Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

 

Կար ժամանակ, երբ ես անգիր հիշում էի կարդացածս գրքերի քանակն ու վերնագրերը: Հետո կորցրեցի այդ թիվը՝ շատ ազնիվ ու արդարացի պատճառով: Թող անհամեստ չթվա, բայց երբ սկսեցի գրքեր գրել, հպարտությամբ հաշվում ու մտապահում էի լույս տեսած գրքերիս քանակը: Շուտով այդ թիվն էլ կորցրեցի՝ ոչ պակաս ազնիվ ու արդարացի պատճառով: Սկսվեց իմ կյանքի ամենահետաքրքիր ու ամենաբեղուն շրջանը. ես սկսեցի գրքեր թարգմանել: Հիմա ինձ բռնում եմ ևս մի անմեղ «հանցանքի» մեջ. ես մոռացել եմ նաև իմ թարգմանած գրքերի թիվն ու վերնագրերը… Այս մոռացությունը գուցե ինձ ուրախություն պատճառեր, եթե դա կապված լիներ զուտ կարդացած, գրած կամ թարգմանած գրքերի քանակի հետ, բայց ես ո՛չ սնափառ եմ, ո՛չ էլ միամիտ և հասկանում եմ, որ գտնվում եմ մի այնպիսի տարիքում, երբ դավաճանում են ոչ թե հերթական կանայք կամ ընկերները, այլ՝ վերջին, ամենավերջին ու անդառնալի դավաճանը՝ հիշողությունը… որը գնալով դառնում է իմ ամենահավատարիմ դավաճանը… նա այլևս չի դադարում դավաճանել:
Բայց ազնիվ չի լինի, եթե նեղանալուս ու տրտնջալուս հետ միաժամանակ նաև երախտապարտ չլինեմ իմ հիշողությանը՝ լավագույնը զտելու և դա անջնջելի տառերով իմ մտապատկերի հսկա վահանակի վրա անմահացնելու, իր հանճարեղորեն բարձր ու ընտիր ճաշակի համար: Կան քարտեզներ, որոնց վրա երևում են անգամ տեղանքի ծառերը, տները, ճանապարհները… Բայց այլ են աշխարհի քարտեզները. դրանց վրա երևում են միայն ամենամեծ գետերը, ամենամեծ լեռները, ամենամեծ քաղաքները: Իմ հիշողության վահանակը նման է աշխարհի քարտեզին. այնտեղ մնացել են կարդացածս, գրածս, թարգմանածս ամենալավ գրքերի, ամենալավ ֆիլմերի, ամենալավ երգերի վերնագրերը, ամենալավ մարդկանց անունները: Իսկապես, փառք Աստծո, որ չեմ կորցրել ու չեմ կորցնի լավագույնի մասին հիշողությունս:
Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը մինչև վերջին ժամանակներս հիշողությանս քարտեզ-վահանակի վրա խիստ պատվավոր տեղ ուներ «Կարդացածս լավագույն գրքեր» «անվանակարգում». այդ նույն վերնագիրը գրվել է երկրորդ անգամ, արդեն հայերեն՝ «Թարգմանածս լավագույն գրքեր» «անվանակարգում»: Այդպիսի կրկնությունները հազվադեպ են, քանի որ այդպիսի գրքերն են հազվագյուտ:
Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Գիրքը լույս տեսավ 1990 թվականին և, ի զարմանս բոլորի, բացառությամբ Ֆրեդ Հիլլի, շուտով հայտնվեց The New York Times թերթի բեսթսելլերների ամենահեղինակավոր ցուցակում և այնտեղ մնաց տասներկու շաբաթ»:
Թող ների ինձ հեղինակը, բայց գրքերի կարևորությունը և արժեքը մենք (գրեթե վստահ եմ՝ հեղինակը նույնպես) դեռ սովոր չենք չափել ըստ best seller-ի, այսինքն՝ ամենալավ վաճառվելու հատկանիշի, մանավանդ, որ բեսթսելլեր եզրույթը վաճառքի հստակ չափ կամ ստեղծագործության որակ չի սահմանում, այլ՝ միայն վկայում է հանրաճանաչության մասին: Կինոարտադրության բլոկբաստեր և երաժշտական ստեղծագործության հիթ բնութագրիչները նույնպես մի տեսակ արհեստական են և շատ բան չասող: Ինչպես մեզանից ամեն մեկը կարող է ունենալ իր բեսթսելլերը, իր բլոկբաստերը և իր հիթը, որը կարող է ընդհանրապես հանրաճանաչ չլինել, այնպես էլ կարող է ամենահանրաճանաչ բեսթսելլերը, բլոկբաստերը կամ հիթը ընդհանրապես մերը չլինել կամ ընդհանրապես բեսթսելլեր, բլոկբաստեր կամ հիթ չլինել, պարզապես չհամապատասխանել իսկական բնութագրիչներին:
Ավելի ճիշտ կլիներ գրքի կարևորությունը չափել ոչ թե ըստ վաճառքի, այլ՝ ըստ ընթերցողների քանակի: Հայտնի ճշմարտություն է, որ այդ նույն ԱՄՆ-ում գիրք գնելը ամենևին էլ դեռ չի նշանակում գնած գիրքը կարդալ: Ամերիկացիները նախանձախնդիր են իրենց շքեղ գրադարակների ամենաշատ աչքի ընկնող հատվածում ունենալ տարվա լավագույն բեսթսելլերները, բայց ամենևին էլ պարտավորված չեն զգում կարդալ դրանք: Լավագույն դեպքում նրանք կարող են ծանոթանալ միայն գրքի անոտացիային կամ մեքենայի մեջ լսել համառոտ գրախոսականը, համացանցում մկնիկը սահեցնելով անցնել գրքի մասին պատմող հակիրճ տեղեկատվության վրայով: Ամերիկայում ամենաթանկ կապիտալը ժամանակն է, իսկ ժամանակը ժամանակ չունի… Ու հազարավոր, միլիոնավոր մարդիկ կարող են գնել ամենալավ բեսթսելլերները և սեփական պատկերացում չունենալ գրքի բովանդակության, գրողի աշխարհայացքի, գաղափարների, ոճի մասին:
Ավելին, ամենաարագ վաճառվող ու մեծ տպաքանակ ունեցող գրքերը հաճախ զուտ կոմերցիոն նպատակ են հետապնդում: Հրատարակիչների լավ գովազդի շնորհիվ նոր տպագրված գիրքը կարող է անմիջապես ձեռք բերել մեծ հանրաճանաչություն, ինչին կարող են նպաստել հեղինակի նախորդ գրքի հաջողությունը, սենսացիա պարունակող փաստերը, բարձրորակ տպագրական մշակույթը, էլի շատ ու շատ բաներ, բայց ոչ անպայման գրքի բովանդակությունը, սյուժեն, գեղարվեստական կամ գիտական արժանիքները:
Այս ամենի մասին խոսվեց ասելու համար ամենակարևորը՝ Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը դարձավ բեսթսելլեր՝ գիրքը բնորոշող ամենաազնիվ, ամենահիմնական, ամենակարևոր ու անանց որակների համար. հեղինակը ասելիք ուներ մեծ թվով լսարանի համար, նրա գրքից իմանալու, սովորելու, զգալու ու հասկանալու շատ բան ուներ ամենատարբեր ազգությունների պատկանող, ամենահակասական գաղափարներ ունեցող, ամենաայլախոհ մարդկանց մի հսկա բանակ: Այդպիսին են եղել լավագույն գրքերը բոլոր ժամանակներում, դրանք չեն չափվել վաճառքի գնով կամ կոշտ ու փափուկ կազմով: Վերջերս ձեռքս ընկավ նորվեգացի մեծ գրող, Նոբելյան մրցանակի դափներկիր Քնյութ Համսունի հատորը՝ 1 ռուբլի 50 կոպեկ արժողությամբ: Իրականում մի՞թե այդքան արժեն այն համամարդկային գաղափարները, մարդասիրության այն հզոր ալիքը, որ անկասելիորեն հորդում է նրա գրքի էջերից, տարածվում ու լցվում ընթերցողի մտքի ու սրտի օվկիանոս՝ տակնուվրա անելով ամեն ինչ:
Երբ տարիներ առաջ ռուսերենով կարդացի Վ. Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը, առաջին տպավորությունս այն էր, որ գիրք լինելուց առաջ կամ հետո դա նախևառաջ լայն բացված մի հսկա, ծանր վարագույր է… Գրելով այս գիրքը՝ գրողը հանձն է առել դժվարին մի գործ, քաջություն է ունեցել ետ տանել հենց այն տխրահռչակ երկաթյա վարագույրը, որի ետևում ասես կանգ էին առել ժամանակը, միլիոնավոր մարդկանց կյանքերը: Եվ Պոզները, ի պատիվ իրեն, կարողացել է կատարել վարագույրը բացելու հանձնառությունն ու կատարել է իր գրչի գեղեցիկ, սխալ չի լինի ասել՝ արտիստիկ շարժումով. մի փոքր դժվարությամբ, մի փոքր զգուշավորությամբ, անշտապ, հանդիսավոր, խնամքով ու հոգատար, վարպետորեն ու սահուն քարացած հանդիսատեսի աչքի առաջ նա բացում է Խորհրդային Միություն կոչվող փակ ներկայացման վարագույրը: Իսկ հանդիսատեսը ամբողջ աշխարհն էր. չէ՞ որ գիրքը նախ լույս տեսավ անգլերեն: Ահա թե ինչու Վ. Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը պարզապես բեսթսելլեր կոչելը հավասար է ոչինչ չասելու:
Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ գրքեր գրվեցին երկաթյա վարագույրից այն կողմ փոթորկվող կյանքի մասին: Ճիշտ թե սուտ, արդարացի թե անարդարացի, թեման այնպիսին էր, որ այդ թեմայով գրված գրքերը, համենայնդեպս այն ժամանակ, բեսթսելլեր դառնալու մեծ հավակնություն ունեին: Բայց թող ներեն այդ գրքերի հեղինակները, դրանցից և ոչ մեկը Պոզների գրքի ծավալայնությունն ու խորությունը չունեին: Դա մի ամբողջ դարաշրջանի վրա նետված խորաթափանց, մանրազնին ու սրտացավ հայացք է՝ ներսից և դրսից, կողքից և խորքից, անցյալից և ներկայից:
Այստեղ ժամանակի քայլերը վիթխարի են, այստեղ հստակ տեսանելի են երկու համաշխարհային պատերազմների հետքերը աշխարհի դեմքին, ու պարզ լսելի է սպիների ցավից դեռևս տնքացող մարդկության ձայնը: Գրքի առաջաբանում գրողն ասում է, որ երբ իր ամերիկացի կոլեգա Բրայան Կանը առաջարկեց գիրք գրել իր կյանքի մասին, պայմանը մեկն էր՝ առանց անձնական կյանքի դրվագների: Բայց հրատարակիչները լավ գիտեին, որ առանց անձնական կյանքի գիրքը կլիներ գունագեղությունից զուրկ քաղաքական վերլուծություն, գիտական աշխատանք, դասագիրք, ինչ ասես, բայց ոչ բեսթսելլեր: Այս գրքի հաջողության ուղիղ կեսը Պոզներների ընտանեկան կյանքի հետաքրքիր, երբեմն դրամատիկ, երբեմն զավեշտալի դրվագերն են. նեղ անձնական դեպքերի ու իրադարձությունների նկարագրությունը զարմանալի մի ընտանիքի, որ համաշխարհային փոթորիկների մեջ ապրել է աշխարհով մեկ սփռված, իրենց բախտը որոնող տարագիր հրեաների ճակատագրի բոլոր մղձավանջները: Մի ամբողջ գերդաստան ոչ միայն դիմակայել է, այլև դարձել աշխարհի դիմագծի վրա ազնիվ հետագիծ թողած լեգենդ՝ ի դեմս իր հայտնի զավակի՝ Վլադիմիր Պոզներ անունով:
Վլադիրմիր Պոզների գրքի ամենագրավիչ առանձնահատկությունը նրա պարզ ու հասկանալի ոճն է, լեզուն, իմաստնությամբ տրոփող խոսքը, ընթերցողի հետ գրողի երկխոսության կառուցվածքի նրբություններն ու սահուն անցումները: Իր պարզության ու հասկանալիության մեջ, սակայն, այն շատ խորն է ու բազմաշերտ, և չնայած հսկա ծավալին՝ մոտ 600 էջ, աներկբայորեն այն կարելի է դասել մի շնչով ընթերցվող գրքերի շարքը:
Պոզների գրքի ատաղձը վախենալու չափ բաց անկեղծությունն է, զարմանալի պարզ, անթաքույց անկեղծությունը` ինքը իր և շրջապատի հանդեպ: Մեկ նախադասությամբ բնութագրելով, թե ինչի մասին է գիրքը, հեղինակը մի ամբողջ գրքի խորություն ու զգացմունքայնություն է հաղորդում բնութագրմանը. «Իմ, ժամանակի և Ռուսաստանի մասին՝ երկյուղալի անկեղծությամբ»: Անկեղծությունը իսկապես պիտի որ երկյուղալի լիներ Ռուսաստանում ապրած հրեա մտավորականի, լրագրողի համար, որն անցել էր խորհրդային հավատաքննության բոլոր մեծ ու փոքր մամլիչների բովով… երկյուղալի, որպեսզի չասենք ցավալի, իսկ հաճախ էլ՝ ողբերգական:
Ինքնակենսագրական վեպ, ծավալուն խոհագրություն կամ հուշագրություն լինելուց առաջ՝ ընծայագրված սիրելի ծնողներին՝ ֆրանսուհի մորը և հրեա հորը, «Հրաժեշտ պատրանքներին» գիրքը մի վիթխարի գրական համայնապատկեր է՝ զգացմունքների, խոհերի անվերջ տարածվող ու մեծացող ալիքներով: Առաջին հայացքից թվում է, թե դա 20-րդ դարի համայնապատկերն է՝ երկու համաշխարհային պատերազմների ուրվականով, բայց իրականում այդ դարաշրջանը ծնվում է, հենվում է իր նախորդ, նախորդի նախորդ դարաշրջանների հիմքի վրա՝ դրանց տակ թաքնված բազմաթիվ ուրիշ քաղաքակրթությունների, մշակույթների անտեսանելի, նուրբ շերտերի հետքերով: Այստեղ ավարտված, սկսված, ավարտվող ու սկսվող դարաշրջաններ կան: Ու այդ բոլոր դարաշրջանների մեջ կանգնած է Մարդը՝ հսկա, վիթխարի Մարդը, աշխարհաքաղաքացին՝ ազգությունից, կրոնից, քաղաքական հայացքներից վեր գտնվող Գերմարդը, որ չի վախենում Արարչի անունը գրել փոքրատառով և անկեղծորեն խոստովանում է, թե ինչու չի հավատում: Իսկ այն, ինչին հավատում է գրողը, ընթերցողը կգտնի այս հսկայածավալ գրքի էջերում, տողատակերում, երբեմն՝ ուղիղ, երբեմն՝ այլաբանորեն, բայց միշտ անկեղծ ու շիտակ:
Ընթերցողն անմիջապես կհասկանա, որ գիրքը միայն Վլադիմիր Պոզների մասին չէ, այլ՝ մեզնից ամեն մեկի, որն ապրել է 20-րդ դարի պատմության եղերական, դրամատիկ ժամանակները՝ կարծելով, թե եղել է իր ճակատագրի տերը, հավատալով, թե մոլորակի, տիեզերքի անվախճան շրջապտույտի մեջ իրեն բախտ է վիճակվել ապրել սեփական կյանքը: Ու փակելով գրքի վերջին էջը՝ նա՝ ընթերցողը, նույնպես հրաժեշտ կտա պատրանքներին՝ ելքի դռնից դուրս գալով ոչ թե դեպի հուսահատության, այլ իմաստնության գեղեցիկ մի ճանապարհ, այն ճանապարհը, որ չինական փիլիսոփայության մեջ խորհրդանշում է կյանքի հավերժության, գեղեցկության, հասունության, իմաստնության ու շարունակականության խորհուրդը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։