«Օպերան, սրճարանները, մենք: Մե՞նք…» / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Ինչո՞ւ Օպերայի շուրջն այսպիսի աղմուկ բարձրացավ, ի՞նչն է պատճառը, որ վերջին տարիներին այսքա՛ն բան տեսած ու կարծես թե այլևս զարմանքի «լիմիտը» կորցրած մարդիկ զարմացել են, զայրացել, խոսում են, բողոքում, գրում… Ի՛նչ է, սրանից առաջ ու նաև հետո, քի՞չ անօրինական շինություններ են կառուցվել, մեկի տան պարիսպի համար պակա՞ս կանաչ տարածք է «մատաղ արվել», ամենաանհեթեթ, անգամ մարդկանց կյանքին սպառնացող տեղերում քի՞չ բենզալցման կետեր են բուսնել… «Ջաղացը կորցրել, չախչախն ենք ման գալիս» ասացվածքի գործող անձինք ենք դարձել կամա-ակամա, որովհետև Զանգվի ձորի «հալի՞ն հասնենք», Երիտասարդական մետրոյի շուրջը կատարվողի՞ն, թե՞ համատարած սրճարանի վերածված քաղաքամայր Երևանի կենտրոնի նոր իմիջի հետ հաշտվենք ու ձեններս կտրենք:

***
Երևանում տեղ չի մնում մարդու համար, ամեն ինչ ծառայում է փողին՝ շենքերը, տարածքները, մայթերը… Բայց մեր քաղաքում կա մի տեղ, որի կողքով անտարբեր անցնել չի լինում. Պռոշյան փողոցի շտապ օգնության 3-րդ հիվանդանոցի շուրջն ստեղծված անսիրտ, անգամ անմարդկային մթնոլորտի մասին է խոսքը: Քաղաքակիրթ աշխարհում ընդունված բան է՝ հիվանդանոցները առանձնացած են, համարյա մեկուսացված մնացած աշխարհից: Չեմ կարծում, որ բացատրության հարկ կա: Բայց դա՝ քաղաքակիրթ աշխարհում: Մեզանում այդպիսի «նրբությունները» հարգի չեն: Հիվանդանոցի շենքից ընդամենը մեկ-երկու մետր այն կողմ շքեղ ռեստորաններ են կողք կողքի շարված, շքեղ մեքենաների գալ-գնալուց դադար չկա, ու խորովածի հոտն է բռնել աշխարհը… Սա է մեր մարդասիրությունը, մեր ազգին հատուկ նրբանկատությունը, թե՝ մարդ Աստծո, հիվա՞նդ ես, մեռնո՞ւմ ես, բա մենք քո կողքին ենք, ապրում ու վայելում ենք, պետք եղավ՝ կենացդ էլ կխմենք… Հետաքրքիր է, այդ «օբյեկտները» նախագծողը իրեն հարց չի՞ տվել, թե՝ «Այս խաշ-խորովածանոցը ո՞ւր եմ դնում… Ախր, մի օր էլ ես եմ գալու այստեղ»: Կուզենայի տեսնել նաև այդ կառույցի թույլտվությունը տված չինովնիկին ու հարցնել. «Ինչի՞ մասին էիք մտածում, երբ հիվանդանոցին այդքան մոտ ռեստորան կառուցելու թույլտվությունն էիք տալիս»:
Այսօրվա Օպերայի սկիզբներից մեկը վերն ասված հիվանդանոցի ու նրան շրջապատած ռեստորանների «ճարտարապետական ներդաշնակումն» է: Է՛, եթե կարող ենք մահն ու կյանքը այդպես հայավարի, միայն մեզ հատուկ «սրտացավությամբ» ներդաշնակել, մնացածն ի՞նչ է, որ ուզենանք ու չանենք:

***
Հուլիսի 4-ի դրությամբ, Օպերայի տարածքում գործում, կառուցվում ու կառուցվելու է 15 սրճարան (տվյալներն ստացել եմ քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանից): Եթե ընթերցողն արդեն հարցրել է՝ «իսկ ովքե՞ր են տերերը», ես կպատասխանեմ ինձ տրամադրված այդ նույն տվյալներով: «Ատլաս» ՍՊԸ, «Էլդորադո Արմեն» ՍՊԸ, «Սիրո մեղեդի» ՍՊԸ, «Վերելք» ՍՊԸ, «Ա.Վ.Ս.» ՍՊԸ, «Անառիկ Կաղզվան» ՍՊԸ, «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՍՊԸ, «Ալֆաել պրոդյուսերական կենտրոն» ՍՊԸ, «Կեչառիս» ՍՊԸ, «Դիոնեա» ՍՊԸ, «Մագնոլիա» ՍՊԸ, «Օնլի մերիմենթ» ՍՊԸ, «Համա­նվագ» ՍՊԸ, «Անիվների վրա» ՍՊԸ, «Մերի» ՍՊԸ: Այսքանը: ՍՊԸ-ների հաղթարշավ, որ մոլեգնում է Օպերայում: Բայց, խնդրում եմ, այս անշունչ ՍՊԸ-ների շնչավոր տերերի մասին ինձ հարց չտաք: Որովհետև այդ հարցով չեմ էլ հետաքրքրվել: Որովհետև այնքան միամիտ չեմ, որ եթե անգամ կարդամ փաստաթղթերում գրացված ինչ-ինչ անուններ, պիտի հավատամ, որ նրանք են իրական տերերը: Ինչքան չլինի, Ռուբեն Հախվերդյանի երգը լա՜վ եմ հիշում. «Ես գիտեմ, թե ովքեր են տերերը…»:

***
Հիմա մի միամիտ հարց տամ (այս հոդվածում «միամիտ» հարցեր դեռ լինելու են). այս մի բուռ տարածքում, մի բուռ ծառ ու խոտի մեջ 15 սրճարանը (բայց ո՞վ կարող է երաշխավորել, որ սա վերջնական թիվ է) շատ չէ՞: Այդ ե՞րբ դարձանք այսքան սրճամոլ, լավ, բա մեր համաքաղաքացիները երեկոները չե՞ն ուզում պարզապես գալ զբոսայգի երեխայի, թոռնիկի, ամուսնու կամ սիրած տղայի հետ, նստել ծառերի տակ ու զրուցել: Պարզապես զրուցել, ոչ թե ամեն կողմից լսվող բազմաձայն երաժշտության գերին դառնալ: Ախր, քաղաքում այգի չմնաց, նստարանները վերացրին, սեղաններ շարեցին, ու եթե, մարդ ես, հոգնած ես կամ պարզապես նստել ես ուզում, այդ սեղանների շուրջ շարված որևէ աթոռ քեզ համար չէ: Որովհետև դու, քեզանից անկախ, քաղաքացուց վերածվել ես հաճախորդի: Իսկ եթե վճարել չես կարող, այգին քոնը չէ: Իսկ ընդհանրապես, ի՞նչն է քոնը այս քաղաքում, եթե վճարել չես կարող…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
«Օպերան, սրճարանները, մենք: Մե՞նք…»: Տպագրվել է «ԳԹ», թիվ 25,
5 հուլիսի, 2002 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։