Հայ բանաստեղծները Եղեռնի մասին

Հայ բանաստեղծները Եղեռնի մասին

Ապրիլի 21-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին» ժողովածուի շնորհանդեսը: Ինչպես նշվում է գրքի առաջաբանում, Եղեռնի թեման իշխող է հայ պոեզիայում: Այն շարունակվում է ողջ 100-ամյակի ընթացքում և դեռ կշարունակվի մինչև Հայկական հարցի արդարացի լուծումն ու նրանից հետո՝ մարդկության հիշողությանը զուգահեռ: Եղեռնի նկարագրական ու ողբաքնարերգական բանաստեղծությունը այժմ ձեռք է բերել վերլուծական-քննական տարերք:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ժողովածուն համարելով հետաքրքիր իր ընդգրկվածությամբ, որտեղ տեղ են գտել Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Թեքեյանի, Վ. Վահյանի, ինչպես նաև ժամանակակից հայաստանյան և սփյուռքահայ բանաստեղծների ստեղծագործություններ, տեղեկացրեց, որ կհրատարակվի նաև երկրորդ հատորը, որը կընդգրկի միայն ժամանակակից սփյուռքահայ և հայաստանյան ստեղծագործողների բանաստեղծությունները: Ապա անդրադառնալով ժողովածուին` Էդ. Միլիտոնյանը նշեց. «Սա նաև պատմություն է 100 տարվա ընթացքում մեր ցավի արձագանքի մասին: Եղել է ժամանակ, երբ ավելի հախուռն է եղել այդ արձագանքը, եղել է ժամանակ` մի քիչ ավելի վակուումային»: Եվ պարզաբանեց, որ իր սերունդը հայտնվել էր վակուումի մեջ, քանի որ Շիրազի, Սևակի՝ այդ թեմայով գրված ստեղծագործությունները ամեն ինչ լցրել էին իրենցով, և դրանից հետո շարունակել գրել այդ ոգով շատ դժվար էր: Ի հայտ էին եկել մտածողության այլ որակներ, որոնք չէին տեղավորվում նկարագրական բանաստեղծության մեջ: Ապա անդրադառնալով Եղեռնի թեմային` նա ընդգծեց, որ դա թեմա չէ, այլ` ապրում, կենսագրություն է ու կենսակերպ, ապրելու ձև: Մեր ժողովրդի կոդը իր մեջ կրող գրողը երբեք չի կարող դա չհիշել և իր գրի մեջ չանդրադառնալ: «Ներկան, լինելով շարունակություն, շաղկապվում է Եղեռնի հետ. դա մեր հոգեբանության վրա այնքան մեծ ազդեցություն թողած ողբերգություն է, որ չի կարող հարյուր տարի հետո մոռացվել»,- ասաց ՀԳՄ նախագահը և հավելեց, որ այսօրվա գրողները շարունակում են Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի ավանդույթը, ինչը վկայում են ժողովածուում ընդգրկված ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Ըստ գրքի խմբագիր Անուշ Վարդանյանի` ժողովածուն ապացուցում է, որ հայ ժամանակակից գրողները ստեղծել են մնայուն արժեքներ: «Այսօր էլ հայ բանաստեղծը կարողանում է բարձրացնել իր անհատական ցավը համամարդկային ցավի մակարդակին»,- ասաց նա և շեշտեց, որ 2015 թ. ավարտվում է ճանաչման գործընթացը, և այժմ պետք է անցնել հատուցման, հայրենազրկման թեմայի արծարծմանը: Գրականագետ Նորայր Ղազարյանի կարծիքով` «Հայ բանաստեղծները Եղեռնի մասին» գիրքը ժամանակի համար դառնում է հարյուրամյակի ավարտի հուշարձան: Բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ծնված լինելով Եղեռնից փրկված մոկացիների ընտանիքում, տեսել է ոչ միայն թուրքական