ՀԳՄ վարչությունը շնորհավորում է բանաստեղծ, թարգմանիչ ՄԿՐՏԻՉ ԳՐԱԲՍԿՈՒՆ ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Շրջապտույտի գաղափարը՝ որպես հավերժության ընկալման քիչ թե շատ ընկալելի հասկացողություն, զբաղեցրել է թե՛ իմաստասիրությանը, թե՛ գիտությանը, իսկ արվեստագետներն անընդհատ փնտրել ու գտել են այն գեղեցիկ մատուցելու հնարները։ Մկրտիչ Գրաբսկու բանաստեղծական արվեստի միջոցով մարդուն իր գոյաբանական ու հոգեբանական տարբեր իրավիճակներում ներկայացնող տարողունակ մի դաշտ է, ուր թե բռնեցիր բառի ծայրից, այլևս բաց չես թողնելու մտքիդ թելն ու գնալու ես խոհիդ ետևից։
Միջազգային ճանաչում ունեցող հրապարակագիր, մասնագիտությամբ սոցիոլոգ Ռոբերտ Լինդը նկատում է, որ մարդկային գոյության պատմությունը փառահեղ ճակատամարտի դաշտ է անկոտրում դոգմաների ու մարդկանց հետաքրքրասիրությունների համար։ Մկրտիչ Գրաբսկու բանաստեղծելու էներգիան, պաթոսն ու եռանդը, ասես առաջ մղելով, ջրի երես է հանում ճակատամարտի դաշտում պայքարը շարունակելու մարդկային հետաքրքրասիրություններն ու մղումները՝ տեսակից նոր տեսակ ձևավորելով ու պայքարի նոր ուղիներ փնտրելով։ Սակայն, շրջապտույտն անբեկանելի իրողություն է.
Շրջապտտող աշխարհում համակ,//Նույն շրջագծով տարին սավառնում,//Որ պահը դառնա ապրած ժամանակ,//Բոլորս հերթով օր ենք պարտք առնում:
Մեր կյանքի յուրաքանչյուր հատված իր դերն ունի հավերժական շրջապտույտի մեջ, որովհետև շրջապտույտը փոխկապակցվածության արդյունք է։ Եվ, ինչպես հայտնի ճշմարտություն է այն, որ ողջ շրջապտույտին կյանք տվողն ու պահպանողը հրավառ արեգակի էներգիան է, նույն կերպ մեզ անհրաժեշտ է սրտի հրավառ խոսքով արտահայտած մտքի ալիքների թռիչքների տարածք, որն ի ցույց կդնի փոխկապակցվածությունն՝ օղակ առ օղակ։ Այն գեղեցիկ իմաստներով կլցնի օրվա մեջ ունեցած մեր կյանքի ալեբախումները և կխոսի լավագույն ապագայի ակնկալիքներով նոր ալիքների մեջ իրար խեղդելու փոխարեն, դրանք սիրով շրջանցելու մասին։ Հենց այդպիսի տարածք է մեզ առաջարկում Մկրտիչ Գրաբսկին:
Ալետատանման հաճախությունով,//Ամբողջ եթերը խառնելով իրար,//Իր երկրապարար ելևէջներով,//Ալիքն է տիրել աշխարհին արար:
Կյանքի ալիքները լրջորեն ճանաչողի խոստովանությունը բանաստեղծական տող է դառնում, առաջ բերելով ոչ միայն օրվա, այլև հավերժության մեջ դեգերող մարդկության վերաբերյալ ճշմարտությունը՝
…Փոփոխության հետ հարմարվող անվերջ,//Մարդկանց ալիքն է ալիքին բախվում:
Մկրտիչ Գրաբսկու սրտի հրավառ խոսքով նրա մտքի ալիքների արհեստավարժ ճախրանքն է այստեղ։ Դրանք պտտվում են մարդկային ինքնադրսևորումների շուրջը, վեր հանում դրանք որպես իրար ձայնելու կամ իրար ձայների ճանապարհը փակելու անվերջ գործողություններ.
Այբուբենի են նմանվում մարդիկ,//Անուն առ անուն տառեր ոսկեձույլ,//Որ հայրենաբառ հնչույթով մեղմիկ,//Ձայնում են իրար, բաղաձայնում՝ խուլ:
Այնուամենայնիվ, ալեբախումների մեջ «Բարոյականն իր ավյունն է մղում՝ //Զսպելու ուժին անբարոյական», որն էլ ինքնահառնումի ներքնաբուխ ժայթքում է։
Մարդկության պատմության ամրագրումը երկրի սահմաններում, մարդ ու երկիր իրար կապող ուղին որպես նոր փոխակերպումների, նոր հառնումների ձգտող սին ճանապարհ… Ունայնության մասին հեղինակի խոսքը, սակայն, հուսահատության կամ կյանքի կասեցման միտումներ չունի, այլ այն բանի վկայությունն է, որ շրջապտույտը հավերժական գործողություն է, անկախ ամեն ինչից։ Տեսանելի կոչվող ապագան մոտիվացիայի գործիք է «խափող շարժումով ձեռնածուների» համար:
Ձեռնածուն, սակայն, գրավիչ մոլորեցնող է, ու ահա նա, ընթերցողի առջև, զբաղված իր գործողությամբ՝ որին, ասես, իսկապես ականատես լինելու համար մեզ օգնում է հեղինակի գրչի վարպետությունը.
Մեզանից մեկին, որպես թե կատակ,//Ձեռնածուն բեմի արկղի մեջ դնում//Ու հանկարծակի թպրտուն ճերմակ//Մի աղավնի է երկինք թռցնում…
Եվ ծայր է առնում մարդկային տեսակների շարքն ու քննությունը, որպես ալիքների շրջապտույտի մեջ ընկած նույն շրջապտույտի համար նոր որակներ դրսևորողներ։ Ահա ազատամիտը։ Ով է նա։ Իհարկե, ճանաչում ենք, սակայն նրա կերպարը հաջողությամբ պոեզիա է բերվել որպես ցուցանմուշ.
Ազատամիտը, որպես համոզմունք,//Ներող լինելու բարդույթն է զեղում,//Իբրև թե ազատ մարդու պաշտամունք,//Իր թյուր հակումը՝ ասպարեզ բերում:
Գնահատելով ասված այն միտքը, թե ճշմարիտ բանաստեղծները պետք է ստեղծագործությունն սկսեն ուրախությամբ և ավարտեն իմաստասիրությամբ, չեմ կարող այն չվերագրել նաև Մկրտիչ Գրաբսկուն։ Բանաստեղծություն կերտելու նրա սրտի թրթիռները ուրախ ելևէջումներով են գալիս դեպի ընթերցողը, միևնույն ժամանակ, ստիպելով լրջորեն ու գիտակցաբար հասկանալ, թե մինչև ուր կարող են տանել անցնող օրերի ճանապարհները։ Գրաբսկու ստեղծագործական միտքը անխոնջ մշակի նման պտտվում է այն էներգիաների շուրջը, որոնցով աշխատում է շրջապտույտը։ Հանգած կամ ամուլ ոչինչ չկա, ամեն ինչ փոխակերպվող էներգիա է։ Պղտորն իր էներգիան ունի, և պարզն՝ իր.
Անպղտորելին, որպես մայր ու քույր,//Առանձնահատուկ սիրով մշտարթուն,//Աղբյուրաջրի պարզությամբ մաքուր,//Լույս է ճառագում`ջրերով հորդուն…
Սերն իր էներգիան ունի, անսիրությունն իր: Խորհելու հրավիրող Գրաբսկու հետաքրքիր մեկնաբանությունները զարդարում են նրա բանաստեղծական տողերը:
Բանաստեղծելու արվեստը իմաստասիրության հետ զուգահեռելու հիասքանչ վարպետության օրինակ է Գրաբսկու քնարերգությունը։ Խոսուն պատկերներն իր գաղափարական մտածողության հետ զուգահեռելու վարպետ է Մկրտիչ Գրաբսկին, անկախ նրանից, թե կյանքի որ հատվածի, մարդկային ինչպիսի դրսևորումների մասին է նրա խոսքը.
Լույսեր սփռող նորածին մտքեր,//Մեր գիտակցության ալեցրիչով,//Որպես հեռացող անտես ալիքներ,//Իրար են փնտրում անդրադարձ ճիչով:
Ապացույցների, դիմադրությունների, անհարթությունները հարթեցնելու փորձերի, հեռացումների ու հանդիպումների այս ողջ հոսքը, սակայն, բարձիթողի վիճակում չէ: Այն, ինչ կատարվում է մարդկանց աշխարհում, բնության հետ էլ նույնն է. կռիվ ու գեղեցկություն, հաջորդաբար ընթացող փոխկապակցվածություն, որով ապահովվում է բնության շնչառությունը.
…Աշնան մարտադաշտ՝ տերևներ զոհված,//Դեղին ավիշն էր չորացել ճյուղին,//Սմքած կոթուկներ, թփեր ոլորված,//Գոբելեն փռած անմարդ ծառուղին…
Մարդկային գոյաբանության ակունքները գիտակցորեն պեղած, մարդուն իր երկրակենտրոն և եսակենտրոն զգայարանների հզորության մեջ դիտարկելուն զուգահեռ, բանաստեղծը չի մոռանում գնալ դեպի բնության գեղեցկագույն ու հզոր շնչառության նկարագրություններ, դրանով իսկ հիմնավորելով իր տեղը բնության երգիչների շարքում։ Բնության շռայլ ու շքեղ, անմնացորդ անկեղծ ու ոգեշունչ նկարագրությունները ևս խոր խորհուրդների վկայություններ են կյանքի հավերժական շրջապտույտի մասին։
Գրաբսկու քնարերգությունը ոչ միայն լավագույն էներգիայի աղբյուր է, այլև հայելի, որի մեջ յուրաքանչյուրը փնտրելու և գտնելու է իրեն, որպես հավերժական շրջապտույտի մեջ ընկած և նրա խելակորույս ընթացքը պահող կենդանի մասունք։