Գրողի համար անչափ կարևոր է լինել ճանաչված, գնահատված, սիրված ու սպասված և՛ ընթերցողի, և՛ գրչակից ընկերների կողմից: ՀԳՄ անդամատոմսը հաստատումն է այս ամենի: Որքան ցանկալի, նույնքան էլ պարտավորեցնող է այն: Գրական աշխարհն իմ բաղձանքն ու տարերքն է եղել դեռ վաղ մանկությունից: Հայաստան տատիս պատմած հեքիաթներն ինձ տանում էին կախարդական, զարմանահրաշ աշխարհներով: Ես ոչ միայն ունկնդրում էի, այլ նաև իմ մանկական վառ երևակայությամբ մասնակից էի լինում հեքիաթային հերոսների գործողություններին: Լարիսա քույրս մշտապես ընթերցում էր մեզ համար Մեծն Թումանյանի, Ղ. Աղայանի, Շիրազի, Չարենցի, Տերյանի ստեղծագործություններից: Ամեն երեկո մեր տանն էին հավաքվում հարևան-բարեկամներ՝ լսելու հայրիկիս՝ Սուրեն Բարսեղյանի հումորով հագեցած հետաքրքիր պատմություններն իր ապրած կյանքից, Հայրենական Մեծ պատերազմից…
Անհուն սիրել և սիրում եմ բնությունը: Մտովի զրուցել եմ ծառ ու ծաղկի, թռչունների հետ, անէացել եմ երկնքի անհունում ու միշտ զարմացել եմ բնության հրաշքներով: Այս ամենն իր ազդեցությունն է թողել իմ ներաշխարհի վրա: Ստեղծագործելը դարձել է իմ կենսակերպը: Հետերկրաշարժյան տարիներին դժվար էր գոյատևելը, գրելը, տպագրվելը: ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը վստահվեց բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանին: Հետևողական, տքնաջան աշխատանքի շնորհիվ ծնվում էին գրքեր: Իմ առաջին գիրքը՝ «ԼՈՒՍԵ ՄՐՈՒՐ» բանաստեղծությունների ժողովածուն, տպագրվեց 2008 թվականին: Ստեղծագործություններս տպագրվում էին տարբեր թերթերթում, ամսագրերում և մեծ ուշադրության էին արժանանում շատերի, այդ թվում նաև՝ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի կողմից: Բախտ ունեցա ծանոթանալու արձակագիր-հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանի հետ, որն իմ բանաստեղծությունների ժողովածուն սիրով ներկայացրեց Երևանում: ՀԳՄ անդամության համար շատ ավելի թվով ստեղծագործողներ էին երաշխավորագիր գրել, ու հիմա չեմ հիշում, կներեք, թե ո՞ւմ գրածներն են ներկայացվել: (Մեկ օր Հրանուշիկ թոռնուհիս մոտեցավ ինձ. «Տա՜տս, գիտես, չէ՞, որ իմ պատվին են քո անունը դրել»:) Հիմա ես էլ նույն հումորով կասեմ. «Տեսնես ովքե՞ր են պատիվ ունեցել ինձ երաշխավորելու…»:
2012 թվականին, առաջին անգամ ներկայացվելուց ընտրվել եմ ՀԳՄ անդամ: Ուրախ եմ և հպարտ ՀԳՄ 637 իմ անդամատոմսով՝ ՀՐԱՆՈՒՇ գրական անվամբ, և բոլոր նրանց, ովքեր նպաստել են իմ կայացմանը, շնորհակալ եմ անսահման: