Ինչպես դարձա ՀԳՄ անդամ / Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գրողների միությանն իմ անդամակցությունից անցել է քառասուն տարի։ Դրանից առաջ տատանումների մեջ էի՝ ի՞նչ էի արել, որ համարձակվեի դիմել. մի քանի փոքրիկ գրքեր՝ մանկական գրականության և մանուկների համար ստեղծագործող գրողների մասին։ Ու դրանց շարքում՝ իմ սիրելի գրողին՝ Վախթանգ Անանյանին նվիրված մենագրություն՝ «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» խորագրով, որով պաշտպանել էի ատենախոսություն և արժանացել բան. գիտ. թեկնածուի գիտական աստիճանի։ Այսքանն էր իմ գրական «բերքը»։ Տատանումների մեջ էի, երբ մի օր համալսարանում համարձակվեցի «խոսք գցել» ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին.
– «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» գիրքդ հետաքրքիր գործ է,- ասաց,- այն քեզ իրավունք է տալիս անդամագրվելու գրողների միությանը։ Ինքս էլ երաշխավոր կլինեմ։
Խաժակ Գյուլնազարյանն էլ ոգևորեց և իր տանը գրասեղանից թուղթ վերցրեց ու անմիջապես երաշխավորություն գրեց՝ «անտեսված բնագավառի»՝ մանկագրության հարցերով զբաղվող շնորհալի գրականագետի մասին։ Իմ մասին։
Հավելվեցին նաև Պիոն Հակոբյանի, Վալտեր Արամյանի, Նանսեն Միքայելյանի երաշխավորագրերը, և ես դրանցով «զինված»՝ գնացի գրողների միություն։ «Պիոներ կանչի» իմ նախկին խմբագիր, միության նախագահ Վարդգես Պետրոսյանն էլ իր հերթին խրախուսեց.
– Հուսով եմ՝ ընդունող հանձնաժողովի որոշումը քո օգտին կլինի։ Համարիր, որ ընդունված ես միության շարքերը։
Եվ մեկ ամիս անց Գրողների միությունում ինձ հանձնվեց անդամատոմսը՝ Վարդգես Պետրոսյանի ստորագրությամբ։ Ահա այդպես է եղել։ Մինչև հիմա էլ այդ «տոմսը» սիրով պահպանում եմ։ Չորս տասնամյակի իմ ներկայությունը 90-ամյա գրողների միության շարքերում արդյունավետ եղավ։ Ինձ երաշխավորող մեծանուն գրականագետներն ու գրողները վաղուց արդեն Աստծո հավերժատանն են, և ես հանգիստ խղճով այսօր կարող եմ «զեկուցել», որ հեղինակել եմ հիսունից ավելի տարաժանր գրքեր, ամենակարևորը՝ համակարգել եմ հայ մանկապատանեկան գրականության պատմության ու տեսության հարցերը՝ «Ոսկեդարից մինչև… քսանմեկերորդ» երկհատորյա, «Դասը վարում է գրողը» քառահատոր և այլ գրքերում՝ համարյա հայ բոլոր նշանավոր մանկական գրողների գրական դիմանկարներով հանդերձ։
Շնորհավոր քո փառավոր իննսունամյակը, Հայաստանի գրողների միություն։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։