ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Մի պահի խորհրդավոր, մոգական պահի՝
Ես… անհետացա Սևանի ջրերում ծանր:
Չզարմանաք, ակվամարին քարը
ստուգելու համար ընկղմում են
մի բաժակ ջրի մեջ և,
օ՜, հրաշք, քարն անհետանում է,
ձուլվում է պարզ, թափանցիկ ջրին քաղցրահամ,
դե ես էլ ծնվել եմ ջրի նշանի տակ և
ձուկ եմ, ձկնիկ եմ ոսկե,
և բոլոր գաղտնիքները բնութենական
ինձ տրվում են հեշտ, ասես
վերցնում եմ բաժակը և
կենարար ջուրը խմում եմ
միանգամից,
մեկ ումպով…
ԹԱՆԿԱ
Մահվան ծաղկի թերթերը քաղելը
Շատ հեշտ է, դյուրին…
Ապաքինումը բերում է թուրմը արմատի:
Սակայն Բրաբիոն ծաղիկը մնաց դաշտերում Մշո,
Եվ գտնելը անհնար է խիստ:
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Գարուն է… թռչունները անցնում են
քառսուն երկրից անդին,
դեպ բնօրրանը.
բարդիները երկրի նաիրյան.
ջրերը տաքուկ Արաքս գետի.
Հյուսիսի սառը ջրերից ձկները ազնվացեղ
Լողում են հոսանքին հակառակ.
ՁՎԱդրելու ձկնկիթները կարմիր.
Խայտում են ջրերում վտառները աշխույժ.
ՇՈՒՏՈՎ ԼՈՂԱԼՈՒ ԵՆ մի ծովից մյուսը…
Միջերկրականի ջերմ ջրերը հարազատ են
և՛ ծովում Էգեյան, և՛ ջրանցքում Սուեզ…
ՍԱՀՄԱՆՆԵՐ. արգելքներ. անձնագրեր…
Որպես կապանքներ խիստ ստեղծել ենք մենք՝
Օ՜, «հոմո սապիենս»։
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Կանգնած եմ ամենահզոր կառույցի կենտրոնում,
Դեպ ինձ են ձգվում ուժերը անհայտ,
Գմբեթից իջնում է լույսը Երրորդության՝
Հա՛յր, քո գրկում մանուկն է Քրիստոս,
եթերում Հոգին է սուրբ թևում.
Ականջս լցված է ձայներով.
ա՜խ, թոռներս են տանը լալիս…
Հոգիս տրոփում է, հանց տիեզերական ռիթմով
բաբախող սիրտ.
Մի՞թե մարդկային ձեռքերն են ստեղծել
Այս կատարելությունը աստվածային:
Քառակողմ, հոյաշեն կամարներ,
Ութանիստ խոյակներ, վերջում գմբեթը՝
Մխրճված երկինք…
Շուրջերքը ձգում են հայացքս՝ մասունքներ,
Անցյալ սրբերի, աճյունը առաջին
Մետրոպոլիտի Մոսկովյան
Եվ սրբապատկերները Ռուբլյովի:
Ինչ հրաշալի ավյուն է հոսում իմ երակներում.
Չէ՞ որ օրհնվեցի քո ձեռամբ,
Հա՛յր իմ, որ յերկինս ես,
Եկեղեցում
Ամենափրկիչ…
ԽՈՍՔ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ
Բառերը հորդում են ինձնից,
Հանց շատրվանից հոյաշեն.
Կոփածո վարդերից թափվում են
Բառեր սիրո ու նվիրումի,
Սամսոնը ճեղքում է երախը վագրի,
Եվ հորդում են բառեր՝ արիության և վրեժի
Ջնարակե թասեր զարմանահրաշ.
Նրանցից թափվում է արյունը հայ նահատակաց,
Չքնաղ աղջիկներ մարմարյա
Պար են բռնել շուրջանակի,
Նրանցից թափվում են բառեր,
Բառեր անմնացորդ մայրական գորովի:
Երկաթյա թռչուններ արծաթազօծ,
Նրանց կտուցներից մետաղ կաթկթում են
Բառեր-բառեր-բառեր…
Կազմելով բանաստեղծությունն այս սին…
ԿԱՆՉԻՐ ԻՆՁ
Կանչիր ինձ, և ես կգամ…
կթռչեմ քամու թևով,
ծաղկաթերթերի պարով
մայիսյան օդում:
Կանչիր ինձ, և ես կգամ.
մետաքսե սավանների
շրշյունով նրբագեղ,
կարմիր ու սևի
համադրությամբ կրքոտ:
Կանչիր, և ես կգամ.
ՍԵ՛Ր…
ԱՅԳԻՆ
Լյուքսեմբուրգյան այգին
Փարիզ պատվական քաղաքի
Զարդարված է արձաններով հոյակերտ,
Զգեստի ծալքերը ծալծալ ստեղծում են
Շարժման զգացում նրբագեղ,
Քամին շարժում է վարսերը մարմար.
Դեմքին նկատվում է նրբագեղ ժպիտ՝
Ուղղված հին փարիզեցուն,
Զբոսաշրջիկին հոգնած և
Բոմժերի փնթի հավաքին
անհաղորդ…
***
Ես խանդում եմ
քո երազներին.
այնտեղ ես չկամ:
ՊԱՏԿԵՐ
Ինձնից հետո կմնա
ժառանգներիս փթթումը,
տողերիս տատանումը
տիզերական պտույտի մեջ և…
և փայլատ մագարիտների
մի մեծ փունջ:
***
Իմ հայացքից բացվում է շուշանը շեկ.
Քո հայացքից կակտուսի ճերմակ ծաղիկն է փթթում,
Իսկ երկուսիս շնչից
Շողում է հուր վարդը սիրո…
ՌՈՆԴՈ
Ես ապրում եմ քաղաքում,
Որտեղ ստվերներ չկան…
Արեգակը կիզիչ չի գտնում
Գեթ մի ծառ՝
Բեկելու երկար, փոփոխվող ստվերներ
Ասֆալտե կամ սալիկապատ մայրուղիների վրա.
Չկարծեք, թե նկարագրում եմ կյանքն իմ
Դիմատետրում, ուր անտես լարերը ասես
Արյունատար երակներ ձգվում են դեպ
պորտալը գլխամասի…
10 ՄԳԲ արագությամբ զբոսնում եմ
ԴԻՄԱՏԵՏՐԻ ԱՆՍՏՎԵՐ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝
հանց ուրուն Արիադնայի.
Քանդելով կծիկը լաբիրինթում
Համացանցի, ուր իշխում է
Միաչքանի հրեշը կենտավր…
Ես ապրում եմ քաղաքում, որտեղ այլևս
Չկան ծառեր ծաղկած, փուխր սևահող չիք,
Ների՛ր ինձ, քաղա՛ք,
ների՛ր.
իմ կույր սիրո
ՀԱՄԱՐ…
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Իմ հիշողությունը կնմանի
քարքարոտ բլուրներին հայրենիքիս.
աճում են այնտեղ խոտն ու մամուռը,
փափուկ ծածկում քարերը մե՛կ մուգ կանաչ,
մե՛կ ժանգագույն:
Իսկ ծառե՞րը՝
ձյունը այնտեղ չի հալչում, այլ ցամաքում է.
ծառերը բարձրանում են հանց թփուտներ
գաճաճ, ճյուղաշատ:
Հիշողությունը պահում է հորս ձայնը,
որին չեմ տեսել, քանզի զոհվել է,
երբ մեկամյա աղջնակ էի թլվատ:
Իսկ ձայնը լսել եմ մանուկ հասակում.
պարզ, շատ պարզ.
– Անո՜ւշ։
Մորս հոտը պահարանում զգեստների,
որտեղ թաքնվում էի, մինչ կգար
գիշերային հերթափոխից
գործարանի Ավտոդողեր:
Ռուս տղա Սերյոժիկի հետ խաղերը:
Երբ հավաքում էինք փետուրե դղյակ՝
համոզված, որ ապրելու ենք այնտեղ միասին:
Քույրերիս վեճը. ինչն է լավ ինձ համար՝
սպա՞ս ուտել, թե՞ կաթնով:
Ուսանողական համքարության մասին հուշերս
պայծառ են:
Բանավեճեր գրական կամ կյանքի ու
սիրո թեմաներով,
կարմրած թշեր, ոգեշունչ խոսքեր,
թևքերով հպումներ, թեք հայացքներ,
չբացահայտված սիրահարություններ։
Դժվար եմ հիշում բնակարանը Բանգլադեշի,
ուր անցավ օրինակելի, ամոլի 20-ամյա ասքը:
Որդիներս հանց բարդիներ` լուսանկարում
Կեչառիսի ֆոնին իմ աջ-ահյակիս:
Սիրո բազում աստիճանները`
երկնային Երուսաղեմ։
Չորս տարի ձգվող սիրային ազատ տարիները:
Ամուսնական օղակով ընդելուզված
30 և ութ տարիները` ասես ակնթարթ:
Կանգառները. ծնունդը զավակներիս,
մահ ու բաժանումը ծնողների,
քույր ու եղբայրների:
Մեր հայացքները, երբ հանկարծ հանդիպում
և ուղղվում են դեպ
ընձյուղ թոռնիկները:
Հանկարծ ինձ հրապուրում է
հիշողության ջրերից դուրս հառնող մենակյաց
կաղնին՝ բլուրի բարձունքին.
արմատները նույնքան են, ինչքան և
սաղարթը փարթամ, կանաչ, ճյուղազարդ:
Ծառը կապում է երկինքը երկրին։
***
Յուրաքանչյուր կիրք կնմանի հրդեհի ամենակուլ,
որը բռնկվում է հանց արևից
խարկված դեզի մեջ լուցկի նետելիս…
Յուրաքանչյուր կիրք ունի սկիզբ, բայց…
բայց թվում է անվերջ:
***
Հոգին բացվում է թերթ առ թերթ
հանց
ՆՈՏՐ ԴԱՄԻ
խճանկար վարդակը: