2000 թե 2001 թվականն էր: «Գարուն» ամսագրի խմբագրության սենյակներից մեկում հանդիպեցի Լևոն Անանյանին:
– Ո՞ւր ես, այ տղա, արար աշխարհ ընտրվեց գրողների միություն, իսկ դու էշի ականջում քնած ես մնացել,- ասաց նա իր բարձր ձայնով։
2002 թվականին` 42 տարեկանում, արդեն չորս գիրք ունեի, որոշեցի դիմել ՀՀ գրողների միություն՝ անդամագրվելու նպատակով։ Ինձ համար երաշխավորներ դարձան Սասուն Գրիգորյանը, որը Հ1 հեռուստատեսությունում աշխատելիս իմ ղեկավարն է եղել, Երվանդ Պետրոսյանը, որի հետ աշխատել եմ Ազգային ռադիոյում, իսկ երրորդ երաշխավորագիր գրող անձնավորությունը Գրիգոր Չալիկյանն էր։
2003 թվականին սովորում էի Մայր Աթոռին կից քահանայից պատրաստման լսարանում, երբ հեռախոսը զանգեց, և լսեցի Լևոն Անանյանի բարձր, կարծես լեռներում հնչող ձայնը։
– Ո՞ւր ես, այ տղա, քեզ գրողների միություն ենք ընդունել, քո անունը տվեցինք, բոլորը ծափահարեցին, բայց քեզ փնտրեցինք ու չգտանք, որ շնորհավորենք։
Ես բացատրեցի, որ քահանայից լսարան եմ ընդունվել, սովորում եմ և շենքից դուրս գալու իրավունք չունեմ մինչև շաբաթ օրը։
– Այ քեզ բա՜ն… Ուզում ես կաթողիկո՞ս դառնալ,- զարմացած կատակեց նա։
Ես ծիծաղեցի։
– Շատ լավ է, դու կլինես մեր կաթողիկոսը,- կես կատակ, կես լուրջ ասաց նա։
Այդպես էլ ընդունվեցի Հայաստանի գրողների միություն։ Իսկ Լևոն Անանյանն արդեն ինձ անունով չէր էլ դիմում, ասում էր՝ դու մեր կաթողիկոսն ես, ես էլ ծիծաղում էի։