«Երբ շներն սկսում են ժպտալ, լուսինը հաչում է… »

Էլֆիկ Զոհրաբյան
Վանաձորում, Գյումրիում, Երևանում և Շուշիում նշվեց պետական աջակցությամբ լույս տեսած «Հոգեվիճակ 13» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի արտիստներ, թատերական բուհի ուսանողներ, ստուդիականներ: Թատերականացված միջոցառումը սկսվեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանի խոսքով: Վերջինս արժևորեց Է. Զոհրաբյանի թե՛ գրական-թարգմանական, թե՛ թատերական կարողությունները և մաղթեց, որ երիտասարդ գրողն իր գործունեության բոլոր ոլորտներում մնա առաջի՛ն դիրքում: ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռոզա Մխիթարյան. «Թե՛ բեմում, թե՛ իր պատմվածքներում, հեքիաթներում ու սատիրաներում նա ստեղծում է տիպական կերպարներ»: Բան. գիտ. թեկնածու, գրականգետ Լիլիթ Անտոնյանը խոսեց Է. Զոհրաբյանի արձակի առանձնահատկությունների, նրա գրող-արտիստ անհատականության մասին: Դերասանուհի, երգչուհի Հերիքնազ Բաղդասարյանը իր երգից հետո հույս հայտնեց, որ Լոռվա մեծ անունների կողքին մի օր էլ կհայտնվի Էլֆիք Զոհրաբյանի անունը: «Ճիլիմոնը» երգիծական պատմվածքի մասին նուրբ վերլուծությամբ հանդես եկավ բան. գիտ. թեկնածու, գրականագետ Գայանե Մալումյանը: Վանաձորցի ուսանողները հանդես եկան զեկուցմամբ: «Մաշտոց» կրթամշակութային, հայագիտական հանդեսը պատվոգիր հանձնեց Է. Զոհրաբյանին «մրցանակի արժանացած «Հոգեվիճակ 13» գրքի և մշա­կույթի ասպարեզում ունեցած ներդրման համար»:
Ուսանողները ներկայացրին «Նարցիս» հանդեսի մրցանակին արժանացած «Մարդիկ և ստվերներ» ներհոգեբանական պատմվածքի բեմականացումը:

***
Գյումրիում ելույթ ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիրանույշ Ղուկասյանը, ով բարձր գնահատեց «Հոգեվիճակ 13» գիրքը, սարոյանական թարգմանությունները, գրողի լեզվական կուլտուրան, նոր, ինքնատիպ արձակը՝ նշելով, որ Գուստավ Բ.-ն, թռչող Պառավը նոր կերպարներ են հայ արդի գրականության մեջ:
Երևանում, Համազգային թատրոնում տեղի ունեցած շնորհանդեսին առաջնախոսքը տրվեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, ով շնորհավորեց երիտասարդ գրողին, գնահատանքի խոսքեր ասաց նրա՝ խաղի տարրերով լի պատմվածքների ու սատիրաների մասին՝ հավելելով, որ այսօր երգիծանքի և հումորի սակավություն է նկատվում գրականության մեջ, իսկ Է. Զոհրաբյանի գրքում առատ են հեգնանքն ու հումորը, սակայն կցանկանար, որ գրողն ընդլայներ իր թեմատիկ շրջանակը սատիրաներում:
Հանդիսատեսը ջերմությամբ ընդունեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանի ընթերցումը: Բանաստեղծ Արտաշես Արամը գնահատելով Զոհրաբյանի պատմվածքները, բացի դրական խոսքերից, նաև իր դիտողությունը հայտնեց նրա սատիրաների մասին, որոնցից մի քանիսն, այսպես ասած, «բաց» են՝ ի տարբերություն նուրբ պատմվածքների: Բանաստեղծ Վահե Արսենը առանձնահատուկ գնահատանքի խոսք ասաց Զոհրաբյանի սատիրաների՛ մասին՝ անձամբ կարդալով իրեն առավել դուր եկած հատվածները: Բանաստեղծը նշեց այն նորույթի մասին, որ բերում է Զոհրաբյանն իր արձակով, որտեղ առկա են տարրեր Չեխովից, Սվիֆթից, Գոգոլից, սակայն դրանք «Էլֆիքացվել են», դարձել ուրույն: Թատրոնի և կինոյի արտիստ Արմեն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարությանը, որ իսկապես արժանի գրքի համար «փող է ծախսել», և արժե նման գրողի գործերը թարգմանել տարբեր լեզուներով:

***
Շուշիի մտավորականների հրավերով երիտասարդ գրողի գրքի շնորհանդեսը կայացավ Արցախում: Շուշիի քաղաքապետը շնորհավորեց Է. Զոհրաբյանին և նշեց, որ օրը վերածվեց տոնախմբության: Հետաքրքիր ելույթներ ունեցան բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, սփյուռքահայ գրողներ, Շուշիի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանը, նկարիչներ, երգիչներ ու երաժիշտներ: Թվերն իր արձակում հումորով խաղարկող գրողին տրվեց 201 վայրկյան խոսքի համար: Է. Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց թե՛ շռայլ խոսքերի, թե՛ դիտողությունների համար, Լոռվա հումորով համեմված ինքնահեգնական երկխոսության բռնվեց փոստատարի կերպար ստանձնած իր սանի հետ, ապա շարունակեց. «Ես գրում եմ տաղանդավո՛ր ընթերցողի համար, ով ունի խորը և նուրբ զգացողություն, գրագետ է և հումորի զգացումով լի… Մի փոքր հույս ունեմ, որ «Հոգեվիճակ 13» գիրքը կդառնա այն ոստրեն, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր ընթերցող կգտնի ի՛ր մարգարիտը…»: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը 2013 թ. «Արվեստի և մշակույթի ոլորտում երիտասարդ ստեղծագործողներին տրվող մրցույթում» «Գրականություն» անվանակարգում լավագույնը ճանաչվելու համար մրցանակ հանձնեց Էլֆիք Զոհրաբյանին:

Արթուր ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։