ԺԵՆՅԱ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ / ԱՊԱԳԱՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՆՑՅԱԼԻՑ

Ժենյա Քալանթարյան
Ժամանակակից հայ արձակն ընդհանրության մեջ, ոճական, մեթոդական ու ժանրային առումով հասել է որակական մի նոր մակարդակի, որի նախադրյալներն ստեղծել են 20-րդ դարի 60-ական թվականների արձակագիրները: Նրանք նկարագրական արձակի կողքին ստեղծեցին պատմողական արձակ, հրաժարվեցին հերոսների սև և սպիտակ կարծրատիպերից, հստակորեն տարորոշված թեմաներից ու ավարտուն սյուժեներից՝ փորձելով կենտրոնական դարձնել մարդու թեման: Այս հատկանիշները ժանրային ու ոճական նոր ձևերի մեջ իրենց հետագա զարգացումն ունեցան մերօրյա արձակում:
1960-ական թվականների կեսերից է ստեղծագործում նաև արձակագիր Վահագն Գրիգորյանը, որի ստեղծագործությունը, լինելով 60-70-ական թվականների գրականության նկատելի ու տարբերակվող էջերից, անկախության շրջանում ևս համընթաց եղավ նորագույն արձակի ոճական ու ժանրային որոնումներին: Նրա «Թռչունի հոգին», «Ոստանի վերջին ճամփորդությունը», «Առաջնորդի կյանքն ու մահը» ստեղծագործությունները վերջին տասնամյակների հայ կյանքի արձագանքն են գեղարվեստական ինքնատիպ ձևերի մեջ: Իսկ 2008 թ. լույս տեսած «Ժամանակի գետը»* գրքով Գրիգորյանը հարստացնում է ժամանակակից հայ արձակի ժանրային տեսականին՝ որակական նոր մակարդակով վերակենդանացնելով գեղարվեստական տարեգրության ժանրը: Ի դեպ, ժանրի անվանումը հեղինակինն է և կանխում է վեպի (վեպ-տարեգրություն) կառուցվածքի առթիվ ծնված հարցականները: Իսկապես միայն տարեգիրը կարող է մի գրքի մեջ սեղմել-խտացնել պատմական խոշոր աղետներով ու հիշարժան իրադարձություններով հագեցած մի ամբողջ դարի ժամանակագրական պատմություն՝ անշուշտ, որոշակի տեսանկյունով ընտրված դեպքերի ու մարդկային սերունդների հաջորդկանությամբ:
«Ժամանակի գետը» բազմապլան ստեղծագործություն է, որտեղ առաջնայինը հայերի նկատմամբ Թուրքիայի վարած, եթե ցինիկ ու հրահրող չլիներ, կարելի կլիներ ասել ճկուն քաղաքականության բացահայտումն է: Արձակագիրն այս գրքում մե՛րթ պատմական վավերագրերն ու ժամանակի մամուլը բարեխղճորեն ուսումնասիրած պատմաբան է, մե՛րթ կրքոտ հրապարակախոս, որ բողոքում է պատմական անարդարության դեմ և, իհարկե, առաջին հերթին հմուտ արվեստագետ, որ հեգնանքի ոճական միջոցներով բացահայտում է թուրքական «առաքինության և խաղաղասիրության» կեղտոտ աստառը:
Տարեգրության հիմքում խարբերդցի Տեր-Գալուստյան մեծ գերդաստանի ողբերգական ճակատագիրն է, հայերի տարեգրությունը, աքսորը, թալանը, միով բանիվ՝ ջարդն ու բնաջնջումը: Գրքի հետագա գործողությունները պայմանավորված են ցեղասպանությունից մազապուրծ այս գերդաստանի առանձին ներկայացուցիչների հետագա կյանքի իրադարձություններով: Սակայն առավել կարևորն այն է, որ Գրիգորյանը 1915 թ. ցեղասպանությունը դիտարկում է իբրև թուրքական հետևողական քաղաքականության մի, թերևս ավելի ցայտուն արտահայտված դրվագ, որն ուներ իր երկարատև նախապատրաստությունը և ցեղասպանությանը հաջորդած նույնքան արմատական շարունակությունը: Թուրքական «քաղաքակրթական առաքելությունը» (ինչպես որակում էին իրենք) նոր ժամանակներում սկսվում է «եվրոպական ոգով դաստիարակված» Միդհաթ փաշայի «Սյուփյուրգե» («Ավել») կազմակերպությունից (1876 թ.) և երիտթուրքերի ու քեմալականների ճանապարհով հասնում մինչև Հրանտ Դինքի սպանությունը, մինչև մեր օրերը:
