Հովհաննես ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
«Գրական թերթ»-ի 2024 թ. մարտի 15-ի համարում տպագրված մեր հոդվածում խորհուրդ էինք տվել կարդալ Սերգեյ Աղաջանյանի՝ երևանյան անցուդարձը ներկայացնող պատմվածքները: Այս հոդվածում առավել մանրամասն կխոսենք 2023-ին տպագրված ժողովածուի մասին, կփորձենք բացահայտել քաղաքային միջավայրում ապրող կոլորիտային կերպարներին, ծանոթանալ իրավիճակներին, որոնց կիզակետում հայտնվում են նրանք, և որոնց նկարագիրը շատ նուրբ, պարզ ու հասկանալի, միևնույն ժամանակ՝ խոր փիլիսոփայական ու հոգեբանական շեշտադրումներով շարադրել է հեղինակը:
«Օրերի հետ» և «Չմոռացվող անցյալը» խորագրերով երկմաս գրքում, որտեղ ներառված քսան պատմվածքներում հեղինակը, ինչպես մեր ռեալիստական արձակի լավագույն ներկայացուցիչները՝ Գր. Զոհրապը, Շիրվանզադեն, նոր ժամանակներում՝ Վ. Պետրոսյանը, Հր. Մաթևոսյանը, Վ. Իսրայելյանը, պատկերել է «կյանքն ինչպես որ կա»՝ մարդկային հարաբերություններ, խորքային մտածումներ, առօրեական խնդիրներ՝ դրանց հաղթահարման ուղիները փնտրելուն ուղղված ենթատեքստերով: Ի տարբերություն «նորավեպի իշխանի», որը մեկ դար առաջ ներկայացնում էր արևմտահայ իրականության մեջ ապրող մարդուն, կամ էլ Շիրվանզադեի, որ վեր էր հանում Սև քաղաքի հայության տարբեր շերտերում առկա թերությունները՝ քննադատելով դրանք, իսկ Հրանտ Մաթևոսյանը պատկերում էր 20-րդ դարի հայ գյուղացու կերպարը, Սերգեյ Աղաջանյանը, ինչպես Վրեժ Իսրայելյանը, տալիս է այսօրվա երևանյան եռուզեռի նկարագիրը: Սակայն եթե Վրեժ Իսրայելյանի պատմվածքներում հանդիպող հերոսները (մեր պատկերացմամբ – ՀՍ) հիմնականում արցախյան առաջին պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող քաղաքական, ռազմական անցյալ կամ ներկա ունեցող անձնավորություններ են, ապա առաջադիր պատմվածքներում գտնում ենք Երևանում ապրող և արարող, տարբեր ճակատագրեր ու կենսափորձ ունեցող սովորական մարդկանց: Դառնալով պատմվածքների հերոսներ՝ նրանք շատ հաճախ հատուկ անուն չեն ստանում, այլ՝ հենց այդպես էլ կոչվում են՝ «ՄԱՐԴ», կամ էլ նշվում է «ՄԱՐԴ»-ուն բնորոշող որևէ հատկանիշ, բառ՝ երիտասարդ, մեկը, ջահել տղերքը, նա, ընկերը, որդին, հայրը, ճանաչված պրոֆեսորը, հիմնարկի պետը և այլն («Երբ ինչ-որ բան վերջանում է», «Փիլիսոփայության զոհը», «Ամանորին ընդառաջ», «Ճշմարտության աբսուրդը», «Աշխատանքային օր», «Անվերնագիր», «Անծանոթը»): Եվ այդ «ՄԱՐԴԻԿ» դառնում են Ս. Աղաջանյանի պատմվածքների հիմնաքարերը: Հերոսներ էլ կան, որ, այո՛, ունեն անուններ, բայց նրանք հավաքական կերպարներ են, որոնց ընթերցողները կարող են գտնել իրենց շրջապատում՝ այլ անուն-ազգանուններով, ինչպես գիտնական Սահակյանը «Գյուղացին ուրիշ տեսակ մարդ է» պատմվածքից կամ էլ Դեպուտատ անունով հայտնի Վաղոն «Քաղաքացին էլ պակաս տեսակ չի» պատմվածքից: Նշվածներից բացի, իրադարձությունների կենտրոնում հայտնվում է նաև հենց ինքը՝ հեղինակը, որն այս կամ այն նկարագրվող դեպքի կա՛մ ականատեսն է, կա՛մ գործող անձանցից մեկը: Սերգեյ Աղաջանյան կերպարին կարող ենք հանդիպել վերոնշյալ երկու պատմվածքներում՝ «Անծանոթը», ինչպես նաև ինքնակենսագրական բովանդակություն ունեցող «Չմոռացվող անցյալը» խորագիրը կրող գրքի երկրորդ մասի պատմվածքներում:
Ս. Աղաջանյանի պատմվածքները արծարծում են այսօրվա իրականությունը ներկայացնող բազմաթիվ հարցեր, խնդիրներ, բախումներ, որոնց շատերս առօրյայում ուշադրություն էլ չենք դարձնում. այդ խնդիրների էպիկենտրոնը «ՄԱՐԴ»-ն ու մարդկային փոխհարաբերություններն են:
Կասկածամիտ, մարդկանց հետ հեշտ մտերմացող ու շփվող, նույն հեշտությամբ էլ կոպիտ ու անզուսպ պահվածք դրսևորող, առօրեական, հեշտությամբ մոռանալի խոսակցությունների մասին շաբաթներ անց վերլուծություններ անող, ուրիշի հացը վայելող, բայց ուրիշին հաց չտվող մարդը թոշակի անցնելուց հետո իրեն անպետք, դատարկ է զգում՝ հետահայաց նետելով իր անցած ուղուն, և սակայն թեթևանում է՝ սիրտը բացելով հեղինակի առջև («Երբ ինչ-որ բան վերջանում է»):
Երկու թխվածքաբլիթ ունեցող ծերունու համար կարևորագույն հարց է՝ ուտե՞լ, թե՞ չուտել դրանք («Փիլիսոփայության զոհը»):
«Ամանորին ընդառաջ» պատմվածքում խաբեության զոհ են դառնում ամուսինները՝ իրենց կուտակած գումարը տալով կահույքի վերանորոգմամբ զբաղվող մարդկանց և տոնի նախօրյակին ձեռնունայն մնալով. «Նոր տարին զուր է գալիս»,- եզրաբանում է հեղինակը՝ լուծում չգտնելով տվյալ հարցի համար…
Գյուղական ծագում ունեցող, բայց քաղաքում հաստատված գիտնական Սահակյանը նախ՝ ավագ ընկերոջ պատմածով, ապա՝ բարեկամների հետ շփումներից համոզվում է, որ «Գյուղացին ուրիշ տեսակ մարդ է», որ նույնիսկ «քեզ չճանաչող համագյուղացիդ էլ համոզված է, որ քաղաքում հաստատվել-մարդ դառնալու իմաստը՝ գյուղիդ ու համագյուղացիներիդ խնդիրները լուծելը պիտի լինի» («Գյուղացին ուրիշ տեսակ մարդ է»): Գյուղացի-քաղաքացի «հակադրության» շարունակությունը տեսնում ենք հաջորդ պատմվածքներից մեկում, որտեղ, արդեն 3-րդ դեմքով՝ Գևորգ անունը ստացած հեղինակը, գնալով հարազատ գյուղ, նախատինքներ է ստանում իր պատմվածքները կարդացած Վաղոյից: Վերջինս հորդորում է նրան գրել նաև քաղաքացիների մասին. «Կգրե՛ս, որ քանի գյուղացին էր շուկայում առևտուր անողը, քաշից մի բան էլ ավել էր տալիս քաղաքացուն: Կգրե՛ս, որ հենց որ հյուր են ունենում, պարզվումա, որ իրանց տներում կոֆեից բացի էլ բան չունեն սեղանին դնելու: Հա՛, չմոռանա՛ս, կգրե՛ս, որ հերիք գյուղացուն վերևից նայեն. իրանք գյուղացու պահածն են…» («Քաղաքացին էլ պակաս տեսակ չի»):
Հեղինակը, սակայն, այս պատմվածքով սեպ չի խրում «գյուղացու» և «քաղաքացու» միջև. և՛ գիտնական Սահակյանը, և՛ նրա ավագ ընկերն ընդունում են, որ իրենք ծագումով գյուղացի են, և դա նրանց համար արժեք է. նրանց սրտում ոչ մի կաթիլ չարություն չկա գյուղացիների նկատմամբ:
Սերունդների միջև հավերժական պայքարի մասին է պրոֆեսոր հոր և ուսանող տղայի մասին պատմությունը, որտեղ քննարկվում են այդ պայքարին հատուկ մի քանի հակոտնյա խնդիրներ և արտահայտություններ՝ «ձեր ժամանակներ-մեր ժամանակներ, ազատություն, մեծեր, փոքրեր, կարծիք հայտնել-չհայտնել, գիտություն ու կյանք, թե հարստություն ու առողջություն…» («Ճշմարտության աբսուրդը»):
Արտերկրում մասնագիտական վերապատրաստումների ժամանակ Վաչիկը ծառայողական սիրավեպ է ունենում և տարիներ հետո միայն ենթադրում, որ երեխա ունի և գնում է նրան փնտրելու («Մենակյացը»): Պատմվածքը ընկերության, ծնողական պարտքի, հավատարմության մի իսկական դաս կարող ենք համարել:
«Աշխատանքային օր» պատմվածքում ներկայացվում են գործընկերային փոխհարաբերությունների դասական օրինակներ, որոնք բնորոշ են բոլոր մեծ կամ փոքր կոլեկտիվներին: Հիմնարկի ղեկավարը մտորումների մեջ է. ինչպես աշխատակիցներին հայտնել հաստիքի կրճատման մասին անցանկալի լուրը, իսկ կրճատվող աշխատակիցը՝ կատակասեր, վաղուց թոշակի անցած տնտեսվար Պետիկը, փորձում է պետին համոզել, որ պետության տված թոշակի հույսին մնալ չի կարող: Պատմվածքի վերջին հատվածում նույն հիմնարկից երիտասարդ Աիդայի անձնական ողբերգությունն է. ամուսինը արտագնա աշխատանքի է մեկնել՝ թողնելով կնոջն ու երկու երեխաներին (նրանցից մեկն ի ծնե հաշմանդամ է) բախտի քմահաճույքին… Մեկ այլ հիմնարկի՝ իշխանափոխությունից ոգևորված աշխատակցուհիներից մեկի որդին պատմվածքի վերջում խոր ընկճախտի մեջ է ընկնում՝ սոցիալական անբարեհույս վիճակում հայտնվելուց հետո («Ուրախ Երևան»): Փոփոխություններ փայփայող, բայց փոփոխություններից հետո հուսահատ մարդկանց մասին են «Անծանոթը», «Փոխված իրավիճակ», «Երևանյան խրոնիկա» պատմվածքները: Դիպուկ է հերոսներից մեկի փիլիսոփայական և ճարտասանական հարցադրումը. «Սովետը քանդվեց, որովհետև ժողովուրդը վատ աշխատում ու շատ գողանում էր: Հիմա էլ ժողովուրդը հո չի գողանում: Բա էս երկիրն ընչի՞ չի սարքվում: Հեչ մտածե՞լ ես…»:
Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից մեկի ողբերգական ճակատագիրն է ներկայացված «Հուսահատը» պատմվածքում: Հերոսը՝ Արամը, չի համակերպվում միակ որդու՝ արտագնա աշխատանքի մեկնելու փաստի հետ: Մարտական ընկերոջ հետ զրույցում նա խոսում է անհույս, անատամ ու անճարակ ժողովրդի մասին, որն ընտրությունից ընտրություն «սովածությունից մղկտացող փորահաց անճարակ է դառնում»՝ մղկտալուց էլ թողնում, փախչում է երկրից: «Մեր կռիվն իմաստ չունի, եթե դրանից հետո թողնելու ենք ու փախչենք, եթե մեր երկրին տեր չենք դառնալու»: «Ոչինչ, թուրքն ու քուրդը մեր երկրի համը լավ գիտեն, անտեր չեն թողնի»,- ասում է նա: Այս խոսքերից ամիսներ անց զինվորական սվինով ինքնասպան է լինում Արամը… Հետաքրքիր է, որ պատմվածքը գրված է Արցախյան վերջին ցավալի իրադարձություններից առաջ. հեղինակը կանխազգացել է մոտալուտ աղետը…
Մտավորականների կյանքի դժվարությունների մասին են «Կիրակնօրյա ձանձրույթ» և «Անվերնագիր» պատմվածքները: Առաջինի գլխավոր հերոս նկարիչը ստիպված է կոպեկներով վաճառել իր նկարները՝ անկողնային հիվանդ, մանկավարժ մորը դեղուդարման հասցնելու համար, իսկ մյուսում իր ստեղծած երևակայական հերոսների հետ անհույս մնացած գրողի պատմություն է:
Հետաքրքրական է «Եղելություն» պատմվածքի սյուժեն, որտեղ հեղինակը հանդիպում է իր գրքի հերոսներին: Նրանք, ընթերցելով Սերգեյ Աղաջանյանի պատմվածքները, զարմանում են՝ իրենց կերպարները գտնելով այնտեղ, և ցանկանում են հանդիպել գրողին: Այստեղ ներկայացվում են ստեղծագործողներին հատուկ իրական կյանքի և երևակայական մտածողության զուգահեռ իրականությունները:
Սերգեյ Աղաջանյանը երկխոսությունների վարպետ է: Բոլոր պատմվածքներն էլ հարուստ են ակտիվ, հաճելի, իմաստուն, լուրջ թեմաների մասին երգիծական նուրբ տրամախոսություններով, որոնք առավել կենդանի, իրականությունն արտացոլող են դարձնում պատկերը: Հեղինակը դրանք համեմել է բանահյուսական հայտնի առածներով և ասույթներով՝ «Երկու երնեկ մի տեղ», «Եզը հանում, տակը հորթ են փնտրում», «Առակդ զի՞նչ ցուցանե», «Այսօրվանն այսօր կեր, վաղվա մասին էլ վաղը կմտածես», «Մարդն էլ մարդ է նրանով, որ ժամանակին հասկանա հասունացող խնդիրն ու դրա մասին նախօրոք մտածի» և այլն:
Սերգեյ Աղաջանյան արվեստագետի պատմվածքներին առանձին հմայք են հաղորդում քաղաքամայր Երևանի տեսարժան վայրերի գեղեցիկ նկարագրությունները՝ Կարապի լիճ, Մարտիրոս Սարյանի պուրակ, Օպերայի շրջակայք, Էրեբունի թանգարան, ինչպես նաև քաղաքի անբաժանելի մասը կազմող երթուղային տրանսպորտի ճնշող, բայց և համուհոտով ընթացքի վառ պատկերները: Պատկերների կենտրոնում հայտնվող կերպարները մտածող հերոսներ են, որոնք կոլաժային կառուցվածքի համատեքստում դառնում են ինքնատիպ սիմվոլներ:
Սերգեյ Աղաջանյանի պատմվածքների սույն ժողովածուն երևանյան իրականության արտացոլման յուրահատուկ ձևաչափի, հետաքրքիր հարցադրումների, կերպարակերտման առանձնահատկությունների և կյանքի բարդ, միևնույն ժամանակ՝ գեղեցիկ ընթացքը ներկայացնող արժեքավոր գիրք է: Այն իր մնայուն տեղն է զբաղեցնելու արդի հայ արձակի լավագույն ստեղծագործությունների շարքում: