ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(29.06.1962 – 17.02.2013)
Բանաստեղծ
ՀԳՄ անդամ 1991 թ.-ից
ՔԱՌԱՏՈՒՄ
Ահռելին է այն շշուկով ասված,
Որ իմ շուրթերից հեռանում կամաց
Եվ միանում է տարածությանը:
Կորե՛ք, քամիներ, արևամուտով,
Եվ արի դու, օր, ինձնով հագեցած,
Ժպտա՛, խեղկատակ, շողերի միջով,
Եվ, օ՛ր, դու քայլիր ինձնով հևասպառ՝
Աստվածներ դաժան, աստվածներ հզոր
Ինձ բառը ասեք, բառը այն պահված,
Եվ ես կրակներ կպոկեմ ինձնից՝
Շռայլացումի ցավից խելագար:
Ցնծա՛, փղերի խնդություն զորեղ,
Քեզ չեն հեծնելու զինվորներ հարբած,
Եվ մարտադաշտում էլ չի լսվելու
Ճիչս՝ բաժանած դաշտը չորս մասի:
Մոլեգնե՛ք ուժգին, մոլեգնե՛ք, հողմեր,
Ես շատ ամուր եմ կանգնած իմ հողին,
Ձեր նենգությունը իմաստավորված
Տարե՛ք, հասկացրե՛ք արդեն ծովերին:
Խնդա, անընկներ իմ ուրախություն,
Քո մենակյացի ծիծաղով անգութ,
Դիմակավորված դեմքը դահճի էլ
Չի նայելու քեզ կացնային փայլով:
Վարդերի գունեղ համաստեղություն,
Կարմիր դու թափիր իմ մարմնի վրա,
Եվ թող արյունս մի պահ հանդարտվի՝
Իրեն շփոթած թերթերիդ հետ թաց:
Անընկեր դրախտ, անընկեր դժոխք,
Միացեք ինձ հետ այս անձրևի տակ,
Եվ լույսի, սևի խորհրդով դաջված՝
Թող լինեմ կիսված քառատման տեղակ:
ԶՐՈՒՅՑՍ ՆԱԽԿԻՆ
Մեկ միլիոն տարի ես տառապել եմ մղձավանջի մեջ,
Մեկ միլիոն տարի ես եղել եմ պատմությունը մեծ
Մարդկության բոլոր ցավագարների:
Մեկ միլիոն տարի իմ շրթունքների
Ծարավն է այրել անապատը շեկ,
Եվ իմ աչքերի թախիծն է իջել
Աշխարհի բոլոր քարանձավներին:
Մեկ միլիոն տարի իմ տառապանքի
Մորմոքն է սնել ընդերքը երկրի,
Եվ ծովերը այս
Իմ արցունքներն են՝ փոխարկված ջրի:
Մեկ միլիոն տարի ես ճամփաների քարերն եմ մաշել
Եվ Արարատի գագաթին հանգչող
Տապանի ջրե կողերն եմ շոյել:
Շարունակվում է զրույցս նախկին
Տափաստանների առյուծների հետ,
Եվ անվախճան է պատմությունը իմ
Երկրի շիկացած լավաների մեջ…
ԵՐԿՈՒՆՔ
Փշաքաղված, փշաքաղված երազներով,
Անվերջ տրված քամիներին,
Ծովն էր մեռնում թևատարած՝
Բլուրներում ավազների,
Ու սմքել էր գույնը լուսե
Ստվերի մեշ գիշերների:
Ահավոր էր, ահավոր էր
Երկվությունը տիեզերքի,
Եվ մեծացած բիբն էր չռվել
Խոսքի համար լուսաբացի:
Կռնչում էին ձայները լուռ
Մետաղային պատյանի մեջ,
Ու թռիչքն էր անհնարին
Տարածության պատնեշից ներս,
Եվ նստել էր Աստված մթնում՝
Ինքն իր ցավից փշաքաղված:
Շրջապատված, շրջապատված
Հոգիներով,
Սատանային գետնին փռած՝
Մեծ ծովերի ջուրն էր առել
Իր ափերում
Ու քամում էր սրտի վրա.
Եվ աստղերն էին երկնում քամված
Մթան վրա:
Մոլորվել էր ճախրը արծվի
Օվկիանոսի տարածքներում
Ալիքների սողքը սողուն
Արդեն մոտ էր իր թևերին,
Ու կռինչն էր անբաղաձայն
Հատում ճամփան հավերժության:
…Եվ նստել էր Աստված կրկին՝
Ինքն իր ցավից փշաքաղված:
ԱՆԱՐՑՈՒՆՔ
Հագեցած աշխարհի խորհրդով,
Հագեցած կյանքից ու մահից՝
Ես որտե՞ղ փնտրեմ ընտրանին
Եվ ո՞ր կողմ հայացքս ուղղեմ:
Որոշված իմ ուղու հանգույցում,
Կանխորոշ մեկնությամբ ընթացքի՝
Ինձ ո՞վ է անդարձ տանելու
Եվ ո՞վ ինձ նետեց այս ճամվփն:
Ու կյանքի շարժումից ձանձրացած,
Անգամ կանգնելով նույն տեղում,
Էլի սահում եմ անդարձ
Կործանող արծաթով հավերժի:
Եվ անկիրք քարացման այս պահին,
Իմ ճամփի դալկությամբ հուսաբեկ,
Ինձ ժպտաց տխրադեմ քանանան՝
Քավություն տալով մեղքերիս:
Ու արդեն դադարի ծուլությամբ,
Սևությամբ անկայան մտքերի,
Գնում եմ անկորուստ քայլերով
Լազուրե գորշությամբ եթերի:
***
Այդ ի՛նչ են անում,
Ինչո՛ւ են գժվում ճանապարհները՝
Իմ բորոտ ու խև,
Ցավից արնոտած աչքերի առաջ,
Եվ ի՞նչ են պատմում,
Ի՞նչ են փսփսում ճանապարհները
Իրենց գորշ, անլույս արձագանքներով
Վշտից խլացած ականջներիս մոտ:
Եվ ո՞ւր են տանում,
Ինչո՞ւ են տանում ոտքերս թափառ,
Եվ ամայության քառուղիներում
Ինչո՞ւ են լռում քայլերս վհատ:
…Ես ճանաչել եմ
Եվ ըմբռնել եմ ճանապարհները,
Ու անիմաստ է բաժանումը մեր.
Ես հասկացել եմ
Եվ ըմբռնել եմ արվեստը մահվան,
Եվ անտեղի է քմծիծաղը ձեր…
ՇԵՓՈՐ
Շռայլություն է բերում այս օրը,
Եվ ականջներս են գույները լսում-
Ի՜նչ մելամաղձոտ երաժշտություն է,
Եվ ի՜նչ տոնական շեփոր է հնչում:
Հռոմեական սարթ արձանների մեջ
Կքայլեմ այսօր գույնզգույն շորով,
Եվ մետաղները կծափահարեն
Նախնական խինդի չռված աչքերով:
Գինին է հոսում խոր տակառներից,
Եվ Օլիմպոսն է ցնծում խելագար,
Ու փողոցներում զոհի արյան մեջ
Տղամարդ ու կին ձուլվել են իրար:
Շռայլություն է բերում այս օրը,
Եվ ականջներս են գույները լսում-
Ի՜նչ մելամաղձոտ երաժշտություն է,
Եվ ի՜նչ տոնական շեփոր է հնչում:
ԵՐԲ
Տրորե՛ք, հողմե՛ր, տրորե՛ք հոգիս,
Տրորե՛ք ձեր չար միամտությամբ,
Իմ անսպառ հոգու տարերքը տարեք
Եվ ծեփեք սմքած ժայռերի կրծքին:
Մոլեգնիր, օվկիան, մոլեգնիր և ծով,
Ես թողնում եմ ձեզ արդեն ձեր բախտին,
Իմ ամպրոպածին նավակը ջարդվեց
Անծանոթ ափի ծանծաղուտներում:
Խարխափիր դու, ձայն- անէության մեջ,
Էլ Աստծո կամքով դու չես ծնվելու,
Իմ խեղված հոգու դիակը արդեն
Իր սիրտն է նետել գիշատիչ անգղին:
Մոլորվեք հեռվում, մոլորվեք, ճայեր,
Ես տարա ինձ հետ լազուրը երկնի,
Եվ լերկ ափերի ողորկ ժայռերից
Էլ չի լսվելու կռինչը արծվի:
Մոտեցե՛ք, չարքե՛ր, արի՛, սատանա,
Կաղկանձի՛ր, դժոխք, խոլ քրքիջներով,
Թող գաճաճային շքերթի միջով
Ստվերս անցնի փառահեղ շուքով: