Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ / Դիանա Համբարձումյանի «Մեղր ու լեղի աշխարհ» վեպը

Մարդ արարած, վերջ տուր քո արածի ու չարածի համար ինքնախարազանումներին, մտքիդ անդուր աշխատանքին, ինչո՞ւ ես զբաղվում այդ ամենով ու քեզ սպանում, օրդ սպանում, ամեն բան սպանում… «Բուսնե՞լ ես էս հողի վրա, լավ ես արել, արմատներդ տարածիր շուրջբոլորը, խորքերից կենսատու հյութը կորզիր, լցրու ավիշներիդ մեջ, շարունակիր ընձյուղվել, բողբոջներդ արևին պարզիր, ծաղկի՜ր…»:  

Դիանա Համբարձումյանի «Մեղր ու լեղի աշխարհ» վեպում հեղինակն աշխարհի, նրա գրված ու չգրված օրենքների, շրջապատող իրականության հետ ունեցած հարաբերությունների մեջ կողմնորոշվելու, երկվություններից դուրս գալու համար մատնանշում է ինքնավերլուծության ճանապարհը` գրականություն բերելով տիեզերական ամբողջի ներկայության մի նոր հնար՝ Արարչագործ աչքը։ 

Ընդհանուր համանվագի առաջին՝ Դո (Dominus) կամ Արարիչ գաղափարը դարձնելով որպես առաջին նոտա կամ Արարչի աչք` նրա ներքո էլ ծայր է առնում մարդկային էության վերլուծության, մարդուն տրվող գնահատականների շարունակականությունն ապահովող պատմությունների շարքը։ Նոտագրության յոթ անվանումները` որպես բանալի բառեր օգտագործելով` նրանցով փորձ է արվում կառուցել արարչագործված ամբողջը և դնել կյանքի շրջապտույտի մեջ՝ տողատակելով «արտաքին աշխարհին ուղղված ներքին խոսքի» կառուցողական ու ոչ կառուցողական նշանակությունները,  կերպարի որակներով զինելով փայտփորիկին, որի մասին խոսքն, իրականում, մարդկային մտքի մասին է։ 

«Փայտփորիկս համոզված է, որ ես ծառ եմ, գլուխս՝ փչակ, որոշել է բնավորվել գլխիս մեջ. նրան թվում է, թե անհատակ փչակս հիմա լիքն է մանր-մունր վնասակար զեռուններով, որոնց ոչնչացնելու սուրբ պարտականությունն է ստանձնել հանուն մարդու առողջ մտքի հաղթանակի…»։ 

Այսպես, մտքի ոտնձգություններին ըմբոստանալու կամ նրա հետ լեզու գտնելու ճանապարհների, նույն միտքը որպես քանդակագործի գործիք կիրառելու ու նրանով մարդ արարածի կերպարի վրա շտրիխ առ շտրիխ աշխատելու մի գտնված տարբերակ է օգտագործում հեղինակը։

Այստեղ ապրված կյանքի պահեր, օրեր ու տարիներ են, որոնց այլ՝ մեր ապրած տարբերակներն ամեն օր պտտվում են յուրաքանչյուրիս կյանքի հետ, դառնում մեր զրույցների, բողոքների, իրար հետ մեր շփումների թեմաները։

Թե՛ «Մեղր ու լեղի աշխարհ» գրքում ներկայացված պատմությունները, թե՛ մեր ապրած նրանց տարբերակները, ի վերջո, դրվագ առ դրվագ արված մասնահատումներ են, որ անում ենք ամեն օր Արարչի աչքի առաջ։ Ինչի՞ն են վերաբերում այդ մասնահատումները, և այդ ո՞ր ամբողջից են դրանք հատվում մարդ արարածներիս կողմից… 

Առաջին հարցի պատասխանը հետևյալն է, որ դրանք վերաբերում են օրվա մեջ մեզ շրջապատող մարդկանց, մեր սիրելիներին ու չսիրած անձանց, ծանոթներին, բարեկամներին կամ գործընկերներին, մեր լսածին, տեսածին, պատկերացրածին, ստացած լուրերին, այս ամենով պայմանավորված մեր գործողություններին և այլն։ Իսկ այն, թե ինչի՞ց են կատարվում մասնահատումները, ահա այդ ընդհանուրի մասին է, որ մենք պատկերացում չունենք, չգիտենք՝ ինչ է այն, որից ամեն օր, յուրաքանչյուր պահի կտրատում ենք մեր մտքի հարվածներով ու դրանցով կառուցում մեր օրերը, ամբողջացնում մեր կյանքը։