աղետի հետևանքները, այլև տարբեր ազգերի, ժողովուրդների մարդկային անտարբեր վերաբերմունքը: Եվ այդ ամենը արտացոլվել է իր գրականության մեջ: «Այդ ողբերգությունը ցավալի, բայց և ապրեցնող է, և, ի հեճուկս թուրքերի, պետք է հիշենք ու գրենք և մտածենք մեր կորցրած հայրենիքը վերագտնելու մասին»,- ասաց Ա. Ավագյանը: «Մեր կյանքում կատարված այդ մեծագույն ողբերգությունը ոչ թե թեմա է, այլ կյանք, հոգեվիճակ, հայ մարդու ճակատագիր: Այդ ճակատագրով պիտի ապրեցնես քեզ էլ, դիմացինին էլ»,- ընդգծեց բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը և գիրքը համարեց կարևոր ձեռնարկ՝ այդ թեմայով գրված գործերը ի մի բերելու առումով: Բանաստեղծ Հուսիկ Արան, արժևորելով կատարված աշխատանքը, ընդգծեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը այլևս և վաղուց հայության խնդիրը չէ: Մեր ողբերգությունը մեծ մասով մարդկության, աշխարհի խնդիրն է: Աշոտ Գաբրիելյանը խոսեց հասարակության մեջ ձևավորված թյուրընկալման մասին, ըստ որի` եթե գրվում է Եղեռնի մասին, ապա անպայման ողբ ու կական է: Այնինչ տասնամյակներ շարունակ, Ա. Գաբրիելյանի հավաստմամբ, գրողները եղել են քաղաքական ուղերձներ հուշողները. «Այսօրվանից քաղաքականությունը պիտի պահանջատիրական լինի»,- ասաց նա: Ըստ գրականագետ Արմեն Ավանեսյանի` այսպիսի ժողովածուները շատ կարևոր են, որովհետև ոչ միայն գրապատմական ժամանակահատվածն են ներառում իրենց մեջ, այլև որոշակի կենսամշակույթն է երևում: Նրա կարծիքով, գիրքը բաժանված է երկու մասի. առաջին հատվածը նման է ինքնապաշտպանության, Թումանյանից սկսած՝ գոյապահպանման ու ինքնապաշտպանության կոդն է դրված եղել, իսկ արդեն ժամանակակիցները կարծես հակագրոհի ժամանակն են այստեղ ներկայացնում, հատկապես երիտասարդները ավելի հանդուգն են: «Ինքնապաշտպանությունը պետք է հակագրոհի վերածել, և այս կենսամշակույթը, որ գոյություն ունի գրականության մեջ, տարածական կլինի նաև մեր իրականության, մեր այսօրվա ժամանակի մեջ»,- ասաց Ա. Ավանեսյանը:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Սարգիս Կարեյանը, Գոհար Գալստյանը, Նաթելլա Լալաբեկյանը, Մանիկ Աճեմյանը:

Գիրքը տպագրել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը:

2 thoughts on “Հայ բանաստեղծները Եղեռնի մասին

  1. Տեսնես ի՞նչ սկզբունքով են ընտրվել հեղինակները և նրանց բանաստեղծությունները:Զարմանալի է ու զարմանալի չէ,որ Գրողների միությունում կա մի խումբ,որը միշտ ներկա է ու տպագրվում է,թարգմանվում,գրախոսություններում հնչեցվում են նրանց անունները: Մի խոսքով՝,, պահանջած է են,,.ու մի խումբ,գուցե խմբակ,որը մշտապես անտեսված է:Գուցե մի օր վերջ կտրվի այս մոտեցմանը,որը ամոթալի է:Մենք գրականություն ենք ներկայացնում,կարծում եմ,ծանոթ-բարեկամ սկզբունքն այստեղ, մեղմ ասած, ծիծաղելի է,ինչպես շատ դեպքերում լինում են ծիծաղելի հեղինակների ծիծաղելի գործեր,որոնց ընտրում են ավելի ծիծաղելիները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։