ԻՐ ԻՍԿ ՑՆՈՐՔԻ ՍՏՐՈՒԿԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-Կոսյան
Ուկրաինական դեպքերից հետո Ադրբեջանում ավելի են ուժգնացել բռնություններն ու ահաբեկչությունները: Ընդդիմադիր ամեն խոսքի դիմաց ոստիկանությունն է, իսկ հայերին առնչվող աննշան շարժում կամ շշուկ համազգային ցնցումների ալիք է առաջացնում: Ադրբեջանի ներկայիս քաղաքական իրավիճակի, մասնավորապես, լրագրողների և քաղաքական ակտիվիստների հետապնդման նոր փաստերի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը: Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիեքսն էլ բարձրաձայնել է, որ «խոսքի, հավաքների ազատության վիճակն Ադրբեջանում, ցավոք, վատթարանում է», ապա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ «հրատապ ուշադրություն դարձնել այս հարցերին՝ համապատասխան Ադրբեջանի՝ որպես Եվրոպայի Խորհրդի անդամ երկրի, ստանձնած պարտավորությունների»: Իրավիճակի կուլմինացիան թերևս Բաքվի օդանավակայանում ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու ձերբա- կալությունն էր: Իրական պատճառը Յունուսի հայ-ադրբեջանական մերձեցման նախաձեռնություններն էին և ալիևյան ռեժիմի նկատմամբ ընդդիմադիր կեցվածքը: Այս միջադեպը լկտիության և մարդու նկատմամբ արհամարհանքի եզակի դրսևորում պիտի որակել, երբ տղամարդ ոստիկանը կնոջը ոչ միայն զուգարան է ուղեկցում, այլև հետևում է նրա գործողություններին: Բաքվի Յասամալ շրջանի ոստիկանապետ Իսմաիլ Ասադովի կարծիքով, «այդպես էլ պետք է լիներ, նման կնոջ նկատմամբ կարելի է ամեն բան, քանի որ Յունուսը կին չէ, ադրբեջանցի չէ` հայ է, որի համար պատրաստ է ոչ միայն նրա կյանքին վերջ տալ, այլև արյունը խմել, ինչպես որ հայերն են հազարավոր ադրբեջանցիների հետ վարվել»: Ոստիկանապետի այս դիրքորոշումը, հավանաբար, իշխանությունների դիրքորոշումից այնքան էլ չի տարբերվում: Այն տպավորությունն է, թե ազերիների հիշողությունը Կասպիցի ավազների վրա է գրված, որ ամեն ալիքից ջնջվում է: Կամ էլ Սումգայիթը, Բաքուն ու Կիրովաբադը Հայաստանի տարածքում են: Թե չէ ոնց էին մոռանալու, որ Ղարաբաղի դեմ պատերազմողները իրենք են եղել, որ այդ պատերազմում հայերի միակ «մեղքն» այն է, որ հաղթել են, չնայած ազերիական քարոզչությունը փորձում է նրանց վախկոտ ու փոքրոգի ներկայացնել: Այս առումով, հետաքրքիր է Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Գորշ գայլ» գումարտակի հրամանատար Նուրեդդին Խոջայի կարծիքը. «Եթե հայերը վախկոտ են, ապա մե՞նք ինչ ենք»: Նրա խոսքերով՝ «…հայերը ուժեղ ժողովուրդ են: Պետք է ընդունել իրականությունը»: Սակայն հենց դա է, որ ազերիներին չի հաջողվում, ովքեր իրենց ռազմատենչ ցնորքներին տրված, ընդամենը իրականությունը աղավաղելու, այն իրենց ցանկություններին հարմարեցնելու գործով են զբաղված: Մինչդեռ միջազգային հանրությանը ընդունելի չէ արնախումների անասնական գոյությունը, ատելության ու անհանդուրժողականության այն միջավայրը, որ ամենաշատը խանգարում ու խոչընդոտում է հենց ազերիներին: Եվ ովքեր փորձում են օգնել նրանց, փրկել ատելության կախարդանքից, հայտնվում են ազերիական նույն ատելության և թշնամության սև ցուցակում, որոնցից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը դժգոհել է ամերիկացի դիվանագետի գործունեությունից՝ նրան մեղադրելով քաղաքական կանխակալության, ղարաբաղյան հակամարտությունը խեղաթյուրելու, ինչպես նաև՝ հակաադրբեջանական գործունեություն ծավալելու մեջ: Ազերիներին դժվար է համոզել, որ իրենց նկատմամբ յուրաքանչյուրի օբյեկտիվությունը անարդարություն համարելը փոքրացնում է իրավիճակներն ու երևույթները սթափ գնահատելու իրենց հնարավորությունները: Ապավինելով միայն զենքի ուժին` պետք չէ անուշադրության մատնել զենքը օգտագործողներին: Նույն Նուրրեդին Խոջան, անդրադառնալով Ադրբեջանի բանակում հաճախակի տեղի ունեցող ինքասպանության դեպքերին, նշել է, որ զինծառայողները ո՛չ հոգեպես, ո՛չ էլ ֆիզիկապես պատրաստ չեն, այդ պատճառով էլ չեն դիմանում: Ու թեև ուկրաինական ողբերգական իրադարձությունները տագնապի ազդակներ են ալիևյան կլանին, Ալիևի համար դժվար է ազատվել հարազատ ցնորքից, ինչի ստրուկն է դարձել, և ինչն էլ խանգարում է նրան հասկանալու, որ քաղաքացիական հասարակությունների մերձեցման համար պայքարողներին ահաբեկելն ու ձերբակալությունները, սադրանքներն ու զրպարտությունները անկարող են պատմության ընթացքը փոխել: Ալիևը հենց սա պիտի հասկանա, իսկ գուցե հասկացել է, որ ավելի է կատաղել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։