2012 թվականի դեկտեմբերին լույս տեսավ Արծվի Բախչինյանի և իմ համատեղ ջանքերով պատրաստված շվեդերենով առաջին անթոլոգիան, որն ընդգրկում է Պարույր Սևակից մինչև մեր օրերը 22 հայաստանյան և Սփյուռքի բանաստեղծների գործերը: Շվեդերենին հարազատ և որակյալ թարգմանությանը իր անմնացորդ աջակցությունն է բերել շվեդ բանաստեղծ և թարգմանիչ Սթիգ Լյունդսթրյոմը: 96 էջանոց այս գրքույկն առաջին լուրջ աշխատությունն է, որ շվեդ հասարակությանը ծանոթացնում է հայ ժամանակակից պոեզիային:
Գրքի շնորհանդեսը տեղի կունենա այս աշնանը Ստոկհոլմում և Ուփսալայում, երբ գրքի բավականաչափ օրինակներ տեղ կհասնեն Շվեդիա, սակայն արդեն երկու գրախոսական է գրվել և հրատարակվել շվեդական մամուլում, որոնց ուզում եմ անդրադառնալ:
«Նիա Լիդշյոփինգ» թերթում «Հայ բանաստեղծները նոր անթոլոգիայում» խորագրով գրախոսականում Յան Բալենբերգը, մեջբերելով Սթիգ Լյունդսթրյոմի նախաբանում տեղ գտած խոսքերը, գրում է. «…այսպիսով Հայաստանի գրողների միությունը ցանկանում է ներկայացնել ժամանակակից հայ բանաստեղծներին: Բանաստեղծներից մի քանիսը իրենց ստեղծագործական կարիերայի նախաշեմին են, իսկ մեծամասնությունը՝ արդեն հայկական մշակութային կյանքում հստակ կայացած անհատականություններ»: Գրաքննադատը շարունակում է. «Երբ անթոլոգիան հասավ ինձ, առաջին բանը, որ մտքովս անցավ՝ գիրքը դնեմ գրասեղանիս գզրոցի մեջ և մոռանամ դրա գոյության մասին: Հետո Հայաստանը մտաբերեցի որպես հեռավոր մի երկիր, որի հետ միակ աղերսն արդյոք այն չէ՞ր, որ Նոյի տապանը իջել է այնտեղ՝ Արարատի գագաթին, և այսպիսով հետաքրքրությունս արթնացավ… ի՞նչ լեզվապատկերներ և ոճաբանություն են օգտագործում գրողները հեռավոր և օտար այդ երկրում:
Պարույր Սևակի հենց առաջին բանաստեղծության ընթերցումը ստիպում է ինձ գամվել աթոռին:
Մի աչքով եմ նայում կյանքին:/ (Երկրորդ աչքըս ապակուց է): / Եվ մի հատիկ իմ այս աչքով / Շատ եմ տեսնում, / Իսկ երկրորդով՝ ավելի՜ շատ, / Որովհետև
Առողջ աչքով ես տեսնում եմ,/ Իսկ կույր աչքով…/ մի՛շտ երազում…
Մեկ այլ բանաստեղծության մեջ Սևակը կարծես նախատեսում է իր մոտալուտ մահը՝
Եթե մեռնե՛լ…/ Թո՜ղ որ մեռնեմ հուր-կայծակից՝/ Միանգամի՜ց:
Նա գիտի, որ ապրել է խղճի ձայնին հավատարիմ, արժանապատվությամբ և որ կարող է հանգիստ անցնել նույնիսկ բիբլիական լեգենդում ասված ասեղի նեղլիկ անցքից…
Ես ցանկանում եմ հավատալ նրան:
Կյանքը և մահը կրկնվող թեմաներ են և հստակ խոսվում է մահվան անմիջական ներկայության մասին:
Եվ որքա՛ն դյուրին է ամեն ինչ փոխվում մարդու կյանքի մեջ:
Բայց հաճախ,/ Կյանքդ հերիք չի՛ անում,/ Մի «Այո՜»,/ Կամ «Ո՜չ» Ասելու համար,- իր բանաստեղծություններից մեկում ասում է Գևորգ Էմինը:
Սիլվա Կապուտիկյանը շախմատի մի պարտիայով է պատկերում կյանքը՝
Շախմատի հոգնած քարերի նման,/ Երբ մոտենում է խաղը ավարտին, / Ընկնում են կյանքի խաղատախտակից / Քո ընկերները:
