Շնորհիկ ՇԱՀԻՆՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

Եթե ասեմ, որ առաջին գրքիս՝ «Զարմ» պատմվածքների ժողովածուի հրապարակման օրերին սպասում էի, որ ինձ անակնկալ է սպասվում, հաստատ անհավանական կլիներ: Ես ստեղծագործել եմ դեռևս դպրոցական տարիներից և բախտաբերիկ եմ եղել, քանզի միշտ տպագրվել եմ «Պիոներ կանչ»-ից մինչև «Բագին», «Կռունկ», «Համայնապատկեր», «Ալիք» արտերկրյա պարբերականներում, «Նորք», «Գրական թերթ», «Հայաստանի աշխատավորուհի» և այլ մամուլներում: Տպագրվել եմ տարեգրքերում, ալմանախներում և էլի շատ ու շատ հայտնի ու անհայտ պարբերականներում: Բայց մինչև 2007 թ. գիրք չունեի և երբ ներկայացրի առաջին գիրքս, ի զարմանս ինձ, 11-ից 10-ը ձայն էի հավաքել: Գիրքս պետպատվերով տպագրում էր «Զանգակ» հրատարակչությունը, և երբ ՀԳՄ նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանը տպագրության լուրը հայտնեց, ես, երջանկությունից շողալով, շնորհակալություն հայտնեցի, բայց առավել անակնկալ էր նրա պատասխանը, որը բառացի կմեջբերեմ. «Դու քո ծնողներին շնորհակալ եղիր, որ քեզ քիչ է Շնորհիկ են անվանել, նաև շնորհք են լցրել վրադ՝ էդ բոյիցդ ու քաշիցդ շատ»: Ծիծաղեց ու գնաց: Գիրքս դեռ տպարանում էր, Բագրատ Ալեքյանը մաս առ մաս բնագրերն էր բերում տալիս Արա Արթյանին` սրբագրելու: Եվ ահա այդ նշանակալից օրերին Գրողների միության անդամության ժամկետն է լրանում, և ես՝ նվաստս, արժանանում եմ անդամության թեկնածու լինելու պատվին: Գիրքս գրախոսել էր երջանկահիշատակ Անահիտ Սահինյանը, և նա էլ առաջինը տվեց իր երաշխավորագիրը: Իհարկե, այս ամենի հարցում իր ներդրումն ուներ իմ պաշտելի ամուսինը՝ Արա Արթյանը, որն իր տաղանդի շնորհիվ արդեն 2004 թ. գրքի հեղինակ էր և ՀԳՄ անդամ: Այնուհետև իրենց երաշխավորագրերը տվեցին իմ սիրելի խորհրդատու, գորովագութ Մետաքսեն, պատվածքներիս մանրակրկիտ մեկնաբան և ամեն ուրբաթ մեկ պատմվածքի ընթերցման և մեկնաբանման հեղինակներին իր շուրջը հավաքած Գուրգեն Խանջյանը, և վերջում էլ Հրաչյա Մաթևոսյանը բերեց իր խոսքը, որ գրել էր գրքիս առաջաբանում. Այդ խոսքը՝ իբրև երաշխավորագիր, հիմա էլ բազմել է գրքիս առաջաբանում.
Սիրելի՛ Շնորհիկ,
էս ի՜նչ հրավառություներ ես անում՝ լեզվի, պատկերի, գրի… Էսքան շենք ու շնորհք… ի՜նչ հրաշք էություն ես: Սիրով կարդացի գիր(ք)դ: Հիացած եմ: Ակ-ակունքղ բացած, քո ձենը քեզ հասած աղբյուր ես: Բխի՜ր, բխի՜ր, բխի՜ր… Երանի քեզ… Գրել ես: Գրում ես, գրելու ես: Երանի ինձ, որ կարդացել եմ, կարդալու եմ: Երանի նրան, ով տպագրելու Է: Երանի գրողը ընթերցող ունենա:
Սիրով՝ գրչաքույր Շնորհիկ առ անունդ ու գիրդ:
Հրաչյա Մաթևոսյան

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։