Թեև սպանության ձևերի հայտնագործման ասպարեզում թուրքերը չեն կարող առաջնության դափնին զիջել ուրիշի, բայց նրանք վարպետ են նաև «խաղաղ» սպանության մեթոդների մշակման գործում: Այդ մեթոդներից մեկը Ունևորության հարկերի օրենքն էր ոչ մահմեդականների համար, ըստ որի առասպելական գներով գնահատեցին քրիստոնյաների չնչին ունեցվածքը և հարկերի տակ ճզմելով նրանց՝ աքսորեցին Աշքալե, որտեղ ջարդերից մազապուրծ հայերը գտան իրենց մահկանացուն:
Իհարկե, մանրամասն անդրադառնալ թուրքական քաղաքականության մեծ ու փոքր ստորություններին և նրանց՝ օրենքով ամրագրված բոլոր խարդավանքներին, գրեթե անհնար է: Գրքում Վահագն Գրիգորյանը միանգամայն ակնառու է դարձնում թուրքական ֆաշիզմի ձևավորման մեծ ու փոքր ազդակները՝ ազգային սնապարծությունը, թրքությունը փառաբանող հետևողական քաղաքականությունը, պատմությունն աղավաղելու, ուրիշների մշակույթին տեր կանգնելու համառ ու հետևողական ջանքերը, սեփական չեղած առաքինությունների թմբկահարումը, ինչպես նաև ներքին ու արտաքին սպառնալիքների մարտավարութունը:
«Ժամանակի գետը» գրքում առանձին թեմա է իրենց գործի արդարացիության մեջ համոզված թուրք հասարակ, կատարող ոճրագործների, այսինքն՝ ծրագրված ոճիրն իրականացնողների և այդ ճանապարհով դիրք ու հարստություն ստեղծած մարդկանց խնդիրը: Տարեգրության մեջ գրողի այդ դիտարկումը լավագույնս մարմնավորվել է Ռեջեփ Փերիչեքի կերպարում:
Վիպական գործողությունների առանցքում Տեր-Գալուստյան տոհմն է, որի մի ճյուղը Խարբերդում է, մյուսը՝ Վանում, և երկու ճյուղն էլ, առավել կամ պակաս չափով, ենթարկվում է նույն աղետին: Կենտրոնական հերոսներից մեկը Մարիամն է, որ Վանից հարս էր եկել Խարբերդ՝ նույն տոհմի մեկ ուրիշ գերդաստան: Մարիամը դժբախտություն է ունենում ենթարկվելու բոլոր սարսափներին: Նրա ամուսնուց թուրքերը նախ փրկագին են վերցնում, որ բանակ չտանեն, հետո բանակ են կանչում և սպանում, ինչպես բոլոր հայ տղամարդկանց: Ամուսնու հորը պայտում են, նոր սպանում: Հղի Մարիամը հազարավոր մարդկանց հետ բռնում է տարագրության ճանապարհը: Ամուսնու՝ Գլակի Արուսյակ քրոջն ու Հովսեփ եղբորը ոսկիների հետ միասին երիտասարդ կինը ժամանակավորապես պահ է տալիս հարևան քաղցրալեզու թուրք Աբդուլլահին՝ վերադարձին նրանց հետ վերցնելու պայմանով: Թուրքը անչափահաս աղջկան ամուսնացնում է որդու հետ՝ Տեր-Գալուստյանների ունեցվածքին տիրանալու համար, իսկ աղջիկը մեռնում է ծննդաբերության ժամանակ: Տղային՝ Հովսեփին, հանձնում է որբանոց, որտեղից նա երկու անգամ փախչում է, ի վերջո բռնում են ու մահմեդական դարձնում: Աքսորի ճանապարհին Մարիամը երկու անգամ փախչում է, խենթանում է և խելքի գալիս, հերոսաբար հաղթահարում իր ողբերգական ճակատագիրը, հրաշքով փըրկվում և ունենում որդի, որին հոր անունով կոչում է Գլակ… Մեծ եղեռնի հազարավոր դրվագներից մեկն է սա, հար և նման մյուս պատմություններին, բայց և անհատական ճակատագրի պես անկրկնելի…
«Ժամանակի գետը» գրքի հերոսներից յուրաքանչյուրի կյանքի ոդիսականը, մանավանդ Մարիամինը, Յուսուֆինը (Հովսեփինը), Գլակինն ու Գնելինը, կարող է դառնալ առանձին վեպի նյութ, սակայն բոլորինը միասին ընդհանրական է դարձնում վիպական հերոսների ճակատագիրը՝ անկրկնելի ու ընդհանրական միաժամանակ: Այս իմաստով հերոսներն ավելի նման, քան տարբեր հատկանիշներ ունեն, և դա ինչ-որ տեղ հասկանալի է, քանի որ բոլորն էլ հայտնվել են ժամանակի գետի նույն քմահաճ հոսանքի մեջ, որն ավելի շուտ նրանց միավորում է, քան անջատում: Իհարկե, շատ լավ կլիներ, որ այդ հերոսները այլ տարբերակիչ հատկանիշների հետ միասին ունենային նաև տարբեր անուններ, չլինեին երկուական Գլակ, Գալուստ ու Քնար: Հղացումը թերևս ընթերցողին խաղի մեջ ներգրավելու նպատակ է ունեցել, բայց ավելորդ խճճվածություն է առաջացնում վեպ-տարեգրության մեջ:
Եթե ժամանակի գետի ընթացքը կանգ առներ բուն ջարդերի ու տեղահանության ավարտի վրա, թերևս քիչ բան կավելանար ուրիշների ասածին: Վահագն Գրիգորյանը շարունակում է պատմությունը՝ հետևելով ցեղասպանության զոհերի սերունդների կյանքին: Նրանց կյանքը մեկընդմիշտ ջարդված է, հայերի ցաքուցրիվ բեկորները այդպես էլ հանգիստ չեն գըտնում որևէ երկրում, եթե անգամ ապրում են բարեկեցիկ կյանքով: Կորուստների ցավը, հիշողությունը, պարտվածի բարդույթը, արդարության վերականգնման անհնարինությունը այս մարդկանց դարձնում է հեշտ խոցելի ու դժբախտ:
Գլակի որդի Գնելը կորուստների հետքերով, հորեղբորը՝ Հովսեփ-Յուսուֆին գտնելու և ինչ-ինչ հարցեր պարզելու նպատակով անվերջ դեգերում է Փարիզ-Երևան-Պոլիս-Վիլնյուս ճանապարհներին: Հայի ցաքուցրիվ բեկորները տարրալուծվում են մարդկության մեջ: Գնելն ապրել է Երևանում, գիտե հայերեն, բայց ստեղծագործում է ֆրանսերեն, իսկ նրա աղջիկը՝ Անին, թեև հայերեն կարող է խոսել, բայց արդեն ֆրանսիացի է էությամբ: Գնելն իր ապագան լիտվացի Աստայի հետ է տեսնում: Հիմա էլ սպառնում է սպիտակ ջարդը:
Վ. Գրիգորյանը չի խնայել նաև բոլշևիկներին: Փրկված տարագիրներն ու նրանց զավակները ներգաղթելով հայրենիք՝ ընկան մի նոր աղետի մեջ: Վեպի հերոսներից Միսաքի՝ Մարիամի եղբոր և Գնելի քեռու տղայի մասին հեղինակը գրում է. «Լսելով Գլակի ու Մարիամի ոդիսականը և պատմելով իրենցը՝ նա չկարողացավ չմտածել, որ հայրն ու պապը թուրքերի ձեռից պրծան, որ ընկնեն բոլշևիկների ձեռքով: Բոլշևիկները, մտածեց, կարծես դիտավորյալ ամեն ինչ այնպես արեցին, որ թուրքերի սկսածը կիսատ չմնա»: Հայաստան ներգաղթած Գլակը հայտնվում է Ալթայի երկրամասում՝ մտածածը բարձրաձայն ասելու և Վանի ջարդարար Ջևդեթ փաշային մերկացնող թղթերը պահելու համար, որովհետև Թուրքիայի հետ բարեկամություն անող Խորհրդային Միության մեջ այդ թղթերը վտանգավոր էին: Եվ աքսորից վերադառնալուց հետո Գլակը կրկին բռնում է տարագրության ճանապարհը:
Եթե բացառենք թուրք բարձրաստիճան պաշտոնյաների և մի քանի օտարերկրյա դեսպանների ու հյուպատոսների անունները, որոնք պատմական որոշակի անձինք են, ապա մնացյալը գեղարվեստական հորինվածք է, հերոսները՝ երևակայության ծնունդ, որոնք, սակայն, ապրում են իրական աշխարհում: «Ժամանակի գետը» գրքի մասին թերևս կարելի է ասել նույնը, ինչ ասում է Կոստան Զարյանը «Նավը լեռան վրա» վեպի մասին. «Այս վեպը սովորական առումով պատմական վեպ չէ, այլ պատմությունը մի քանի հոգիների, որոնց վիճակվեց ապրել մեր ազգային կյանքի ամենաբախտորոշ ժամանակաշրջաններից մեկում (այս պարագայում՝ ցեղասպանության ժամանակ – Ժ.Ք.): Նաև այս առումով մեզ ճշմարտությանն ավելի մոտ է թվում «Ժամանակի գետը» վեպ-տարեգրություն անվանելը: Տարեգրությունը ենթադրում է պատմական իրադարձությունների և պատմությանը ընթացք տվող դեմքերի ժամանակագրական նկարագրություն: «Ժամանակի գետը» գրքում Վ. Գրիգորյանը ժամանակագրական կարգով պատկերել է պապից թոռ և ծոռ սերունդներին, որոնք թեև ընթացք չեն տվել պատմությանը, բայց քշվել-տարվել են ժամանակի գետի հոսանքով: Սակայն հեղինակի գեղարվեստական ոճն ու հնարանքները գիրքը դուրս են բերել զուտ տարեգրության շրջանակներից և այն դարձրել վիպական կառույց:
Այս առումով գեղարվեստական բնորոշ հատկանիշներից մեկը պատմությունը տարբեր գործող անձանց անունից շարադրելն է: «Ամեն դեպքում իմ բախտը խիստ բերեց: Նախ, որ չծնվեցի ափալ-թափալ, երթի թունդ պահին»,- այսպես է սկսում իր պատումը Գնելը: «Մենք՝ հատուկենտներս, որ վերապրել ենք թուրքական ջրհեղեղի նման այս պոռթկումը»,- հեղինակը խոսում է վերապրող հավաքականության անունից: «Ես, անկեղծ ասած, Վիլնյուսում ձմեռող մեր հերոսներից պակաս զարմացած չէի»,- պատմողը Տարոնն է: Պատմող հեղինակի կերպարը ևս միագիծ չէ: Նա մե՛րթ անաչառ պատմողի դերում է, որ արձանագրում է իրադարձությունները, մե՛րթ, առանց թաքցնելու հեղինակային վերաբերմունքը, հրաժարվում է չեզոքությունից և հանդես գալիս դատավորի դերում, իսկ գրքի սկզբում և վերջում մտերմիկ զրույց է սկսում ապագայի ընթերցողի հետ՝ փորձելով արդարացնել այն ատելությունը, որից առայժմ չի կարող ձերբազատվել ժամանակակից ընթերցողը, քանի որ նրա ցնծությունը «մեր կամքից անկախ, մեր անկատար ժամանակների լեղիով է դառնացած»:
Ցավոք, իրադարձությունների զարգացման ժամանակակից ընթացքը ևս հեղինակին ոչ մի լավատեսություն չի ներշնչում: Վեպի վերջաբանը տխուր հեռանկար է գուշակում. 2153 թ. Եվրոպայի համատարած թրքացում, Եվրամիության վերածում Եվրամեջլիսի, թուրքերենը պետական լեզվի հռչակում Եվրոպայում և այս ամենից բխող այլ գործընթացներ: Չարագուշակ տեսի՞լ է սա, թե՞ անտիուտոպիա, դժվար է ասել, բայց հաստատ է, որ դա զգոնության ու սթափության կոչ է, որ բխում է պատմության դասերից և հեղինակից փոխանցվում ընթերցողին:
Վերադառնալով տարեգրության գեղարվեստական հատկանիշներին՝ նկատենք նաև մի բնորոշ գիծ: «Ժամանակի գետը» գրքի հերոսները մուտք են գործում հեղինակի գեղարվեստական միասնական տարածք՝ 5-րդ փողոց, հաղորդակցության մեջ մտնում փողոցի սրճարանատեր Մնացի, Վասակ Մնացականյանի, Հմայակի և այլոց հետ: Գլակը Երևանում ապրում էր 5-րդ փողոցում, այնտեղ են ապրում Միսաքը, Տարոնը և ուրիշներ:
Վ. Գրիգորյանի ստեղծագործության տիրապետող ոճը՝ հեգնանքը, բնորոշ է նաև «Ժամանակի գետը» գրքին: Այդ հատկանիշով ևս գիրքը լրացնում-ամբողջացնում է հեղինակային գրական նախասիրությունները, միասնական դարձնում գրողի ստեղծագործական նկարագիրը:
Ցանկալի կլիներ, անշուշտ, գիրքը զերծ տեսնել հրապարակախոսական ուղղագիծ խոսքի կիրառությունից, ինչպես նաև գեղարվեստական տեքստի մեջ վավերական, արխիվային նյութերի ու մամուլի հաղորդագրությունների առատ օգտագործումից, ինչը ժամանակակից հայ արձակի բնորոշ հատկանիշներից մեկն է (Զ. Խալափյան, Պ. Զեյթունցյան…):
«Ժամանակի գետը» գրիքն ունի գաղափարական բազմաթիվ հարցադրումներ, ոճական հետաքրքիր զուգորդումներ և գեղարվեստական այլ հատկանիշներ, որոնց մենք չանդրադարձանք, բայց կարծում ենք, որ ասվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ գործ ունենք գրական նշանակալից երևույթի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։