Նոր խոսք հայ մանկագրությունում / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ա՜Յ ՔԵԶ ԿՐԿԵՍ, Ա՜Յ ՔԵԶ ՏՈՒՆ…

Տո՞ւնն էլ կրկես ունենա՝ իր զարմանալի, առեղծվածային բնակիչներով՝ էլ արջ ու հովազ, էլ աճպարար կատու, էլ ծաղրածու աքլոր… Բայց սպասեք, պարզվում է, որ՝

Ընտանիքն այս հայկական

Մի կրկես է իսկական.

Հայրս արջ է՝ աճպարար,

Մայրս՝ կատու խոհարար,

Պապս՝ ընտիր ծաղրածու,

Իսկ իմ տատը՝ հարսնացու,

Իսկ ես՝ մե՛րթ հանդիսատես,

Մե՛րթ էլ շեկլիկ մի աղվես…

Կրկես չէ, ի՛նչ է. ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ: Այդպիսի կրկես իրոք գոյություն ունի՝ հավատացնում է անվանի մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը և այն էլ՝ իր հեղինակած «Մեր տան կրկեսը» գրքում: Եզակի երևույթ հայ մանկագրությունում. սա մանկանց ու պատանիների սերունդների ամենասիրելի գրողներից մեկի 36-րդ գիրքն է՝ ի նշանավորումն իր 70-ամյակին: Գրող, ում ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են երեք տասնյակից ավելի լեզուներով, մանկապատանեկան գրքերը, այդ թվում՝ արկածային վիպակները, հրատարակվել են գերմաներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, ղրղըզերեն… Նրա անունն ընդգրկվել է Հանս Անդերսենի անվան համաշխարհային մրցանակաբաշխության վերջնական ցանկում: Եվ այսպես, հպարտություն է, որ մենք ունենք միջազգային ընթերցողական շրջանակներում ճանաչում գտած երևելի մանկագիր:

Ես առիթ եմ ունեցել տարիներ առաջ «Ինչպես հեքիաթի ձին» գրքով ներկայացնել Էդվարդ Միլիտոնյանի «մանկական աշխարհը»՝ իր հեքիաթային, զարմանալի, անսովոր, զվարթ գույներով ու ձայներով, անհավատալի իրողություններով, հումորային զվարթ նրբերանգներով հյուսված լեզվով ու ինքնատիպ ոճով: Եվ հերոսներն էլ նույնքան զարմանալի, «տարօրինակ» արարքներով երեխաներ են, նաև՝ ամենատարբեր կենդանիներ ու թռչուններ, ծառեր ու ծաղիկներ, բնաշխարհն իր ամբողջ գունագեղությամբ: Մի խոսքով, նոր երևույթ ժամանակակից հայ մանկագրությունում, որի առաքելությունը ինքը՝ գրողը, այսպես է իմաստավորել. «Մանկական բանաստեղծությունը պետք է խոսի երեխայի հետ, պետք է թռչի նրա հետ, ինչպես հեքիաթի ձին»: Այդ նույն թռիչքով են մանուկ ու պատանի ընթերցողներին ներկայացել նրա բոլոր տարաժանր ստեղծագործությունները՝ լինի բանաստեղծություն, հեքիաթ, արկածային վիպակ թե պատմվածք, և ինչպես գրքի բնաբանում եմ նշել. «Ժամանակակից «մեծական» պոեզիայի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկը՝ Էդվարդ Միլիտոնյանը, իր մնայուն հետագիծն է թողել նաև հայ մանկապատանեկան գրականության մայրուղում: Երեխաների հոգեբանության ճշմարիտ զգացողությամբ, գունագեղ պատկերներով, լեզվաոճական զվարթ տարերքով, իրականի ու երևակայականի հետաքրքրաշարժ հյուսվածքով նրա բանաստեղծական ժողովածուները արդեն մի քանի տասնամյակ ընթերցողական սերունդների բարի ուղեկիցներն են»:

«Բարի ուղեկցի» այս նույն առաքելությամբ է լույս աշխարհ եկել նաև «Մեր տան կրկեսը» ժողովածուն, որտեղ ներառված են վերջին տարիներին գրած մանկական բանաստեղծությունները: Այո՛, Էդվարդ Միլիտոնյանի մանկաշխարհը հայ ոչ մի մանկագրի ստեղծագործական աշխարհին նման չէ: Այն առավել, քան ինքնատիպ է, միայն իրեն բնորոշ լեզվաոճական գունագեղ հյուսվածքով, ամենից ավելի՝ հումորի անսպառ պաշարով, զվարթ-զվարճալի տարերքով: Գիրքը ափից ափ, սկզբից մինչև վերջ, բանաստեղծությունից բանաստեղծություն «լցված» է ծիծաղով, Նորին Մեծություն զարմանքով, զվարթությամբ: Զվարճացի՛ր, ընթերցո՛ղ, ծիծաղիր՝ որքան կուզես, միայն թե կա մի անխախտ պայման. խորանալ բանաստեղծի ասելիքի էության մեջ, փորձել հավատալ նրա անհավատալի թվացող, չափազանցության ու երևակայության մեծ չափաբաժնով, այլաբանական ներքին շարժով, մտքի խաղերով և արտահայտչական-պատկերավորման այլազան միջոցներով ներկայացվող բանաստեղծական խոսքին: Եթե այդ պայմանն ընդունես, ուրեմն գտել ես գրողի մանկաշխարհի դռները բացող բանալին ու ներս մտել՝ այնտեղից այլևս դուրս չգալու մտադրությամբ: Բայց այդ աշխարհում ճանապարհորդելիս դու հասկանալու, ըմբռնելու, մտքի թռիչքի որոշակի ունակություն պետք է ունենաս բանաստեղծի խոսք ու խոհի զվարճալի «ռեբուսները» (այդպես ասենք) բացահայտելու համար: Խորքում թաքնված պարզ թվացող ասելիքի բարդությունը հենց այդ պարզության մեջ է: Դե՛, քանի որ ձեռքիդ արդեն մանկաշխարհի բանալին ունես, հուսով եմ, չես դժվարանա թեկուզ այսպիսի «ռեբուսի» ասելիքը հասկանալու ճանապարհին.

Հավատացեք,//Ճիշտ եմ ասում,//Ունենք կատու,//Գիրք է կարդում//Եվ սիրով է//Հետո պատմում.//Թե ոնց դարձավ//Այսքան գիտուն…//…Չե՞ք հավատում,//Ահա կատուն//Ձեզ է նայում//Խիստ իմաստուն…

Իսկ դու, իմաստո՛ւն ընթերցող, անշուշտ, հասկացար, թե ինչ է ուզում ասել բանաստեղծը: Կծիծաղես, կզվարճանաս, բայց ի՜նչ դժվար է հասկանալ, որ այս «ռեբուսը» քեզ հուշում է, որ գիրք կարդալը, ընթերցանությունը գիտուն դառնալու հրաշալի միջոցներ են: Իսկ «հեռախոսացավով» հիվանդ քո հասակակիցներին ի՞նչ խորհուրդ է տալիս բանաստեղծ-բժիշկը. բուժվել այդ վտանգավոր հիվանդությունից, քանի դեռ վերջնականապես չես հայտնվել հեռախոսի ծուղակում.

Հեռախոսի հիվանդություն,//Ման ես գալիս դու տնից տուն,//Հեռախոս է ձեռքների մեջ,//Խաղում են ու զանգում անվերջ,//Այսքան բժիշկ մենք ո՞նց ճարենք,//Որ տների մեջ բաժանենք:

Իսկ գիտե՞ք, որ բանաստեղծը «հայտնաբերել» է մի զարմանալի լեզու՝ պոչերեն, և գրքում էլ մի ամբողջ բաժին է այդ լեզվին հատկացված, շների վարքագծին ու «բնավորությանը» նվիրված բանաստեղծությունների շարք: Այդ լեզվով է շունը հաղորդակցվում մարդու հետ՝ պոչը շարժելով: Հենց այնպես՝ զվարճանքի համար չեն գրված այդ բանաստեղծությունները. «Շնային աշխարհի», մարդու հավատարիմ բարեկամի ճանաչողության քանի՜-քանի պոչերեն «դաս» է ուսուցանում բանաստեղծը:

Այսպես, Միլիտոնյանի ամեն մի բանաստեղծության մեջ «թաքնված» է ճանաչողական-ուսուցողական, եթե կուզեք՝ նաև դաստիարակչական խորհուրդ, որ ասելիքի «ոսկե միջուկն» է: Եվ դու, փոքրի՛կ ընթերցող, պիտի իմանաս, որ մանկական բանաստեղծության «թշնամին» խրատաբանությունն է, բարձրահունչ խոսքն ու խոհը, և դու չես սիրում, երբ այս կամ այն գիրքը գլխիդ խրատներ է կարդում, որ լինես այսպիսին, այնպիսին, անես այն, ինչ քեզ պարտադրում են: Իսկ «Մեր տան կրկեսի» հեղինակը քո զրուցընկերն է, քեզ է թողնում ընթերցելու և եզրահանգումներ անելու հնարավորությունը: Մի խոսքով, գնահատանքի վերջին խոսքը նույնպես քոնն է: Իսկ ես միայն մի փոքր ուղղորդեցի այս եզակի բանաստեղծական ժողովածուի զարմանալի աշխարհում ճանապարհորդելիս: Դե՛, ուրեմն, մինչ նոր հանդիպումներ «Մեր տան կրկես»-ում՝ Էդվարդ Միլիտոնյանի մանկաշխարհում:

 

Հ. Գ. Գիրքն աչքի է ընկնում նաև իր շքեղ, գրավիչ նկարազարդումներով, որոնց հեղինակները անվանի նկարիչներ են՝ Ցոլակ Կանթեղ, Անդրանիկ Կիլիկյան, Արկոն, Մարգարիտա Փարեմուզյան, ձևավորումը՝ Արշալույս Արզումանյանի, հրատարակչությունը՝ «Արմավ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.