Այլ խոսքով, այս կյանքը նման է ֆիլմի ստեղծման, որտեղ սցենարը զորեղ մտքի մեջ արդեն արարված, կերպավորված մի ամբողջություն է, որտեղից էլ վերցվում, հանվում, կերպավորվում են առանձին դրվագները, որպեսզի կենդանություն առնի, գործող ու ճանաչելի դառնա մինչ այդ արդեն իր ձևի մեջ արարված ամբողջը՝ կյանք-ֆիլմը։ 

Դիանա Համբարձումյանի «Մեղր ու լեղի աշխարհ»-ը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն ընդհանուրը, որից կատարում ենք ամենօրյա հատումները։ Ահա այս գիրքը կարդալուց հետո է, որ ընթերցողի ներսում արթնանում է տիեզերական անիմանալի գոյաբանության մասին միտքը, ինչպես նաև արթնանում է այդ ամենն ընկալելուն անհրաժեշտ մի նոր զգայարան։ Հասկանում ենք, որ մեր ամենօրյա գործը մի հզոր Գոյի ներկայության հետ է, որից յուրաքանչյուրս մեր չափին հարմար, երբեմն էլ՝ մեր չափից շատ ենք ուզում կտրատել ու տեղավորել մեր ապրած օրերի մեջ։ Արթնացած զգայարանը չի սահմանափակվում` ի ցույց դնելով մեզանից դուրս եղած Գոյն ու նրա մեջ մխրճված ապրելով նրանից անընդհատ քաշելը։ Հասկանում ենք, որ մենք թե՛ կտրատողը, թե՛ մեր իսկ ապրածով կտրված հատվածները վերականգնելով` նույն Գոյի կենդանությունն ապահովողն ու ամբողջացնողն ենք։

Ահա մի շարժ, որի մասին այս գրքի միջոցով արթնացող մեր ընկալումներն իմաստասիրական հետաքրքրությունների գաղտնարաններն են քաշում մեզ, ու գնում ենք հեղինակի հետ կամ նրա ետևից՝ միանգամայն վստահելով նրան, որովհետև այն, ինչի մասին նա խոսում է, շատ կյանքային է այնքանով, որ եթե ոչ նույնությամբ, ապա մի այլ տարբերակով դրանք զուգահեռվում են մեր ապրած օրերի, մեր ունեցած շփումների հետ։ Կյանքային լինելով հանդերձ՝ ասելիքը չի մնում նույն ասելիքի շրջանակում, որովհետև նրա շուրջը հյուսված պատճառահետևանքային այնպիսի հոգեզարդարումների ենք հանդիպում, որոնց համար քիչ է ասել, թե դրանք հետևանքի մեջ են բացում պատճառով ներկայացող հարցերի պատասխանները։

Դիանա Համբարձումյանը մտքի ու երևակայության իր գործիքներով կյանքի այնպիսի մի համանվագ է ստեղծում, որի մեջ թաթախված ընթերցողը, անպայմանորեն, ուզենալու է դեռ երկար ժամանակ հոգելից նյութ քաղել յուրաքանչյուր հնչերանգի միջից։ Նոտաների անվանումներն այստեղ, որոնցով սկսվում են վեպի 273 պատմություններից յուրաքանչյուրը, պատումային այդ համանվագը շարժող դիրիժորական փայտիկներին են փոխարինում։ 

Հիշեցի մի ֆիլմ՝ «Տիտանիկը»։ Նվագախումբը նվագում է այն պայմաններում, երբ կյանքն ու մահը շարժման երկու թևերի պես իրարով են տալիս մարդկանց։ Նույն նվագախումբը, որպես կյանքի ու մահվան գոյաբանական խորհրդանիշ, իր գործն է անում՝ առանց հաշվի առնելու առանձին դրվագների մեջ խաղացվող պատկերները։ 

Այսպես, ի՞նչ կապ կարող է ունենալ  Ռե նոտայի անվանումը, ասենք, «Տղամարդկություն» պատմվածաշարի հետ։ Նույն այս վերնագրի տակ պատմություն է Գարիկի շուրջը, որն իրենով ընթերցողի արյան մեջ տարբեր հոսքեր է առաջացնում՝ ուղղորդելով մե՛կ դեպի ծխեցրած ձկների գլխին կանգնած ձկնավաճառ պառավը, մե՛կ դեպի «ոստոստացող աղջնակը», որն «անաղմուկ հեռանալով հանցանքի վայրից՝ անշտապ անցնում է բանուկ փողոցն ու անհետանում բարձրահարկ նորակառույցների անմարդ բակերից մեկում», մե՛կ դեպի իր Աստղիկ քրոջ կյանքի դրվագները, մե՛կ  դեպի միջին տարիքի տղամարդու հոգսաշատ կյանքը, մե՛կ դեպի ընտանիք հասկացության վերլուծությունն ըստ կենցաղային պահանջների, մե՛կ դեպի հայոց լեզվի ուսուցչի օգտագործած բառերը և այլն։ Եվ այդ ամենն ընդամենը չորսուկես էջի պատմություն է, նոտաձայնի բարձրացում ու իջեցում չորս էջի մեջ, արյան հոսքի արագացում ու դանդաղում… Բայց չես ուզում դուրս գալ։ Ուզում ես մարսել հնչյուն առ հնչյուն, որովհետև այն միտքը, որ հավաքական ամբողջի շնչառությամբ ես շնչում, ամբողջից կարողանում ես մասնահատումներ անել, ինքդ էլ դառնալ քո մասնահատումներով ամբողջը վերականգնող, վերաիմաստավորող մեկը, արդեն շարժման մեջ է քաշում քեզ։ 

Համանվագի մեջ ընթերցողն ինքը՝ ձայն ու նվագ կամ գործող կերպար է դառնում։ Յուրաքանչյուրն ինքն իր փայտփորիկին է գտնում, որովհետև ծառը, փչակն ու փայտփորիկը այստեղ մարդն է, ուղեղն ու միտքը։ Երբ մարդը գտնում է իր փայտփորիկին, բարեկամանում է հեղինակի փայտփորիկի հետ, նրանք ճանաչում են իրար ու ավելի միասնական, հաշտ ու համերաշխ շարունակում իրենց գործերը, յուրաքանչյուրն՝ ինքն իր կրողի հետ։

Նոտաների անվանումները, եթե ներկայանում են 273 տարբեր տեղերում, տարբեր ձայներով ու չափերով, այնուամենայնիվ, այստեղ իր ներքին շնչառությամբ կենդանի ձևով գործում է 7 նոտաներից բաղկացած հիմնական ամբողջությունը՝ Ռե նյութով, Մի հրաշքով, տիեզերական կամ արեգակնային Ֆա համակարգով, Սոլ Արեգակով, Լա Ծիր կաթինով և Սի երկնքով։

Դիանա Համբարձումյանի վեպը՝ հետադարձ զուգահեռումներով, մարդկային հիշողությունների դաշտի մեջ ստեղծված մի հոյակերտ համանվագ է։ Հիշողությունների դաշտն ինքն էլ մի համանվագ ամբողջություն է, որտեղ կարող ես առաջանալ՝ հոտոտել օդը, հետո կրկին ետ գնալ, հոտոտել մի ծաղիկ՝ չպատկերացնելով, որ այդ ամենը տվող ընդհանուրի աչքի առաջ ամբողջի մասերն ես հոտոտում կամ փայտփորիկ դառնալով՝ առաջ ու ետ թևում։ Եթե համանվագ, ուրեմն՝ այն չափագրման իր հիմքն է ունենալու, որի կառույցի շուրջը իրար հետ համադրվեն բոլոր նվագները, ձայները, հնչյունները կամ պատումները։ Ներկա դեպքում համանվագի չափագրման համար երկու չափորոշիչ է գործում՝ մեղրն ու լեղին, ասել է թե՝ ցավն ու ուրախությունը, չարն ու բարին… Դրանք միշտ միասին, իրար հետ զուգահեռ գնացող գործընկերներ են՝ «Ու էդպես էլ անսեր կծերանայի, եթե այն օրը, այն տեղատարափ անձրևի օրը հովանոցս համը չհաներ ու ինձ քոռ ու փոշման չթողներ շփշփոցով թափվող անձրևի տակ, երբ թրջվեցի մինչև ներքին օրգաններս։ Էհ, չկա չարիք, առանց անակնկալի, ու չկա բարիք, առանց կորստի։ Ու եղավ բարիքը, որ ինձ սեր տվեց, ու իմ սիրուց ծնվեց Արտոս, որ իմ գլխին չարիք դարձավ՝ կսկիծ ու ցավ պատճառելով։ Ինչո՞ւ։ Ես ի՞նչ մեղք ունեմ, որ…»։ Եվ ծայր առած քաղցր ու լեղի հուշերը, գրկախառնվելով խնջույքին ներկա մյուսների կյանքի դրվագների մասին ծանր ու թեթև հուշերի հետ, մնում են ներսում, իսկ դրսում արտաքին ձևը պահելով՝ ահա Արտոյի մայրը մեկին ձկան սիրելի պոչն է հրամցնում, ապա մթնոլորտն առույգորեն ցրում՝ առաջարկվող կենացով։ 

