Ալիսա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ

Արցախցին Արցախ կվերադառնա միայն այն դեպքում, եթե Արցախը լինի հայկական: Թշնամու ոտքն այնտեղ չպետք է լինի։ Այլապես տեղի կունենա հերթական կոտորածը, այս անգամ «թանգարանում մեկ հայ թողնելու» հայակործան ծրագիրը հեշտությամբ կիրականացվի։
Առնվազն միամտություն է մտածել, որ հայն ու ադրբեջանցին կարող են հաշտ ու համերաշխ ապրել հայի պատմական հայրենիքում, որտեղ դեռ թարմ են մորթված, անդամահատված հայերի մարմինները։
Արցախը դարձել էր փորձադաշտ, արցախցին՝ թիրախ: Հրեշավոր փորձարկումներով Արցախի ժողովուրդը ենթարկվել է անմարդկային կտտանքների՝ շրջափակում, սով, պատերազմ, կոտորած, սեփական տունն ու հազարամյակների պատմություն ունեցող երկիրը լքելու անօրեն պարտադրանք: Անցածը հնարավոր չէ վերադարձնել, սակայն հնարավոր և անհրաժեշտ է սխալն ուղղել, շտկել մեջքը և վերադարձնել կորցրածը: Արցախի ամեն մի քար, սար, ծառ պետք է լսի հայեցի խոսք: «Այբ, բեն, գիմ»-ին կարոտ դպրոցներում նորից պետք է հնչի արցախածին մանուկների առույգ ու զիլ ձայնը: Արցախի սուրբ հողի վրա պետք է խաղա, ապրի, ոգեշնչվի արցախցի մանուկը:
Արցախը հայի պատմական հայրենիքն է, այլ բան է, որ այդ իրողությունը շատերը ժամանակին չգիտակցեցին:
Երկիր, տուն, ունեցվածք, աշխատանք, հարազատներ կորցրած արցախցին այսօր ձեռնունայն, քամուց քշված տերևի նման չի կարողանում հարմարվել իրողությանը, բայց Արցախի ժողովրդին հերթական անգամ ստով կերակրել, անտեղի հուսադրել և տանել-հասցնել անդունդը, համարում եմ անմարդկային, ցեղասպան գործողություն:
Արցախցու տունդարձը պետք է հիմնավոր, փաստաթղթավորված և մշտական լինի: Որպեսզի արցախցին իր բնօրրանում այլևս զավակ կորցնելու, շրջափակման մեջ հայտնվելու, սովամահ լինելու, թշնամու արյունարբու ճիրաններում հայտնվելու վախեր ու անհանգստություններ չունենա: Այնքան համոզիչ ու վստահելի պետք է լինի նրա վերադարձը, որ ոչ հեռու անցյալը մեղմ երանգներով փաթեթավորի, մի կողմ դնի և ոտքն ամուր իր հողին դրած, մեջքն ուղղած՝ նորից ստեղծի ու արարի, ծնի ու բազմանա՝ տեսնելով վառ ապագայի շողերը: Իմ խոսքերը գուցե երազային, ոչ իրական, անհնարին թվան, սակայն, չմոռանանք, որ Արցախ կորցնելը նույնպես աներևակայելի էր, անհնար, բայց, դժբախտաբար, կորցրինք: Ուրեմն՝ հնարավորության սահմաններում տեղավորենք Արցախը վերադարձնելու տարբերակը: Անշուշտ, չմոռանանք դաս քաղել պատմությունից, սխալների վրա նոր սխալներ չավելացնենք, այլ՝ վերլուծենք կատարվածը, շտկենք բացթողումները, վստահ գնանք առաջ՝ ունենալով մեծ նպատակ և վեհ գաղափարախոսություն: Չպետք է միջազգային երաշխիքներն ու անվտանգային հարցերը ձևական բնույթ կրեն: Դատարկ խոստումները, պաթոսային ելույթներն ու կոչերն այլևս չեն կարող վստահություն ներշնչել և հայանպաստ գործունեության հենակետ դառնալ: Հարազատի, հոր, որդու, պապի մասունքները հայրենի հողին հանձնած արցախցին, հիրավի, այսօր մի երազանք ունի՝ վերադառնալ արյամբ, տառապանքներով պահած իր հայրենի երկիրը՝ որպես Արցախի Հանրապետության քաղաքացի։
Ազատագրված, անկախ ու ազատ Արցախ՝ իր տարածքային ամբողջականությամբ, ապահով, անվտանգ և արժանապատիվ կյանք. այս պայմաններով միայն արցախցին կարող է վերադառնալ իր տունը: Միայն այս պայմաններով Արցախի իրական տերերը՝ արցախցիները, առանց կասկածի, կբռնեն հայրենադարձության բաղձալի ճանապարհը:
Բացառվում է արցախցու վերադարձն Արցախ՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։