Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Անդրանիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ՀԳՄ անդամ եթե չդառնայի, հավանաբար չէի շփվի գրականության մեծերից շատերի հետ. Հրանտ Մաթևոսյան, Աղասի Այվազյան, Ռազմիկ Դավոյան, Զորայր Խալափյան, Ռուբեն Հովսեփյան, Լևոն Անանյան, Զահրատ… և որքա՜ն կարելի է շարունակել՝ լրացնելով հայ գրական երկնակամարում փայլատակող մեր անհատականությունների շարքը: Նրանք բոլորն էլ գրական խրամատներից գրական երկնակամար ձգվող ճանապարհին իրենց մասին հիշելու և հիշեցնելու այնքա՜ն բան են արել, որ մեկին կամ մյուսին ՀԳՄ անդամության համար երաշխավորագրեր տալու մասին հիշելը տեղին չեմ համարում:
…96-ի գարնանը իմ առաջին տպագրած գիրքը՝ մաթեմատիկական չափածո խնդրագիրքը, Վահան Թամարյանի հորդորով նվիրեցի Զորայր Խալափյանին, որն այդ տարիներին ՀԳՄ քարտուղարն էր: Խալափյանը հայացքով մեկ-երկու բանաստեղծություն ընթերցեց և ասաց, որ քչերը կգնահատեն այս գրքույկը, քանի որ այնտեղ մաթեմատիկան շատ է: Հետո հարցրեց՝ իսկ ուրիշ գիրք չունե՞մ, որ դրանով ներկայանամ ՀԳՄ անդամության համար: Ես, անակնկալի եկած, պատասխանեցի, որ բանաստեղծություններիս ժողովածուն շուտով կտպագրվի, բայց ես ա՛յդ նպատակով չեմ եկել իր մոտ:
– Ամեն դեպքում,- ասաց նա,- գործերդ պատրաստիր, և երբ գիրքդ լույս տեսնի, միասին կբերես ինձ մոտ:
Գիրքս տպագրվեց, և ես երաշխավորագրերի հետ այն տարա ՀԳՄ: Պակասում էր մեկ երաշխավորագիր, որը պետք է վերցնեի Աղասի Այվազյանից: Շենքի դահլիճում ՀԳՄ արտահերթ համագումարն էր ընթանում: Մոտ քառասուն րոպե տևած այդ «նշանավոր» համագումարից առաջիններից մեկը դուրս եկավ Խալափյանը: Հուզված էր: Մոտեցա, բարևեցի: Որքան էլ անտրամադիր էր, հարցրեց՝ հանձնե՞լ եմ գործը: Ասացի՝ Աղասի Այվազյանին եմ սպասում, որ երրորդ երաշխավորագիրը վերցնեմ: Ասաց՝ էլ մի՛ սպասիր, ես արդեն կարող եմ տալ: Ե՛ս կտամ: Գործերը թող Լինայի մոտ: Հետո հասկացա, որ այդ քառասուն րոպեների ընթացքում նրան ևս ազատել էին աշխատանքից, և որքան էլ անտրամադիր էր, միևնույն է, հետաքրքրվեց ինձանով: Մոտ մեկ ամիս հետո գնացի Գրողների միություն: Տիկին Լինան ինձ պատմեց, որ Խալափյանը այս ընթացքում միայն մեկ անգամ է եղել շենքում, այն էլ` երաշխավորագիրը բերելու նպատակով…
Այս պատմությունը թերևս չպատմեի, եթե այն ինձ վերաբերեր: Այս պատմությունը Զորայր Խալափյան Մեծ գրողի և Մեծ մարդու մասին էր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։