Մայիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Լարիսա Գևորգյանի «Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագրքի և «Ինչո՞ւ չլսեցիր ձայնս» վիպակի քննարկումը: «Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագիրքը Արցախյան ազատամարտին իրենց մասնակցությունը բերած մարդկանց մասին է: Պատումները ներկայացված են գեղարվեստական հնարանք դարձնելով հեղինակի և իր հոր` Հայրենական մեծ պատերազմի մասնակից Զավեն Հովասափի Գևորգյանի հետ զրույցները: «Ինչո՞ւ չլսեցիր ձայնս» վիպակը պատմություն է երեխա ունենալ պատրաստվող կանանց մասին, վերաբերում է բոլոր կանանց` անկախ աշխարհագրական տարածքից, ազգային պատկանելությունից, կրոնական դավանանքից, կրթությունից, մասնագիտությունից և այլն: Հեղինակի հորդորն է` խելամիտ լինել, հղիության արհեստական դադարեցման որոշումը չկայացրած` հաղորդվել հետևանքներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ «Հավերժում ապրող հորս` Արցախից» գիրքը Արցախյան պատերազմի, Արցախի, գոյության և այլ խնդիրներ է ամփոփում և շարունակում է նախորդ գրքերի թեմատիկան` հայրենի հողի հոգս, ցավ, մարդու ապրելու կերպ, զոհվելու-ապրելու խնդիրներ: «Գիրքը իր մեջ ապրելու, հայրենիքը պահելու խորհուրդը ունի, և Լարիսան այդ խորհուրդը փոխանցում է սերունդներին»,- ընդգծեց նա: Ըստ Գրիգոր Ջանիկյանի` «Հավերժում…» գիրքը առանձնանում է Արցախյան պատերազմի և Հայրենական պատերազմի միջև ուշագրավ երկխոսությամբ, իսկ ընդհանուր առմամբ` երկու գրքերում էլ դրսևորվել է հայրենասիրության ոգին: Ազատամարտիկ Դուշման Վարդանի մայր Զարուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ հազվադեպ գրքեր են կարողանում իսկությունը, նպատակը գալիք սերունդներին մատուցել, և այդ առումով «Հավերժում ապրող հորս` Արցախից» վավերագիրքը պատմական, գեղարվեստական մեծ արժեք ունի: Կարլեն Մատինյանի հավաստմամբ` Լ. Գևորգյանը յուրաքանչյուր նոր գրքով ոչ միայն հայրենասիրական շարքի ստեղծման գործում ներդրած իր ավանդն է շարունակում, այլև նորովի է բացահայտում անցյալի ու ներկայի կողմերը և հրաշալի կերպով կապում մեկը մյուսի հետ: Երկու գրքերում «Երկխոսության ձևը անկեղծանալու միջոց է, նաև անցյալը նորի հետ համադրելու, համեմատելու և ինչ-որ զուգահեռներ անցկացնելու միջոց, որը հնարավորություն է տալիս բացահայտել նոր, հետաքրքիր փաստեր, լիարժեք պատկերներ տալով այն ամենի մասին, ինչը պետք է վաղուց իմանայինք»,- շեշտեց Կ. Մատինյանը: Ըստ բանաստեղծ Արևշատ Ավագյանի` Լ. Գևորգյանը ոչ միայն Արցախյան հերոսամարտի, ազգի նվիրյալների մասին է գրում, այլև փորձում է իր հետաքրքրությունների շրջանակում գրել այն կարևոր փոխհարաբերությունների մասին, որ առկա է թուրք-հայ հարաբերություններում: Ելույթ ունեցան նաև «Վան» գործողության դատավարության հերոս Վազգեն Սիսլյանը, ազատամարտիկներ Արտակ Բագրատյանը, Վովա Վարդանովը, երաժշտագետ Վալենտին Թովմասյանը, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, բժիշկ Սևակ Ավագյանը, Սամվել Խաչիկյանը, գրող Ծովինար Բաղդասարյանը, հոգեբան Կարինե Նալչաջյանը: Գրիգոր Ջանիկյանը, ով վարում էր քննարկումը, ամփոփելով նշեց. «Լարիսայի գիրքը հուշում է` Արցախում տարել ենք հաղթանակ, բայց Արցախը մեր ազատագրական պայքարի միայն մի հունն է»:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