Անշուշտ, գրողի երևակայությունը գուցե նույն փայտփորիկի կտուցի ծայրին է, որ մտքին անտեր չի թողնում ու նրա հետ ընկերակցելով՝ կերպար, պատկեր, իրավիճակ է ստեղծում, որ կարող է լինել ընտանեկան հարաբերություններով շրջանակված, պատերազմի դաշտում գտնված մի լուռ անկյան պայմաններում և այլն։  

Չնայած հիշողությունների դաշտի բնակիչների, որոնք, ի դեպ, բոլորն էլ յուրային են, աներևույթ խոսքերով պատճառաբանված հոգեհարազատությամբ մարդիկ, նրանց ժամանակները որոշակի տարբերություններ ունեն, սակայն վեպը կոնկրետ ժամանակային ֆոն ունի։ Ետ ես գնում հեղինակի հետ ու կրկին տուն գալիս, իսկ երբ արդեն տանն ես, արտաքին աշխարհին ուղղված քո ներքին խոսքը գլուխ է բարձրացնում, ուզում ես արտաքին ու ներքինը կամ ներսն ու դուրսը միասին տեսնել, այսինքն՝ զգալ ամբողջը, զգալ Դո-ն կամ, գուցե, հենց ի՞նքդ լինել այդ աչքը… Այո, այս վեպը մարդ բարձրացնող է, նրանց համար է, ովքեր ասում են. «Ես էլ ոչ մի բանի չեմ հավատում այս կյանքում»։

Բաներ կան, որոնց պետք է հավատալ, բաներ կան, որ, եթե հավատաս, վեր կբարձրանաս, Աչքն ավելի մոտիկից կտեսնես, կիմանաս նյութի ու աննյութի տարբերությունը, Արեգակնային համակարգի Ֆա-ով կիմաստնանաս, Ծիր կաթինի Լա-ով կզմայլվես ու այդպես շարունակ։ Բայց դրանից առաջ մի պայման կա դու պետք է հարցնես ինքդ քեզ՝ «Ես, հենց ես, ես ի՞նչ եմ անում, որ էս գահավիժող ձնագնդին չհասնի ինձ ու տակովն անի իմ տունն ու տեղը, իմոնց հիշատակներն ու իմ երազանքները»։ Անշուշտ, չես գտնելու պատասխանը, մանավանդ, որ ինքդ էլ ձնագունդը գլորողներից մեկն ես, բայց այդ հարցերը հավաքող կա, «փոստատար» կա, որը խոստանում է տեղ հասցնել, պատասխանողին հասցնել։ Հավատանք նրան՝ միտքը՝ փայտփորիկ, իրեն՝ փոստատար ներկայացնող Դիանա Համբարձումյանին, հավատանք, որովհետև այս վեպն ընթերցելուց հետո անելու ուրիշ բան չի մնում։ 

Չմոռանամ ասել, որ վեպն ինքն էլ իր կառուցվածքով տեղավորվում է ամբողջի ու նրա մասնահատիկի հարաբերության մասին եղած գաղափարաբանության մեջ։ Յուրաքանչյուր վերնագրի տակ այստեղ անվերնագիր այնքան իրական, այնքան հուզաշատ ու այնքան քոնը եղող, այնքան իրար մեջ շղթայվող ու կրկին առանձնացող պատմաշարեր են, ասես, մի նոտայի մեջ, լայնությամբ ու երկարությամբ իջեցվող ու բարձրացվող մի քանի ձայներ են հնչում, որոնք ոչ թե խանգարում են լսողությանդ, այլ՝ ուղղորդում են դեպի Աչքը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։