Անահիտ ԱՐՓԵՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

 

ՀԳՄ անդամ դառնալիս արդեն տարբեր ժանրերի արձակ ու չափածո բավական գրվածքներ էի հրապարակել, պետպատվերի հանձնաժողովներով կրկնակի անցել ու տպագրված երկու գիրք հեղինակել, ավելին, առաջնեկս «Մուտք» մատենաշարով տարվա «Լավագույն առաջին գիրք 2004» մրցանակին էր արժանացել, խմբագրած գրքեր ունեի, 12 տարի շարունակ տպագրվել էի և՛ Հայաստանում, և՛ արտերկրում. «Գրական թերթ», «Դրամատուրգիա», «Նորք», «Նարցիս», «Գարուն», «Հայ արվեստ», «Առագաստ», «Շիրակ», «Մեցենատ ի միր», «Սատիրիկոն», «Հորիզոն», «Ծիրանավոր», «Աղբյուր», «Ծիծեռնակ», «9-րդ հրաշալիք», «Երկիր», «Ազգ», «Իրավունք», «168 ժամ» և այլն, բայց գրողների միության անդամ չէի: Կարծեմ՝ մի անգամ դիմել, մերժվել էի։ Լուսահոգի Սամվել Մկրտչյանի հետ խնդացել էինք, որ իր երաշխավորագիրը չէր անցնելու. թելադրեց՝ գրեցինք, ստորագրեց։ Արթուր Անդրանիկյանն ավելի լուրջ էր նայում հարցին, ինքն իր ձեռքով գրեց, կարծեմ՝ երկու անգամ, ինքն էլ ստորագրեց: Ներսես Աթաբեկյանը շատ դիպուկ էր բնութագրել իմ ստեղծագործող տեսակն ու շնորհը, տեքստը երկրորդ գրքիս առաջաբան դրեցի։ Գիրքը նվիրելիս էլ նեղսրտեց, որ երաշխավորագրում իր անվան հետ նշված տիտղոսները նույնությամբ տեղափոխել եմ գիրք։ Ով լսում էր, չէր հավատում, որ միության անդամ չեմ։ Հուսիկ Արան, որ համառել էր ու գլուխ բերել իր առաջաբանով առաջին գրքույկիս լույս աշխարհ գալը, «Գրական թերթի» խմբագրությունում այդպես էլ ասաց՝ չի կարող պատահել։ Մի խոսքով, ամոթից նորից դիմեցի և ՀԳՄ ընդունվեցի Արևշատ Ավագյանի ու Լյուդվիգ Կարապետյանի երաշխավորագրերով: 2012 թվականն էր։ Ուղևորվեցինք Ծաղկաձոր։ Պաշտոնական մասից հետո Լևոն Անանյանն ինձ ձայնեց, մոտեցա, թե՝ արի իսկական գրողներով նկարվենք։ Ստեղծագործական տան գրադարանում իր ընտրած մարդկանցով առանձին լուսանկարվեցինք. ես էի, էլֆիքը Զոհրաբյան, Նառան Վարդանյան, Էդուարդ Հարենցը, Լիլիթ Անտոնյանը, Անուշ Ասլիբեկյանը, Արմեն Ավանեսյանը և էլի երկու հոգի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։