ՀԻՆԳ ՄԻԼԻՈՆԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՊԵՏՐՈՍԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ / Վազգեն ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

 

Ուսանողական տարիների մտերիմ ընկերոջս՝ Ռուբենի տղայից լուր ստացա՝ հայրիկը մահացել է։ Ռուբենը համալսարանը ավարտելուց հետո մեկնեց հայրենի գյուղ, ծնողների մոտ և երկար տարիներ ուսուցիչ էր գյուղի դպրոցում։ Մեր կապը չկտրվեց։ Թեև ոչ հաճախ, բայց երբ քաղաք էր գալիս, անպայման հանդիպում էինք, մի քանի անգամ էլ իրենց գյուղ եմ գնացել, տղայի հետ էլ էի մտերմացել։ Ու հիմա Ռուբենի տղան մտածել էր ինձ էլ տեղեկացնել (երևի թե հայրը նրան մեր մտերմության մասին շատ էր պատմել)։ Ուսանողական տարիների մեր հանդիպումների շատ պահեր վերհիշեցի, ավելի ճիշտ՝ վերապրեցի, և մտերմիկ հուշերը ակամա թելադրեցին որոշումս՝ մասնակցել հուղարկավորությանը։ Ավտոբուսը երեք ժամում շրջկենտրոն հասավ, ևս տասնհինգ րոպե, և ես գյուղում էի։ Ռուբենի ու նրա տղայի մասին ես մի ուրիշ անգամ կպատմեմ։ Հիմա Պետրոսի մասին։ Երևանում մեր բազմահարկի երկրորդ հարկում էր ապրում, կնոջ հետ, Ռուսաստան մեկնած իր մի բարեկամի բնակարանում։ Թոշակառուներ էին։ Գյուղից էին եկել։ Երևի մոտ երեք տարի մնացին։ Երկուսս էլ տարեցներ էինք, հանդիպում էինք բակում, առաջին հարկի խանութում, երբեմն էլ՝ զբոսայգում։ Զրուցում էինք, շատ էր սիրում հարցեր տալ, ասես ուզում էր ճշտել իր համոզումները։ Մի օր էլ նրանք անհետացան, չիմացա՝ ինչ եղան, ո՞ւր գնացին։ Նրանց հարկի հարևանին էլ հարցրի։ «Չգիտեմ,- ասաց,- տեղյակ չեն պահել, երևի գյուղ են գնացել, ամառ է, երևի կգան կամ չեն գա։ Հարևանների հարցում բախտս չի բերում, հրեն, կողքի մյուս երկու բնակարաններն էլ են դատարկ։ Մեկի տերը Մոսկվա տեղափոխվեց, առանց սա վաճառելու, մյուսը,- ասում են,- վաճառել է, բայց արդեն չորս ամիս է՝ նոր տերը չի երևում։ Պետրոսին երկու շաբաթ առաջ եմ տեսել, ոչինչ չի ասել, երևի կգա»։ Պետրոսը չեկավ։ Եվ ահա, Ռուբենի հուղարկավորության ընթացքում նա հայտնվեց իմ կողքին։ Գերեզմանոցի ճանապարհին, հոգեհացի ժամանակ ողորմաթասերի արանքում հասցրեց ինձ՝ իր «լավ հարևանին» պատմել, որ այն ամռանը (երեք տարի առաջ) ընդամենը մի քանի օրով եղբոր տղայի տուն էին եկել, կինը հիվանդացել էր, մեկ ամիս հետո մահացել, իսկ հուղարկավորումից հետո եղբոր տղան նրան չէր թողել քաղաք վերադառնալ, գրեթե զոռով պահել էր , համոզել, թե իրենց ընտանիքին շատ է պետք, ինքը հայր չունի, և հոպարը նրան պետք է հենց որպես հայր, խրատատու։

