Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

Ես ուշ եմ անդամակցել Հայաստանի գրողների միությանը: Կարծեմ՝ չորրո՞րդ, թե՞ հինգերորդ գիրքս հրատարակելուց հետո: Դա իր պատճառներն ունի. քանի դեռ փոքր էի կամ ավելի երիտասարդ, մտածում էի, թե գրողների միությունը շատ անհասանելի ու հեռավոր տեղ է ինձ նման մահկանացուի համար: Ինչպե՞ս կարող էի անդամակցել մի կազմակերպության, որի անդամներ են եղել Ավետիք Իսահակյանը, Չարենցը, Սևակը, Շիրազը…
Տարիներ անց սևանցի ծանոթներիցս մեկը զանգեց, թե՝ Իգնատ Մամյանը քեզ է փնտրում: Իգնատին տեսել էի մեկ անգամ, հպանցիկ «Հայ զինվոր» թերթի խմբագրությունում և հազիվ թե նա ինձ հիշեր: Իգնատն այդ ամառ նշանակվել էր Գրողների միության Սևանի հանգստյան տան տնօրեն և ինձ էր փնտրում: Թե ինչու՝ չգիտեի: Բնականաբար, Իգնատը չէր հիշում մեր առաջին հանդիպումը: Սևանցիներից ինչ-որ մեկը նրան էր տվել իմ առաջին՝ «Հողի կանչը» պատմվածքների ժողովածուն: Կարդացել էր և ուզել էր ինձ հետ ծանոթանալ: Զրուցեցինք: Հաջորդ օրը նրան տարա «Թլոլ Դավիթ» վեպիս ձեռագիրը: Կարդացել էր մի գիշերում…
– Վեպդ տպագրության ներկայացրու,- ասաց:- Իսկ մինչ այդ մի անտիպ պատմվածք ընտրիր, տուր ինձ, ուզում եմ «Գրական թերթին» ներկայացնել:
Մի պատմվածք ընտրեցի, տվեցի իրեն: Որոշ ժամանակ անց «Գրական թերթում» լույս տեսավ «Գեներալին սպասելիս» պատմվածքս՝ Իգնատ Մամյանի առաջաբանով, որ նա վերնագրել էր «Ճանապարհի եզրով քայլող մարդը»:
– Ինչո՞ւ ես այդ վերնագիրը դրել,- հարցրեցի:
– Ուզում եմ ասել՝ միացիր Գրողների միությանը, քո զուլալ վտակը միացրու մեծ գետին:
Բայց էլի դիմում չգրեցի՝ չնայած ծանոթներս շարունակում էին հորդորել… Ինչևէ: Հերթական հորդորից հետո որոշեցի դիմել, բայց հանգամանքների բերումով (առողջությունս չէր ներում) այլևս Երևան գնալ չէի կարողանում և զանգեցի նախ լուսահոգի Վրեժ Իսրայելյանին, հետո Շանթ Մկրտչյանին ու Բագրատ Ալեքյանին ու խնդրեցի երաշխավորել ինձ: Ի պատիվ նրանց, ոչ միայն խնդրանքս չմերժեցին, այլև իրենց ձեռքով այդ երաշխավորագրերը հանձնեցին քարտուղարություն: Որոշ ժամանակ անց իմացա, որ ինձ ընդունել են միության մեջ: Իսկ անդամատոմսը… էլի ընկերներիցս մեկը բերեց Սևան:
Հայաստանի Գրողների միությունը շուտով իննսուն տարեկան կդառնա: Տա Աստված, որ այն գործի էլի իննսուն ու տասն անգամ այդքան տարիներ, բայց ավելի լավ ժամանակներ գան գրողների ու մյուս ստեղծագործողների համար:
Իսկ ես, ինչպես տարիներ առաջ, այժմ նույնպես հանգամանքների բերումով մնացի «Ճանապահի եզրով քայլող մարդ»: Դժգոհ չեմ. այդ արահետն իմն է, ես սովոր եմ դրան, իսկ ինքն ամեն անգամ ինձ գրկում է հարազատ մոր նման:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։