թե ինչո՞ւ է այն միշտ այդքան կազմ ու պատրաստ, ձեռքի տակ, մեր երազանքների հույս ու հավատը դարձած. պատճառն այն է, որ սնում-պահում-ճոխացնում ենք՝ քաղհանելու փոխարեն: Իսկ նման արտը հասկ չի կարող զորացնել: Արմանք-զարմանք է, որ մենք դեռ կանք. պատասխանը միակն է՝ մեր ազգի առաքելությունը, որին տեր չենք կանգնում, ու… Աստծո բարեհաճությունը…
Ամեն դեպքում, այդ վերինները դուրս են գալիս ժողովրդի միջից: Ուրեմն՝ նախ ինքներս մեզ պետք է մաքրենք, և վաղուց արդեն ազգային գաղափարախոսություն փնտրող-չգտնողներս պետք է գիտակցեինք, որ ինքնազննումը և ինքնամաքրումն այդ գաղափարախոսության հիմքերից մեկը պետք է լինեն:
Նաև՝ պահը գալու դեպքում, ավելի ճիշտ՝ պահից շատ առաջ, հասկանալ է պետք, թե ի՞նչ ենք ուզում, ո՞ւմ ենք ցանկանում այնտեղ տեսնել, ի՞նչ չափանիշներ պետք է ունենա ողջ ազգ ու երկիր առաջնորդողը, և նոր միայն պատուհաս դարձածից փախուստի ճանապարհ բռնենք: Միանգամայն արդարացի հպարտանում ենք , է՜, հեռուներից եկող մեր պատմությամբ և ընթացքով, սակայն այս կենսական կարևորության հարցերը դեռ մեզ չենք տվել և պատասխաններ չունենք:
Յուրաքանչյուրս որպես առաջնորդ մե՛զ նմանին ենք պատկերացնում՝ մեր հոգու խորքում արդարացնելով այն (մեկ-երկու, լավ, թո՛ղ երեք լինի) թուլությունների, մեղքերի առկայությունը, որ յուրաքանչյուրիս մեջ դեռ անհաղթահարելի է մնում և մեծ բանի տեղ չդրվող. «Դե, մարդ է մեզ նման, տուն-տեղ է պահում, մի երկու կոպեկ էլ թող տուն տանի՝ ես չե՞մ անում», «Դե, մարդ է, մի քիչ էլ կարող է կրքերի գերի լինել, ես այդպիսին չե՞մ»: Եվ արդյունքում՝ այդ մեկի մեջ տեսնում ենք հանկարծ բոլորիս մեղքերի հավաքական արդյունքն ու ափիբերան մնում:
Մինչդեռ այնտեղ մեզ նմանը չպե՛տք է լինի, նա պետք է լինի այն միակ լավագույնը կամ շատ քիչ լավագույններից մեկը, որը դեպքից դեպք է աշխարհ գալիս, որը պատրաստ է սահմանին կանգնած զինվորի նվիրվածությամբ իր երկիրն ու ազգը պաշտպանելու, որը Աստված ունի իր ներսում, և որին տրված է սովորական մարդկային տեսողությունից ավելին՝ ամենավերից ամեն բան միանգամից տեսնելու, եղածի ներքին կապերը բացահայտելու և լաբիրինթոսում անգամ ելք գտնելու կարողությունը:
Մենք միայն փախչում ենք, և որ է՛լ ավելի անհասկանալին է՝ մեր ընթացքը միագիծ է, միշտ միայն երկու ծայրով, ու միշտ նախապես ընդամենը երկու ելք ենք ընկալում՝ «ետևը՝ սուր, առաջը՝ հուր» տարբերակով, ու եթե հրից ենք այրվում, թեքվում ենք դեպի սուրը, և՝ հակառակը… խաղագնդակի պես: Աջուձախ չենք նայում՝ երրորդ ճանապարհ գտնելու համար: Եթե, այնուամենայնիվ, նայում ենք, դա էլ լրիվ «այլ թեմա» է. միանգամից դեպի դուրս, անպայման դեպի դուրս՝ հայրենալքության կամ այլ երկրներից փրկություն մուրալու նպատակով:
Եթե հույսներս Աստծուց հետո նախ մեզ վրա դնեինք, այդքան կարևոր հարցերի պատասխանները վաղուց գտած կլինեինք: Հավատացե՛ք, անպայման…
Իսկ երկու ելքերի միջև ընտրության պահին սկսում ենք հմուտ առևտրականի պես չափուկշռել արդեն պատուհաս դարձած այդ տարբերակների վտանգավորությունը. այն մեկն ավելի շատ էր թալանում, քան սա, այս մեկն ավելի մեծ փորձանք է, քան նա, այն մեկն ավելի՜, այս մեկն ավելի…
Մենք ընտրություն ենք կատարում վատագույնների մեջ միայն, լավը չենք էլ երազում: Առաջինը քրիստոնեություն ընդունածներս, Աստծո հետ դեռ արարչության ակունքներից ձեռք ձեռքի ընթացողներս, Նրա պատվիրանները որդեգրածներս մեր առաջնորդի, իշխանավորի մեջ հանդուրժում, նույնիսկ ասես կարևորում ենք պատվիրազանցին, խաչագողին, հանցագործին: Իսկ`
«Դա ավելին էր, քան հանցագործությունը, դա սխա՜լ էր» (Ն. Բ.):
Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ ամեն հանդիպած փոս ու խանդակ մեր ճակատին ու բախտին իր հետքերն է թողնում, դեռ ավելի վատ, եթե անկման տեղ էլ չլինի, մենք ենք այն փորում ջանադրությամբ և ընկնում մեջը:
Ու եթե գոնե դեռ մի փոքր ընդունակ ենք թացը չորից տարբերելու, պետք է հասկանանք, որ հենց դա՛ է մեր տապալումների պատճառը. մենք հանցավորներին ավելի ենք «հարգում», քան… Եվ երբեք չենք պատժում ազգ ու երկիր աղետի հասցրածներին, անգամ փողոցներ ենք անվանակոչում նրանց անունով, արձաններ կանգնեցնում: Մեզ մոտ միայն մանր-մունր օրինախախտներն են հանցագործ համարվում՝ մանկապարտեզից սնունդ (մի կաթսա շիլա) գողացողը, գրպանահատը… Չարենցներն ու Բակունցները… Եթե բանտեր կան, հո դատարկ չե՞ն մնալու…
Սակայն, բավ չէ՞ արդեն… Հանցավորների ետևից գնալով՝ ինքներս ենք դասվում այդ շարքում. «Ասա՝ ո՞վ է ընկերդ…» հայտնի ասույթի տրամաբանությամբ:
Մինչդեռ միայն դատապարտումն այդ վայ-գործիչների՝ ազգի որոմի, կփակի նրանց նմանների ճանապարհը դեպի ազգային գործեր:
Դեռ ժամանակ կա, դեռ հնարավոր է ցանկության դեպքում ինչ-որ բան փոխել, վկա մեր հազարամյակների երթը և Աստծո բարեհաճությունը՝ այս անգամ ևս մեզ փրկելու….
Միայն թե տեսնել է պետք, միայն թե սխալվելով նորից՝ հանցագործության տեր չդառնանք՝ ինքներս մեզ դավելով հերթական անգամ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։