Աշնան տաք օրերից էր, ուղիղ քսան տարի առաջ, ՀԳՄ կլոր սրահում տարվա նորընտիրներս անդամատոմսեր ստացանք, կարծեմ՝ տասը հոգի։ Նախագահ Լևոն Անանյանը ամենքիս շնորհավորել-մաղթել էր արգասավոր ստեղծագործական տարիներ, և ամեն մեկիս ձեռքին կաշեպատ մի տոմս կար, որ այդ պահին ինչ-որ բան հաստատ նշանակում էր…
Երեցներից մեկ-երկուսը ևս շնորհավորել էին և արդեն ոտքի վրա խառը շարժման, մասնակի զրույցների մեջ էին։ Խառնվել էին լրագրողները, որոնք ինձ էլ մոտեցան, և վայրկենական շփոթի մեջ ես մի պահ գլխապտույտ ունեցա։ Շուրջս նայեցի. ինձ սերնդակից կամ ինձնից երիտասարդ նորընտիրները, առանց իրար մոտենալու, առանց իրար հետ բառ իսկ փոխանակելու, հերթով մղվեցին դեպի ելքը։ Ժպիտս չհասցրեց սառչել իմ ներսի ընկերային ազդակների ու դրանց ակնհայտ անհարկիության միջև, երբ դռների մեջ, հոսանքին հակառակ, փարվեցի սիրելիիս. գիրկս առա վարդերը, որոնք ինձ պես ժպտուն էին…
Կլոր սրահի դռնից դուրս միջանցքը լիքն էր մարդկանցով։ Էստեղ շփոթն ավելի էր մեծ… Իմ անշահ բարեկամ Վահան Թամարյանը՝ սովորության համաձայն անաղմուկ, իր անկյունից առաջինը մոտեցավ։ Նա էր եղել առաջին լրաբերս. նիստից հետո զանգեց, թե՝ «Անցել ես միաձայն՝ չհաշված մեկին». չասաց՝ ում, ես էլ չհարցրի, հիմա առաջին շնորհավորողս եղավ՝ իր զուսպ երերումի մեջ միշտ ձիգ, միշտ պատրաստակամ… Միություն դիմելուս հորդորն էլ իրենն էր. 2002-ին «Խորաններ» ժողովածուիս առիթով «Գրական թերթում» մի խիտ խոսք էր գրել, հիմա էլ՝ առաջին երաշխավորագիրս… Իսկ ընդունվելու համար այդպիսիք երեքն էր պետք…
Դեռ 2000-ին՝ անդրանիկ գրքիս առաջաբանով բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանն էր առաջինը օրհնել նորամուտս՝ «Մի նոր, թարմաշունչ աշխարհ» անվանելով այն։ Նրա այդ խոսքն արդեն երաշխավորություն կարող էր լինել, սակայն նոր ամսաթվով ուրիշ խոսք էր պետք, և ես՝ Վարպետին նեղություն տալու երկմտանքի մեջ, հենց միության նախասրահում շահեցի մի նոր երաշխավոր: Իմ երկրորդ երաշխավորագիրը գրեց բանաստեղծ Արտաշես Ղազարյանը: Մնում էր վերջին երաշխավորագիրը՝ գրականագետի խոսք, իսկ ես այդ օրերին «Խորաններից անդին» ժողովածուիս առիթով մանկավարժական համալսարանի Սփյուռք կենտրոնում նոր էի հյուրընկալվել՝ բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանի հրավերով: Արդեն գրքերիս քաջ ծանոթ, գիրս արժևորող գրականագետը սիրահոժար գրեց նաև անհրաժեշտ երաշխավորագիրս, թվով՝ երրորդը:
Ահա այսպես եղավ ՀԳՄ-ի անդամության իմ պատմությունը՝ հիշատակածս անունների հանդեպ իմ ջերմ երախտագիտությամբ վկայված, բայց այն ամբողջացնելու համար սիրով պիտի հիշեմ ևս երկու անուն՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանին, որ գրական կնքահայրս եղավ՝ առաջին գրքերիս խմբագիրը, և ինձնով միշտ ոգևորվող իմ լույս հորեղբորը՝ գեղեցկագույն մարդուն՝ գրող Սերգեյ Գալստյանին…