«Լուսե հեքիաթը» Խնկո Ապոր անվան գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կայացավ բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի և երգահան Հռիփսիմե Խրիմյանի «Իմ լուսե հեքիաթ» մանկական գիրք-երգարանի շնորհանդեսը: Այդ առիթով գրադարանի դահլիճում էին հավաքվել բազմաթիվ հյուրեր, երեխաներ: Հեղինակներն անդրադարձան գրքի ստեղծման դրդապատճառներին՝ կարևորելով մանուկների համար գրված նոր ստեղծագործությունների անհրաժեշտության պահանջարկը:

Ներկաներին ողջունեց բանաստեղծուհի, Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի ասմունքի խմբի ղեկավար Հռիփսիմե Ավետիսյանը և ընթերցեց Կորյուն Առաքելյանի ստեղծագործություններից: Այնուհետև նրա սաները հանդես եկան բանաստեղծի գործերի ներկայացմամբ:

Բազմավաստակ հաղորդավարուհի Անահիտ Նավասարդյանը ջերմ խոսքեր ուղղեց գրքի հեղինակներին և ներկայացրեց Կորյուն Առաքելյանի բանաստեղծությունների իր մեկնաբանությունը:

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց գրքում զետեղված երգերի կատարումները Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական կազմակերպության Մեծամորի համայնքային զարգացման կենտրոնի «Արևածաղիկ» երգչախմբի սաների (խմբավար՝ Նարինե Հակոբյան), Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի էստրադային բաժնի երգչախմբի (ղեկ.` Անահիտ Շարյան), «Զատիկ» երգչախմբի սան Մերի Մուսինյանի (գեղ. ղեկավար՝ Լիլիթ Համբարձումյան), «Վիկտորիա» համույթի սաների (ղեկ.` Հ. Խրիմյան) կատարմամբ:

Հռիփսիմե Խրիմյանի «Երևան ջան» երգի հնչյունների ներքո յուրահատուկ պարային համարով հանդես եկավ «Ծիծեռնակ» պարային համույթի սան Մերի Օհանյանը (գեղ. ղեկավար՝ Մարինե Ֆահրադյան):

Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, ջերմ խոսքերով կարևորելով հեղինակների կատարած աշխատանքը, գնահատեց երեխաների համար գրքեր ստեղծելու փաստը և երեխաների կատարումները, իսկ հեղինակներին հրավիրեց հանդիպման Մշակույթի հայկական ֆոնդում:

Անակնկալ ելույթով հանդես եկան Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան հ. 12 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները (դասվար` Արփինե Հովակիմյան). նրանք իրենց դասվարի հետ կատարեցին Հռիփսիմե Խրիմյանի սիրված ու ճանաչված երգերից մեկը` «Բարության մոլորակը»:

Շնորհակալական խոսքով հանդես եկան գրքի հեղինակները։

Գյուլնարա ԻՎԱՆՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։