Երբ գրականությանը քիչ թե շատ մոտ գտնվող մարդիկ ՀԳՄ անդամ լինելու մասին քամահրանքով են խոսում, ես մտաբերում եմ Կ. Ստանիսլավսկուն. «Չե՛մ հավատում»: Միանգամայն այլ բան է, որ գրողների միությանն անդամակցելը չէ գրողին գրող դարձնում: Վստահ եմ, որ իրականում այդ մարդիկ շատ կուզեին անցնել միության շարքերը, բայց չի հաջողվել, գուցե և՝ հանիրավի…
Դառնամ ինձ: Կարծում եմ՝ ՀԳՄ շարքերն ընդունվելուս ժամանակը հասունացել էր, քանի որ պարբերաբար տպագրվում էի տեղական բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում, անգամ «Գրական թերթ»-ում, որը բոլոր ժամանակներում ՀԳՄ պաշտոնաթերթն է եղել և նախատեսված է հենց միության անդամ գրողների համար: Երբևէ մերժումի կամ խոչընդոտի չեմ հանդիպել որևէ խմբագրության դիմելիս: Բոլոր խմբագիրները կարդալուց հետո ընդունում էին բարեհաճությամբ և, կարելի է ասել, գրական շրջանակներում ինձ արդեն ընդունել ու ճանաչում էին: Բացի այդ, արդեն երկու գրքի հեղինակ էի, ինչը պարտադիր պայման էր ՀԳՄ ընդունվելու համար: Ասել կուզեմ՝ ՀԳՄ դիմելս միանգամայն օրինաչափ էր: Ինչ եղավ հետո՞: Ասեմ. ինձ մերժեցին, ձայների մեծամասնությամբ չանցա: Պարզվեց՝ հանձնաժողովը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, կանանցից էր կազմված: ՀԳՄ այն ժամանակվա նախագահ լուսահոգի Լևոն Անանյանը մի թիրախային բանաձևում արեց, որը երբեք չեմ մոռանա. «Կանայք անողոք են միմյանց հանդեպ. չեն հանդուրժի իրենցից լավին»: Ինձ «ջնջող» կանանց մտքով երևի երբևէ չի անցել, որ ես տեղյակ եմ ինձ «ջնջելու» իրենց փափագի մասին, քանի որ մինչ օրս երբեք դա ցույց չեմ տվել իմ վերաբերմունքով: Ես անգամ գիտեի՝ ինչ են ասել: Բայց ոչ թե միտումնավոր թաքցրել եմ, այլ, պարզապես, չեմ կարևորել, ներել եմ ու անցել: Առավել ևս հիմա, երբ առաջին անգամ եմ ասում այս մասին, ժպիտով եմ հիշում… Իհարկե, այն ժամանակ շատ էի զարմացել ու խոցվել, բայց ամենևին չեմ նեղանում: Ինչպե՞ս նեղանալ մարդուց իր այդպիսին լինելու համար, կաղից նեղանո՞ւմ են, որ կաղ է, կամ կույրից, որ կույր է… Երկու տարի անց՝ հաջորդ ընդունելությանն անցա միաձայն: Երաշխավորագիր գրել էին լուսահոգի Ռոմիկ Սարդարյանը, արձակագիր Նելլի Շահնազարյանը, Արթուր Անդրանիկյանը: Շնորհակալ եմ նրանց՝ շռայլ երաշխավորագրերի համար, ինչպես նաև բոլոր այն գրողներին ու գրական խմբագիրներին, որոնք իմ հանդեպ մեծ վստահությամբ շարունակ մղում էին ինձ միությանն անդամակցելուն: Իսկ մեր ՀԳՄ-ն իրականում ավելին է, քան շարքային միությունը, քան շենքը, քան այնտեղ գործող, ցավոք, ներկայումս խիստ սակավ որևէ խմբագրություն կամ գրական ստորաբաժանում: Այն պատմություն է, մշակույթ է, իրար հատվող ու ճյուղավորվող գրական բազմապիսի խաչուղիների ակունք է: Այնտեղ գործել ու պատմություն են կերտել Ավ. Իսահակյանը, Շիրազը, Սևակը, Վ. Պետրսյանը և շատ այլ արժանավոր գրողներ: Հարկ է պահպանել ու փայփայել այն՝ անկախ նրանից, թե ինչ հաճախականությամբ ենք լինում ԳՄ շենքում կամ մասնակցում այնտեղ կազմակերպվող միջոցառումներին: Ուզում եմ երկար ընթացք մաղթել Հայաստանի գրողների միությանը, քանի որ նա տակավին 90-րդ տասնամյակն է թևակոխել, այսինքն՝ 1 դարեկան էլ չկա…