Եթե որևէ մեկը դպրոցում գերազանց է ստացել բոլոր առարկաններից, սակայն ընտրել է գրականագետի, առավել ևս գրականության ուսուցչի մասնագիտությունը, ուրեմն՝ Հայաստանի գրողների միությունը նրա համար սրբազան մի տուն է: Ավելին, ես դպրոցական հասակից ապրել եմ ՀԳՄ առաջին բնակելի շենքում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Մեր դրկից հարևաններն էին հիանալի ֆանտաստ գրող Աշոտ Շայբոնը և տաղանդաշատ գրականագետ Սուրեն Աղաբաբյանը:
Գրողների միություն ընդունվելու դիմումը տվել եմ երջանկահիշատակ Լևոն Անանյանի առաջարկով, որի պատվերով «Գարուն» ամսագրի համար թարգմանություններ էի կատարում ֆրանսերենից ու անգլերենից, նաև հաճախ մասնակցում էի Միության աշխատանքներին:
Միության մեջ ընդունվելու երաշխավորությունն ինձ տվել են շատ սիրելի երեք անձ՝ Նորայր Ադալյանը, գրականագետներ Սերգեյ Սարինյանը, Սևակ Արզումանյանը, որոնք ջերմ խոսքեր են գրել այդ առթիվ:
Անչափ սիրում եմ Հայաստանի գրողների միությունը և սիրել եմ միշտ, որովհետև գրականությամբ զբաղվելն իմ նախասիրած մասնագիտությունն է ողջ կյանքի համար: