Լիտվական «Պոեզիայի գարունը»

Մայիսի 22-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում լիտվացի բանաստեղծների` Լիտվայի գրողների միության նախագահ, թարգմանիչ Անթանաս Ա. Յոնինասի, Լյուտաուրաս Դյագեսիսի և թարգմանիչ, հրապարակախոս Գիտիս Նորվիլասի հետ: Լիտվական պոեզիայի ցերեկույթը կազմակերպվել էր Հայաստանում Եվրոպայի օրվա, ինչպես նաև Լիտվայում գրականության ամենահայտնի` «Պոեզիայի գարուն» փառատոնի շրջանակներում: Այս տարի փառատոնը «հյուրընկալվեց» Հայաստանում` հնարավորություն ընձեռելով հանդիպել լիտվացի բանաստեղծներին և լսել նրանց բանաստեղծությունները լիտվերեն, հայերեն և ռուսերեն:
Գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, ներկայացնելով օրվա հյուրերին, նշեց, որ նրանք Հայաստանում են «Պոեզիայի գարուն» փառատոնի 50-ամյակի կապակցությամբ: Նա տեղեկացրեց, որ այդ փառատոնին սովորաբար մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից բանաստեղծներ, ու նաև հրատարակվում է ալմանախ, որտեղ դեռևս 70-ականներից տպագրվել են մի շարք հայ բանաստեղծների` Թումանյանի, Սևակի, Չարենցի, Զահրատի ստեղծագործությունները: Այս տարի կտպագրվեն նաև Էդվարդ Միլիտոնյանի բանաստեղծությունները` Մարիտե Կոնտրիմայտեի թարգմանությամբ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը փաստեց, որ լիտվական գրականությունը վաղուց ի վեր թարգմանաբար ներկայացվել է Հայաստանում, հայ ընթերցողին քաջածանոթ են և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակները` Քրիստիյոնաս Դոնելայտիս, Յոնաս Ավիժյուս, Յոուզաս Բալտուշիս, Այգիմանտաս Բուչիս, Յոուզաս Գրուշաս, Յուստինաս Մարցինկյավիչուս, Էդուարդաս Մեժելայտիս և այլք: Նա միաժամանակ ընդգծեց Միգիտաս Գյադայի անունը, ով Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» թարգմանիչն է: «Իր մահից 1000 տարի անց էլ Նարեկացին քերթողական արվեստով համաձուլում է հայ և լիտվացի ընթերցողներին»,- շեշտեց նա: Էդ. Միլիտոնյանը նաև փաստեց, որ Լիտվան այն պետություններից է, որը 2005 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այս գործում իրենց անուրանալի դերն ունեն հայ-լիտվական գրական կապերը, որոնք վերստին եռանդուն քայլեր անելու միտում են դրսևորում»,- ասաց նա, ապա կարդաց Անթանաս Ա. Յոնինասի պոեզիայից կատարած իր թարգմանությունները:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, տեղեկացնելով, որ Լիտվան 51-րդ անգամ նշելու է պոեզիայի, մշակույթի տոնը, ուրախությամբ փաստեց, որ աշխարհի տարբեր երկրների թվում լիտվական փառատոնին միացել է նաև Հայաստանը:
Երկու երկրների միջև գրական համագործակցության մասին խոսեցին և հայկական ու լիտվական պոեզիան փոխադարձ թարգմանությամբ ներկայացրին Անթանաս Ա. Յոնինասը, Լյուտաուրաս Դյագեսիսը, Գիտիս Նորվիլասը, Գագիկ Դավթյանը, Վառլեն Ալեքսանյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։