ՀԳՄ 20-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Նոյեմբերի 25-ին ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարը, որի ընթացքում բաց քվեարկությամբ միաձայն ՀԳՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը: Նա առաջադրված միակ թեկնածուն էր:

ՀԳՄ 521 անդամից (ներառյալ՝  սփյուռք, Արցախ) դահլիճում քվեարկել է 330 ՀԳՄ անդամ, 120-ը քվեարկել են էլեկտրոնային տարբերակով, ձայների ընդհանուր թիվը՝ 450: Համագումարի օրակարգի հարցերն էին՝ հաշվետու ժամանակահատվածում կյանքից հեռացած գրողների հիշատակի հարգում, հաշվիչ հանձնաժողովի անդամների (թվով՝ 7) ընտրություն, համագումարի նախագահության հաստատում (ՀԳՄ նախագահությունն առաջարկել էր Վազգեն Գաբրիելյանի, Դավիթ Մուրադյանի և Մանվել Միկոյանի թեկնածությունները) և 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին ՀԳՄ կանոնադրությունը համապատասխանեցնելու վերաբերյալ գործառույթի իրականացում: Այս հարցերը միաձայն հաստատվեցին բաց քվեարկությամբ: Բաց քվեարկությամբ միաձայն որոշվեցին հաշվիչ և վերստուգիչ հանձնաժողովների անդամները:

Առաջին նիստում, որը նախագահում էր Վազգեն Գաբրիելյանը, լսեցին ՀԳՄ նախագահի թեկնածու Էդվարդ Միլիտոնյանի, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Շանթ Մկրտչյանի և Հայկական գրական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավանեսյանի հաշվետու զեկուցումները:

Էդվարդ Միլիտոնյանը, անդրադառնալով հինգ տարվա ընթացքում ՀԳՄ-ի կատարած բազմաբնույթ աշխատանքին, որը մանրամասն ներկայացվել է ինչպես «Գրական թերթ»-ում, այնպես էլ լուսաբանվել է լրատվամիջոցներով, նշեց, որ վեց ամիսը մեկ ներկայացվել է կիսամյակային հաշվետվություն և բավարար է գնահատվել։ Գրողների միության ձևավորած գրական մթնոլորտը նպաստել է Երևանում, մարզերում, սփյուռքում կազմակերպել ոչ միայն ավանդական տարաբնույթ, այլև կյանքի հրամայականով ավելացած նոր միջոցառումներ։ ««Գրական թերթը» մշտապես տպագրում է գրողների կարծիքներ, հրապարակախոսական հոդվածներ, որոնք արտացոլում են մեր կյանքի հուզող խնդիրները, և յուրաքանչյուր գրող պատասխանատու է իր խղճի ու գրչի առջև։ ՀԳՄ նախագահությունը 44-օրյա պատերազմից հետո իր հասարակական պարտքն է համարել արտահայտել հայրենիքի առջև ծառացած խնդիրները, այդ խնդիրների լուծմանը ի պաշտոնե ընտրված, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների մասին իր վերաբերմունքը»,- շեշտեց նա: Տարվա ընթացքում կազմակերպվող միջոցառումներից Է. Միլիտոնյանը նշեց Գիրք նվիրելու օրը, Մանկական գրքի շաբաթը, գրողների հոբելյանները, հանդիպումները դպրոցականների հետ, Թարգմանչաց տոնը և այլն: Նա անդրադարձավ հրատարակչական, երիտասարդ գրողներին խրախուսելու, գրական-գեղարվեստական, սոցիալ-տնտեսական ոլորտներում կատարված աշխատանքներին, մարզային բաժանմունքների հետ համատեղ իրականացրած միջոցառումներին, սփյուռք-հայրենիք կապերին՝ ընդգծելով Արցախի և սփյուռքի գրողների մասնակցությունը ՀԳՄ աշխատանքներին: Նա վստահեցրեց, որ ՀԳՄ-ն կարևորում է համագործակցությունը ՀՀ տարբեր կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ գրական միջոցառումներ: Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ՀԳՄ-ի ծավալած գործունեությունը՝ աջակցություն սոցիալական հարցերի լուծմանը: Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ ընդգծեց, որ 2024 թվականից նախատեսվում է 70-ից բարձր տարիքի գրողներին ազատել անդամավճար մուծելուց, ստեղծել տեսահաղորդումների ստուդիա (գրական հաղորդումներ, լրատվություն և այլն), սահմանել նոր մրցանակներ, անցկացնել գրական պլենար նիստեր, ՀԳՄ մարզային բաժանմունքների համար ձեռք բերել նոր աշխատասենյակներ, նպաստել գրողների ստեղծագործությունների հրատարակմանը: Նախապատրաստական աշխատանք է տարվում՝ ԱՄՆ-ում կազմակերպելու «Գրական մարաթոն»:

Շանթ Մկրտչյանը, անդրադառնալով վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքին և ֆինանսատնտեսական գործունեությանը, ներկայացրեց ՀԳՄ-ի ֆինանսական հաշվետվությունը և որպես ամփոփում՝ նշեց. «Պետք է ոչ միայն պահանջողի դերում լինենք միությունից, այլև մեր ներդրումը ունենանք միության մեջ՝ ո՛չ միայն ստեղծագործություններով, նաև մեր ջանքերը ներդնենք, որպեսզի միությունը կարողանա այս դժվարին ժամանակներում զարգանալ և շարունակել իր գործունեությունը»:

Արմեն Ավանեսյանը ներկայացրեց Համահայկական գրական հիմնադրամի գործունեությունը, նշեց, որ համավարակի, պատերազմի ճգնաժամային ժամանակահատվածը հանգեցրել է հիմնադրամի ֆինանսական մուտքերի կտրուկ նվազմանը: Սակայն եղել են անհատներ, որոնց աջակցության շնորհիվ իրականացվել են գրողների գործուղումներ, «21-րդ դարի հայ գրականություն» մատենաշարի հրատարակություն և աջակցություն գրողներին: Ա. Ավանեսյանն անդրադարձավ հիմնադրամի գլխավոր մարտավարությանը, մասնավորապես, ՀԳՄ նախագահի հետ համատեղ մշակված նախագծով հայաստանյան մի շարք կազմակերպությունների կներկայացվեն համագործակցության առաջարկներ, նոր ծրագրեր ու միջոցառումներ պետք է կազմակերպվեն՝ ներգրավելով նախարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների, ավելի կակտիվացնեն միջազգային կապերը, հատկապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, արտերկրում բնակվող ՀԳՄ անդամ գրողների հետ գործուն աշխատանքներ իրականացնել գրական, հրատարակչական միջոցառումների և մշակութային ծրագրերի իրագործման ուղղությամբ, համագործակցություն հեռուստաընկերությունների, հանրային ռադիոյի հետ, գրական մարաթոնի կազմակերպում և այլն: Ամփոփելով ելույթը՝ նա վստահեցրեց, որ հիմնադրամի ուշադրության կենտրոնում է լինելու ժամանակակից հայ գրականության հանրահռչակումը:

Համագումարի 2-րդ նիստում, որը նախագահում էր Դավիթ Մուրադյանը, ելույթ ունեցան Աելիտա Դոլուխանյանը, Արևշատ Ավագյանը, Նորեկ Գասպարյանը, Կարինե Խոդիկյանը, Խաչիկ Մանուկյանը, Մանվել Միկոյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սամվել Մարգարյանը, Կարեն Խուրշուդյանը, Ռուզան Ասատրյանը, Գոհար Ռշտունին:

Ըստ Աելիտա Դոլուխանյանի՝ գրողների միությունը մեծ արժեք է, որը պետք է սրբորեն պահել: «Ինչքան էլ տեխնոլոգիաները առաջ են գնում, միևնույն է, գիրքը շարունակում է մնալ որպես նյութական արժեք, մնայուն արժեք: Մեր գրողները կյանքը պատկերում են ճիշտ նույն մակարդակով, ինչ որ աշխարհի շատ մրցանակներ ստացող գրողները»,- շեշտեց նա:

Արևշատ Ավագյանը, ջերմորեն ողջունելով համագումարի բոլոր մասնակիցներին, խոսեց վերջին տարիներին գրական-մշակութային այն համագործակցության մասին, որ Մշակույթի հայկական ֆոնդը և գրողների միությունը իրականացնում են մյուս ստեղծագործական միությունների հետ համատեղ: «Կարծում եմ՝ գրական այն ավանդները, որ ունեցել է գրողների միությունը ստեղծագործական կապերի ամրապնդման համար, պետք է շարունակվեն»,- նշեց նա:

Նորեկ Գասպարյանը, հիշելով Հայաստանից ժամանած գրողների հետ հանդիպումները Արցախում, անդրադարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀԳՄ-ի ցուցաբերած աջակցությանը, մասնավորապես՝ Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը Արցախի շատ կանանց ու երեխաների, իսկ վերջին իրադարձություններից հետո՝ նաև տեղահանված գրողներին ընդունելը: «ՀԳՄ նախագահի անմիջական մասնակցությամբ ու միջամտությամբ տպագրված գրքերն ու անթոլոգիաները վկայում են Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության պինդ ու ջերմ կապերի մասին: Համոզված եմ, որ այսօր ճիշտ ընտրություն ենք կատարելու և հինգ տարի հետո խոսելու ենք կատարված լուրջ աշխատանքից, մնայուն գործերից ու արժեքներից»,- վստահեցրեց Ն. Գասպարյանը:

Կարինե Խոդիկյանը, նշելով, որ 2001 թ.-ից «ԳԹ»-ն անխափան լույս է տեսել՝ ամեն ուրբաթ դրվելով ընթերցողի սեղանին, շնորհակալություն հայտնեց բոլոր հեղինակներին, որոնք անգամ առանց հոնորարի իրենց ստեղծագործությունները վստահել են թերթին: ««Գրական թերթը» ՀԳՄ պաշտոնաթերթն է՝ ԳՄ-ի աշխատանքի հայելին, ուստի պետք է ներկայացնի մեր համայնքի գրական անցուդարձը և գրական գործընթացները, տպագրի ՀԳՄ բոլոր անդամներին: Տպագրում ենք, ինչ գրում են մեր հեղինակները՝ թերթը մեր ստեղծագործական «հայելին է»,- նշեց նա: Խմբագիրը ներկայացրեց թերթի ֆինանսական խնդիրները, փոքրաթիվ խմբագրակազմի կատարած աշխատանքը:

Խաչիկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց գրողներին, որոնք դժվար օրերին իրենց գրիչը ցած չդրեցին, անդրադարձան 44-օրյա պատերազմին՝ չշրջանցելով այդ հերոսական էջը: «Առանց այդ ոգեղենության ամեն ինչն է վերանում՝ ազգը, երկիրը, հայրենիքը: Ո՞ւմ է պետք այն պետականությունը, եթե ազգային նկարագիր չի ունենալու: Այն ազգը, որ կարողանում է իր հերոսներին ճիշտ արժևորել, ուրեմն՝ ունի ապրելու իրավունք և շարունակություն»,- ասաց նա և դրական գնահատեց գրողների միության աշխատանքը:

ՀԳՄ մարզային բաժանմունքների հաշվետվությամբ ելույթ ունեցան Մանվել Միկոյանը (Լոռի), Անդրանիկ Կարապետյանը (Շիրակ): ՀԳՄ-ի գործունեությունը բարձր և արդյունավետ գնահատեցին նաև Սամվել Մարգարյանը, Հայկ Սիրունյանը, Կարեն Խուրշուդյանը, Ռուզան Ասատրյանը, Գոհար Ռշտունին:

Ելույթներից հետո տեղի ունեցավ ՀԳՄ վարչության անդամների ընտրություն:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։