Արդյոք դա երկրի բնական պայմաննե՞րն են, որ երկնում է ստեղծագործությունը, թե՞ դժվարին պայմանները… Այնուհանդերձ, մենք որքա՛ն նման ենք միմյանց, և բնավ էլ դժվար չէ տեսնել այն պատկերները, որ նկարում են բանաստեղծությունները»:
Հոդվածի հեղինակը անդրադառնում է ժողովածուում բնականաբար տեղ գտած սիրո թեմաներին, ջերմությամբ է խոսում Ռազմիկ Դավոյանի «Շուշանի» մասին, իսկ Վիոլետ Գրիգորյանը և Լիլիթ Աղագյուլյանը փոխանցելու բոլորովին այլ բառեր ու պատկերներ ունեն…
Յան Բալենբերգն իր կարծիքն այսպես է ավարտում. «Անթոլոգիայում տեղ գտած բոլոր բանաստեղծություններն էլ ինձ համար ընկալելի են, սակայն մտավախություն ունեմ, որ միգուցե բանաստեղծությունները, որպես ելակետ, պատկերում են մի բոլորովին այլ սիմվոլային աշխարհ, քան իմ մտապատկերածը: Սակայն դա այնքան էլ էական չէ, քանի որ ընթերցման այս պահն ինձ պարգևել է այնպիսի բազմաթիվ խոհեր, որ դեռ երկար օրեր պիտի զբաղեցնի իմ միտքն ու հոգին՝ վերապրելու և վերաիմաստավորելու այդ բոլորը»:
Նույն թերթի մեկ այլ համարում «Պոեզիա Արարատի շուքի տակ» վերնագիրը կրող, հիմնականում տեղեկատվական բնույթ կրող, հոդվածում Թուրե Հարթունգը գրում է. «Հայաստանը ցեղասպանության ենթարկված և երկրաշարժերի էպիկենտրոնում գտնվող փոքր երկիր է Եվրոպայի սահմանագծում: Երկրում բնակվում է շուրջ 3,5 միլիոն մարդ, բայց 6 միլիոնը ստիպված արտագաղթել են և սփռված են աշխարհով մեկ: 2012-ին նշվեց հայերեն առաջին գրքի տպագրության 500 -ամյակը, որի շրջանակներում էլ ուշադրության արժանացավ ժամանակակից հայ պոեզիայի շվեդերեն թարգմանված այս անթոլոգիան»: Ապա ավելացնում է. «Հայրենիքը գրքի հիմնական թեմաներից է, ինչպես նաև Արարատը՝ հայերի ազգային լեռը, որի վրա, ըստ ավանդության, իջել է Նոյան տապանը:
Մի շարք բանաստեղծություններ նվիրված են բնության և միջավայրի պահպանմանը, առկա են նաև միջուկային պատերազմի դեմ բողոքի տողեր: Մտավախություն կա, որ Հայաստանի հարևաններ Թուրքիան և Ադրբեջանը անընդունելի պայմաններ կթելադրեն Հայաստանին: Բայց կան նաև առավել լուսավոր կտորներ սիրո, ազատության ու հավատի մասին, նշելի է նաև, որ Հայաստանը, արդարև, առաջին քրիստոնյա երկիրն է եղել:
Բոլոր բանաստեղծությունները կարճ են և ընթերցողին տալիս են խորհելու և հետադարձ մտածողության առիթ:
Բանաստեղծների համառոտ կենսագրականը բարձրացնում է գրքի արժեքը և տալիս է անգնահատելի տեղեկատվություն գրողների ապրած, ուսանած ու ստեղծագործած միջավայրի մասին»:
Հեղինակը եզրափակում է. «Հավակնություն չունեցող այս փոքրիկ անթոլոգիան, սակայն, հրաշալի կերպով ներկայացնում է ժամանակակից հայ պոեզիան, նրա հրատարակությունը մշակութային իսկական շրջադարձ է և հրատարակվել է Հայաստանի գրողների միության հովանավորությամբ»:
Գրքի աշնանային շնորհանդեսը և նրա ի հայտ գալը, անկասկած, առիթ կհանդիսանան ոչ միայն շվեդներին, այլև նորվեգացիներին ու ֆինլանդացիներին՝ ծանոթանալու հայ մշակույթին և ժամանակակից հայ պոեզիային:
Կարո ՀԱԿՈԲՅԱՆ
Ուփսալա, Շվեդիա