Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

Ազգային վերածննդի տարիներին՝ 1965-ին Աշնակ էին եկել նշանավոր գրողներ Խաչիկ Դաշտենցը, Հրաչյա Քոչարը, Սողոմոն Տարոնցին և ուրիշներ՝ հանդիպելու սասունցիներին։ Տատս, որ Սողոմոն Տարոնցու հարազատն էր և Եղեռնի ժամանակ միասին էին գաղթել Մշո Բուլանուխի Կոպ գյուղից, ձեռքս բռնեց. «Վրեժ լաո՛, երթանք ակումբ, մեր Սողոմոնն է եկել…»։ Ողջագուրվելուց հետո տատս ասաց. «Ախպեր Սողոմոն, էս էրեխեն իմ տղա Ազատի Վրեժն է»։ Տարոնցին կռացավ, գրկեց գլուխս, համբուրեց. «Վրեժ լաո՛, մեռնիմ քզի ու քու անունին»։ Հետո շրջվեց կողքի գրողներին. «Խաչի՛կ, Հրաչի՛կ, Սաբրե քրոջս թոռան անունը Վրեժ է»։ Երկուսն էլ ժպիտով գլուխս շոյեցին։ Ես վեցերորդ դասարանում էի։ Հետո իմացա, որ Խաչիկը Դաշտենցն էր, իսկ Հրաչիկը՝ Քոչարը։ Եվ այդ օրվանից, արդեն գրեթե 60 տարի, հայ գրողը ինձ համար մնաց որպես մարգարե, ժողովրդի ամենասիրելի ու պաշտելի մարդը։ Ու միշտ երազում էի՝ կլինի՞ մի օր, երբ գոնե մտնեմ միության շենքը, շնչեմ այդտեղի օդը, տեսնեմ մեր գրողներին… Նույնիսկ չէի համարձակվում երազել այդ միության անդամը դառնալ։ Եվ մեկ էլ 1975-ին՝ հարսանիքիս պահին, անակնկալ ներս մտան մի քանի գրող՝ Մկրտիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Նրանք լսել էին, որ այդ օրը սասունցու ավանդական հարսանիք է լինելու Աշնակում։ Փառահեղ իրարանցում սկսվեց։ Մկրտիչ Սարգսյանը քրմապետի վսեմությամբ բաժակ բարձրացրեց և բարեմաղթեց. «Վրե՛ժ ջան, ցանկանում եմ, որ մի դյուժին էրեխա ունենաք…»։ Երեք զավակներիս և ինն թոռներիս ծննդին հիշել եմ անվանի գրողի «մի դյուժին» բարեմաղթանքը։ Տասնամյակներ են անցել, հարսանիքից միայն հայ գրողի բարեմաղթանքն եմ հիշում՝ որպես երջանիկ հուշ։ Շատ ջրեր են հոսել, բայց ճշմարիտ գրողի նկատմամբ պաշտամունքս գնալով ավելանում է։
Իսկ երբ տպագրեցի առաջին գիրքս՝ «Էրգրականչ»-ը, ընկերներս խորհուրդ տվեցին դառնալ ՀԳՄ անդամ։ Երկմտում էի՝ արդյոք հիմա արժանի՞ եմ դրան։ Ընկերներս՝ գրողներ Ռոլանդ Շառոյանն ու Արմեն Շեկոյանը առաջարկեցին, որ իրենք երաշխավորեն։ Ու հիմա, երբ Միության շենք եմ մտնում, ինձ թվում է՝ գնում եմ մեր մեծերին խոնարհվելու և շիկնանքով շշնջալու. «Հայոց մարգարեներ, ներողամիտ եղեք մեր չմարած պարտքերի համար…»։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։