ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ / Հովհաննես ԶԱՏԻԿՅԱՆ

Պատմության պարտադրանքով մաքառող հայ ժողովրդի բախտորոշ իրադարձություններից ամենանշանակալիները բաժին են ընկել մայիս ամսին: Ավարայրի ոգեկոչումը դարեր շարունակ ազատագրության պայքարի խորհրդանիշ է եղել: Եվ այդ պայքարի, ինչպես կասեր Մեծն Վարդանը՝ «հիմքերը հաստատ կերպով գրված են անշարժ վեմի վրա, ոչ թե երկրի վրա, այլ վերևում` երկնքում…»:
Վարդանանց հերոսամարտից դարեր անց, հայ ժողովրդի առաջ նորից լինել-չլինելու հրամայականն էր: Հայոց աշխարհը նորից շրջափակված էր դարավոր թշնամու վառած հրդեհով: Կարինը, Սարիղամիշը, Արդահանը, Օլթին, Կարսը, Ալեքսանդրապոլը նվաճած ոսոխը հաղթանակ էր տոնում: Դժոխային վիճակից փրկության միակ ճանապարհը հզոր կամքի արտահայտությունն էր լինելու: Եվ գտնվեցին երկաթե կամքով հայորդիներ:
Հնչեց Մեծ հայի` Արամի կոչը. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ազատ, անկախ ապրելու իրավունք ունի: Այսօր կամ երբեք…»:
Եվ կերտվեց հայոց նոր Ավարայրը: Միակամության ու համընդհանուր գաղափարի սուրբ տաճարը: Մայիսի 22-26-ը մղված Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը փշրեցին հայությանը իսպառ վերացնելու դարավոր թշնամու նկրտումները, և միջազգային հանրության քարտեզի վրա գծվեց հայոց նոր պետականության սահմանը:
Նոր Ավարայրի կերտողները հետամուտ էին նախնիների դարեր առաջ սրբագործած ոգեկոչմանը: «Փափկասուն տիկնայք հայոց աշխարհի» զենքը ձեռքներին մաքառեցին մատյան գնդի դեմ: Սարդարապատում կժերով ջուր հասցնողներն էին, վիրավորներին փրկողները: Հայ կանայք ականջալուր եղան Արամի, Նազարբեկյանի կոչին, հետևեցին «անմահ Վարդանի կռվի ժամանակ» կանանց օրինակին: Կերտվեց մեծ հաղթանակը, ինչն արդյունքն էր միասնության, միակամության ու ընդհանուր նպատակի ձգտման:
Հայության կամքի, վճռականության արտահայտությունը փողփողաց յոթ տասնամյակ անց` ազատագրվեց հայոց հինավուրց Շուշին: Ազատագրական պայքարը մեկ անգամ ևս ընդգծեց, որ Ավարայրի ոգեկոչումն է փրկության վեմը, խարիսխը, Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանի կերտման հզոր հանգրվանը:
Նորից մայիս է: Նորից հեղաբեկված է հայոց իրականությունը: «Արդի ու անցյալ ամբողջ հալածանքը, մեր ամբողջ տառապանքը, մեր մարդկային արժանապատվության այս ամբողջ լեղին կխմենք, միայն մեկ նպատակով, որ դիմադրենք, մաքառենք, հանձն առնենք ամեն ինչ, մինչև որ հայությունը տիրանա իր բոլոր իրավունքներուն, իր ամբողջական և անկախ հայրենիքին»: Լևոն Շանթի մտածումներն են: Ներկայացուցիչը մի սերնդի, որ անհայտությունից ասպարեզ բերեց հայոց նոր պետականությունը: Մեր սերնդին էլ բաժին ընկավ պայքարի առաքելությունը: Ոսոխի ջախջախումով կազմավորվեց մեր հույսերի և պաշտամունքի վկան` Հայաստանի երրորդ Հանրապետությունը: Նորից հնչեցնենք մեծերից մեկի` Ռուբենի խոսքերը. «Մեռելները ընկան հանուն Հայաստանի անկախության: Ով հայ է` պիտի ծվարի Արարատի և Սիփանի շուրջը…»:
Ժողովուրդը կատարում է իր սուրբ պարտականությունը: Ականջալուր է իր անզուգական զավակի` Ավետիք Իսահակյանի պատգամին. «Բոլորենք հայրենիքի գաղափարի շուրջը, ինքնամփոփվենք նրա մեջ: Ներսից ու դրսից ջանանք իրագործել մեր երկրի վերելքը, նրա բոլոր հեռանկարները»:
Ասել է անկախության, պետականության պահպանման վեմը: Ժողովուրդն է իր ճակատագրի տերը, և նա է շարունակում Ավարայրի ու Սարդարապատի, Շուշիի մեծագործությունը, մեծագործություններ, որոնց կերտողներին նույն ժողովուրդը փառքի է արժանացրել: Ձեռք բերածն ամրացնելու առաքելությունը Հայոց բանակի զինվորների բաժինն է: Սատար լինենք նրանց, միաբան լինենք՝ ամեն ինչից վեր ընդունելով հայրենիքի շահը: Ինչպես կասեր մեր նվիրյալներից Հրայր Դժոխքը. «Ի՞նչ ունիք բաժանելու, եղբայրք…, եթե փառք եք բաժանելու, ապա այն արդեն բաժանված է Վարդանների, Եղիշեների, Տամատյանների, Արաբոների, Անդրանիկների, Պետոների միջև: Ինչի՞ց է գոյանում ձեր հակասությունը, ի՞նչ կետի վրա է ձեր հակասությունների մեջ եղած տարբերությունը, որ դուք ձեր ողորմելի ուժերը միացնելու տեղ կը ջլատեք և ձեր պաշպանության հանձնված ժողովրդի տունը հիմնահատակ կտապալեք: Ամոթ է, հանցանք է…»:
Մայիսի 28-ի պատգամը մեր հերոսական նախնիների իղձերի հավերժացումն է, միակամությունը, սրբագործած եռագույնի տակ հզորանալը: Թերևս անմիաբանությունը նկատի ուներ Ավ. Իսահակյանը, երբ խորիմաստ ավետում էր. «Հայաստանի սահմանները պետք է ընդարձակել ներսից»: Ներսից, որպեսզի թեկուզ այս փոքր հողակտորի վրա համախմբվի հայի ուժը, տիրի սթափ մտածողությունը, հզորանա ու բարգավաճի հայի տունը, որովհետև` «Կարսը, Անին, Վանը, Մուշը մնացին մեր ետևը, ոչ, նրանք մեր առաջն էին միշտ, և մենք ամեն օր քայլ առ քայլ մոտենում ենք նրանց: ՄԵՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՈՎ, ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՎ, ԴԻՄՈՒՄ ԵՆՔ ԴԵՊԻ ՆՐԱՆՑ: Նրանց մեր հետև չենք թողել, մեր նպատակի առաջն են նրանք»:
Ժողովրդի, հայրենիքի ճակատագիրը տնօրինել ցանկացողները պարտավոր են սերտել պատմության դասերը, հաշվի նստել բազում հիմնախնդիրների հետ, ապահովել հզորացումը: Սրանք են հայոց Մայիսների պատգամները, որոնց հեղինակների անունները պետք է իրենց արժանի տեղն ունենան Հայոց հայրենիքի հերոսացված զավակների ցուցակում: Նրանք` Արամները, Սիլիկյանները, Փիրումյանները, Դրոները, Նժդեհները, Ղորղանյանները ավելի վեհաշունչ կդարձնեն ապագայի մեր տեսլականը, մեր պայքարի ոգին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։