Ճակատագրի բերումով ես «ընկել» էի մի ընտանիք, որտեղ բանաստեղծություն գրելը համարվում էր անհիմն, նաև՝ ավելորդ ու գրեթե խայտառակ գործ։ Երիտասարդ օրերի երեք տետր անհետացավ տնից, սակայն ես լսում էի Աստծո հորդորը։ 46 տարեկանում գաղտնի տպագրվեց առաջին գիրքս՝ Ֆրունզիկ Կիրակոսյանի խմբագրությամբ։
Հրանտ Մաթևոսյանը կարդացել էր և առաջարկել, որ դիմում գրեմ, անդամագրվեմ Գրողների միությանը։ Սակայն մեկ գրքով` ամաչեցի։ Հետո երկրորդը, երրորդը, չորրորդը։ Հովհաննես Գրիգորյանը համոզեց, որ ամաչելու ոչինչ չկա։ Ես միության շենք մտնում էի սրբատեղի մտնողի վարանումով։ Ֆրունզիկ Կիրակոսյանը, Հովհաննես Գրիգորյանը, այնուհետև՝ Շանթ Մկրտչյանը իմ խմբագիրներն են եղել։ Յուրի Սահակյանն ինքն առաջարկեց դառնալ երաշխավորողներից մեկը։ 65 տարեկանում դարձա ՀԳՄ անդամ։ Այժմ աշխատում եմ 10-րդ գրքիս վրա: