Նարինե ԱՎԱԳՅԱՆ

ԱՐԱՐՈՒՄ

Նորելուկ ծիլը աչքերը բացեց
Նոր հույսի նման վախվորած մի քիչ,
Ոտքերը հանդարտ շիվերից կախեց
Եվ ժպտաց այնպե՜ս հոգեհմայիչ…
Հիացավ կյանքի գույներով պես-պես,
Թռչներգը նրան անսահման դյութեց,
Արևի գգվանքն ուժգին էր այնպես,
Որ սիրտը նրա բողբոջով պայթեց….
Բողբոջի լույսը փարվեց մերկ ծառին,
Նրան ղադիփա շորեր հագցրեց,
Բնության գրկում տոն էր անմեկին…
Երկնակամարի թացուկ աչքերից
Գարունը ծփաց, գարունը կաթեց…

***
Լիներ գողտրիկ մի անկյուն,
Ու գարուն լիներ,
Այգը, կողովը ձեռքին,
Սարերից իջներ:
Մի մոմ լիներ հավատի՝
Հավերժ վառվռուն,
Մի գետ լիներ խնդության՝
Զուլալ, վարարուն:
Գարնան բույրը քուլայվեր
Թասակների տակ,
Ջերմ ժպիտ ալեխայտվեր
Հոգում անհատակ:
Լիներ գողտրիկ մի անկյուն,
Ու գարուն լիներ,
Այգը, կողովը ձեռքին,
Արև բաժաներ…

***
Անթափանցելի մի լռություն է,
Ու պատնեշված են երգերս վաղուց,
Շատրվանի պարզ շիթերի նման
Հորդում են նրանք անտակ իմ հոգուց…
Վաղուց անցել եմ ինքնամերկացման
Ճանապարհներով և գիտեմ՝ անդարձ,
Կյանքը խզբզեց հոգուս մատյանում,
Չեմ ակնկալում պայծառ վերադարձ:
Այս լիակատար մոռացության մեջ
Դժվար է զատել խավարը լույսից,
Ինչպե՞ս ընկալեմ դաշներգը հոգուս՝
Ցայգը խուսափեց ծնվող արևից….

***
Հովը խաղով էր տարված,
Ու լուսաբաց էր:
Կաթսան լի էր շիլայով՝
Բերանը բաց էր:
Օրը հոնքերն էր կիտել,
Քիչ ամպամած էր:
Անձրևն իր երգն էր երգել,
Գետինը թաց էր:
Դեղնասրտիկ երիցուկ՝
Աչքը ցողած էր,
Արնակարմիր հրանուկ՝
Թիթեռացա՜ծ էր:
Մի անմոռա՜ց լուսաբաց
Աչք-ունքը թաց էր
Թևեր՝ ճերմակ ու լայնբաց՝
Ճախրը սպասված էր…

Համբերանքս

Համբերանքս առ պռունկ է,
Լիքը գավ է,
Հոգիս վիրավոր կռունկ է,
Սրտին՝ ցավ է,
Թոնրում թխած այդ ի՞նչ երգ է,
Ա՜խր, հում է,
Դեռ խոյանքին չընտելացած՝
Սա հարկադիր վարթևում է…
Անուրջներիս բյուրեղային
Աղերսները առ հավատս՝
Նվաղում են,
Զանգակատան զարկերակի
Տրոփները խլանում են…
Հուրհրատող մայրամուտը
Մոտենում է…
Այն ամենը, ինչ կար երեկ,
Ի՞նչ է, սու՞տ է…
Ջահս վառ է, սակայն շուրջս
Մո՜ւթ է, մո՜ւթ է…
Մեր օրերի հին հմայքը
Գողտր կանչ է…
Սակայն գիշերն այսօր կրկին
Հոգուս նման վայրահաչ է…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։