Ռուզան  ԱՍԱՏՐՅԱՆ / Ինչպես դարձա ՀԳՄ անդամ

Հայաստանի գրողների միությունը 90 տարեկան է, և մենք` ոչ պակաս պատկառելի տարիք ունեցողներս, պարտավոր ենք նշել նրա հոբելյանը միայն բարեմաղթանքներով, որովհետև նա արդարացրել է իր գոյության իմաստը բոլոր ժամանակներում, որի ականատեսն ենք,  իսկ ժամանակները միշտ էլ դժվար են եղել… Գրողները զգայուն մարդիկ են, և եթե բնատուր է նրանց տաղանդը, նրանք անպայման երազում են միանալ իրենց երամին, որպեսզի կայունացնեն իրենց և միությանը, իմ կարծիքով: Երանի չէ՞ր հազարաշերտ հայոց ազգը Հայաստանի  փրկության  համար էլ միասնական ու համերաշխ մեկ թիմ ունենար:
Հրաշք կլիներ…
1986 թվականն էր: Աշխատում էի «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրությունում` որպես «Մոր ու մանկան» բաժնի վարիչ: ԲԱՆԱՍՏԵՂԾ  Հրաչյա Սարուխանը խմբագրություն էր եկել, ասաց, որ ամսագրում կարդացել է իմ բանաստեղծությունների շարքը և հավանել: Հարցրեց՝ գրքեր ունե՞մ տպագրված: Այն օրերին գիրք տպագրելը հերոսություն էր, այսօրվա նման չէր՝ դեռ միտքը ավարտին չհասցրած, գիրքը հովանավոր ու տպագրիչ ունի: Մանավանդ առաջին գիրքը մեկ  մամուլից ավելի չէր լինում, որովհետև մամուլների առյուծի բաժինը «գրական մաֆիայի» ձեռքերում էր: Սեղանիս նոր տպագրված մի փունջ էր` «Տարեգիրք» վերնագրով, մեկնեցի իրեն՝ ասելով, որ իմ գիրքն այս գրքի մեջ է, նա ժպտաց և ասաց՝ ուրի՞շ… Դարակիցս հանեցի  «Հայաստան» հրատարակչության տպագրած «ՋՐԱՎԱԶԱՆ» մանկական գրքույկը:
– Լավ է, հավաքիր ամսագրերում ու թերթերում տպագրածներդ նույնպես և դիմիր միության անդամ դառնալու համար, ես կերաշխավորեմ, երկուսին էլ դու գտիր…
Երկուսին գտնելը դժվար չէր` մեկն իմ թղթակից, արձակագիր Կամարի Տոնոյանն էր, մյուսը՝ իմ սիրելի գրողներից մեկը` Հովհաննես Մելքոնյանը: Երեք լուսավոր անձինք… նրանց տաղանդի ու մարդկային անշառ սիրո պակասից շատ բան պակասեց: Ասելիք շատ կա, հենց այստեղից պետք է սկսեի, ափսոս, տարիքը թույլ չի տալիս… որքան լուսավոր դեմքեր հեռացան… Ափսոս…
Արդար  ու պաշտպանված Հայաստանում ապրես, 90-ամյա գրողների միություն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։