ԴԵՊԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԼՈՒՅՍԻ

 

 

Ապրիլի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արևմտահայ պոեզիային նվիրված «Դեպի աղբյուրը լույսի» ցերեկույթը՝ ՀԳՄ ասմունքի թատրոնի ներկայացմամբ: Իր բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց. «Եղեռնի ամենածանր հարվածը եղավ մտավորականությանը և, առաջին հերթին, մեր մեծ գրողներին՝ Սիամանթոյին, Վարուժանին, Զոհրապին, Ռուբեն Սևակին և մյուսներին»: Նա անդրադարձավ տարիներ առաջ ՀԳՄ նախաձեռնությամբ հինգ՝ հայերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հրատարակված եղեռնազոհ գրողների ստեղծագործությունների «Հողը կը խօսի» ժողովածուին: Միլիտոնյանը պատմեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գրողների «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության համագործակցությամբ տպագրված գերմաներեն գրքի, Գերմանիայում և Ավստրիայում նրա տարածման մասին, որ իր ներդրումն է ունեցել ցեղասպանության ճանաչման և այդ երկրներում արևմտահայ գրողների ճանաչողության հարցում: Ողջունելով ներկաներին՝ ՀԳՄ ասմունքի թատրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բաղինյանն ասաց. «Շատ կարևոր է ոչ միայն հիշել Եղեռնը, այլև դասեր քաղել նրանից: Այսօրվա ցերեկույթը ոչ թե ողբասացություն է, այլ՝ խնկարկում և խոնարհում արևմտահայ մեր մեծ պոետներին»: Նա նշեց, որ արևմտահայ պոեզիայի ներկայացման նպատակը նաև նրա գեղեցկությունը տեսնելը և նրանից կենսական ավիշ քաղելն է:  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանը, Արամ Կոստանյանը, Ռուզաննա Հախնազարյանը, Դավիթ Գասպարյանը և Կարինե Եսայանը ներկայացրեցին արևմտահայ բանաստեղծներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Միսաք Մեծարենցի, Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Մուշեղ Իշխանի, Զահրատի, Զարեհ Խրախունու, Ռոպեր Հատտեճյանի և Խորեն Մանավյանի ստեղծագործությունները: Ներկաները մեծ հաճույքով ունկնդրեցին արևմտահայ պոեզիայի գոհարների արտասանությունը: Ավարտին Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց դերասաններին իրենց հոգեթրթիռ արտասանության համար և նրանց գրքեր նվիրեց:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։