Թադևոս ՏՈՆՈՅԱՆ / Որ ժողովուրդը հիասթափվի՞ իր արածից, կասկածի՞ ինքն իրեն, ինքն իր աչքից ընկնի՞, ու դո՞ւք իշխեք

Թադևոս ՏՈՆՈՅԱՆ

Մեկը չի ասում՝ ճիշտ է, ես էդ բանը արել եմ, բայց հիմա ուզում եմ օգնել երկրիս, ինձ ներեք, ես պատրաստ եմ փոխհատուցելու: Բոլորն ասում են՝ մենք էդ բանը չենք արել, ապացուցեք, որ արել ենք, ապացուցեք, որ երկիր ենք թալանել, ընտրություններ ենք կեղծել (Լևոնից մինչև 2018 թիվ): Ախր, էդքան հեշտ չի ապացուցվի, որ մածունը սպիտակ է, եթե դուք ձեզ սրբի տեղ եք դրել, Նիկոլին էլ մեղադրում եք` որպես Աստված ներկայացողի: Բա ձեր մեջ մի տղամարդ չկա՞, որ ասի՝ ժողովո՛ւրդ ջան, կներես, էն ժամանակ ուրիշ քաղաքական համակարգ էր, մի խոսքով՝ ուրիշ էր, հիմա ուզում ենք մի լավ բան էլ երկրի համար անել: Էդքան որ դատարանով ուզում եք ձեր ազնվությունը ապացուցել, դատարա՞նն է կարևոր: Բա ձեր հոգու դավթարում, ձեր հոգու խորքում, հոգու ամենախոր, ամենահեռավոր անկյունում ազնվության մի նշխար չկա՞ հենց ձեր հոգու փրկության համար: Դուք չգիտե՞ք ձեր արածները: Նայում եք օրվա հացի խնդիր լուծող ժողովրդի աչքերի մեջ ու ասում՝ չենք կերել, նայում եք վարկերի տոկոսների տակ կռացած ժողովրդի երեսին ու ասում՝ էդ վաշխառուական ցմահ տոկոսների տակ ձեզ մենք ու մեր բանկերը չեն գցել, նայում եք կիսաքաղց թոշակառուների արցունքախառն աչքերին ու չեք հիշում, որ նրանց քաղցած վիճակից օգտվելով՝ առաջարկել եք 5000 դրամով քվե ծախել ու առել եք ձեր առնելիքը:
Հիմա էլ ասում եք՝ ուզում ենք խորտակվող երկրին օգնել՝ ոտքի կանգնելու, հայտարարություններ եք տարածում բարձրագոչ անուններով միօրական, միհոգանոց կուսակցություններով, որ ժողովուրդը խուճապի մատնվի, շփոթվի, խեղճանա, գա ձեր ոտը: Ժողովուրդը երկու տարի սպասեց ու ձեր անկեղծ զղջումը չտեսավ: Երկու տարում մի բան չարեցիք, ոչ մեկին չթողեցիք` մի քոռ կոպեկ Հայաստանում ներդնի, բոլորին վախեցրիք, հեռացրիք, ձև արեցիք, իբրև թե Նիկոլը չի ուզում, ու մտքներումդ ծիծաղեցիք, հիմա էլ վերջին հարվածն եք ուզում տալ: Ժողովրդի անունը դրել եք պողոս ու ամեն օր ձեռ եք առնում, չարախնդում, ծիծաղում վրան:
Իբրև թե խելացի, տեղը տեղին վերլուծություններ եք անում ձեր հեռուստաալիքներով, որոնցից ամեն վայրկյան թարախ է ցայտում ժողովրդի վրա: Փողերը էդ թարախի մեջ ներդնելու փոխարեն, հավաքվեիք, մի հայտարարություն տարածեիք, որ իշխանությունների ջգրու ա՛յս, ա՛յս, ա՛յս ու ա՛յս բաներն ենք անելու Հայաստանի համար՝ «Նաիրիտն» ենք վերագործարկելու՝ որպես պետության սեփականություն, հինգ հատ ՍՈՒ ենք առնելու՝ բանակին նվեր, սահմանին ռոբոտներն են կանգնելու… Ու թող այդ ամենը դառնար ազգային համերաշխության նշան, մի կարմիր գիծ, որից ետ էլ չենք նայելու:
Դուք հայտարարեիք, ու թող Նիկոլն ասեր՝ չէ՛:
Բայց միավորվում եք մի չնչին, ճղճիմ բանի շուրջ. էս հալլահալին կառավարություն ցրելու, ինչ կա-չկա՝ մեկի վրա բարդելու խնդիր եք դրել: Որ ի՞նչ: Որ ժողովուրդը հիասթափվի՞ իր արածից, որ կասկածի՞ ինքն իրեն, ինքն իր աչքից ընկնի՞, ու դո՞ւք իշխեք: Իսկ եթե այսպես շարունակվի, դուք ոչ թե իշխելու եք, դուք, ներողություն արտահայտությանս համար, ժողովրդին թարս եք նալելու, որ մի անգամ համարձակվեց ձեր դեմ դուրս գալ: Ու ձեզ թող չթվա, թե թերություններ չենք տեսնում, թե ամեն ինչ մեր սրտով է: Մենք էլ ենք (ասում ենք՝ ՄԵՆՔ, որ Ռոստոմի պես մտածենք, թե մենակ չենք, հետներս զորք ունենք) համակարգային փոփոխություններ ուզում, բայց հասկանում ենք, որ դա անելը շատ ծանր գործ է, գրեթե՝ անհնար, երբ պետական բուրգի գագաթին ամենևին էլ պետության ներկա ղեկավարը չէ նստած, ու նրան նվիրյալները չէ, որ շրջապատում են, այլ՝ մեծ պարգևավճար ակնկալողներն ու ստացողները: Մենք էլ ենք ուզում մի բան ասել, մի բան քննադատել: Էնպես եք վրա տվել, որ ժողովուրդը չի կարողանում մի պահանջ էլ ինքը ներկայացնի, մի «չէ» էլ ինքն ասի, մի պայման էլ ինքը դնի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։