Հոգեհացից հետո Ռուբենի տղան խնդրեց, որ մնամ, ասելով, թե արդեն ուշ է, օրը շուտ է մթնում, առավոտյան ետնահողին գերեզման կգնանք, հետո ինձ կճանապարհի։ Այդ պահին մեզ մոտեցան Պետրոսն ու իր եղբոր տղան և խնդրեցին գիշերել իրենց տանը։ «Քաղաքում իմ լավ հարևանն էր,- ասաց Պետրոսը Ռուբենի տղային,- զրուցելու շատ բան կունենանք»։ «Պետրոսենք էլ իմ լավ հարևանն են,- ասաց Ռուբենի տղան,- մի տան պես ենք»։ Արագ համաձայնումը երևի նաև այն պատճառով էր, որ հեռվից եկած ուրիշ բարեկամներ էլ ունեին։

Երեկոյան, իրոք, «շատ բաների» մասին ու շատ երկար զրուցեցինք։ Երկուսով էինք։ Քաղաքի իմ քչախոս հարևանը, որ սիրում էր միայն հարցեր տալ, հիմա՝ երեք տարի անց, ոչ միայն հարցեր էր տալիս, այլև ինքն էր պատասխանում այդ հարցերին։ Համոզված էր, որ ինքը չի սխալվում ու իր համոզումները հաստատող զրուցակից, իրեն համակիր էր փնտրում։ Ավելին, հասկացրեց, թե մեկը լիներ՝ իր ասածները թերթերում տպագրեր, որ չհասկացողները հասկանան։ Երեք տարով ավելի էր ծերացել, հեռավոր այս գյուղում ռադիոյով ու հեռուստատեսությամբ լսածներից ու տեսածներից թերևս որոշ հարցեր խառնում էր, նրան լսողները երևի թե ետևից «ցնդած ծերուկ» էլ անվանեին, բայց ես, չգիտեմ ինչու, երբ քաղաք վերադարձա, գրի առա մեր զրույցի որոշ հատվածներ, այսպես ասած «կրթության ու հինգ միլիոնի» մասին։

– Չգիտեմ,- ասաց,- գլուխ չեմ հանում, ռադիոյով եմ լսել, տելեվիզորով էլ, վիճում են, թե մինիստրը սխալ որոշում է կայացրել…

– Պետրո՛ս, հիմա մինիստր չեն ասում, այլ՝ նախարար, բայց դա կարևոր չէ, ի՞նչ որոշման մասին ես ասում։

– Հա՛, գիտեմ՝ նախարար, բայց մինիստրը մի տեսակ լավ է հնչում, հիշո՞ւմ ես սովետի ժամանակվա մինիստրներին, նրանց ասածը ասած էր։ Հիմա վեր են կացել, թե՝ ընկե՛ր նախարար, դուք ճիշտ չեք։ Հիմա ընկեր չեն ասում, այլ՝ պարոն։ Նախարար է, հո մեր ընկերը չի…

– Թող պարոն լինի, ես, ով էլ լինի, ընկեր եմ ասում… Լավ, ասենք մեր ընկերը չի, չի՞ կարող ճիշտ որոշում կայացնել:

– Ինչու չէ, բայց հիմի ոչ մեկն էլ ինքնագլուխ որոշումներ չի կայացնում։

– Ուրեմն ավելի լավ, ուրեմն մենակ չի, ուրեմն ճիշտ որոշում է։

– Լավ, Պետրո՛ս ջան, կասե՞ս ինչ որոշման մասին է խոսքդ, ինչի՞ն ես կողմ։

– Հենց մինիստրի որոշմանն եմ կողմ։ Էն որոշմանը, թե պետք է ինստիտուտները միացնեն ու էդպես միասին Երևանից տեղափոխեն Աշտարակից այն կողմ, մի ամայի վայր։

– Պետրո՛ս, հիմա էլ ինստիտուտ չկա, բոլորին էլ համալսարան են ասում։

– Էլ ո՞նց կլինե՜ր… համալսարա՜ն… լսել եմ… համալսարանը մի հատ է լինում…

– Պետրո՛ս եղբայր, տարիքով մարդ ես, քո ինչին է պետք՝ միացնեն, անջատեն, տանեն, թողնեն։ Դեմ խոսողներ էլ կլինեն, կողմ խոսողներ էլ, վերջում մի բան կորոշեն։ Դո՛ւ ինչու ես անհանգստանում։

– Էս էրեխեքի մասին եմ մտածում, որ ուսանող են, մյուսների, որ նոր են ուսանող դառնալու, մեր ապագայի մասին եմ մտածում, գնալով պակասում ենք, ոնց ենք հինգ միլիոն դառնալու, որոշված է, չէ՞։ Հիմի կասես՝ ո՞նց։ Կասեմ։ Ուսանողական տարիները ամենալավ տարիներն են մարդու կյանքում։ Ես բախտ չունեցա ուսանող լինել, բայց միշտ հետաքրքրվել եմ նրանց կյանքով։ Եղբորս տղան, Ռուբենի թոռները երբ արձակուրդներին գյուղ էին գալիս, խնդրում էի պատմել իրենց ուսանողական կյանքի մասին, տելեվիզորով էլ հո հաճախ նայում եմ։

– Պետրո՛ս ջան, քեզ ու քո կարոտը լրիվ հասկանում եմ, բայց հիմա քեզ ի՞նչն է անհանգստացնում։

– Ա՛յ, հենց այդ եմ ուզում ասել։ Հիմի… կներես… մի քիչ սպասիր… Օգտվիր (մրգերով լի ափսեն մոտեցրեց), մեր այգուց է, ես հիմի կգամ,- ասաց ու արագ դուրս եկավ սենյակից։

Մինչ ես մտքով իմ ուսանողական տարիներ հասա, հանրակացարանի սենյակի դուռն էի բացել, ու տղերքի խմբովի ծիծաղն էր հնչում… Պետրոսը ետ եկավ։

– Հիմի,- ասաց թեթևացած ու ավելի առույգ և իր աթոռը ավելի մոտիկ բերելով՝ ասես մեծ ու կարևոր գաղտնիք էր ուզում հայտնել (թեև սենյակում երկուսով էինք),- հիմի ասեմ… Ուզում եմ ասել, որ եթե մի բան ես որոշել անել, պիտի նախ երկար մտածես, չափ ու ձև անես, ինչ գործ էլ լինի, հետո որոշումդ մարդկանց հայտնես, հիմնավորես, համոզես։

– Պետրո՛ս, դու այդ ո՞ւմ մասին ես ասում, վերևների՞…

– Կարևոր չէ, թե ում, թեկուզ ամենաներքևի՝ ընտանիքի: Եթե մի որոշում ես ուզում իրագործել, նախ կնոջդ, ծնողներիդ, հենց երեխաներիդ պիտի նախապատրաստես, հիմնավորես: Հա՛, հիմի խոսքս վերևների մասին է։ Վերցրել ու միանգամից, թե արդեն որոշել ենք՝ մի քանի ինստիտուտներ միացնում ենք, հետո էլ բոլորին քաղաքից տեղափոխում ենք։ Ու հիմի՝ կռիվն ընկավ մեջները։ Մեկն ասում է՝ սխալ է, մյուսն ասում է՝ ճիշտ է։

– Հիմա կարևորը քո կարծիքն է, Պետրո՛ս ջան, – փորձեցի կատակի տալ,- ո՞վ է ճիշտը։

– Ասացի, չէ՞, մինիստրը, բայց չգիտի ինչպես բացատրի ու հիմնավորի միացման ու տեղափոխման առավելությունները, նախապատրաստի մարդկանց, թե չէ՝ որոշեցի, ու վե՛րջ։ Տես, ասենք էս միացման հարցը։ Ասում է՝ ինչ կարիք կա, որ երեք մակավարժական ինստիտուտ լինի՝ էն հին հիմնական մանկավարժականը, ֆիզկուլտուրայինը, օտար լեզուներինը, թե երեքն էլ մանկավարժական են, թող միասին լինեն։ Բայց ինչո՞ւ միասին։ Ա՛յ, դա պիտի բացատրես։ Ասում են՝ հիմի կարևորը լավ մանկավարժ պատրաստելն է, ու կարևոր չէ, թե որ առարկայի։ Օտար լեզուների ու ֆիզկուլտուրայի ինստիտուտների ուսանողներն ու դասախոսները միացմանը դեմ են ու բողոքում են։ Չէ՛, ասում են, մերն ուրիշ է, մասնագիտական այլ խնդիրներ էլ ունենք. ապագա չեմպիոններ ենք պատրաստում, թարգմանիչ, լեզվաբան, գիտնական (ռադիոյով, տելեվիզորով հաճախ եմ լսել)։ Իսկ միացման առավելությունների, ամենակարևոր օգուտների մասին ոչ մեկը չի ասում։ Իսկ հինգ միլիոնի հասնելու մասին ոչ ոք չի խոսում։ Չեն մտածում, հեռուն չեն տեսնում։ Հիմի դու ինձ լսիր։ Սկսեմ ինստիտուտների միացման հարցից։ Ի՞նչ կտա միացումը. ամենակարևորը՝ ուսանողների մերձեցում, ահա թե ինչ։ Մտերմություն։ Մտածե՞լ ես, ֆիզկուլտ ինստիտուտի քանի՛ ուսանող է երազում օտար լեզուների կամ մանկավարժականի ուսանողուհի ընկերուհի գտնել, ապագա կին։ Իսկ այդ աղջիկները չեն երազո՞ւմ ամրակազմ մարմնով տղաների։ Տարբեր շենքերում, իրարից հեռու ինչպե՞ս գտնեն իրար, պատահական հանդիպումներո՞վ, դասերից հետո՞, շենքից շենք վազելո՞վ, հե՞շտ է։ Իսկ եթե միասին են, ամեն օր նույն շենքում, դասամիջոցին, բուֆետում, խնդրեմ։ Ամեն տարի քանի՜ նոր ընտանիք կարող է կազմվել, քանի՜ երեխա կարող է ընկերների մոտ պարծենալ՝ մամաս ձեր ուսուցչուհին է, պապաս այս տարի էլ չեմպիոն դարձավ։ Նույն ինստիտուտում, կողք կողքի, այդ ուսանողները ակամա օրինակ կվերցնեն իրարից, տղաները կսկսեն գիրք շատ կարդալ, աղջիկները կզբաղվեն սպորտով, իրար հետ շփվելով՝ բոլորն էլ օտար լեզուներ կսովորեն։ Ապագա ի՜նչ զարգացած ընտանիքներ կստեղծվեն։ Հենց միայն այս հեռանկարը բավական չէ՞, որ ասենք՝ միացումը ճիշտ է։

– Ինչ խոսք,- ասացի,- անշուշտ, բավական է… թեև…

Պետրոսը, գոհ ինքն իրենից, խոր շունչ քաշեց, ապա խոսքս կտրելով՝ շարունակեց.

– Օգուտները շատ-շատ են։ Բոլորիս օգուտները, երկրի, պետության։ Միացումով քանի՞ շենք կազատվի։ Ո՞ւմ կմնա։ Պետությանը։ Սիրուն շենքեր են։ Տելեվիզորով շատ են ցույց տվել, մոտիկից էլ եմ տեսել։ Գնողներ կլինե՞ն։ Անշո՛ւշտ։ Էժա՞ն։ Իհարկե՝ ո՛չ։ Իսկ պետությանը փող շատ է պետք, թեկուզ, ասենք, պարգևատրումների չափը բարձրացնելու համար, բողոքում են, թե քիչ է։ Հետո, գնողները էդ շենքերը հո դատարկ չեն թողնելու, առուտուրի հազար ու մի տեսակ կա, գլուխ չեմ հանում՝ ռեստորան, հյուրանոց, տուրիստներ, շատ փողեր…

– Պետրո՛ս, լավ էլ տնտեսագիտական հաշվարկներ ես արել…

– Ինձնից ինչ տնտեսագետ,- ծիծաղեց (բայց զգացի՝ ասածս դուրը եկավ),- հիմի ով չգիտի, որ առուտուրը, փողը փող է բերում, մնում է արդար բաժանես… Էլի՞ օգուտներ ասեմ…

– Անշուշտ, անշուշտ,- ոգևորեցի:

– Էդ միացումից աշխատողների, ղեկավարների ահագին կրճատումներ կլինեն, չէ՞, գումարներ կտնտեսվեն, ասենք բանակի համար կամ ոստիկանության։ Հիմի ոնց որ դրանց պարեկ են ասում, թե՞ դրանք ուրիշ են։ Մի լավ բան էլ կա. մինիստրի հոգսերը մի քիչ կթեթևանան, նա էլ է մարդ, չէ՞, ասում է՝ առավոտից գիշեր աշխատում եմ։ Տե՛ս, երեք ռեկտորի փոխարեն մեկը կլինի, երեքի փոխարեն հանդիպման կկանչի մեկին, երեք զանգի փոխարեն՝ մեկ զանգ։ Եվ նրան նշանակելու հոգսը…

– Պետրո՛ս, չգիտե՞ս, հիմա չեն նշանակում, այլ ընտրում են։

– Բա ոնց, նախ պիտի ջոկեն, հետո նշանակեն… Ճիշտն ասած, չգիտեմ՝ նախ նշանակում են, հետո՞ ընտրում, թե՞ ընտրում են, հետո նշանակում, բայց մեկի հետ գործ բռնելն ավելի հեշտ է, չէ՞… Մտածում եմ՝ իսկ ինչի ուրիշ ինստիտուտներ էլ իրար չմիացնեն…

– Այդպիսի խոսակցություններ լսել եմ։

– Հիմի ասա՝ էսքան օգուտների մասին իմանալով՝ ո՞վ դեմ կլինի որոշմանը։ Դու, օրինակ, դեմ կլինեի՞ր։

– Ես՝ ի՞նչ, ո՛չ դասախոս եմ, ո՛չ՝ ուսանող, թոռներս էլ արդեն ավարտել են։

– Հետո ինչ,- մի տեսակ սրտնեղեց Պետրոսը,- էս երկրից չե՞նք։ Դու էլ հո մեր գյուղի Պողոսը չես։ Էս մեր փողոցի սկզբում է ապրում։ Էսպես զրուցում ենք, բացատրում եմ, իսկ ինքը անտարբեր՝ իմ ինչ գործն է, ասում է։ Չզարմանաս, մեր փողոցի վերջում էլ մի ուրիշ Պողոս կա, մեզանից շատ ջահել, տարբերելու համար ասում ենք՝ Թաթոսի Պողոսը, նա էլ, թե՝ ինչ որոշում են, ճիշտ են որոշում, ինչ կարիք կա բացատրելու…

Մի պահ լռեց, ոնց որ թե նեղացավ։ Բայց քիչ հետո կրկին «միացավ»։

– Իսկ ինստիտուտները Երևանից տանելու որոշմանն ինչո՞ւ են դեմ։ Իսկ դրա օգուտները գիտե՞ն էդ բողոքավորները։ Չգիտե՛ն։ Երեկ դրանցից մեկը թղթակցի հարցերին պատասխանելիս ասում էր՝ «դա բուհերի աքսոր է, արտագաղթ», ամոթ է, չէ՞։ Ինքն էլ ասես կիրթ մարդ էր, կոստյումով, փողկապով… երևի դասախոս էր…

– Կարևորություն մի՛ տուր, մարդ է, էլի, ինքն էլ իր կարծիքն է հայտնել։

– Ա՛յ, ես հենց էդ տեսակ մարդկանց եմ ուզում բացատրել, թե ինչ առավելություններ ունի տեղափոխումը, ի՜նչ հնարավորություններ կստեղծվեն ուսանողների սովորելու, առողջության համար։ Ասեմ։ Դու գիտես Երևանի վիճակը. ավտոների ձայներից խելագարվում ես, օդը ապականված է։ Ուսանողները բողոքում են՝ լսարանում, ընթերցասրահում անգամ նստել չի լինում, տրանսպորտի պատճառով դասերից միշտ ուշանում են։ Իսկ այնտեղ, Աշտարակից այն կողմ, ամայի մի վայրում, մարդկանցից հեռու, ազատ բնության մեջ ուսանողական ճամբարում հանրակացարանի սենյակից երկու րոպեում դասասենյակ կհասնեն, երկու րոպեում՝ ճաշարան, երեք րոպեում՝ գրադարան։ Խնդրեմ, ամբողջ օրը կարդա, սովորիր՝ հեռու քաղաքի աղմուկից, կեղտոտված օդից, հեռու զվարճավայրերից, ակումբներից, թատրոն ու կինոյից, թանգարաններից, գիտես, չէ՞, դրանք ինչքան են խանգարում սովորելուն։

– Այդ բոլորը, Պետրո՛ս, որ ասում ես, հրաշալի է, բայց շատերն էլ ասում են, թե ուսանողին հենց դրանք են պետք, ու նաև հիմա այնտեղ ոչինչ չկա, ինչպես պիտի ուսուցումը կազմակերպեն, կամ դասախոսները ինչպե՞ս պիտի ամեն օր Երևանից այնտեղ գնան։

– Իսկ պետությունն ինչի՞ համար է, պայմաններ կստեղծի, իսկ էդ դասախոսները, ի՞նչ է, չե՞ն ուզենա այնտեղ ապրել, քաղաքի աղմուկից հեռու, մաքուր օդում, նրա՛նց էլ հանրակացարան կտան։

– Բա նրանց դպրոցական երեխաները, ընտանիքի մյուս անդամնե՞րը… Հետո, ասում են, շատ ուսանողներ Երևանում նաև աշխատում են, որ ուսման վարձը վճարեն, այնտեղ ի՞նչ են անելու:

– Ամեն բանի ճարն էլ կա, դրանք երկրորդական հարցեր են, պետությունը կլուծի։ Ասենք, օրինակ, ես եմ մտածել. էնտեղ ամայի տարածքներ շատ կան, կարելի է որոշ քարքարոտ հողեր մաքրել, այգիներ տնկել, արտատեղեր պատրաստել, բույսերի մշակությամբ զբաղվել կամ հենց շենքեր կառուցել։ Ա՛յ, քո ասած այդ ուսանողները կարող են այդ աշխատանքները կատարել։ Հա՛մ կվաստակեն, հա՛մ էլ կկոփվեն։ Վատ կլինի՞։

– Կոփվելը, իհարկե, վատ չի լինի, բայց այդ աշխատանքներից հետո, մանավանդ աղջիկների համար, դասերով զբաղվե՞լը… չգիտեմ…

– Ես հո էդքան անհասկացող չեմ, գիտեմ, որ կարող է դժվար լինել, բայց կարևորը նպատակին հասնելն է, հենց դժվարությունները հաղթահարելով։

– Պետրո՛ս ջան, հարցեր շատ կան, թեկուզ…

– Հարցեր միշտ էլ կլինեն ու միշտ էլ եղել են,- չուզեց էլ լսել, թե ինչ հարցեր,- ասում են՝ հապա սա, հապա նա… դրանք, բոլորը, երկրորդական են… Գլխավորը գիտե՞ս որն է։ Առողջությունը և սիրով ստեղծված ընտանիքը։ Ահա թե ինչ կտա մեզ այդ ուսանողական ճամբարը՝ հեռու քաղաքի թոհ ու բոհից, քաղաքական վեճերից, փողոցային հավաքներից։ Կտա կրթված ու կոփված երիտասարդ տղաներ ու աղջիկներ՝ պատրաստ սիրո ընտանիք կազմելու։ Չէ՞ որ հինգ-վեց տարի նրանք շփվելու են իրար հետ, քիթ քթի՝ գրադարանում գիրք են կարդալու, իրար հետ սպորտով են զբաղվելու, պայմաններ կան, չէ՞։ Դաշտամիջյան կամ գետափնյա ճանապարհներով վազիր թեկուզ մինչև Ապարան, իսկ Երևանում ո՞ր փողոցով է հնարավոր վազել, հը՞… տեսել եմ, գիտես, երեք տարի ապրել եմ քաղաքում։ Կամ ուսանողները բողոքում էին, թե ոչ մի ինստիտուտ լողավազան չունի, նույնիսկ պետական համալսարանը։ Իսկ այնտեղ գետը հո միշտ էլ կա։ Ճիշտ է, ջուրը քիչ է, բայց գետի մեջ որոշ փոս տեղերում ջուրը հավաքվում է, եթե դեմն էլ մի փոքր պատ դնես, խնդրեմ, փոքրիկ լճակները պատրաստ են։ Վոլեյբոլի, ֆուտբոլի մասին էլ չեմ ասում։ Մի քանի ամսում ամայի, քարքարոտ տարածքներ են, մաքրում ես քարերից, ու դաշտերը պատրաստ են, խաղա, ինչքան ուզում ես։ Կոփվելը դեռ մի կողմ։ Նրանց մեջ կգտնվեն, չէ՞, մի տասը-տասնհինգ լավ ֆուտբոլիստ, որ մի քանի տարի հետո կամ թեկուզ 2050 թվականին աշխարհի չեմպիոն են դառնալու, հաստատ, խոստացել ենք, չէ՞։ Ինչու չէ, նաև վոլեյբոլի, բասկետբոլի գծով։ Մանավանդ, իհարկե, ոչ շուտ, բայց 2050 թվականին հո հաստատ հինգ միլիոն ենք դառնալու, արդեն որոշված է, ու՝ վերջ։ Ինչպե՞ս։ Ասեմ։ Նախ, էդ հնդիկների, նեգրերի մասին չեմ ասում, հենց մերոնք են գալու, հայերը, չեմ ասում բոլորը, բայց գալու են։ Հենց թեկուզ այս տարի մեր գյուղից գնացած յոթ ընտանիքները: Անձամբ ինձ են ասել՝ գալու ենք, Պետրո՛ս, հենց էստեղ վիճակը լավանա, գալու ենք։ Եվ ամենակարևորը. էս վերադարձողների թվին ավելացրու նոր ծնվողների թիվը։ Էդ ճամբարի ուսանողները, որ էդպես քիթ քթի կրթվեն ու կոփվեն, համարյա մի ընտանիքի պես, սիրահարվելու են, չէ՞, ամուսնանալու են, չէ՞։ Էդպիսի կրթված, առողջ ու գիտակից ընտանիքները, համոզված եմ՝ շատ երեխաներ են ունենալու, վեց, յոթ, լավ, թող հինգ լինի…

– Եղբա՛յր, այնքան համոզված ու սրտանց ես ասում, որ սիրով լսում եմ և ուզում եմ հավատալ, որ…

– Դե հիմի ասա,- իմ խոսքերից ոգևորված՝ խոսքս կտրելով, շարունակեց,- եթե այս ամենը նրանց այսպես բացատրվի, ինստիտուտների միացմանն ու տեղափոխմանն ո՞վ դեմ կլինի… Պատկերացնում ես, հինգ միլիոն ենք դառնալու…

Այդ պահին ներս մտավ Պետրոսի եղբոր տղան՝ Արտակը, որ մեզ մենակ էր թողել, Ռուբենենց տուն էր գնացել։ Պետրոսի վերջին խոսքերը երևի լսել էր.

– Արդեն հինգ միլիոնին ես հասե՞լ, հոպա՛ր,- ասաց ժպտալով, ապա դառնալով դեպի ինձ,- գիտեմ, թե որտեղից է սկսել… առաջին անգամ չէ։ Եվ կրկին դիմելով հոպարին.- Չես ասում՝ մեր հյուրը հոգնած կլինի, պիտի քնի, հանգստանա։

– Արտա՛կ ջան, մեր տարիքի մարդիկ ինչքան ուշ քնեն, այնքան լավ… ժամանակ կշահեն։ Իսկ զրույցը Պետրոսի հետ շատ հետաքրքիր էր ու հաճելի։ Երևանում մենք ավելի երկար էինք զրուցում։ Ես նրան լավ եմ հասկանում։

Պետրոսը, զգացի, գոհունակ ոտքի ելավ՝ ասելով.

– Տեսնեմ՝ անկողինը պատրա՞ստ է…

…Այսօր հեռուստատեսությամբ առաջին ալիքով լուրերն էի լսում. նախարարը հրաժարական է տվել։ Պատճառների մասին չասվեց։ Հա՛, հենց Պետրոսի՛ մինիստրը։ Եվ առաջին միտքը, որ գլխումս ծագեց, այն էր, թե հիմա բա ո՞նց է լինելու, Պետրոսը հինգ միլիոնի հասնելու ի՞նչ նոր տարբերակ է մտածելու…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։