Անցնելով ահա ամեն մի սահման՝ /Բազմապատկեցի արհավրալի ու
Անսփոփ վշտիս տագնապախռով /Ու մեծահառաչ ձայնը դառնահեծ…
Մատյան ողբերգության, Բան ԼԱ. Ա
Ոգելից խմիչք ըմպելիս հայերը բարձրաձայն եզրակացնում են՝ «ինքն է» կամ «ինքը չէ», այսինքն՝ խմածը կե՞ղծ է, թե՞ ոչ: Երբ կարդացի Վանիկ Ադամյանի «Հարաբորբ կարոտ» գիրքը, առաջին զգացողությունս ոգեազդված տպավորությունս էր, ինչն ամփոփվեց մեկ բառով՝ ինքն է: Խոսքս կապ չունի Վանիկ Ադամյանի նախորդ «Ինքը» գրքի հետ, որի հերոսը կեղծ, անօրեն հայն է: Նոր գիրքը հայրենապատում է, անշպար հայն է իր հայրենիքով, որի հավատո հանգանակը շատ սովորական ու կենսական ամենօրյա խոսքն է. «Սա է իմ Հայաստանը, ես այս Հայաստանն եմ սիրում, և էս Հայաստանը որևէ բարեկեցիկ արքայության հետ չեմ փոխի, որովհետև այստեղ իմ շուրջը մարդիկ են», որով, ասես, հաստատում ու ընդունում է նախանշված պարզ փիլիսոփայությունը. «Սա իմ ճակատագիրն է, իմ վիրավոր ծնողը»:
Վանիկ Ադամյանը հետևողականորեն շարունակում է իր առաջին՝ «Բժշկական պատմություններ» գրքի բառն ու բանը արդեն տոհմային ասանի իմաստնությամբ ու հասուն գրողի ասելիքով: Գրող Վանիկ Ադամյանը ոչինչ չի հորինում. նրա գիրը յուր միջով անցած աշխարհի մասին է, ասել է թե` իմացածի, տեսածի, ապրածի։ Թերևս նրա հորինածն այս ամենը գեղարվեստորեն ներկայացնելու ձևն է՝ լեզվամտածողությունն ու նրբադետ հոգեբանությունը: «Հարաբորբ կարոտ» գրքի առաջին բաժնին բնորոշ են ակնարկի և պատմվածքի ժանրերի ներթափանցումները, իսկ երկրորդ բաժնին՝ խոհագրության և հրապարակախոսության: Կենսագրական և կենցաղային դրվագների մեջ կյանքի իմաստությունը վերծանելու կարողությունն ու բազմաչարչար փորձը Վանիկ Ադամյանի գրողական հայացքն ավելի են բյուրեղացրել՝ հասցնելով ոսպնյակի զուլալող ամենատեսությանը, որում առկա է բժշկին հատուկ մարդասիրությունը, ինչով կյանքի առօրեականն ու սովորականը պարզաջրվում ու ներկայացվում են որպես ժառանգական հարահոս ավանդությամբ ձևավորված հայ մարդու հոգի, մի միջավայրում, ուր իրականն ու միֆը վիճակ-ամբողջություն են: Վանիկ Ադամյանը, մասնագիտությամբ բժիշկ լինելով, գրին մոտենում է երկունք ընդունողի պատասխանատվությամբ, ուստի նրա ամեն մի գործ, ասես, բնությունն ու բանականությունը ներդաշնակած մարդկային ծնունդի ճիչ է, ասելիքը աշխարհի պորտալարից բռնած նորածին մանկիկի ակնկալիք-խոսքի պես է, որը նշտարի պես սահմանում ու առանձնացնում է տիեզերական անպարփակությունից ադամյանական սիրո ու հավատի աշխարհը։ Ադամյան հեղինակի գրականությունն ավանդույթներին հավատարիմ, կենսական մեծ բովանդակությամբ, հուզազգայական վիճակներով միմյանց լրացնող ու շարունակող պատկերների համադրություն է, որտեղ, որպես կանոն, սահմանաջնջվում են հինն ու նորը, ասել է թե՝ ճակատագիրը ներկայում է մարդու մեջ ընթանում ու խաղարկվում, և այն չի սահմափակվում մասնավորի տիրույթում, քանի որ նրա ներքին ներուժն ընդհանրացման միտում ունի։ Թերևս սրանով են պայմանավորված նրա երկարաշունչ նախադասությունները, որոնք բծախնդիր, ոչինչ բաց չթողնելու անհանգստությամբ արված նկարագրություններ են, ասելիքը սաղարթացնող գերսեղմ մանրապատումներ, միջանկյալ ու պատահական դրվագների առատություն, որոնք պատումներին պատվաստված են մանրահյուս գեղարվեստականությամբ, ինչն էլ Վանիկ Ադամյանի գրի բնական ազատականությանը անբարդույթ զեղումներով հաղորդում է ժողովրդական բանահյուսության համն ու հոտը: Վանիկ Ադամյանի համար ճերմակ թուղթը կարծես կտավ լինի․ նա ակադեմիական գեղանկարչի նախանձախնդրությամբ յուրահատուկ գրչի շարժով նկարում-քանդակում է պատկերներ, որոնք միմյանց հաջորդելով ստեղծում են սոցիալ-քաղաքական, ազգային մի դարաշրջանի համայնապատկեր, որի առանցքը հեղինակի կենսափորձն է ու հայկականությանը բնորոշ սիրահայաց, բարձրահայաց, քաղցրահայաց, արարչաավիշ արմատներով ապրեցնող կենսածառը:
Մի զրույցում Վանիկ Ադամյանն ինձ ասաց՝ գյուղում ինքն ապրել է, իսկ քաղաքում բնակվում է, ինչը հաստատում է նաև իր հրապարակախոսության մեջ՝ գրելով. «Ես գյուղացի եմ ծագումով, ծնունդով, էությամբ և հպատ եմ դրանով»:
Վանիկ Ադամյանը հայ գյուղագրության հարուստ ու բազմաբովանդակ էջերին ավելացնում է իր կենսապատումային ճշմարտությունը, որտեղ պարզից էլ պարզ է, որ ցանկացած տեսակի «պարիսպներից գողացած քարերով սեփական բոստանի ցանկապատը բարձրացնելը» երջանկություն չի բերում:
Բազմաշնորհ Վանիկ Ադամյանի «Հարաբորբ կարոտ» գիրքը վկայագիր է մարդկային կենսագրությունն արժևորող, որի մեծն ու փոքրն այնքան էլ էական չէ, որքան ճշմարիտ լինելը, ինչն էլ նշանակալի է որպես գեղարվեստականացված պատմազգագրական երևույթ: