Հայրենիքը վտանգի մեջ է:
Թշնամական տանդեմը վերահաս սրի նման կախվել է հարատևության, մեր արժանապատիվ ապրելու իրավունքի վրա: Այսօր առավել, քան երբևէ, անմիջական ձևով շարունակվում են Ավարայրն ու մեր մյուս ազատագրական ըմբոստացումները, որոնք, հավատում եմ, վերջնականապես դուռ են բացելու ազատ գոյակցության, մեր ազգային ինքնությունը գալիք դարերում ապահովելու համար:
Եվ մենք հաղթելու ենք ոչ միայն զորավոր բազկով, այլև դարավոր փորձով ու իմաստությամբ: Այսօր բոլորս զինվորներ ենք՝ կանգնած հայրենական հողի, մեր վաղվա օրվա, մեր ազգային տենչանքների առաջապահ դիրքերում:
Մենք, որ Դավթի նման ելնել գիտենք վայրագ թշնամու դեմ, ապա՝ պարզել գիտենք աշխարհի քար ու անտարբեր երեսին ճշմարտության, ազատ խոսքի դրոշը:
Այսօր ռազմաճակատի գիծը անցնում է մեր սրտերի միջով: Եկեք ունկնդիր լինենք մեր ռազմարվեստի փայլուն հաղթարշավին, որ դիտապաստ դասեր է տալիս ատելությունից, թույն ու նախանձից կուրացած թշնամուն: Եկեք խնկարկենք նաև խոնարհաբար ընկածների սուրբ հիշատակը, որ ճեղքելով բռնության խավարը, ավետում են մեզ ազատության, ինքնակամ բախտի բոցավառ արշալույսը:
Իսկ ես վստահ եմ՝ հաղթելո՛ւ ենք: